Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w05 3/1 էջ 30–31
  • Աստվածաշնչի տեսակետը սգալու վերաբերյալ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Աստվածաշնչի տեսակետը սգալու վերաբերյալ
  • 2005 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Սգալու հետ կապված արգելքներ
  • Հավասարակշռված տեսակետ սգալու վերաբերյալ
2005 Դիտարան
w05 3/1 էջ 30–31

Աստվածաշնչի տեսակետը սգալու վերաբերյալ

ԱՐԵՎԵԼՔԻ ժողովուրդների մեջ սուգը սովորաբար բազում արտաքին դրսևորումներ էր ունենում, և դա երևում է Աստվածաշնչում արձանագրված պատմություններից։ Աստվածաշնչի մի ամբողջ գիրք՝ «Երեմիայի ողբերը», պարունակում է սգո արտահայտություններ կապված Երուսաղեմին վիճակված դժբախտությունների հետ։

Սուգն արտահայտվում էր ձայնով ու լացով, ինչպես նաև արտաքին տեսքը այլանդակելով, ծոմ պահելով կամ չանելով սովորաբար արվող բաները։ ‘Սուգ բռնելուն’ և «մեծ ու ողբալի ձայնով» աղաղակելուն կարող էին ուղեկցել՝ լացը (Բ Թագաւորաց 1։11, 12; Եսթեր 4։1), կուրծք ծեծելը (Եսայիա 32։11, 12; Նաում 2։7; Ղուկաս 8։52), հաճախ հագուստը պատռելը (Դատաւորաց 11։35; Դ Թագաւորաց 22։11, 19), գլխին փոշի ու մոխիր ցանելը և քուրձ հագնելը (Բ Թագաւորաց 13։19; Դ Թագաւորաց 6։30; Յոբ 2։11, 12), կոշիկ չհագնելը և գլուխը կամ դեմքը ծածկելը (Բ Թագաւորաց 15։30; 19։4), մազերը փետելը կամ խուզելը, մորուքը ածիլելը (Յոբ 1։20; Եզրաս 9։3; Երեմիա 41։5)։ Ոմանք, հետևելով հեթանոսական սովորություններին, կտրտվածքներ էին անում իրենց մարմնի վրա (Երեմիա 16։6; 47։5)։ Անհատը, ի լրումն ծոմապահության, կարող էր ձեռնպահ մնալ յուղով օծվելուց կամ իր հագուստները լվանալուց (Բ Թագաւորաց 14։2; Դանիէլ 10։2, 3), իսկ երբեմն կարող էր նստել գետնին կամ մոխրի մեջ (Բ Թագաւորաց 13։31; Յոբ 2։8; Եսայիա 3։26)։

Ժամանակ առ ժամանակ սուգ արտահայտելու համար տխուր էլեգիաներ (եղերերգ, ողբերգ) էին հորինվում (Բ Թագաւորաց 1։17–27; 3։33, 34; Բ Մնացորդաց 35։25)։ Երգի մի առանձին տեսակ էր շիկկայոնը։ «Շիկկայոնը» եբրայերեն բառ է, որը հանդիպում է 7–րդ սաղմոսի ենթախորագրում. այս բառի հետ կապված մի բառ էլ հանդիպում է Ամբակում 3։1–ում։ Շիկկայոնը սգո երգ էր։ Ըստ ամենայնի, այն անչափ հուզական երգ էր, որին բնորոշ էր արագորեն փոփոխվող ռիթմը։ Այդ երկու տեղում էլ (Սաղմոս 7; Ամբակում 3։2–19) նկատելի են վտանգի տարրեր, աղերսանքով և հույզերով լի ուժգին պոռթկումներ, իսկ հետո Եհովայով ցնծալու արտահայտումներ։

Թաղման արարողությունների ժամանակ երբեմն հրավիրում էին ‘լալկան կանանց’, իսկ երաժիշտները սգո մեղեդիներ էին նվագում (Երեմիա 9։17, 18; Մատթէոս 9։23). Հիսուսի՝ երկրի վրա եղած ժամանակ երեխաները շուկաների հրապարակներում խաղեր խաղալիս ընդօրինակում էին նրանց (Մատթէոս 11։16, 17)։ Ողբանվագի համար սրինգը ամենահարմար երաժշտական գործիքն էր (Երեմիա 48։36; Մատթէոս 9։23; տե՛ս Հովսեպոսի «Հրեական պատերազմի մասին» աշխատությունը, III, 437 (ix, 5))։

Թաղումից հետո կանայք սովորաբար գնում էին գերեզմանի մոտ, որպեսզի լաց լինեին ու սգային (Յովհաննէս 11։31)։ Սգո սեղանը, ըստ ամենայնի, գցվում էր սգի օրերին, իսկ որոշ դեպքերում այն վերածվում էր հատուկ ճաշկերույթի (Ովսէէ 9։4; Երեմիա 16։5 ՆԱ, 7)։

Սգալու հետ կապված արգելքներ

Աստծու ծառաները՝ որպես ամբողջություն կամ որպես առանձին անհատներ, երբեմն հրահանգներ էին ստանում չսգալ որոշ անձանց, օրինակ՝ մահվան դատապարտված մեղսագործների մահը (Ղեւտացոց 10։1, 2, 6)։ Եզեկիել մարգարեն պատվեր ստացավ ոչ մի ձևով չսգալ իր կնոջ մահը, որպեսզի դրանով նա՝ որպես նախանշան, Բաբելոնում իր հետ գտնվող իսրայելացիներին ցույց տար, որ երբ Աստված պատժեր Երուսաղեմին իր անհավատարմության համար, իսրայելացիներն այնքան ապշած էին լինելու, որ չէին սգալու այդ դատաստանի համար (Եզեկիէլ 24։15–24)։ Նմանատիպ հրահանգներ ստացավ նաև Երեմիան (Երեմիա 16։5–13)։

Մովսիսական օրենքով արգելված էին սգալու հետ կապված որոշ սովորություններ, որոնց թվում էին՝ մարմնի վրա կտրտվածքներ անելը և ‘աչքերի մեջտեղի մազերը քանդելը’ (Ղեւտացոց 19։28, ԱԱ; Բ Օրինաց 14։1) և հանգուցյալների առնչությամբ տասանորդը սխալ օգտագործելը (Բ Օրինաց 26։12–14)։ Քահանաները իրենց ընտանիքի որոշ անդամների համար կարող էին բացեիբաց սգալ, իսկ քահանայապետը չպետք է դա աներ (Ղեւտացոց 21։1–6, 10–12)։

Հավասարակշռված տեսակետ սգալու վերաբերյալ

Հիսուսի՝ երկրի վրա ապրած ժամանակ մարդիկ իրենց վիշտը շարունակում էին առաջվա պես արտահայտել բազում արտաքին դրսևորումներով, որոնց ուղեկցում էին աղաղակն ու շփոթահարությունը (Մարկոս 5։38, 39)։ Թեև Հիսուսը «իր հոգովը խռովեց», իսկ որոշ դեպքերում արտասվեց (Յովհաննէս 11։33–35, 38; Ղուկաս 19։41; Մարկոս 14։33, 34; Եբրայեցիս 5։7), չկա արձանագրություն այն մասին, որ նա ուրիշ՝ նկարագրված ձևերից ավելի վառ ձևով է արտահայտել իր վիշտը (համեմատի՛ր Ղուկաս 23։27, 28)։ Նրա աշակերտները նույնպես արտահայտել են սուգ և «տրտմութիւն»՝ կսկիծ (Մատթէոս 9։15; Յովհաննէս 16։20–22; Գործք 8։2; 9։39; 20։37, 38; Փիլիպպեցիս 2։27)։ Պողոսը իր «մարմնաւոր ազգականների համար» արտահայտեց «մեծ տրտմութիւն» և «անպակաս ցաւ [իր] սրտին» (Հռովմայեցիս 9։2, 3)։ Նա վախենում էր, որ գուցե այնպես պատահի, որ ստիպված լինի սգալ Կորնթոսի ժողովի այն անդամների համար, որոնք մեղք էին գործել, սակայն դեռևս չէին զղջացել (Բ Կորնթացիս 12։21)։ Բացի այդ, նա «լալով ասում» էր այն անձանց մասին, որոնք ետ դարձան, որ գնան ինչպես «Քրիստոսի խաչի թշնամիներ» (Փիլիպպեցիս 3։17–19)։ Անձամբ խոր ու սրտանց մտահոգություն ունենալով քրիստոնեական ժողովի համար (Բ Կորնթացիս 2։1–4)՝ Պողոսը կարո՛ղ էր խրախուսել մյուս քրիստոնյաներին կարեկցանք ցուցաբերել միմյանց և ‘լացողների հետ լաց լինել’ (Հռովմայեցիս 12։15)։

Սակայն քանի որ սգալն ու ‘տրտմելը’, կամ՝ վշտանալը, թուլացնում են մարդուն (Սաղմոս 6։6, 7; Ղուկաս 22։45; Գործք 21։13; Բ Կորնթացիս 2։6, 7), քրիստոնյայի վիշտը պետք է միշտ արտահայտվի զուսպ ու հավասարակշռված ձևով և կարող է նույնիսկ թեթևանալ հույսով ու զորացնող ուրախությամբ (Մատթէոս 5։4; Ա Կորնթացիս 7։29, 30; Բ Կորնթացիս 6։10; համեմատի՛ր Նէեմիա 8։9–12)։a Այդպիսի տրամադրվածություն դրսևորվել է նույնիսկ հնում։ Դավիթ թագավորը, երբ սգաց, դրսևորեց հավասարակշռված, գիտակցական և սկզբունքային վերաբերմունք։ Երբ Բերսաբեի հետ գործած շնության հետևանքով ծնված երեխան հիվանդացավ, Դավիթը ծոմ պահեց ու պառկած մնաց գետնին՝ աղաչելով ճշմարիտ Աստծուն երեխային փրկել։ Բայց երբ նա իմացավ երեխայի մահվան մասին, վեր կացավ, լվացվեց, օծվեց յուղով, հագուստը փոխեց, աղոթեց Եհովային, հետո կերակուր պատվիրեց ու սկսեց ուտել։ Իր զարմացած ծառաներին նա այսպես պատասխանեց. «Հիմա որ մեռել է, ես էլ ի՞նչու համար ծոմ պահեմ. կարո՞ղ եմ նորան կրկին ետ դարձնել. ես ինքս եմ նորա մօտ գնալու, բայց նա ինձ մօտ ետ չի դառնալու» (Բ Թագաւորաց 12։16, 19–23)։ Հետագայում, սակայն, անհրաժեշտ եղավ, որ նա Հովաբից, որը բացահայտ խոսեց նրա հետ, օգնություն ստանար իր որդի Աբիսողոմի մահվան պատճառած խոր վշտից դուրս գալու համար (Բ Թագաւորաց 18։33; 19։1–8)։

Թեև «բոլոր ստեղծուածները.... հառաչում են», քրիստոնյային բաժին ընկած տառապանքները, այնուամենայնիվ, ավելի փոքր են, քան այն փառավոր ապագան, որ սպասում է նրան (Հռովմայեցիս 8։18–22; Ա Պետրոս 1։3–7), իսկ հարության խոստումը ուժ է տալիս քրիստոնյային, որ նա «չ’տրտմ[ի] ինչպէս ուրիշները որ յոյս չ’ունին» (Ա Թեսաղոնիկեցիս 4։12, 13)։

[ծանոթագրություն]

a Թաղման հետ կապված ոչ սուրբգրային սովորությունների մասին տեղեկություն ստանալու համար տե՛ս «Դիտարանի» 1998 թ. հուլիսի 15–ի համարը (էջ 20–24, ռուս.) և «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 1997 թ. նոյեմբերի համարը (ռուս.)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը