Ինչպես թեթևացնել անհավասարության ճնշումը
Արարիչը շուտով երկրի վրա համընդհանուր հավասարություն է հաստատելու, որին այդքան փափագում է մարդ արարածը։ Բայց մինչ այդ ժամանակի գալը, մենք կարող ենք որոշ քայլեր ձեռնարկել թեթևացնելու համար մեր և մեր հարազատների վրա անհավասարության թողած ազդեցությունը։ Ինչպես ժամանակին նկատել է Հարավ–Աֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելան, «ոչ թե մեր ունեցածն է մարդկանց միջև պատնեշներ ստեղծում, այլ այն, թե ինչպիսի վերաբերմունք ունենք հանդեպ մեր ունեցածը»։
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ հաստատում է այս խոսքերի ճշմարտացիությունը։ Անբարենպաստ պայմաններում ծնված բազմաթիվ անհատներ, ի ծնե իրենցից ավելի խոստումնալից և շնորհալի հասակակիցների հետ համեմատած, կարողացել են ճիշտ օգտագործել իրենց նվազ կարողությունները և կյանքում նշանակալից հաջողությունների հասնել։ Եվ ընդհակառակը, ոմանք, առերևույթ, հաջողության հասնելու բոլոր հնարավորություններն ունենալով հանդերձ, անտեղի վատնել են իրենց ընդունակությունները և չեն կարողացել ամբողջությամբ օգտվել իրենց տրամադրության տակ եղած հնարավորություններից։
Ամբողջությամբ օգտվեք ձեր հնարավորություններից
Եհովայի վկաներն իրենց ուժերից եկածն անում են, որպեսզի Աստվածաշնչի ուսումնասիրության միջոցով մարդիկ ճանաչեն Աստծուն և նրա նպատակները։ Ինչ խոսք, որ գրել–կարդալ չիմացող մարդիկ չեն կարող ամբողջապես ընկալել Աստվածաշնչում պարունակված տեղեկությունները։ Այդ հանգամանքը հաշվի առնելով՝ Եհովայի վկաները տասնյակ հազարավոր մարդկանց գրել–կարդալ են սովորեցրել, որոնցից միայն 23 000–ը՝ (90–ականներից ի վեր) Արևմտյան Աֆրիկայի երկրներից մեկում։ Թերթերից մեկը Եհովայի վկաների կատարած հանրօգուտ աշխատանքի մասին հետևյալ կերպ է արձագանքել. «Նրանց կարելի է կոչել օրինակելի քաղաքացիներ։ Նրանք կանոնավորաբար վճարում են հարկերը, խնամում են հիվանդներին, պայքարում են անգրագիտության դեմ» («San Francisco Examiner»)։
Դեռ ավելին, Եհովայի վկաները հատուկ մի ծրագիր են կազմակերպել, որը հարյուր հազարավորների օգնում է հմուտ զեկուցողներ դառնալ և սովորեցնում է նրանց սեփական մտքերը կապակցված շարադրել։ Այդ մարդկանց թվին են պատկանում այնպիսիները, որոնք մի ժամանակ տառապել են լեզվի արատից։ Օրինակ՝ Հարավ–Աֆրիկյան Հանրապետությունից մի եղբայր գրում է. «Կակազելուս պատճառով սաստիկ ինքնամփոփ էի դարձել և հույսս դրել էի ուրիշների վրա, որ իմ փոխարեն իրենք կխոսեն.... Աստվածապետական ծառայության դպրոցին գրվելուց անմիջապես հետո հանձնարարություն ստացա Աստվածաշնչից մի հատված ընթերցել ունկնդիրների առջև.... Կարդալու ընթացքում սկսեցի այնպես կակազել, որ չկարողացա խոսքս ավարտել սահմանված ժամանակում։ Հանդիպման ավարտից հետո [Դպրոցի վերակացուն] արժեքավոր խորհուրդ տվեց. նա առաջարկեց հաճախակի տանը բարձրաձայն ընթերցել։ Որոշեցի հետևել նրա խորհրդին և սկսեցի ամեն օր Աստվածաշնչից ու «Դիտարանից» որոշ հատվածներ բարձրաձայն կարդալ»։ Ի վերջո, այս եղբայրը այնպիսի հաջողությունների հասավ, որ այժմ անկաշկանդ ելույթ է ունենում հարյուրավոր և հազարավոր ունկնդիրներով լեցուն լսարանի առջև։
Եղբայրություն, որտեղ հավասարություն է տիրում
Բոլոր Եհովայի վկաները միմյանցից տարբերվում են իրենց նյութական ապահովվածությամբ, ինչպես նաև հասարակության մեջ զբաղեցրած դիրքով։ Կրթություն ու բժշկական օգնություն ստանալու հնարավորությունները նրանց համար հավասարապես մատչելի չեն։ Այս տարբերությունները զուտ հետևանքն են այն անկատար իրավիճակի, որում գտնվում է աշխարհը։ Սակայն, Եհովայի վկաներին, ի տարբերություն այլ կրոնական խմբերի, հիմնականում հաջողվել է իրենց շարքերում արմատախիլ անել ազգային, հասարակական և տնտեսական ոլորտներում առկա տարբերությունների պատճառով առաջացած նախապաշարմունքները։
Հաջողվել է շնորհիվ այն բանի, որ նրանք ձգտում են ապրել Աստվածաշնչից իրենց ստացած գիտելիքների համաձայն։ Նրանք սրտանց ցանկանում են Աստվածաշնչի սկզբունքները կիրառել իրենց կյանքում, որոնք են. «Աստուած այնպէս չի նկատում, ինչպէս նկատում են մարդիկ. մարդիկ երեսին են նայում, իսկ Աստուած՝ սրտին» (Ա Թագաւորաց 16։7, ԷԹ). «Աստծու կողմից աչառութիւն չկայ, այլ՝ բոլոր ազգերի մէջ ով երկնչում է նրանից եւ արդարութիւն է գործում, ընդունելի է նրան» (Գործք 10։34, 35). «Մէկի չարի փոխարէն չար մի՛ հատուցէք. խորհեցէ՛ք բարին՝ բոլոր մարդկանց առաջ. ինչ չափով հնարաւոր է ձեզ համար, բոլոր մարդկանց հետ խաղաղութիւն պահեցէ՛ք» (Հռովմայեցիս 12։17, 18; տեսեք նաև Ա Տիմոթէոս 6։17—19; Յակոբոս 2։5, 9)։
Եհովայի վկաները ջանում են հետևել իրենց միությանը նպաստող աստվածաշնչյան սկզբունքներին և թույլ չեն տալիս, որ իրենց մեջ ազգային խտրականության, ինչպես նաև հասարակական կամ տնտեսական տարբեր մակարդակների պատճառով առաջացած անհավասարության որևէ դրսևորում ի հայտ գա։ Վերոհիշյալ տարբերությունները ոչ մի դեպքում հաշվի չեն առնվում, օրինակ՝ քրիստոնեական ժողովում պատասխանատու եղբայրներ նշանակելու հարցում։ Եթե պետք է որոշում կայացվի, թե ժողովում ում է վերակացություն կամ ուսուցանելու պատասխանատվություն տրվելու, ապա կարևոր տեղ է հատկացվում միայն ընտրվող անհատների հոգևոր հատկություններին (Ա Տիմոթէոս 3։1—13; Տիտոս 1։5—9)։
Այս խոտորված աշխարհում տիրող անհավասարության հետևանքներն իրենց անձի վրա կրած անհատների համար որքա՜ն հաճելի է զգալ, որ շրջապատողները նրանց վերաբերվում են որպես քույրերի և եղբայրների, որոնք հավասար են իրենց Ստեղծիչի առջև։ Վերցնենք Մարտինայի օրինակը։ Այն բանից հետո, երբ հայրը լքել էր նրանց, մայրը նրան մենակ էր դաստիարակել։ Մարտինան մեծացել էր աղքատության մեջ։ Հաճախ բոլորի կողմից մերժված՝ նա կորցրել էր ինքնավստահության զգացումը, որի հետևանքով դժվարանում էր շփվել մարդկանց հետ։ Նա ամեն ինչի նկատմամբ բացարձակ անտարբեր էր դարձել։ Սակայն Աստվածաշունչ ուսումնասիրելուց և ապա Եհովայի վկա դառնալուց հետո կյանքը նրա համար բոլորովին այլ իմաստ էր ստացել։ Ահա թե ինչ է պատմում նա. «Երբեմն առաջվա նման սկսում եմ շրջապատումս ամեն բան գորշ գույներով տեսնել, սակայն արդեն սովորել եմ հաղթահարել այդպիսի զգացումները։ Ես վստահություն եմ ձեռք բերել և այլևս առաջվա ինքնամփոփ անձնավորությունը չեմ։ Ճշմարտությունն ինձ հույս է տվել։ Հիմա գիտեմ, որ Եհովան սիրում է ինձ, ու կյանքն այժմ ինձ համար իրո՛ք արժեք ունի»։
Եհովայի վկաները ավելի քան 230 երկրներում բազմազգ, մեկ միասնական եղբայրություն են կազմում։ Նրանց միջև այնպիսի հավասարություն է տիրում, որպիսին չկա աշխարհում։ Կարելի՞ է արդյոք միևնույնն ասել որևէ այլ կրոնական կազմակերպության մասին, և դա համեմատել իրականության հետ։
Իհարկե, Եհովայի վկաները պատրանքներ չեն ստեղծում։ Նրանք շատ լավ գիտակցում են, որ, ապրելով տիրող անհավասարության ներկա պայմաններում, չեն կարող պայքարելով հիմնովին հաղթահարել անհավասարությունը, ինչպես որ հարյուրամյակների ընթացքում դեռ ոչ մեկին չի հաջողվել դա անել։ Այնուամենայնիվ, նրանք ուրախ են, որ իրենց միջավայրում անհավասարության ճնշումները թեթևացնելու հարցում նրանք զգալի հաջողությունների հասել են։ Եհովայի վկաները ամբողջ սրտով հավատում են Աստծո խոստումին և սպասում են այն նոր, արդար աշխարհին, որտեղ այլևս երբեք չի լինի անհավասարություն։
Այո՛, շուտով Աստծուն հնազանդ բոլոր մարդիկ, նրա սկզբնական նպատակի համաձայն, կրկին կլինեն հավասար՝ «իրենց արժանապատվությամբ և իրավունքներով»։ Որքա՜ն ուրախալի է այդ մասին իմանալը։ Վերջապես այս խոսքերն իրենց կատարումը կգտնեն։
[նկար 7–րդ էջի վրա]
Եհովայի վկաները պայքարում են անգրագիտության դեմ՝ տասնյակ հազարավոր մարդկանց գրել–կարդալ սովորեցնելով։
[նկար 8–րդ էջի վրա]
Աստվածաշնչի ճշմարտությունն օգնում է արմատախիլ անել ազգային, հասարակական կամ տնտեսական հողի վրա եղած տարբերությունների հետ կապված նախապաշարմունքները։