Աստված իրականությո՞ւն է քեզ համար
ԵՐԲ քեզ մտահոգող խնդիրներ ես ունենում, պատրաստակամորեն դիմո՞ւմ ես Աստծուն աղոթքով։ Աղոթքով դիմելիս՝ զգո՞ւմ ես արդյոք, որ զրուցում ես իրապես գոյություն ունեցող անձնավորության հետ։
Հիսուս Քրիստոսն իր երկնային Հոր մասին ասաց. «Ճշմարիտ է նա, ով ինձ ուղարկեց» (Յովհաննէս 7։28)։ Այո՛, Եհովա Աստված ճշմարիտ է՝ իրականություն, և նրան աղոթքով դիմելը կարելի է նմանեցնել օգնության կամ խորհրդի համար մոտիկ ընկերոջը դիմելուն։ Որպեսզի մեր աղոթքներն Աստծո կողմից լսելի լինեն, պետք է դրանք համապատասխանեն աղոթքի վերաբերյալ Գրություններում ամփոփված պահանջներին։ Օրինակ՝ աղոթքներ Լսողին պետք է խոնարհաբար դիմել իր Որդի Հիսուս Քրիստոսի միջոցով (Սաղմոս 65։2, ՆԱ; 137։6, ԷԹ; Յովհաննէս 14։6)։
Ոմանք, գուցե, մտածում են, որ եթե Աստված անտեսանելի է, ուրեմն նա անդեմ է։ Նրանց համար «Աստված» հասկացողությունը վերացական բնույթ է կրում։ Նույնիսկ Աստծո հրաշալի հատկությունների մասին սովորած քրիստոնյաներից ոմանք երբեմն դժվարանում են ըմբռնել, թե որքա՜ն իրական անձնավորություն է նա։ Դու է՞լ ես դժվարանում։ Եթե այդպես է, ապա ի՞նչը կօգնի քեզ Եհովա Աստծուն որպես իրական անձնավորություն ընդունելու։
Ուսումնասիրիր Գրությունները
Կանոնավորաբար ուսումնասիրո՞ւմ ես Սուրբ գրությունները։ Որքան հաճախակի լինեն ու խորը բնույթ կրեն Աստվածաշնչի քո ուսումնասիրությունները, այնքան Եհովա Աստված ավելի իրական կլինի քեզ համար։ Դրա շնորհիվ հավատդ կամրանա և, արդյունքում, հնարավորություն կտա քեզ տեսնելու «անտեսանելիին» (Եբրայեցիս 11։6, 27)։ Եվ ընդհակառակը՝ հազվադեպ, անկանոն ուսումնասիրությունները դժվար թե որևէ նշանակալի ազդեցություն թողնեն հավատիդ վրա։
Ենթադրենք՝ բժիշկը նշանակել է օրը երկու անգամ ինչ–որ քսուք օգտագործել մաշկիդ վրա առաջացած ցանը վերացնելու համար։ Կվերանա՞ արդյոք ցանը, եթե քսուքն օգտագործես ամիսն ընդամենը մեկ կամ երկու անգամ։ Հազիվ թե։ Նմանապես, սաղմոսերգուն է մեզ «դեղատոմս» առաջարկում մեր հոգևոր առողջության համար։ Կարդա Աստծո Խոսքը՝ ‘ցերեկ ու գիշեր նրա օրենքի վրա մտածելով’ (Սաղմոս 1։1, 2)։ Հաջողության հասնելու համար մեզ անհրաժեշտ է ամեն օր հետևել այդ «դեղատոմսին»՝ քրիստոնեական հրատարակությունների օգնությամբ Աստծո Խոսքի խորը ուսումնասիրություններ կատարելով (Յեսու 1։8)։
Ուզո՞ւմ ես, որ ուսումնասիրություններն ավելի ու ավելի նպաստեն հավատիդ ամրապնդմանը։ Ահա մի առաջարկություն. «տողատակի ծանոթագրություններ» պարունակող որևէ Աստվածաշնչից (օրինակ՝ «Սուրբ գրությունների Նոր աշխարհ թարգմանությունից») մի գլուխ կարդալուց հետո ընտրիր որևէ հետաքրքիր համար և նայիր դրան վերաբերվող մեջբերված մյուս համարները։ Դա կբարելավի ուսուցումդ, և, անկասկած, անտարբեր չես մնա՝ նկատելով Աստվածաշնչի ներքին ներդաշնակությունը։ Բացի այդ, դա կօգնի քեզ ավելի լավ պատկերացնել Աստվածաշնչի Հեղինակին՝ Եհովա Աստծուն։
Զուգահեռ մեջբերումները ծանոթացնում են նաև Աստվածաշնչի մարգարեությունների և դրանց կատարումների հետ։ Թերևս արդեն ծանոթ ես Աստվածաշնչի մարգարեությունների մեծամասնությանը, ինչպես օրինակ, բաբելոնացիների կողմից Երուսաղեմի կործանման մասին արված մարգարեությանը։ Սակայն Աստվածաշունչը պարունակում է մի շարք փոխկապված մարգարեություններ, ընդ որում, դրանց կատարումները ևս ներքին կապվածություն ունեն։ Այդ մարգարեությունների մի մասն այնքան էլ հայտնի չէ։
Օրինակ՝ կարդա Երիքով քաղաքի վերակառուցման համար պատժի մասին արված մարգարեությունը, ապա ուշադրություն դարձրու դրա կատարման մասին հաղորդագրությանը։ Յեսու 6։26–ում ասվում է. «Եւ Յեսուն երդում արաւ այն ժամանակ ասելով. Անիծեալ լինի Տիրոջ առաջին այն մարդը, որ վեր կենայ շինէ այս Երիքով քաղաքը. իր անդրանիկովը նորա հիմերը դնէ, եւ իր կրտսերովը նորա դռները կանգնեցնէ»։ Այս մարգարեությունը կատարվեց այն գրվելուց շուրջ հինգ հարյուր տարի հետո, ինչպես կարդում ենք Գ Թագաւորաց 16։34–ում. «[Աքաաբ թագավորի] օրերում Բեթէլացի Յիէլը շինեց Երիքովը. իր Աբիրոն անդրանիկ որդիովը նորա հիմը դրաւ եւ իր Սեգուբ կրտսեր որդիովը կանգնեցրեց նորա դռները Տիրոջ խօսքին համեմատ որ խօսեց Նաւեան Յեսուի ձեռովը»։a Միայն ճշմարիտ Աստծո ներշնչմամբ կարող էր նման մարգարեություն ասվել, և միայն նա կարող էր հոգ տանել դրա կատարման համար։
Աստվածաշնչի ընթերցանության ժամանակ հնարավոր է որևէ հարցի մասին ցանկանաս ավելի շատ բան իմանալ։ Օրինակ՝ թերևս հարց առաջանա, թե որքան ժամանակ է ընկած մարգարեության և դրա կատարման միջև։ Մեկ ուրիշին հարցնելու փոխարեն, ինչո՞ւ ջանք չգործադրես ինքնուրույն դա պարզելու։ Քարտեզների և Աստվածաշնչի ուսուցման օժանդակ այլ գրականությունների օգնությամբ հարցերի պատասխանները փնտրիր այնպիսի ջանասիրությամբ, ինչպես կվարվեիր թաքնված գանձերի տեղը ցույց տվող քարտեզը վերծանելիս (Առակաց 2։4, 5)։ Այդ պատասխանները խոր ազդեցություն կթողնեն հավատիդ վրա և ավելի որոշակի կդարձնեն Եհովա Աստծո գոյությունը։
Աղոթիր կանոնավորաբար և ջերմեռանդորեն
Մի՛ թերագնահատիր աղոթքի և հավատի կարեվորությունը։ Հիսուսի աշակերտները նրանից ուղղակի պահանջեցին. «Աւելացրո՛ւ մեր հաւատը» (Ղուկաս 17։5)։ Եթե քեզ համար այնքան էլ հեշտ չէ Եհովային որպես իրական անձ պատկերացնել, աղոթքով խնդրիր նրան, որ հավատդ ավելացնի։ Համարձակորեն օգնություն խնդրիր երկնային Հորիցդ, որպեսզի նա քեզ համար ավելի որոշակի դառնա։
Եթե քեզ որևէ խնդիր է անհանգստացնում, ժամանակ հատկացրու երկնային Բարեկամիդ հետ անկեղծորեն զրուցելու, կիսվելու։ Հիսուսը ջերմեռանդորեն աղոթեց, երբ մահն արդեն մոտ էր։ Թեև նա դատապարտում էր ցուցադրական, երկար աղոթքներ ասելու կրոնական սովորույթը, սակայն, նախքան իր տասներկու առաքյալներին ընտրելը, մի ամբողջ գիշեր Աստծուն աղոթելով անցկացրեց (Մարկոս 12։38—40; Ղուկաս 6։12—16)։ Կարող ենք դաս քաղել նաև Աննայի՝ Սամուել մարգարեի մոր օրինակից։ Արու զավակ ունենալու ցանկությամբ համակված՝ «նա իր աղօթելը Տիրոջ առաջին շատացրեց» (Ա Թագաւորաց 1։12)։
Ի՞նչ եզրակացության ենք հանգում բերված օրինակներից։ Եթե ցանկանում ես աղոթքներիդ պատասխանը ստանալ, դիմիր թախանձագին, ջերմեռանդորեն, անընդմեջ, և, իհարկե հետևիր, որ դրանք ներդաշնակ լինեն Աստծո կամքին (Ղուկաս 22։43բ, 44; Հռովմայեցիս 12։12; Ա Թեսաղոնիկեցիս 5։17; Ա Յովհաննէս 5։13—15)։ Սա կօգնի քեզ Աստծուն իրական պակերացնել։
Հետևիր ստեղծագործությանը
Նկարչի էությունը կարելի է ճանաչել նրա ձեռքի գործերով։ Այդ նույն ձևով Ստեղծիչ, Արարիչ Եհովայի «աներեւոյթ յատկութիւնները» ի հայտ են գալիս նրա ստեղծագործություններում (Հռովմայեցիս 1։20)։ Երբ ուշադրությամբ զննում ենք Եհովայի ձեռքի գործերը, ապա նրա էությունն ավելի պարզ ենք պատկերացնում և նա ավելի իրական է դառնում մեզ համար։
Եթե ավելի մոտիկից ուսումնասիրես Աստծո ստեղծագործությունները, անտարբեր չես մնա նրա հատկությունների հանդեպ։ Օրինակ՝ թռչունների կողմնորոշվելու ընդունակությունների մասին տեղեկությունը կկրկնապատկի Եհովայի իմաստության մասին ունեցած քո գնահատանքը։ Ընթերցելով Տիեզերքի մասին՝ կարող ես իմանալ, որ Ծիր Կաթին գալակտիկան, որը կարելի է կտրել–անցնել 100 000 լուսային տարվա ընթացքում, միայն մեկն է Տիեզերքում գտնվող միլիարդավոր գալակտիկաներից։ Մի՞թե այս փաստից չես տպավորվում Ստեղծիչի իմաստությամբ։
Ինչ խոսք, Եհովան իսկապես իմաստուն է։ Սակայն ի՞նչ նշանակություն ունի դա քեզ համար։ Կարող ես վստահ լինել, որ նրան բոլորովին չեն ծանրաբեռնում մեր պրոբլեմները, որոնց մասին կիսվում ենք նրա հետ աղոթքով։ Եվ իրոք, ստեղծագործության վերաբերյալ նույնիսկ աննշան տեղեկությունը կարող է Եհովայի մասին ավելի իրական պատկերացում տալ։
Քայլի՛ր Եհովայի հետ
Իսկ դու կարո՞ղ ես անձամբ զգալ, թե որքանով է ճշմարիտ Եհովան։ Այո՛, եթե հետևես Նոյի օրինակին։ Նա շարունակ հնազանդվում էր Եհովային, և նրա մասին ասվեց, որ «Նոյ Աստուծոյ հետ քալեց» (Ծննդոց 6։9, Արևմտահայերեն Աստվածաշունչ)։ Նոյը կյանքում այնպես էր վարվում, կարծես մշտապես Եհովային իր կողքին էր տեսնում։ Աստված քեզ համար նույնպես կարող է այդչափ իրական լինել։
Եթե քայլում ես Աստծո հետ, ուրեմն վստահում ես Աստվածաշնչում ամփոփված խոստումներին և գործերդ համապատասխանեցնում ես նրանց հետ։ Օրինակ՝ վստահում ես Հիսուսի խոսքերին, թե՝ «նախ խնդրեցէ՛ք Աստծու արքայութիւնը եւ [Աստծո] արդարութիւնը, եւ այդ բոլորը [նյութական անհրաժեշտությունները] Աստուած ձեզ աւելիով կը տայ» (Մատթէոս 6։25—33)։ Ինչ խոսք, Եհովան միշտ չէ, որ կհոգա մեր կարիքները մեր սպասածի համաձայն։ Սակայն աղոթելով և այնուհետև ստանալով Աստծո օգնությունը՝ կզգաս, որ նա իրական անձնավորություն է, ինչպես կողքիդ կանգնած ցանկացած մարդը։
Եհովայի հետ նման սերտ փոխհարաբերությունը նրա հետ քայլելու հետ մեկտեղ ավելի ու ավելի է զարգանում։ Ահա թե ինչ է ասում բազմաթիվ փորձությունների հետ բախված Մանուելա անունով մի իսպանուհի. «Ամեն անգամ, երբ անախորժության կամ կարիքի մեջ եմ ընկնում, դիմում եմ Առակաց 18։10 խոսքում ամփոփված սկզբունքին։ Եհովային օգնության եմ կանչում։ Նա միշտ էլ «ամուր աշտարակ» է եղել ինձ համար»։ Մանուելան այս մասին խոսում է երեսունվեց տարի շարունակ Եհովային ապավինելուց հետո, երբ անդադար զգացել է նրա աջակցությունը։
Միայն նորե՞րս ես սկսել վստահել Եհովային։ Մի՛ հուսահատվիր, եթե քեզ թվում է, թե փոխհարաբերությունդ նրա հետ այն չէ, ինչ որ դու ես կարծում։ Յուրաքանչյուր օրդ սկսիր Աստծո հետ միասին՝ քայլի՛ր նրա հետ։ Կյանքում Եհովային հավատարիմ մնալով՝ ավելի մտերիմ հարաբերություններ կհաստատես նրա հետ (Սաղմոս 25։14; Առակաց 3։26, 32)։
Աստծո հետ քայլելու մեկ այլ կերպն է ծառայության մեջ զբաղված մնալը։ Միանալով Թագավորության լուրի քարոզչությանը՝ դառնում ես Եհովայի համագործակիցը (Ա Կորնթացիս 3։9)։ Այդ ամենը գիտակցելը օգնում է քեզ ավելի իրական պատկերացնել Աստծուն։
Սաղմոսերգուն հորդորում է մեզ. «Տիրոջը յանձնիր քո ճանապարհը՝ եւ նորան յուսա. եւ նա կ’կատարէ» (Սաղմոս 37։5)։ Երբեք մի հապաղիր Եհովային հանձնել ունեցածդ բեռը կամ հոգսը։ Օգնության և առաջնորդության համար շարունակ նրան դիմիր։ Եթե աղոթքով դիմում ես Եհովային, ապավինում նրան ու անվարանորեն վստահում, ապա լիովին ապահով կզգաս՝ իմանալով, որ նա քայլեր կձեռնարկի հօգուտ քեզ։ Վստահությա՞մբ ես դիմում Եհովային որևէ անձնական հարցով։ Վստա՛հ կլինես, եթե Աստված իրականություն է քեզ համար։
[ծանոթագրություն]
a Մեկ ուրիշ օրինակ. Գ Թագաւորաց 13։1—3–ում արձանագրված է Հերոբովամի՝ զոհասեղանը պղծելու մասին արված մարգարեությունը, որի կատարման մասին արձանագրությունը կարելի է գտնել Դ Թագաւորաց 23։16—18–ում։
[նկար 29–րդ էջի վրա]
Ջանք արա, որ Աստվածաշնչի ուսուցումներդ ամրապնդեն հավատդ։
[նկար 30–րդ էջի վրա]
Ժամանակ հատկացրու կանոնավորաբար, ջերմեռանդորեն աղոթելուն։
[նկարներ 31–րդ էջի վրա]
Հետևիր, թե ինչպես են Աստծո հատկությունները դրսևորված նրա ստեղծագործություններում։
[թույլտվությամբ]
Hummingbird: U.S. Fish and Wildlife Service, Washington, D.C./Dean Biggins; stars: Photo: Copyright IAC/RGO 1991, Dr. D. Malin et al, Isaac Newton Telescope, Roque de los Muchachos Observatory, La Palma, Canary Islands