Մոտի՛կ կանգնեցեք աստվածապետությանը
«Մեր դատաւորը Տէրն է, մեր օրէնսդիրը Տէրն է, մեր թագաւորը Տէրն է» (Եսայիա 33։22)։
1. Ինչո՞ւ է իշխանությունների հարցը շատերի համար մտահոգության առիթ հանդիսանում։
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ հարցը բոլորի համար մտահոգության մեծ առիթ է։ Հաջող իշխանությունները խաղաղությամբ և բարեկեցությամբ են ապահովում։ Աստվածաշունչն ասում է. «Թագաւորը արդարութեամբ կ’հաստատէ երկիրը» (Առակաց 29։4)։ Բայց պատահում են նաև անհաջող իշխանություններ, որոնք անարդար են կառավարում, հանգեցնում են ապականման ու կեղեքում են։ «Երբոր ամբարիշտը իշխէ, ժողովուրդը կ’հեծէ» (Առակաց 29։2)։ Պատմության ընթացքում մարդիկ իշխանության զանազան կերպեր են փորձել, բայց, ցավոք, հաճախ են ‘հեծել’ իրենց իշխանների լծի տակ (Ժողովող 8։9)։ Կլինի՞ արդյոք մի իշխանություն, որը կկարողանա գոհացնել իր հպատակների կարիքները։
2. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ «աստվածապետությունը» ճիշտ տերմին է հին Իսրայելի կառավարությունը ներկայացնելու համար։
2 Պատմագիր Հովսեպոսը նշել է մի եզակի կառավարության մասին. «Որոշ ժողովուրդներ պետական գերագույն իշխանությունը վստահել են միապետություններին, ուրիշները՝ խմբիշխանություններին, մյուսներն էլ՝ զանգվածներին։ Իսկ մեր օրենսդիրը [Մովսեսը] կառավարման այդ ձևերից ոչ մեկին չձգտելով՝ իր սահմանադրությանն այնպիսի տեսք տվեց, որը, դիպուկ ասած, կարելի է անվանել «աստվածապետություն», այսինքն՝ գերիշխանությունն ու հեղինակությունն Աստծո ձեռքը հանձնելը» («Against Apion», հ. II, 164, 165)։ Ըստ մի բառարանի՝ աստվածապետությունը դա «Աստծո կառավարման մի ձև է» («Concise Oxford Dictionary»)։ Աստվածապետություն բառը գործածված չէ Աստվածաշնչում, սակայն այն շատ լավ ներկայացնում է հին Իսրայելի կառավարությունը։ Թեև իսրայելացիները մարդկանց միջից ընտրված թագավոր ունեին, բայց իրականում նրանց իշխանը Եհովան էր։ Իսրայելացի Եսայիա մարգարեն գրել է. «Մեր դատաւորը Տէրն է, մեր օրէնսդիրը Տէրն է, մեր թագաւորը Տէրն է» (Եսայիա 33։22)։
Ի՞նչ է իրենից ներկայացնում իսկական աստվածապետությունը
3, 4. ա) Ի՞նչ է իսկական աստվածապետությունը։ բ) Մոտ ապագայում ի՞նչ օրհնություն է մարդկությանը բերելու աստվածապետությունը։
3 Երբ Հովսեպոսն առաջին անգամ գործածեց «աստվածապետություն» բառը, այդ ժամանակից ի վեր տարբեր հասարակություններ են նկարագրվել որպես աստվածապետություններ։ Դրանց թվում եղել են անհանդուրժող, մոլեռանդ և դաժան պետություններ։ Արդյո՞ք դրանք իսկական աստվածապետություններ են եղել։ Համենայն դեպս ոչ Հովսեպոսի գործածած բառի իմաստով։ Բանն այն է, որ «աստվածապետություն» բառն ավելի լայն նշանակություն ունի։ «Համաշխարհային հանրագիտարանը» («World Book Encyclopedia») այն ներկայացնում է որպես կառավարության մի ձև, որտեղ պետությունը գտնվում է մեկ կամ մի քանի քահանաների իշխանության ներքո և որտեղ հոգևորականներն իրավունք ունեն քաղաքական ու կրոնական հարցեր լուծելու»։ Սակայն իսկական աստվածապետությունը դա քահանաների իշխանությունը չէ։ Այն Աստծո իշխանությունն է, Տիեզերքի Ստեղծիչ Եհովա Աստծո կառավարման տակ գտնվող պետությունը։
4 Մոտ ապագայում ամբողջ երկիրը կդառնա աստվածապետություն, և ի՜նչ օրհնություն դա կլինի։ «[Աստված կլինի մարդկության] Աստուածը. եւ պիտի սրբի նրանց աչքերից ամէն արտասուք. եւ այլեւս մահ չկայ. ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցաւ եւ ո՛չ չարչարանք, քանի որ առաջինն անցաւ» (Յայտնութիւն 21։3, 4)։ Ոչ մի քահանայություն, որի կազմում անկատար մարդիկ են, չի կարող նման երջանկություն բերել։ Միայն Աստծո իշխանությունն այն կբերի։ Ուստի, ճշմարիտ քրիստոնյաները աստվածապետությունը չեն փորձում ներկայացնել քաղաքական գործունեությամբ։ Նրանք համբերությամբ սպասում են, որպեսզի Աստված իր ժամանակին հաստատի համաշխարհային աստվածապետությունը, և այնպես, ինչպես ինքն է կամենում (Դանիէլ 2։44)։
5. Ներկայումս որտե՞ղ է գործում իսկական աստվածապետությունը, և դրա շուրջ ի՞նչ հարցեր են ծագում։
5 Միևնույն ժամանակ, այժմ արդեն գործում է ճշմարիտ աստվածապետությունը։ Որտե՞ղ։ Այնտեղ, որտեղ մարդիկ կամավոր ենթարկվում են Աստծո իշխանությանը և միացած են նրա կամքը կատարելու համար։ Այս հավատարիմ անհատները՝ որպես համաշխարհային հոգևոր «ազգ», հավաքվել են իրենց հոգևոր «երկրում»։ Այդ «ազգը» կազմում են «Աստծո Իսրայէլի» մնացած անդամները և իրենց ավելի քան հինգ ու կես միլիոն քրիստոնյա ընկերակիցները (Եսայիա 66։8; Գաղատացիս 6։16)։ Նրանք Եհովա Աստծո՝ «յաւիտենութեան Թագաւորի» կողմից գահ բարձրացված երկնային Թագավոր Հիսուս Քրիստոսի հպատակներն են (Ա Տիմոթէոս 1։17; Յայտնութիւն 11։15)։ Ի՞նչ առումով է այս կազմակերպությունն աստվածապետական։ Ինչպե՞ս են նրա անդամները նկատում պետական իշխանությունների ունեցած հեղինակությունը։ Եվ ինչպե՞ս են հոգևոր համայնքի ներսում պատասխանատվություններ կրող մարդիկ կիրառում աստվածապետության սկզբունքը։
Աստվածապետական կազմակերպություն
6. Ինչպե՞ս կարող է մարդկանց տեսանելի կազմակերպությունը ղեկավարվել Աստծո կողմից։
6 Ինչպե՞ս կարող է մարդկանց կազմակերպությունը ղեկավարվել Եհովայի կողմից, երբ Նա ապրում է անտեսանելի երկնքում (Սաղմոս 103։19)։ Դա հնարավոր է շնորհիվ այն բանի, որ այդ կազմակերպության անդամները հետևում են Աստվածաշնչում արձանագրված խորհրդին. «Տիրոջն ապաւինիր քո բոլոր սրտովը, եւ քո հասկացողութեանը մի վստահիր» (Առակաց 2։6; 3։5)։ Պահելով «Քրիստոսի օրէնքը» և իրենց ամենօրյա կյանքում կիրառելով Աստվածաշնչի ներշնչված սկզբունքները՝ նրանք Աստծուն իրենց վրա իշխելու հնարավորություն են տալիս (Գաղատացիս 6։2; Ա Կորնթացիս 9։21; Բ Տիմոթէոս 3։16; տեսեք Մատթէոս 5։22, 28, 39; 6։24, 33; 7։12, 21)։ Դրա համար անհրաժեշտ է, որ այդ անհատներն ուսումնասիրեն Աստվածաշունչը (Սաղմոս 1։1—3)։ Հնում ապրած «ազնիւ» բերիացիների նման նրանք հետևում են ոչ թե մարդկանց, այլ շարունակ ստուգում են Աստվածաշնչում իրենց սովորածը (Գործք 17։10, 11; Սաղմոս 119։33—36)։ Սաղմոսերգուի նման նրանք էլ են ասում. «Բարի իմաստութիւն եւ գիտութիւն սովորեցրու ինձ, որովհետեւ հաւատում եմ քո պատուիրանքներին» (Սաղմոս 119։66)։
7. Ինչպե՞ս է ընթանում վերակացության կարգը աստվածապետության ներսում։
7 Յուրաքանչյուր կազմակերպությունում անհրաժեշտ է, որ լինեն մարդիկ, որոնց ղեկավարելու իրավունք է տրվում։ Եհովայի վկաները բացառություն չեն կազմում և հետևում են այն հեղինակությանը, որի մասին նշեց Պողոս առաքյալը. «Ամէն մարդու գլուխը Քրիստոսն է, կնոջ գլուխը՝ մարդը եւ Քրիստոսի գլուխը՝ Աստուած» (Ա Կորնթացիս 11։3)։ Այս սկզբունքի հետ ներդաշնակ՝ ժողովում որպես երեցներ ծառայում են միայն որակելի տղամարդիկ։ Եվ թեպետև Քրիստոսը՝ «ամէն մարդու գլուխը», երկնքում է, երկրի վրա դեռևս ապրում են նրա օծյալ եղբայրներից, որոնք իր հետ երկնքում իշխելու հեռանկարն ունեն (Յայտնութիւն 12։17; 20։6)։ Բոլորով միասին նրանք կազմում են «հաւատարիմ եւ իմաստուն ծառա» դասակարգը։ Ընդունելով այդ «ծառայի» վերակացությունը՝ քրիստոնյաներն իրենց հպատակությունն են ցույց տալիս Հիսուսին, ուստի և՝ Հիսուսի «գլխին»՝ Եհովային (Մատթէոս 24։45—47; 25։40)։ Այս առումով աստվածապետությունում կարգ ու կանոն է տիրում։ «Աստված խռովութեան Աստուած չէ, այլ՝ խաղաղութեան» (Ա Կորնթացիս 14։33)։
8. Ինչպե՞ս են քրիստոնյա երեցները պահում աստվածապետության սկզբունքը։
8 Քրիստոնյա երեցները հետևում են աստվածապետական սկզբունքին՝ գիտակցելով, որ Եհովայի առջև պատասխանատու են իրենց որոշ չափով ունեցած իշխանությունը գործադրելու հարցում (Եբրայեցիս 13։17)։ Որոշումներ կայացնելիս՝ նրանք վստահում են ոչ թե սեփական իմաստությանը, այլ՝ Աստծո։ Այս հարցում նրանք հետևում են Հիսուսի օրինակին, քանի որ նա երբևիցե ապրած ամենաիմաստուն մարդն է եղել (Մատթէոս 12։42)։ Սակայն Հիսուսն ասել էր. «Մարդու Որդին ինքն իրենից ոչինչ չի կարող անել, այլ անում է այն, ինչ.... որ Հայրն է անում» (Յովհաննէս 5։19)։ Երեցների համար նաև օրինակ է ծառայում Դավիթ թագավորի վերաբերմունքը։ Նա մեծ իշխանություն ուներ աստվածապետության մեջ, սակայն ցանկանում էր շարժվել Եհովայի ճանապարհով և ոչ թե սեփական ուղիով։ Դավիթն աղոթեց. «Սովորեցրու ինձ, Տէր, քո ճանապարհը, եւ առաջնորդիր ինձ ուղիղ ճանապարհում» (Սաղմոս 27։11)։
9. Ինչպիսի՞ հավասարակշռված տեսակետ ունեն նվիրված քրիստոնյաները իրենց ունեցած տարբեր հեռանկարների, ինչպես նաև աստվածապետության մեջ ծառայության տարբեր առանձնաշնորհումների առնչությամբ։
9 Ոմանք հարց են բարձրացրել, թե արդյո՞ք արդար է, որ ժողովում իշխանությունը ստանձնում են միայն պատրաստված տղամարդիկ, և որ գոյություն ունեն երկնային ու երկրային հեռանկարներ (Սաղմոս 37։29; Փիլիպպեցիս 3։20)։ Նվիրված քրիստոնյաները, սակայն, գիտակցում են, որ այս կարգադրությունները գրի են առնված Աստծո Խոսքում։ Դրանք աստվածապետական են։ Եթե այդ հարցերը կասկածի տակ են առնվում, ապա սովորաբար այն անհատների կողմից, ովքեր չեն ընդունում Աստվածաշնչի սկզբունքները։ Բացի այդ, քրիստոնյաները գիտեն, որ փրկության հարցում տղամարդիկ և կանայք հավասար են Եհովայի աչքի առջև (Գաղատացիս 3։28)։ Ճշմարիտ քրիստոնյաների համար Տիեզերքի Գերիշխանի երկրպագուները լինելը ամենաբարձր առանձնաշնորհումն է և նրանք ուրախ են ընդունելու ցանկացած նշանակում, որը Եհովան տալիս է իրենց (Սաղմոս 31։23; 84։10; Ա Կորնթացիս 12։12, 13, 18)։ Բացի այդ, հավիտենական կյանքը՝ լինի դա երկնքում, թե դրախտ–երկրի վրա, իրոք որ հրաշալի հույս է։
10. ա) Հովնաթանն ի՞նչ հրաշալի դիրք բռնեց։ բ) Ներկայիս քրիստոնյաներն իրենց վերաբերմունքով ինչպե՞ս են ընդօրինակում Հովնաթանին։
10 Այս հարցում Եհովայի վկաները նմանվում են Սավուղ թագավորի աստվածավախ որդուն՝ Հովնաթանին։ Հովնաթանը հավանաբար հիանալի թագավոր կլիներ, սակայն Սավուղի անհավատարմության պատճառով Եհովան Իսրայելի երկրորդ թագավոր ընտրեց Դավիթին։ Այդ բանից վրդովվե՞ց արդյոք Հովնաթանը։ Ո՛չ։ Նա դարձավ Դավիթի բարեկամը և նույնիսկ պաշտպանեց նրան Սավուղից (Ա Թագաւորաց 18։1, 20։1—43)։ Նմանապես, երկրային կյանքի հույս ունեցողները չեն նախանձում երկնային կյանքի հեռանկար ունեցողներին։ Ճշմարիտ քրիստոնյաները չեն նախանձում նաև ժողովում աստվածապետական պատասխանատվություններ կրողներին, այլ, ընդհակառակը, ‘առավելագույն սիրո արժանի են համարում նրանց’՝ գիտակցելով, որ նրանց քրտնաջան աշխատանքն իրենց հոգևոր քույրերի ու եղբայրների օգտի համար է (Ա Թեսաղոնիկեցիս 5։12, 13)։
Աստվածապետական տեսակետ պետական իշխանությունների հանդեպ
11. Ինչպե՞ս են աստվածապետական իշխանությանը հնազանդվող քրիստոնյաները վերաբերվում երկրային կառավարությանը։
11 Եթե Եհովայի վկաները աստվածապետության իշխանության տակ են, այդ դեպքում ինչպե՞ս են նրանք վերաբերվում երկրային կառավարությանը։ Հիսուսն ասաց, որ իր հետևորդները «այս աշխարհից չեն» (Յովհաննէս 17։16)։ Այնուհանդերձ, քրիստոնյաները գիտակցում են իրենց պարտքը «կեսարի»՝ պետական իշխանությունների հանդեպ։ Հիսուսը շեշտեց, որ նրանք պետք է վճարեն «կայսրինը՝ կայսեր եւ Աստծունը՝ Աստծուն» (Մատթէոս 22։21)։ Համաձայն Աստվածաշնչի՝ մարդկային կառավարությունները «Աստծուց են կարգուած»։ Բոլոր իշխանությունների աղբյուրը՝ Եհովան, թույլ է տալիս այդ կառավարությունների գոյությունը և ակնկալում է, որ նրանք լավ վերաբերվեն իրենց արդարադատությանը հանձնված ժողովրդի հետ։ Այդ դեպքում նրանց կարելի է կոչել ‘Աստծո պաշտոնյաներ’։ Քրիստոնյաներն իրենց «խղճմտանքի պատճառով» հնազանդ են այն երկրի իշխանությանը, որտեղ բնակվում են (Հռովմայեցիս 13։1—7)։ Իհարկե, եթե պետությունը Աստծո օրենքին հակասող որևէ բան է պահանջում, քրիստոնյան ‘պետք է առավել Աստծուն հնազանդվի, քան մարդկանց’ (Գործք 5։29)։
12. Ո՞ւմ օրինակին են հետևում իշխանությունների կողմից հետապնդվող քրիստոնյաները։
12 Իսկ երբ իշխանությունները ճշմարիտ քրիստոնյաներին հետապնդո՞ւմ են։ Այդ ժամանակ վերջիններս հետևում են առաջին դարի քրիստոնյաների օրինակին, որոնք երկար ժամանակ ծանր հալածանքների էին ենթարկվում (Գործք 8։1; 13։50)։ Հավատի այս փորձությունները անսպասելի չէին, քանի որ Հիսուսը զգուշացրել էր դրանց մասին (Մատթէոս 5։10—12; Մարկոս 4։17)։ Քրիստոնյաները չէին փոխհատուցում իրենց հետապնդողներին, և նրանց հավատը չէր թուլանում ճնշման ներքո։ Նրանք հետևում էին Հիսուսի օրինակին, «որ նախատուելով՝ փոխարէնը չնախատեց, չարչարուելով՝ չսպառնաց, այլ յանձնուեց արդարութեամբ դատողին» (Ա Պետրոս 2։21—23)։ Եվ իրոք, քրիստոնեական սկզբունքները միշտ հաղթանակ են տարել Սատանայի սադրանքների դեմ (Հռովմայեցիս 12։21)։
13. Եհովայի վկաներն ինչպե՞ս են արձագանքել հալածանքներին և իրենց հասցեին ուղղված զրպարտություններին։
13 Համանման իրավիճակ է տիրում և այսօր։ Ներկա հարյուրամյակի ընթացքում Եհովայի վկաները տառապել են բռնակալ ղեկավարների ձեռքում, ինչի մասին և մարգարեացել էր Հիսուսը (Մատթէոս 24։9, 13)։ Որոշ երկրներում անհիմն կամ աղավաղված լուրեր են տարածում նրանք, ովքեր փորձում են իշխանություններին այս անկեղծ քրիստոնյաների դեմ տրամադրել։ Սակայն, չնայած նման «պարսավանքին», Վկաներն իրենց անբասիր վարքով փաստում են, որ Աստծո ծառաներն են (Բ Կորնթացիս 6։4, 8)։ Առիթի դեպքում նրանք կառավարական մարմիններին են ներկայացնում իրենց իրավիճակը և նույնիսկ դատարաններին են դիմում ցույց տալու համար հանցանքից իրենց զերծ լինելը։ Ցանկացած հնարավորություն նրանք օգտագործում են բարի լուրը հրապարակայնորեն պաշտպանելու համար (Փիլիպպեցիս 1։7)։ Սակայն, օրենքի սահմաններում իրենց ուժից եկածն անելուց հետո բոլոր հարցերը նրանք թողնում են Եհովային (Սաղմոս 5։8—12; Առակաց 20։22)։ Հարկ եղած դեպքում, առաջին քրիստոնյաների նման նրանք էլ չեն վախենում հանուն արդարության տառապելուց (Ա Պետրոս 3։14—17; 4։12—14, 16)։
Աստծո փառքն առաջին տեղը դրեք
14, 15. ա) Ի՞նչն է առաջնահերթ աստվածապետական սկզբունքներին թիկունք կանգնողների համար։ բ) Ի՞նչ առիթով Սողոմոնը վերակացության իր բարձր դիրքում խոնարհության հիանալի օրինակ թողեց։
14 Իր հետևորդներին աղոթել սովորեցնելիս՝ Հիսուսը նշեց առաջին կարևոր կետը՝ Եհովայի անվան սրբացումը (Մատթէոս 6։9)։ Այդ աղոթքի հետ ներդաշնակ՝ աստվածապետության իշխանության ներքո գտնվողները Աստծո փառքն են փնտրում և ոչ թե իրենցը (Սաղմոս 29։1, 2)։ Աստվածաշունչը պատմում է այն մասին, որ առաջին դարում այս հարցը խոչընդոտ հանդիսացավ նրանց համար, ովքեր չցանկացան հետևել Հիսուսին, «քանի որ մարդկանցից տրուած փառքը աւելի սիրեցին», սիրեցին փառաբանվել մարդկանց կողմից (Յովհաննէս 12։42, 43)։ Անշուշտ, սեփական անձի կարևորությունից Եհովային ավելի բարձր դասելու համար խոնարհություն է հարկավոր։
15 Այս հարցում իրեն ճիշտ դրսևորեց Սողոմոնը։ Փառահեղ տաճարի նվիրման առիթով նրա արտասանած խոսքերը համեմատենք այն բանի հետ, թե ինչ ասաց Նաբուգոդոնոսորն իր երկրի կառույցների մասին։ Մեծամիտ Նաբուգոդոնոսորը պարծեցավ. «Ահա այն մեծ Բաբիլոնը, որ ես թագաւորութեան տուն եմ շինել իմ մեծ զօրութեամբը եւ իմ մեծութեան փառքի համար» (Դանիէլ 4։30)։ Ի տարբերություն նրա՝ Սողոմոնը համեստություն ցուցաբերեց և չփառաբանեց իր կատարած աշխատանքը, այլ ասաց. «Իրա՞ւ Աստուած կ’բնակուէ մարդկանց հետ երկրիս վերայ. ահա երկինքն ու երկինքների երկինքը չեն կարող քեզ պարունակել, ո՞ւր մնաց իմ այս շինած տունը» (Բ Մնացորդաց 6։14, 15, 18; Սաղմոս 127։1)։ Սողոմոնն ինքն իրեն չմեծարեց։ Նա հասկանում էր, որ ինքը սոսկ Եհովայի ներկայացուցիչն է. «Հպարտութիւնն եկաւ, անարգութիւն էլ կ’գայ. բայց խոնարհների հետ իմաստութիւն կայ»,— գրեց նա (Առակաց 11։2)։
16. Ինչպե՞ս են երեցները, առանց իրենց մեծարելու, իսկական օրհնություն դարձել ժողովի համար։
16 Քրիստոնյա երեցները նույնպես մեծարում են Եհովային, ոչ թե սեփական Եսը։ Նրանք հետևում են Պետրոսի խորհրդին. «Եթէ մէկը մատակարարի, թող այդ լինի այն զօրութիւնից, որն Աստուած շնորհում է, որպէսզի ամէն ինչում Աստուած փառաւորուի Յիսուս Քրիստոսի միջոցով» (Ա Պետրոս 4։11)։ Պողոս առաքյալը ‘եպիսկոպոսությունը’ նկարագրեց ոչ թե որպես պարտադիր ունենալիք բարձր դիրք, այլ՝ որպես «բարի գործ» (Ա Տիմոթէոս 3։1)։ Երեցները նշանակվում են ծառայելու համար, ոչ թե իշխելու։ Նրանք Աստծո հոտի ուսուցիչներն ու հովիվներն են (Գործք 20։28; Յակոբոս 3։1)։ Խոնարհ, անձնազոհ երեցները իրոք որ օրհնություն են ժողովի համար (Ա Պետրոս 5։2, 3)։ «Այդպիսիներին պատուական անձեր համարեցէ՛ք»։ Շնորհակալ լինենք Եհովայից, որ հոգացել է այդչափ պատրաստված երեցների մասին, որպեսզի այս «վերջին օրերում» աջակցեն աստվածապետությանը (Բ Տիմոթէոս 3։1)։
«Նմանուեցէ՛ք Աստծուն»
17. Աստվածապետության հպատակներն ինչպե՞ս են ընդօրինակում Աստծուն։
17 Պողոս առաքյալը հորդորեց. «Նմանուեցէ՛ք Աստծուն, որպէս սիրելի զաւակներ» (Եփեսացիս 5։1)։ Աստվածապետությանը հնազանդվողները ջանում են նմանվել Աստծուն այնքան, որքան կարող է անկատար մարդը։ Աստվածաշունչը Եհովայի մասին ասում է. «Աստուծոյ գործը կատարեալ է. որովհետեւ նորա ամեն ճանապարհները իրաւունք են. Աստուած հաւատարիմ է եւ անիրաւութիւն չ’ունի. արդար եւ ուղիղ է նա» (Բ Օրինաց 32։3, 4)։ Այս երեսակում Աստծուն նմանվելու համար քրիստոնյաները ձգտում են հավատարիմ, ուղղամիտ լինել և արդարության հավասարակշռված զգացում ունենալ (Միքիա 6։8; Ա Թեսաղոնիկեցիս 3։6; Ա Յովհաննէս 3։7)։ Նրանք խուսափում են աշխարհում ընդունված շատ վարքագծերից՝ անբարոյականությունից, ընչասիրությունից ու ագահությունից (Եփեսացիս 5։5)։ Եհովայի կազմակերպությունն աստվածապետական է, մաքուր և առողջ, քանի որ նրա ծառաները հետևում են ոչ թե մարդկային, այլ՝ աստվածային սկզբունքներին։
18. Ո՞րն է Աստծո գլխավոր հատկությունը, և ինչպե՞ս են քրիստոնյաներն արտացոլում այդ հատկությունը։
18 Եհովա Աստծո գլխավոր հատկությունը սերն է։ «Աստուած սէր է»,— ասել է Հովհաննես առաքյալը (Ա Յովհաննէս 4։8)։ Քանի որ աստվածապետությունը նշանակում է իշխանության գտնվելը Աստծո ձեռքում, սրանից եզրակացնում ենք, որ Նա իշխում է սիրով։ Հիսուսն ասաց. «Եթէ դուք միմեանց սիրէք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք իմ աշակերտներն էք» (Յովհաննէս 13։35)։ Աստվածապետական այս կազմակերպությունը ներկայիս ծանր ժամանակներում սիրո հիանալի օրինակներ է թողել։ Աֆրիկայում կատարված ցեղասպանությունների ժամանակ Եհովայի վկաները սեր ցուցաբերեցին բոլորի հանդեպ՝ անկախ մարդկանց էթնիկական պատկանելիությունից։ Նախկին Հարավսլավիայում պատերազմի ընթացքում տարբեր տարածքներում ապրող Եհովայի վկաներ օգնում էին միմյանց, մինչդեռ կրոնական այլ խմբեր մասնակցում էին այսպես կոչված «էթնիկական մաքրմանը»։ Եհովայի վկաները ձգտում են կիրառել Պողոսի խորհուրդը. «Ամէն դառնութիւն, բարկութիւն, զայրոյթ, աղաղակ եւ հայհոյութիւն թող վերանայ ձեզնից՝ իրենց չարութեամբ հանդերձ։ Միմեանց հետ եղէք քաղցր, գթած՝ ներելով միմեանց, ինչպէս որ Աստուած ներեց մեզ Քրիստոսով» (Եփեսացիս 4։31, 32)։
19. Ինչպիսի՞ օրհնություններ են սպասվում աստվածապետության հպատակներին այժմ և ապագայում։
19 Նրանք, ովքեր հնազանդվում են աստվածապետությանը, մեծ օրհնություններ են վայելում։ Խաղաղություն է տիրում միմյանց միջև, ինչպես նաև նրանց և Աստծո միջև (Եբրայեցիս 12։14; Յակոբոս 3։17)։ Նրանք իմաստ են տեսնում իրենց կյանքում (Ժողովող 12։13)։ Հոգևոր ապահով վիճակում են գտնվում և ապագայի հանդեպ հաստատուն հույս ունեն (Սաղմոս 59։9)։ Իրոք որ նրանք նախօրոք ճաշակում են այն բարիքները, որոնք լինելու են այն ժամանակ, երբ ողջ մարդկությունը աստվածապետության իշխանության ներքո կգտնվի։ Ապա, Աստվածաշունչը ներկայացնում է Աստծո խոսքերը, թե՝ «նորանք չեն վնասիլ եւ չեն ապականիլ իմ բոլոր սուրբ սարի վերայ. որովհետեւ երկիրը լիքն է լինելու Տիրոջ գիտութիւնովը, ինչպէս որ ջուրերը ծածկում են ծովը» (Եսայիա 11։9)։ Ի՜նչ փառահեղ ժամանակ կլինի... Եկեք մեր տեղը ապագա Դրախտում ամուր դարձնենք՝ աստվածապետությանը մոտ կանգնելով։
Կարո՞ղ եք բացատրել
◻ Ի՞նչ է իրենից ներկայացնում իսկական աստվածապետությունը, և այն այսօր որտե՞ղ է տիրում։
◻ Ինչպե՞ս են մարդիկ կյանքում ցույց տալիս, որ հնազանդ են աստվածապետական իշխանությանը։
◻ Ինչպե՞ս են աստվածապետության հպատակները Աստծո փառքը բարձր դասում իրենցից։
◻ Որո՞նք են Աստծո հատկություններից մի քանիսը, որոնց ընդօրինակում են աստվածապետության կողմնակիցները։
[նկար 25–րդ էջի վրա]
Սողոմոնը Աստծո փառքն ավելի բարձր դասեց։