Ո՞վ է Եհովան
«ՄԱՐԴ չէ կարող ինձ տեսնել եւ ապրել»,— այսպես ասաց Եհովան իր հավատարիմ երկրպագուներից մեկին (Ելից 33։20)։ «Աստուած Հօգի է»,— գրեց Հովհաննես առաքյալը. մարդիկ չեն կարող իրենց ֆիզիկական աչքերով տեսնել նրան (Յովհաննէս 4։24, ԱԹ)։ Եթե անթարթ նայենք կեսօրվա արևին, դրանից, ինչ խոսք, խիստ կտուժեն մեր աչքերը. նույն հետևանքը կունենա նաև հսկայական էներգիայի Աղբյուրի հետ երես առ երես մեր հանդիպումը, չէ՞ որ նա Ստեղծիչն է ոչ միայն մեր շողշողուն արեգակի, այլ նաև Տիեզերքի անհամար ուրիշ արևների էլ։
Բարեբախտաբար, Աստծո հետ ծանոթանալու համար հարկ չկա նրան տեսնել։ Աստվածաշունչը ներկայացնում է թե՛ այդ Անձին, որը պատրաստել է հրաշալի «ծանրոցը»՝ Երկիր մոլորակը, թե՛ նրա էության բուն նկարագիրը։ Մեր Հոր մասին տեղեկություններ ստանալու համար արժի աչքի անցկացնել Աստվածաշունչը, որպեսզի ճանաչենք նրան, ով մեզ կյանք է տվել և ապահովել այս գեղեցիկ տնով, որտեղ կարող ենք վայելել իր պարգևած կյանքը։
Նրա անվան նշանակությունը
Բոլոր անուններն իրենց նշանակությունն ունեն, թեև շատերիս հայտնի չէ նրանց մեծամասնության իմաստը։ Օրինակ՝ լայն տարածում գտած Դավիթ անվան արմատները գալիս են եբրայերեն բառից, որը նշանակում է «Սիրեցյալ»։ Ստեղծչի անունը՝ Եհովա, նույնպես որոշակի իմաստ է կրում։ Տեսնենք, թե ինչպիսի՛։ Աստվածաշնչի բնագիր լեզվով՝ եբրայերենով, Աստծո անունը Եբրայերեն գրություններում հանդիպում է շուրջ 7 000 անգամ՝ չորս տառով գրված՝ ԵՀՎՀ։ Այդ անվան նշանակությունն է՝ «Նա պատճառ է լինում դառնալուն», որն իր մեջ բովանդակում է այն գաղափարը, թե Եհովան իմաստուն կերպով այն ամենի գոյության պատճառն է դառնում, ինչը հարկավոր է իր նպատակների իրագործման համար։ Նա Ստեղծիչ է, Դատավոր, Փրկիչ և Կյանքի Պահապան, ուստի և ի վիճակի է կատարելու սեփական խոստումները։ Էական է նաև այն, որ Եհովա անունը եբրայերենում դրված է բայի այնպիսի ձևով, որը ցույց է տալիս ավարտման պրոցեսում գտնվող գործողություն։ Այո՛, Եհովան այժմ էլ «պատճառ է լինում» իր խոստումների կատարողը դառնալուն։ Նա կենդանի՛ Աստված է։
Եհովայի ակնառու հատկությունները
Աստվածաշունչը Ստեղծչին նկարագրում է որպես «Աստուած ողորմած եւ գթած՝ երկայնամիտ եւ առատ ողորմութիւնով եւ ճշմարտութիւնով, որ հազարների ողորմութիւն [է] անում, որ անօրէնութիւն՝ յանցանք եւ մեղք [է] ներում» (Ելից 34։6, 7)։ «Ողորմած» թարգմանված բառը եբրայերենում շատ իմաստալից նշանակություն ունի։ Այն մատնանշում է բարություն, որը սիրով դրսևորվում է ինչ–որ առարկայի հանդեպ, մինչ վերջինիս նկատմամբ ունեցած նպատակն իրականացնելը։ Այդ բառը նաև կարելի է որպես «հավատարիմ սեր» թարգմանել։ Եհովան քնքշորեն բարություն է ցուցաբերում իր ստեղծած արարածների հանդեպ և կատարում է իր հրաշալի նպատակը։ Մի՞թե չէիք ցանկանա դառնալ ձեզ կյանք պարգևած Անձնավորության սիրո առարկան։
Եհովան դանդաղ է զայրույթն արտահայտելու մեջ և, հակառակը, շատ արագ՝ մեր մեղքերը ներելու հարցում։ Որքա՜ն սրտապնդիչ է նման անձնավորության կողքին գտնվելը։ Սակայն դա չի նշանակում, որ Նա միշտ հաշտվում է կատարված սխալների հետ։ Եհովան հայտարարել է. «Ես Տէրս սիրում եմ իրաւունքը, ատում եմ անիրաւութիւնն եւ յափշտակութիւնը» (Եսայիա 61։8)։ Արդարության Աստված հավիտյան չի հանդուրժի չարության մեջ անընդհատ առաջ գնացող հանդուգն մեղավորներին։ Վստա՛հ լինենք, որ պատեհ ժամանակին Աստված կշտկի աշխարհի անարդար վիճակը։ Նա երբեք երես չի թեքի տանջվողներից։
Հեշտ չէ հավասարակշռել սերն ու արդարությունը։ Եթե երեխաներ ունեք, ժամանակ առ ժամանակ չե՞ք դժվարանում որոշումներ կայացնելիս, թե երբ, ինչպես և ինչ չափով խրատել երեխային կատարած արարքի համար։ Իմաստություն է հարկավոր, որպեսզի ճիշտ հավասարակշռեք արդարությունը գթասրտության հետ։ Մարդկանց հետ գործ ունենալիս՝ Եհովան առատորեն դրսևորում է այս հատկությունը (Հռովմայեցիս 11։33—36)։ Ստեղծչի իմաստությունը ի հայտ է գալիս ամենուրեք, մասնավորապես մեզ շրջապատող աշխարհի արարչագործության մեջ (Սաղմոս 104։24; Առակաց 3։19)։
Այնուհանդերձ, իմաստությունն ինքնին բավական չէ։ Իր կամքն իրագործելու համար Ստեղծչին զորություն է հարկավոր. Աստվածաշունչը տեղեկացնում է նրա խիստ հզոր լինելու մասին. «Վեր բարձրացրէք ձեր աչքերը եւ նայեցէք, ո՞վ է ստեղծել սորանց. նորանց զօրքերը թիւով հանողը, որ նորանց ամենին կանչում է անունով՝ մեծ իշխանութեամբը եւ սաստիկ զօրութեամբը. մէկը չի կորչիլ» (Եսայիա 40։26)։ Եհովան գործում է իր «սաստիկ զորության» միջոցով։ Արդյոք ձեզ չի՞ գրավում Եհովայի այս հատկությունը։
Աստված՝ բոլոր ազգերի
«Բայց մի՞թե Հին կտակարանում Եհովան ներկայացված չէ որպես հին իսրայելացիների Աստված»,— գուցե զարմանաք։ Ճիշտ է, որ ժամանակին Եհովան ներկայացել էր իսրայելացիներին։ Սակայն, լինելով մարդկային առաջին զույգի Ստեղծիչը, Եհովան այն Աստվածն է, «որից իր անունն է ստանում ամէն ազգատոհմ.... երկրի վրայ» (Եփեսացիս 3։15)։ Եթե գտնում եք, որ մեր նախնիներն արժանի են հարգանքի, տեղին չէ՞ր լինի արդյոք մեծարել Նրան, ով կյանք է տվել մեր բոլորի նախահորը՝ ներկայումս ապրող սերունդների սկզբնաղբյուրին։
Մարդկության Ստեղծիչը նախապաշարմունքներով պարուրված անհատ չէ։ Թեև կար ժամանակ, երբ նա առանձնահատուկ վերաբերմունք էր ցույց տալիս իսրայել ազգի նկատմամբ, սակայն ժամանակի ընթացքում դեպի իրեն ճանապարհ հարթեցրեց բոլոր իր անունը կանչողների համար։ Եհովային ուղղած իր աղոթքներից մեկում Իսրայելի մի իմաստուն թագավոր ասել է. «Օտարականը, որ քո Իսրայէլ ժողովրդիցը չէ, եթէ նա գայ հեռու երկրից քո անունի համար.... դու լսիր երկնքումը.... եւ արա այն օտարականի դէպի քեզ կանչածի բոլորին համեմատ, որպէսզի երկրի բոլոր ազգերն իմանան քո անունը» (Գ Թագաւորաց 8։41—43)։ Առ այսօր, աշխարհի բոլոր ժողովուրդները կարող են դիմել Եհովային և իմաստալից փոխհարաբերություն հաստատել նրա հետ։ Իսկ ի՞նչ է նշանակում դա ձեզ համար։
Եհովային ճանաչելու օգուտները
Այժմ անդրադառնանք նախորդ հոդվածին։ Ստանալով գեղեցիկ փաթեթավորված մի ծանրոց՝ բնականաբար կցանկանաք իմանալ, թե ինչո՛ւ համար է այդ նվերը և ի՛նչ է հարկավոր անել ծանրոցի պարունակության հետ։ Նույնն է նաև այս պարագայում. մենք ցանկանում ենք իմանալ, թե Երկիրը մեզ համար պատրաստելով, ի՛նչ նպատակ էր ունեցել Աստված։ Աստվածաշունչն ասում է, որ նա «զուր տեղը չստեղծեց այն, այլ ստեղծեց բնակութեան համար» (Եսայիա 45։18, ԷԹ)։
Մարդկանց մեծամասնությունը, սակայն, անտարբեր է եղել Աստծո պարգևի նկատմամբ։ Մարդիկ գնալով ավելի ու ավելի են ապականում երկիրը՝ տխրեցնելով Եհովայի սիրտը։ Ինչ էլ որ պատահի, իր անվան նշանակության հետ ներդաշնակ՝ Եհովան լի է վճռականությամբ և պատրաստ ի կատար ածելու երկրի ու մարդկանց հանդեպ ունեցած իր սկզբնական նպատակը (Սաղմոս 115։16; Յայտնութիւն 11։18)։ Երկրի վրա դարձյալ կարգ ու կանոն ստեղծելուց հետո այն՝ որպես ժառանգություն, կտա նրանց, ովքեր ցանկանում են ապրել հնազանդ զավակների պես (Մատթէոս 5։5)։
Աստվածաշնչի վերջին գիրքը նկարագրում է, թե ինչ տեղի կունենա. «Ահա՛ւասիկ Աստծու խորանը, որ մարդկանց մէջ է. նա պիտի բնակուի նրանց հետ, եւ նրանք պիտի լինեն նրա ժողովուրդը...., եւ պիտի սրբի նրանց աչքերից ամէն արտասուք. եւ այլեւս մահ չկայ. ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցաւ եւ ո՛չ չարչարանք, քանի որ առաջինն անցաւ» (Յայտնութիւն 21։3, 4)։ Ոչ ոք այլևս հարազատի մահվան պատճառած վշտից արտասուք չի թափի։ Հուսահատության մեջ գտնվելու կամ հիվանդության պատճառով մահվան աչքերին նայելիս ոչ ոք այլևս օգնության աղաղակ չի բարձրացնի։ Նույնիսկ ‘մահը կկործանվի’ (Ա Կորնթացիս 15։26; Եսայիա 25։8; 33։24)։ Այսպիսի նկարագրությամբ է ներկայացվում այն կյանքը, որը նախապես Եհովան կամեցել էր պարգևել մեր առաջին նախածնողներին։
Այսօր արդեն կարելի է տեսնել, թե ինչպես են դրախտային այս պայմանները տիրում Եհովայի երկրպագուների միջև։ Ահա նրանցից յուրաքանչյուրին ուղղված Եհովայի խոսքերը. «Ես եմ քո Աստուածը, որ քեզ սովորեցնում եմ օգտակար եղողը, որ քեզ առաջնորդում եմ քո գնալու ճանապարհումը» (Եսայիա 48։17)։ Եհովան բարի Հայր է. Նա իր զավակներին սովորեցնում է, թե որն է կյանքը ճիշտ ապրելու ամենալավ կերպը։ Նրա տված պատվերները ոչ թե անտեղի սահմանափակումներ են, այլ հոգածության սիրալիր դրսևորումներ։ Դրանց հետևելով՝ կհասնենք ճշմարիտ ազատության ու երջանկության, ինչի մասին և կարդում ենք. «Տէրն ինքը Հոգին է, ուր որ Տիրոջ Հոգին է, այնտեղ ազատութիւն է» (Բ Կորնթացիս 3։17)։ Բոլորն, ովքեր ընդունում են Աստծո իշխանությունը, հետևելով Աստվածաշնչում զետեղված պատվերներին, այսօր վայելում են մտքի այն խաղաղությունը, որը մի օր տարածվելու է համայն մարդկության աշխարհի վրա (Փիլիպպեցիս 4։7)։
Ի՜նչ մեծահոգի Հայր է Եհովան։ Ցանկանո՞ւմ եք ավելի լավ ճանաչել Նրան, ով կանգնած է ողջ հրաշք–արարչության ետևում։ Ցանկացողների համար օգուտներն արդեն իսկ անգնահատելի են։ Իսկ ապագայում օրհնությունները կլինեն հարատև։
[նկար 5–րդ էջի վրա]
Հնադարյան շատ եկեղեցիների պատերի վրա կարելի է կարդալ Աստծո անունը՝ գրված եբրայերեն չորս տառերով