Ընթերցողների հարցերը
Սխալ կլինի՞ արդյոք, եթե քրիստոնյան թույլ տա, որ բուժում ստանալու ժամանակ իր մարմնից արյուն քաշվի տզրուկների միջոցով։
Աստծո Խոսքի տեսանկյունից սխալ չի լինի, եթե անհատը թույլ տա, որ բժշկական նկատառումներով իր մարմնից որոշակի քանակությամբ արյուն քաշվի ու հետո թափվի։ Սակայն այդ ամենը տզրուկների միջոցով անելը կհակասեր Աստվածաշնչում ասվածին։ Իհարկե, այսօր տզրուկների գործածությունը այդքան էլ տարածված չէ։ Այնուամենայնիվ, դրանց օգտագործման վերաբերյալ միևնույն է հարցեր ծագում են, հատկապես Եվրոպայում։ Եթե ուշադրություն դարձնենք այն բանին, թե ինչ է Աստվածաշունչն ասում արյան մասին, ապա կկարողանանք ճիշտ կողմնորոշվել բուժման նմանատիպ մեթոդներ ընտրելիս։
Դարեր շարունակ կարծիք կար, որ շատ հիվանդություններ հնարավոր էր որոշ չափով բուժել արյունառությամբ, կամ՝ արյունահոսությամբ։ Միջին դարերում այս մեթոդը կիրառում էին վարսավիր–վիրաբույժները։ Այդտեղից էլ մինչև օրս մնացել է կարմիր–սպիտակ շերտագծով սյունը, որը որոշ վայրերում օգտագործվում է որպես վարսավիրանոցների նշան։ Սակայն բժիշկները նույնպես օգտվում էին արյունառության մեթոդից։ 1799 թ.–ին հավանաբար շարունակական արյունառություններն էին, որ արագացրին Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի մահը։ Նույնիսկ եթե արյունառությունը մահվան պատճառ չի եղել, դրա հետևանքով շատ հիվանդներ տառապել են սակավարյունությամբ։
Եվրոպայում սովորական բան էր համարվում տզրուկների միջոցով արյուն քաշելը։ Որոշակի քանակությամբ տզրուկներ կպցվում էին մաշկի վրա, որպեսզի դրանք ծծեին և լցվեին հիվանդի արյունով։ Գերմանիայի Մայնց քաղաքից բժիշկ Լ. Ալթմանը գրել է. «Երբ 1850 թ.–ին հիվանդները ամենատարբեր հիվանդությունները բուժելու համար իրենց վրա միաժամանակ կպցնում էին 80 տզրուկ, Ֆրանսիայում մոտ 100 միլիոն տզրուկ վաճառվեց։ Նույնիսկ մինչև Ստալինի մահը՝ 1953 թ.–ը, ռուս բժիշկները նրա վրա կպցնում էին տզրուկներ» («Նյու Յորք Թայմզ», 17 փետրվարի, 1981 թ.)։
Ալթմանը նշեց, որ նույնիսկ ժամանակակից բժշկության մեջ Եվրոպայի և Միացյալ Նահանգների որոշ բժիշկներ հատուկ իրավիճակների ժամանակ տզրուկներ են օգտագործում։ Օրինակ՝ որոշակի դեպքերում նրանք տզրուկների միջոցով հեռացնում են մակարդված արյունը պլաստիկ վիրահատության ժամանակ կամ դուրս հանում կուտակված արյունը միկրովիրաբուժությամբ վերականգնված մատների միջից։
Ի՞նչ դիրք են բռնում քրիստոնյաները արյունը մարմնից դուրս հանելու հարցում, և տեղին կլինի՞ արդյոք թույլ տալ, որ դա արվի տզրուկների միջոցով։
Նոյի օրերի ջրհեղեղից հետո Աստված փոփոխություն մտցրեց Եդեմի պարտեզում մարդկանց և կենդանիների կերակրատեսակների մեջ, որ մինչ ջրհեղեղը սահմանափակված էր միայն բուսականությամբ։ Եհովան ասաց. «Ամեն շարժող կենդանի ձեզ համար կերակուր լինի. բանջարի խոտի պէս տուի ձեզ բոլորը։ Միայն միսը իր կեանքով այսինքն իր արիւնովը չուտէք» (Ծննդոց 9։3, 4; 1։30)։ Մովսիսական օրենքում Աստված հավելյալ բացատրություններ տվեց այդ մասին։ Նա ասաց, որ արյունը սուրբ է ու ներկայացնում է կյանքը, որը Աստծո կողմից տրված պարգև է։ Ուստի ի՞նչ պետք է արվեր զոհաբերված կենդանու արյունը։ Այն չպետք է օգտագործվեր որպես պարարտանյութ, անասունների համար կերակուր կամ նմանատիպ այլ նպատակներով։ Այն պետք է թափվեր ու հողով ծածկվեր։ Որոշակի իմաստով՝ արյունը վերադարձվում էր Աստծուն (Ղեւտացոց 17։10–14)։
Քրիստոնյաները պետք է ջանան ցույց տալ, որ գիտակցում են արյան սրբությունը (Գործք 15։28, 29)։ Հետևաբար եթե արյունը դուրս է գալիս մարմնից, այն պետք է թափել. դա կարելի է համեմատել այն բանի հետ, թե ինչպես էին իսրայելացիները արյունը գետնին թափում։
Երբեմն բժիշկները գուցե ունենան հիմնավորումներ և խորհուրդ տան որոշակի քանակությամբ արյուն տալ։ Օրինակի համար՝ պոլիցիտեմիայով (բազմաբջջարյունություն) հիվանդացած լինելու դեպքում (սակավարյունության հակառակն է) անհատի օրգանիզմում լինում են մեծ թվով էրիթրոցիտներ։ Դրանցով հարուստ արյունը կարող է մակարդվել և այդպիսով մեծացնել կաթված կամ ինֆարկտ ստանալու վտանգը։ Նման իրավիճակից դուրս գալու համար կան տարբեր մեթոդներ, սակայն երբեմն գուցե հարկ առաջանա բուժումը իրականացնել երակից որոշակի քանակությամբ արյուն վերցնելով։ Սա չի հակասի Աստծո Խոսքին միայն այն ժամանակ, եթե վերցված արյունը թափվի։ Համանման կերպով, շատ քրիստոնյաներ հանգիստ խղճով թույլ են տվել, որպեսզի իրենցից փոքր քանակությամբ արյուն վերցվի բժշկական ստուգումների համար՝ գիտենալով, որ այդ ստուգումները ավարտվելուն պես արյունը կթափվի։
Չնայած այն բանին, որ ներկայումս տզրուկները՝ որպես մակաբույծներ, բնականից սնվում են արյունով՝ քրիստոնյայի համար ճիշտ չի լինի թույլ տալ, որ տզրուկները ծծեն իր արյունը (Առակաց 30։15)։ Նույնիսկ եթե բժիշկները պահանջում են այդ քայլին գնալ և նույնիսկ եթե հավաստիացնում են, որ տզրուկները կնետվեն ու այլևս չեն գործածվի, այդ կենդանիներին օգտագործել՝ կնշանակի դիտումնավոր կերպով նրանց սնել արյունով։ Դա կհակասի Աստվածաշնչի այն խոսքերին, որ արյունը, լինելով սուրբ և ներկայացնելով կյանքը, պետք է թափվի, երբ դուրս է գալիս մարմնից։