Երիտասարդնե՛ր, դիմադրեցե՛ք աշխարհի ոգուն
«Ուրեմն մենք ոչ թէ այս աշխարհի հոգին [«ոգին», ՆԱ] առանք, այլ՝ այն Հոգին [«ոգին», ՆԱ], որ Աստծուց է» (Ա Կորնթացիս 2։12)։
1, 2. ա) Ի՞նչ տարբերություն է նկատվում աշխարհի երիտասարդության և Եհովայի վկաների ժողովներն այցելող երիտասարդ անդամների միջև։ բ) Ինչո՞ւ է երիտասարդ Վկաների մեծամասնությունը գովասանքի արժանի։
«ԱՅՍՕՐՎԱ երիտասարդ սերունդը հուսահատ է, մերժված ու ապստամբ»։ Այս տողերը վերցված են ավստրալիական «Սան–հերալդ» թերթից։ Շարունակության մեջ կարդում ենք. «Դատական արձանագրությունները ցույց են տալիս, որ անպատիվ խոսքերով վիրավորելու և ֆիզիկական ուժ գործադրելու սպառնալիքի մեջ մեղադրվող պատանիների թիվը [նախորդ տարվա համեմատությամբ] աճել է 22 տոկոսով.... Պատանիների ինքնասպանության դեպքերը 60–ականներից ի վեր եռապատկվել են.... Սերունդների միջև իսկական անդունդ է գոյացել, ուր գնալով ավելի ու ավելի շատ պատանիներ են նետվում թմրադեղերի, ալկոհոլի ու ինքնամոռացման գիրկը»։ Բայց հազիվ թե այս իրավիճակը միայն մեկ երկրով է սահմանափակվում։ Ամբողջ աշխարհի մասշտաբով վերցրած շատ ծնողներ, ուսուցիչներ և հոգեբաններ գանգատվում են ժամանակակից երիտասարդության վարքագծից։
2 Սակայն, գոյություն ունի կտրուկ տարբերություն այսօրվա երիտասարդության և Եհովայի վկաների ժողովներն այցելող երիտասարդների միջև։ Սա չի նշանակում, թե նրանք անթերի են։ Այդ երիտասարդները ևս իրենց խնդիրներն ունեն՝ կապված «երիտասարդական ցանկութիւնների» հետ (Բ Տիմոթէոս 2։22)։ Սակայն նրանք վճռական դիրք են բռնել՝ անել այն, ինչը ճիշտ է, և ոչ մի դեպքում չտրվել աշխարհի ազդեցությանը։ Բոլո՛րդ, ո՛վ երիտասարդներ, որ հաղթանակներ եք տանում «Սատանայի հնարանքների» դեմ, անսահման գովասանքի եք արժանի (Եփեսացիս 6։11)։ Հովհաննես առաքյալի նման մենք էլ ենք ցանկանում ասել. «Երիտասարդնե՛ր, [և երիտասարդուհիներ] գրեցի ձեզ, որովհետեւ դուք ուժեղ էք, եւ Աստծու խօսքը բնակւում է ձեր մէջ. եւ դուք յաղթեցիք չարին» (Ա Յովհաննէս 2։14)։
3. Ի՞նչ իմաստ կարող է ունենալ «ոգի» բառը։
3 Այնուհանդերձ, չարի դեմ հաղթանակներ տանելու համար հարկավոր է պայքարել «աշխարհի հոգու» («ոգու», եբրայերեն՝ ռուախ, հունարեն՝ պնևմա) դեմ (Ա Կորնթացիս 2։12)։ Մի բառարան «ոգի» բառը բնութագրում է որպես մի բան, «ինչը որոշում է մարդու վարքը, մտածելակերպը և այլն»։ Օրինակ՝ վատ բնավորություն ունեցող մարդու մասին ասում են՝ վատ ոգի ունի։ Ոգին կամ նրա մտավիճակը ազդում է այն բանի վրա, թե ինչ ընտրություն է կատարում մարդը, պայմանավորում է նրա գործերն ու խոսքը։ Հետաքրքրական է, որ ոգի կարող են հանդես բերել թե՛ մարդն անհատապես, և թե՛ մարդկանց բազմությունը։ Պողոս առաքյալը մի խումբ քրիստոնյաների գրեց. «Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհը ձեր հոգու [«ոգու», ՆԱ] հետ» (Փիլիմոն 25)։ Իսկ ինչպիսի՞ ոգի է դրսևորում աշխարհը։ Քանի որ «ամբողջ աշխարհը չարի մէջ է»՝ Բանսարկու Սատանայի իշխանության ներքո, ապա անկասկած կհամաձայնեք, որ այն չի կարող առողջ ոգի ունենալ (Ա Յովհաննէս 5։19)։
Ճանաչեցե՛ք աշխարհի ոգին
4, 5. ա) Նախքան քրիստոնյա դառնալը ի՞նչ ոգու ազդեցության տակ էին գտնվել եփեսացի քրիստոնյաները։ բ) Ո՞վ է «օդի իշխանութեան իշխանը», և ի՞նչ է իրենից ներկայացնում այդ «օդը»։
4 Պողոս առաքյալը գրեց. «Դուք յանցանքներու ու մեղքերու մէջ մեռած էիք, ինք [Աստված] ձեզ կենդանացուց։ Անոնց մէջ ժամանակին կը քալէիք այս աշխարհին բռնած ճամբովը, այս օդին իշխանութեանը իշխանին ուզածին պէս, այն ոգիին՝ որ հիմա ապստամբութեան որդիներուն ներսիդին կը ներգործէ։ Անոնց մէջ մենք ամէնքս ալ կը պտըտէինք մեր մարմնին ցանկութիւններովը եւ մարմնին ու մտքին ուզածը կը կատարէինք եւ բնութեամբ բարկութեան որդիներ էինք՝ ինչպէս ուրիշներ» (Եփեսացիս 2։1—3, Արևմտ. Աստ.)։
5 Նախքան քրիստոնյա դառնալը, եփեսացիները «օդի իշխանութեան իշխանի»՝ Բանսարկու Սատանայի կույր հետևորդներն էին։ «Օդը» Սատանայի և նրա դևերի բառացի բնակության վայրը չէ։ Պողոսն այս խոսքերը գրել է այն ժամանակ, երբ Սատանան ու դևերը դեռևս ազատ ելք ու մուտք էին անում երկինք (համեմատեք Յոբ 1։6; Յայտնութիւն 12։7—12)։ «Օդ» բառը վերաբերում է այն ոգուն, այսինքն՝ մտավիճակին, որը տիրում է Սատանայի աշխարհում (համեմատեք Յայտնութիւն 16։17—21)։ Ինչպես որ մեզ շրջապատող օդը, այդ ոգին էլ ամենուրեք գոյություն ունի։
6. Ի՞նչ է «օդի իշխանությունը», և ինչպե՞ս է այն ի հայտ գալիս բազմաթիվ երիտասարդների վարքագծում։
6 Իսկ ի՞նչ է «օդի իշխանությունը»։ Հավանաբար դա մարդկանց վրա «օդի» բանեցրած լիակատար ազդեցությունն է։ Պողոսը նշեց, որ այդ ոգին «ապստամբութեան որդիներուն ներսիդին կը ներգործէ»։ Ուստի, աշխարհի ոգին ապստամբություն, անհնազանդություն է հարուցում, և այդ ոգու դրսևորման ձևերից մեկը հասակակիցների կողմից ճնշումն է։ «Դպրոցում,— ասում է մի Վկա պատանուհի,— չորս կողմից քեզ խրախուսում են ինչ–որ չափով ապստամբ լինել։ Երեխաների աչքում ավելի ես բարձրանում, երբ որևէ «քաջ» արարք ես կատարում»։
Աշխարհի ոգու դրսևորումները
7-9. ա) Թվարկիր աշխարհի ոգու դրսևորումներից այն մի քանիսը, որոնք առկա են այսօրվա երիտասարդների մոտ։ բ) Նման երևույթների ականատես դարձե՞լ եք ձեր ապրած վայրում։
7 Ինչպե՞ս է այսօր աշխարհի ոգին դրսևորվում երիտասարդների կողմից. անազնվության և ապստամբության ձևով։ Ըստ ամսագրերից մեկի տեղեկատվության՝ ԲՈՒՀ–երի կրտսեր և ավագ կուրսերի ուսանողների 70 տոկոսը խոստովանել է, որ դպրոցական բարձր տարիքում խաբեության է դիմել։ Հանդուգն, ծաղրական ու անմաքուր խոսքը սովորական երևույթ են դարձել։ Ճիշտ է, ոմանք կարող են ասել, թե Աստվածաշնչում ինչ–որ առիթներով Հոբի ու Պողոս առաքյալի որոշ խոսքերի մեջ էլ է հեգնանք նկատվում. հեգնանք, որը, սակայն, իրենց արդար վրդովմունքն է արտահայտել (Յոբ 12։2; Բ Կորնթացիս 12։13)։ Հակառակ դրան, այն կծու խոսքերը, որոնք դուրս են գալիս շատ երիտասարդների շուրթերից, հաճախ հավասար են բացահայտ հայհոյանքի։
8 Անզուսպ խրախճանքները նույնպես աշխարհի ոգու դրսևորումներից մեկն են։ Ժամանակակից երիտասարդ սերունդը սիրում է բուռն կերպով զվարճանալ գիշերային ակումբներում, ռեյվ–դիսկոտեկներումa կամ նմանատիպ այլ վայրերում։ Հագուստի և արտաքին տեսքի հետ կապված ծայրահեղությունները ևս գերակշռող դեր են խաղում։ Սկսած պարկանման հիփ–հոփ ոճից և վերջացրած ճչացող նորաձևությամբ՝ ինչպես օրինակ, մարմնածակությամբ (փիրսինգ), շատ պատանիներ ցույց են տալիս, որ իրենց չափից ավելի հոգեհարազատ է այս աշխարհի ապստամբ ոգին (համեմատեք Հռովմայեցիս 6։16)։ Աշխարհիկ ոգին դրսևորվում է նաև նյութական կարողության տեր դառնալու անհագ ցանկության մեջ։ Մի գիտահանրամատչելի հանդեսում տպագրված հոդվածի համաձայն՝ «անչափահասները ամենուրեք «ռմբակոծվում» են կոմերսանտների գովազդներով և անսահման քանակությամբ նորագույն ապրանքներով»։ Ըստ վիճակագրության՝ Միացյալ Նահանգներում դպրոցն ավարտող պատանիները միջին հաշվարկներով հեոուստացույցով տեսել են մոտ 360 000 գովազդային հոլովակ։ Երբեմն պատանուն այս կամ այն ապրանքը գնելու հարկադրում են նրա հասակակիցները։ Մի տասնչորսամյա աղջիկ պատմում է. «Բոլորը շարունակ հարցնում են՝ ի՞նչ ֆիրմայի բաճկոն ես հագել, կամ էլ՝ ջինսդ ինչակա՞ն է»։
9 Աստվածաշնչյան ժամանակներից ի վեր՝ վատառողջ երաժշտությունը եղել է Սատանայի գործիքներից մեկը, որի նպատակը անմաքուր վարք խթանելն է եղել (համեմատեք Ելից 32։17—19; Սաղմոս 69։12; Եսայիա 23։16)։ Ուստի զարմանալի չէ, որ գայթակղիչ, եթե ոչ բացահայտ սեքսուալ, գռեհիկ բառերով լի երգերն ու վայրի, գրգռիչ տեմպով երաժշտությունը ժողովրդականություն են վայելում։ Բացի դրանցից, այս աշխարհի անմաքուր ոգու դրսևորումներից է նաև սեռային անբարոյությունը (Ա Կորնթացիս 6։9—11)։ «Նյու Յորք Թայմզ»–ը տեղեկացնում է. «Սեքսը բազում անչափահասների համար կարծես դարձել է չափահասության անցնելու ինչ–որ արարողություն.... Ավարտական դասարանների աշակերտների ավելի քան երկու–երրորդը սեռային հարաբերություն է ունեցել»։ «Ուոլ սթրիթ ջըրնըլ»–ի մի հոդվածում նշվում էր, որ 8–ից 12 տարեկան երեխաները «գնալով սեռապես ավելի են ակտիվանում»։ Իսկ դպրոցի մի պաշտոնաթող խորհրդատու նկատում է. «Առաջին անգամ չէ, որ արդեն վեցերորդ դասարանիb աղջիկներ են հղիանում»։
Մերժել աշխարհի ոգին
10. Ինչպե՞ս է պատահել, որ քրիստոնյա երիտասարդներից ոմանք տրվել են աշխարհի ոգու ազդեցությանը։
10 Դժբախտաբար, որոշ երիտասարդ քրիստոնյաներ աշխարհի ոգու ազդեցությանն են տրվել։ «Ինձ շատ օրինակելի էի պահում ծնողներիս ու հավատակիցներիս ներկայությամբ»,— պատմում է մի դեռահաս ճապոնուհի։ «Բայց մի այլ կյանքով էլ էի ապրում»։ Քենիայից մի երիտասարդ ասում է. «Մի որոշ ժամանակ երկու կյանք էի վարում. խնջույքներ, ռոք երաժշտություն և վատ ընկերակցություններ։ Գիտեի, որ ճիշտ չեմ անում, սակայն աշխատում էի խեղդել գիտակցությանս ձայնը՝ հուսալով, որ ժամանակի ընթացքում այն աստիճանաբար կլռի իմ մեջ։ Սակայն չլռեց։ Իսկ հանգամանքներն ավելի բարդացան»։ Գերմանացի մեկ ուրիշ երիտասարդ պատմում է. «Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ վատ ընկերներ գտա։ Սկսեցի ծխել։ Ուզում էի ծնողներիս ցավ պատճառել, բայց արդյունքում միայն ինքս ինձ վնասեցի»։
11. Որտեղի՞ց Քաղեբն իր մեջ ուժ գտավ չհետևելու ժողովրդի օրինակին, երբ տասը լրտեսները վատ լուրով վերադարձան։
11 Այնուամենայնիվ, աշխարհի ոգին հնարավոր է մերժել։ Հիշենք Քաղեբի օրինակը։ Երբ տասը վախկոտ լրտեսները վատ լուր բերեցին Ավետյաց երկրի մասին, Քաղեբն ու Հեսուն չահաբեկվեցին այդ լուրից և չհետևեցին ժողովրդի օրինակին։ Նրանք անվախորեն հայտարարեցին. «Այն երկիրը, որի միջովը անցանք նորան լրտեսելու համար, շատ շատ բարի երկիր է։ Եթէ Եհովան մեզ վերայ հաճէ, նա մեզ այն երկիրը կ’տանէ եւ այն մեզ կ’տայ, որ կաթ ու մեղր բղխող երկիր է» (Թուոց 14։7, 8)։ Որտեղի՞ց Քաղեբն իր մեջ այդքան ուժ գտավ՝ դիմանալու այդ ճնշմանը։ Նրա մասին Եհովան ասաց. «Իմ ծառայ Քաղէբում ուրիշ հոգի [«ոգի», ՆԱ] կար» (Թուոց 14։24)։
«Ուրիշ ոգի» դրսևորել
12. Ինչու՞ է կարևոր խոսքի մեջ «ուրիշ ոգի» ցուցաբերել։
12 Մեր օրերում քաջություն և կամքի ուժ է հարկավոր «ուրիշ հոգի [«ոգի», ՆԱ]» կամ աշխարհից տարբերվող մտավիճակ ցուցաբերելու համար։ Այդ անելու կերպերից մեկը սարկաստիկ (կծու–հեգնական) կամ անհարգալից խոսքից խուսափելն է։ «Սարկազմ» բառի հիմքն է հունարեն մի բայ, որի բուն իմաստն է «շան պես միս պատառոտելը» (համեմատեք Գաղատացիս 5։15)։ Ինչպես շունն է ատամներով միսը պոկում ոսկորից, այնպես էլ սարկաստիկ «հումորն» է ուրիշներին զրկում արժանապատվության զգացումից։ Սակայն Կողոսացիս 3։8–ը հորդորում է. «Թօթափեցէ՛ք այդ բոլորը՝ բարկութիւն, զայրոյթ, չարութիւն, հայհոյութիւն եւ խեղկատակութիւն՝ ձեր բերաններից»։ Իսկ Առակաց 10։19–ում կարդում ենք. «Շատախօսութեան մէջ յանցանք պակաս չի լինիլ, բայց իր շրթունքները զսպողը խելացի է»։ Եթե մեկը վիրավորում է ձեզ, ուժ գտեք ձեր մեջ «մյուս երեսն էլ նրան դարձնելու», այն է՝ փորձեք հանդարտորեն և առանց վիճելու առանձին բացատրվել նրա հետ (Մատթէոս 5։39; Առակաց 15։1)։
13. Ինչպե՞ս կարող են երիտասարդները հավասարակշռված վերաբերմունք ունենալ դեպի նյութականը։
13 «Ուրիշ ոգի» կարելի է ցուցաբերել նաև՝ նյութականի հանդեպ հավասարակշռված վերաբերմունք պահպանելով։ Բնական է գեղեցիկ իրեր ունենալու ցանկությունը։ Հիսուս Քրիստոսը գոնե մեկ ընտիր հագուստ ուներ (Յովհաննէս 19։23, 24)։ Սակայն, երբ իրեր ձեռք բերելու ցանկությունը քեզ հանգիստ չի տալիս, և դու շարունակ ծնողներիդ խնդրում ես, որ այս կամ այն բանը գնեն, որն ուղղակի ի վիճակի չեն անելու, կամ ուզում ես ընդօրինակել հասակակիցներիդ, ապա կարելի է եզրակացնել, որ աշխարհի ոգին բավականին մեծ իշխանություն ունի քեզ վրա, ինչը, թերևս, դու չես գիտակցում։ Աստվածաշունչն ասում է. «Այն ամէնը, ինչ աշխարհի մէջ կայ, մարմնի ցանկութիւն է, աչքերի ցանկութիւն եւ ա՛յս կեանքի ամբարտաւանութիւն, որ Հօրից չէ, այլ՝ այս աշխարհից»։ Այո՛, մի՛ տրվեք աշխարհի նյութապաշտ ոգու ազդեցությանը։ Սովորեցե՛ք բավարարվել ձեր ունեցածով (Ա Յովհաննէս 2։16; Ա Տիմոթէոս 6։8—10)։
14. ա) Եսայիայի ժամանակներում Աստծո ժողովուրդն ինչպիսի՞ անհավասարակշռված դիրք էր բռնել զվարճությունների հանդեպ։ բ) Ինչպիսի՞ վտանգների են հանդիպել քրիստոնյա երիտասարդներից ոմանք գիշերային ակումբներում ու ցոփ խնջույքներում։
14 Կարևոր է նաև զվարճություններին չափավոր ժամանակ տրամադրելը։ «Վա՜յ նորանց որ առաւօտանց կանուխ վեր են կենում եւ ցքիի ետեւից վազում. ուշանում են իրիկունը, որ գինին նորանց տաքացրել է։ Եւ լինում է քնար ու տաւիղ, թմբուկ ու սրինգ եւ գինի նորանց խնջոյքներումը. բայց Տիրոջ արածներին մտիկ չեն տալիս, եւ նորա ձեռքի գործերը չեն տեսնում»,— գրում է Եսայիա մարգարեն (Եսայիա 5։11, 12)։ Ցավալի է, բայց որոշ երիտասարդ քրիստոնյաներ տրվել են հենց այսպիսի ցոփ խնջույքների։ Երբ մի խումբ երիտասարդ քրիստոնյաների խնդրեցին նկարագրել, թե ինչ է տեղի ունենում երիտասարդական գիշերային ակումբներում, մի երիտասարդ քույր պատասխանեց. «Շարունակ վեճեր են բռնկվում։ Ես էլ եմ հայտնվել դրանց մեջ»։ Իսկ մի պատանի եղբայր ավելացրեց. «Խմում են, ծխում և այլն»։ Մի ուրիշն էլ, թե. «Մարդիկ հարբում են ու խելքները կորցնում, թմրադեղեր են ընդունում։ Շա՛տ տհաճ բաներ են այնտեղ կատարվում։ Եթե կարծում ես, թե, հաճախելով այդպիսի վայրեր, այդ ամենը քեզ վրա ոչ մի կերպ չի ազդի, չարաչար սխալվում ես»։ Այդ պատճառով էլ Աստվածաշնչում «խրախճանքները» (ՆԱ) կամ «անզուսպ խնջույքները» (Byington) թվարկվում են «մարմնի գործերի» շարքում (Գաղատացիս 5։19—21; Հռովմայեցիս 13։13)։
15. Ի՞նչ հավասարակշռված տեսակետ է տալիս Աստվածաշունչը զվարճությունների վերաբերյալ։
15 Խուսափել վնասակար զվարճություններից՝ չի նշանակում մեզ տաղտկալի կյանքի դատապարտել։ Մենք երկրպագում ենք «երանելի [«ուրախ», ՆԱ] Աստծուն», որն ուզում է, որ երիտասարդները վայելեն իրենց պատանեկության տարիները (Ա Տիմոթէոս 1։11; Ժողովող 11։9)։ Բայց Աստված նաև իր Խոսքի միջոցով զգուշացնում է. «Կարօտութիւն կ’ունենայ այն մարդը որ ուրախութիւն [«զվարճություն», Lamsa] է սիրում» (Առակաց 21։17)։ Այո՛, զվարճությունները կյանքում առաջին տեղը դնելով՝ հոգևոր կարոտության մեջ կարելի է ընկնել։ Ուստի, զվարճությունների ընտրության հարցում հետևեցե՛ք Աստվածաշնչի սկզբունքներին։ Կյանքում ուրախանալու բազմաթիվ միջոցներ կան, որոնք ոչ թե ձեզ գետին են տապալում, այլ, ընդհակառակը, կազդուրիչ են ձեզ համարc (Ժողովող 11։10)։
16. Ինչպե՞ս կարող են երիտասարդ քրիստոնյաները ցույց տալ, որ տարբերվում են աշխարհից։
16 Ձեր համեստ հագուստով, արտաքին տեսքով և աշխարհի քմահաճույքները մերժելով՝ նույնպես կտարբերվեք աշխարհից (Հռովմայեցիս 12։2; Ա Տիմոթէոս 2։9)։ Աշխարհից կտարբերվեք նաև այն դեպքում, եթե ընտրեք, թե ինչ երաժշտություն եք լսում (Փիլիպպեցիս 4։8, 9)։ «Մի ձայներիզ ունեմ, որը, գիտեմ, պետք է աղբանոց նետել, սակայն ձեռքս չի գնում»,— խոստովանում է մի երիտասարդ։ Մեկ ուրիշը պատմում է. «Շատ եմ սիրում երաժշտություն լսել, այնքան շատ, որ այն ինձ համար իսկական ծուղակ է դարձել։ Երբ զգում եմ, որ այնքան էլ պատշաճ չէ, կամ երբ ծնողներս են ինձ զգուշացնում այդ մասին, ինձանից մեծ ջանքեր են պահանջվում, որպեսզի գիտակցորեն իշխանություն վերցնեմ ինձ վրա, քանի որ սրտո՛վ եմ սիրում այդ երաժշտությունը»։ Երիտասարդնե՛ր, ‘անտեղյակ մի՛ եղեք Սատանայի մտադրություններին’ (Բ Կորնթացիս 2։11)։ Երաժշտությունը նրա ձեռքում երիտասարդ քրիստոնյաներին Եհովայից հեռացնելու հերթական գործիքն է։ «Դիտարան» ընկերությունը բազմաթիվ հոդվածներ է հրատարակել, որտեղ քննարկվել են «ռեփ», «հեվի մեթըլ», «ռոք» երաժշտության մասինd։ Սակայն, «Դիտարան» ընկերության հրատարակությունները չեն կարող մեկնաբանություններ տալ երևան եկող ամեն մի նորաստեղծ կամ նորաոճ երաժշտության վերաբերյալ։ Ուստի, երաժշտության ընտրության հարցում ինքդ պետք է «խոհեմութիւն» և «հանճար» դրսևորես (Առակաց 2։11)։
17. ա) Ի՞նչ է «պոռնեան», և ո՞ր արարքներն են դրա մեջ մտնում։ բ) Ո՞րն է Աստծո կամքը բարոյականությանը վերաբերող հարցերում։
17 Վերջապես, պետք է բարոյապես մաքուր մնալ։ «Փախէ՛ք պոռնկութիւնից»,— զգուշացնում է Աստվածաշունչը (Ա Կորնթացիս 6։18)։ «Պոռնկություն» բառի հունարեն տարբերակը՝ «պոռնե՛ան», վերաբերում է ամուսնությունից դուրս սեռական օրգանների մասնակցությամբ սեռային բոլոր անթույլատրելի հարաբերություններին։ Դա վերաբերում է նաև օրալային սեքսին և սեռական օրգաններին դիտավորյալ դիպչելուն։ Մի շարք երիտասարդ քրիստոնյաներ միջամուխ են եղել նման բաների՝ մտածելով, թե իրենց արարքը պոռնկություն չէ։ Սակայն Աստծո Խոսքն ասում է. «Աստծու կամքը ա՛յս է. որ դուք սուրբ լինէք, հեռու մնաք պոռնկութիւնից. ձեզնից իւրաքանչիւր ոք գիտենայ իր մարմինը պահել սրբութեամբ ու պատուով» (Ա Թեսաղոնիկեցիս 4։3, 4)։
18. ա) Ինչպե՞ս կարող են երիտասարդները խուսափել աշխարհի ոգով պղծվելուց։ բ) Ի՞նչ է քննարկվելու հաջորդ հոդվածում։
18 Այո՛, Եհովայի օգնությամբ կարող եք հեռու մնալ աշխարհի ոգով պղծվելուց (Ա Պետրոս 5։10)։ Սակայն Սատանան հաճախ է քողարկում իր մահաբեր ծուղակները, և վտանգը զգալու համար երբեմն տարբերելու մեծ ունակություն է պահանջվում։ Մեր հաջորդ հոդվածը նախատեսված է օգնելու երիտասարդներին, որպեսզի նրանք կարողանան մշակել իրենց «զգայարանները»՝ տարբերելու ունակությունները։
[ծանոթագրություններ]
a Սովորաբար ամբողջ գիշեր տևող պարային խնջույքներ։ Լրացուցիչ տեղեկության համար տեսե՛ք «Արթնացե՛ք» ամսագրի 1997 թ. դեկտեմբերի 22–ի համարը «Երիտասարդների հարցերը» խորագրի տակ՝ «Ռեյվը անմեղ զվարճությո՞ւն է» հոդվածը (ռուս.)։
b Տասնմեկ տարեկան երեխաներ։
c Խորհրդի համար տեսե՛ք «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» գիրքը (ռուս.), էջ 296—303։
d Տեսե՛ք 1993 թ. հուլիսի 15–ի «Դիտարանի» 3–րդ և 4–րդ ուսումնասիրության հոդվածները։
Կրկնողության հարցեր
◻ Ի՞նչ է «աշխարհի ոգին», և ինչպե՞ս է այն իր «իշխանությունը» գործադրում մարդկանց վրա։
◻ Ինչպե՞ս է աշխարհի ոգին այսօր դրսևորվում երիտասարդների կողմից։
◻ Ինչպե՞ս կարող են երիտասարդ քրիստոնյաները խոսելիս կամ զվարճանալիս «ուրիշ ոգի» ցուցաբերել։
◻ Ինչպե՞ս կարող են երիտասարդ քրիստոնյաները «ուրիշ ոգի» ցուցաբերել բարոյականությանը վերաբերող հարցերում և երաժշտություն լսելիս։
[նկար 19–րդ էջի վրա]
Շատ երիտասարդներ իրենց վարքով ցույց են տալիս, որ այս աշխարհի ոգու ազդեցության տակ են գտնվում։
[նկար 21–րդ էջի վրա]
Քաջություն է հարկավոր աշխարհի ոգուն դիմադրելու համար։