Քրիստոնյայի համար ո՞րն է ամուսնալուծվելու միակ պատճառը
ԻՐ ԼԵՌԱՆ քարոզում Հիսուս Քրիստոսը նշել էր. «Էլի ասուեցաւ՝ թէ Ով որ իր կնիկն արձակէ, թող արձակման թուղթ տայ նորան։ Բայց ես ասում եմ ձեզ թէ Ով որ իր կնիկն արձակէ առանց պոռնկութեան պատճառի, նա նորան շնութիւն անել է տալիս. եւ ով որ մի արձակուածին առնէ, շնութիւն է անում» (Մատթէոս 5։31, 32)։ Իսկ փարիսեցիներին ասելուց հետո, որ «սկզբիցն» Աստված չէր հաստատել այնպես, ինչպես Մովսիսական օրենքն էր թույլատրում, այսինքն՝ բաժանվել կնոջից, Հիսուսը նաև ասաց. «Ես ասում եմ ձեզ թէ Ամեն ով որ իր կինն արձակէ, առանց պոռնկութեան պատճառի եւ ուրիշն առնէ, շնութիւն է գործում. եւ արձակուածն առնողը շնութիւն է գործում» (Մատթէոս 19։8, 9)։ Այսօր ընդունված է տարբերություն դնել պոռնկության և շնության միջև։ Ըստ այս բառերի ժամանակակից գործածման՝ պոռնկություն գործողները այն չամուսնացած անձինք են, ովքեր կամովին սեռական հարաբերություն են ունենում հակառակ սեռի ներկայացուցչի հետ։ Իսկ շնացողները այն ամուսնացած անձինք են, ովքեր կամովին սեռական հարաբերության մեջ են մտնում իրենց օրինական կողակիցը չհանդիսացող հակառակ սեռի ներկայացուցչի հետ։ Այսուամենայնիվ, «պոռնկություն» բառը գալիս է հունարեն պոռնեա բառից և իր մեջ բովանդակում է բոլոր ապօրինի սեռական հարաբերությունները, որոնք չեն համապատասխանում ամուսնության վերաբերյալ Սուրբ Գրություններում ասվածին։ Հետևաբար Մատթէոս 5։32–ում և 19։9–ում գրված Հիսուսի խոսքերը ցույց են տալիս, որ ամուսնալուծության միակ հիմքը, որով իսկապես քանդվում է ամուսնական կապը, կողակիցներից մեկի կողմից «պոռնեան» է։ Նման դեպքում քրիստոնյան կարող է ամուսնալուծվել, եթե ցանկանում է. այսպիսի բաժանումից հետո նա ազատ է ամուսնանալու և կարող է իրեն համապատասխան զույգ ընտրել քրիստոնյաների միջից (Ա Կորնթացիս 7։39)։
Ինչ խոսք, ամուսնացած անհատի սեռական անբարո արարքները նույն սեռին պատկանող անհատի հետ (համասեռամոլությունը) գարշելի են և նողկալի։ Այսպիսի բաներով զբաղվող և զղջում չցուցաբերող մարդիկ չեն ժառանգելու Աստծո Թագավորությունը։ Իհարկե, Գրություններում դատապարտվում է նաև անասնապղծությունը (Ղեւտացոց 18։22, 23; Հռովմայեցիս 1։24–27; Ա Կորնթացիս 6։9, 10)։ Այսպիսի ծայրահեղ նողկալի արարքները մտնում են «պոռնեա» բառի ընդհանուր իմաստի մեջ։ Պետք է նշել նաև, որ Մովսիսական օրենքով մահապատիժ էր հասնում համասեռամոլներին և անասնապիղծներին, իսկ նրանց անմեղ կողակիցները ազատ էին վերամուսնանալու (Ղեւտացոց 20։13, 15, 16)։
Հիսուս Քրիստոսը նշեց. «Ամեն ով որ մի կնկայ վերայ մտիկ տայ նորան ցանկանալու համար, նա արդէն շնացաւ նորա հետ իր սրտի մէջ» (Մատթէոս 5։28)։ Սակայն նա չասաց, թե միայն սրտում եղածը՝ առանց գործի դրվելու, ինքնին հիմք է հանդիսանում ամուսնալուծվելու համար։ Քրիստոսի խոսքերը ցույց են տալիս, որ սիրտը պետք է մաքուր պահել և չպետք է կենտրոնանալ անպատշաճ մտքերի ու ցանկությունների վրա (Փիլիպպեցիս 4։8; Յակոբոս 1։14, 15)։
Հրեաների ռաբունական օրենքը ընդգծում էր, որ ամուսնացած անհատը պարտական է կատարելու իր ամուսնական պարտքը, և թույլատրում էր տղամարդուն ամուսնալուծվել իր կնոջից, եթե վերջինս չէր կարողանում երեխաներ ունենալ։ Սակայն Աստվածաշունչը քրիստոնյային իրավունք չի տալիս ամուսնալուծվել իր կողակցից նման պատճառով։ Երկար տարիներ երեխա չունենալը պատճառ չհանդիսացավ, որ Աբրահամը ամուսնալուծվեր Սառայից, Իսահակը՝ Ռեբեկայից, Հակոբը՝ Ռաքելից կամ Զաքարիա քահանան՝ Եղիսաբեթից (Ծննդոց 11։30; 17։17; 25։19–26; 29։31; 30։1, 2, 22–25; Ղուկաս 1։5–7, 18, 24, 57)։
Գրություններում ոչ մի խոսք չկա այն մասին, թե թույլատրվում է քրիստոնյային ամուսնալուծվել, երբ նրա կողակիցը ֆիզիկապես անկարող է կատարել իր ամուսնական պարտականությունը, դարձել է հոգեկան հիվանդ կամ վարակվել է մի ծանր և անբուժելի հիվանդությամբ։ Քրիստոնեական սերը պահանջում է, որ քրիստոնյան ոչ թե բաժանվի իր կողակցից, այլ ողորմածորեն հոգ տանի նրան (Եփեսացիս 5։28–31)։ Ոչ էլ Աստվածաշունչը արտոնություն է տալիս քրիստոնյային ամուսնալուծվելու սոսկ այն պատճառով, որ իր կողակիցը ուրիշ կրոն է դավանում։ Ընդհակառակը՝ այնտեղ նշվում է, թե անհավատ կողակցի հետ ապրելով նա կարող է «շահել» նրան՝ օգնել ընդունելու ճշմարիտ հավատը (Ա Կորնթացիս 7։12–16; Ա Պետրոս 3։1–7)։
Լեռան քարոզում Հիսուսն ասաց. «Ով որ իր կնիկն արձակէ առանց պոռնկութեան պատճառի, նա նորան շնութիւն անել է տալիս. եւ ով որ մի արձակուածին առնէ, շնութիւն է անում» (Մատթէոս 5։32)։ Այս ասելով՝ Հիսուսը նշեց, որ եթե ամուսինը պոռնկությունից («պոռնեա») բացի որևէ այլ պատճառով է բաժանվում իր կնոջից, նրան պոռնկության ենթակա է դարձնում։ Դա այդպես է, քանի որ, թեև այդ կինը շնություն չի գործել, սակայն ճիշտ ձևով ամուսնալուծված չէ իր ամուսնուց ու ազատ չէ նորից ամուսնանալու մեկ այլ տղամարդու հետ և սեռական հարաբերություններ ունենալու։ Երբ Քրիստոսն ասաց, որ «արձակուածն առնողը շնութիւն է գործում», նա նկատի ուներ «առանց պոռնկութեան պատճառի» (պոռնեա) բաժանված կնոջ։ Այսպիսի կինը, թեև ամուսնալուծված է օրենքի համաձայն, սակայն ամուսնալուծված չէ Աստվածաշնչով։
Մատթեոսի (Մատթէոս 19։3–9) նման՝ Մարկոսն էլ է գրի առել Հիսուսի նույն խոսքերը ամուսնալուծության վերաբերյալ՝ ուղղված փարիսեցիներին։ Նա գրել է. «Ով որ կինն արձակէ եւ մի ուրիշն առնէ, շնութիւն է գործում նորա դէմ։ Եւ եթէ մի կին իր մարդին արձակէ եւ ուրիշ մարդու գնայ, շնութիւն է գործում» (Մարկոս 10։11, 12)։ Նույնանման մեջբերում է կատարված Ղուկաս 16։18–ում, որտեղ գրված է. «Ամեն ով որ արձակում է իր կինը եւ ուրիշն առնում, շնութիւն է գործում, եւ ով որ մարդից արձակուած կին է առնում՝ շնութիւն է գործում»։ Եթե առանձին վերցնենք, այս համարները կարծես արգելում են ամեն տեսակի ամուսնալուծում, կամ ամենաքիչը նշում են, թե ամուսնալուծված անհատը իրավունք չունի վերամուսնանալու՝ բացառությամբ իր կողակցի մահի։ Սակայն Մարկոսի և Ղուկասի Ավետարաններում մեջբերված Հիսուսի խոսքերը պետք է հասկանալ Մատթեոսի կողմից ավելի ամբողջականորեն գրվածի լույսի ներքո։ Նրա գրածի մեջ կա նաև հետևյալ արտահայտությունը՝ «առանց պոռնկութեան պատճառի» (Մատթէոս 19։9, տե՛ս նաև Մատթէոս 5։32). սա նշանակում է, որ Մարկոսի և Ղուկասի կողմից մեջբերված խոսքերը կիրառելի են, երբ ամուսնալուծում է կատարվել ցանկացած պատճառով՝ բացառությամբ պոռնկության («պոռնեա»), որ կատարվել է անհավատարիմ կողակցի կողմից։
Անհատը, սակայն, ըստ Աստվածաշնչի պարտավորված չէ բաժանվել շնություն գործած, բայց հետո զղջում հայտնած իր կողակցից։ Քրիստոնյա ամուսինը կամ կինը կարող է ողորմություն ցույց տալ նման դեպքում։ Ըստ երևույթին այդպես վարվեց Ովսեեն, երբ ետ ընդունեց իր շնություն գործած կնոջը՝ Գոմերին. այդպես վարվեց նաև Եհովան, երբ ներեց զղջում ցույց տված Իսրայելին, որը մեղավոր էր հոգևոր պոռնկություն գործելու հարցում (Ովսէէ 3)։
Աստծո սկզբնական չափանիշը վերահաստատված է։ Հիսուս Քրիստոսի խոսքերը ցույց են տալիս, որ պետք էր վերադառնալ ամուսնության այն բարձր չափանիշին, որը հենց սկզբից հաստատել էր Եհովա Աստված։ Նրանք, որ ապագայում Հիսուսի հետևորդներն էին դառնալու, պետք է հավատարիմ մնային այս բարձր չափանիշին։ Թեև այդ ժամանակ դեռ Մովսիսական օրենքով թույլատրվում էր բաժանումը, սակայն նրանք, ովքեր ուզում էին դառնալ Հիսուսի ճշմարիտ հետևորդներ, անել նրա Հոր կամքը և «կատարել»՝ կիրառել Հիսուսի ասածները (Մատթէոս 7։21–29), չպետք է օգտվեին այդ թույլատվությունից և ‘քարասրտությամբ’ վարվեին իրենց ամուսնական կողակցի հետ (Մատթէոս 19։8)։ Քրիստոսի հավատարիմ հետևորդները չեն ոտնահարի ամուսնության վերաբերյալ Աստծո նախնական սկզբունքները՝ բաժանվելով իրենց կողակցից պոռնկությունից («պոռնեա») բացի որևէ այլ պատճառով։
Այն ամուրի անհատը, որ պոռնկություն է գործում անառակ կնոջ հետ, «մէկ մարմին» է դառնում նրա հետ։ Նույնպես էլ շնացողը՝ ոչ թե իր օրինական կնոջ հետ է «մէկ մարմին» դառնում, այլ այն անբարո անհատի հետ, որի հետ կենակցում է։ Այսպիսով՝ շնություն գործողը ոչ միայն մեղանչում է իր անձնական մարմնի դեմ, այլև իր օրինական կնոջ դեմ, որի հետ նա մինչ այդ «մէկ մարմին» էր (Ա Կորնթացիս 6։16–18)։ Այդ իսկ պատճառով, շնությունը հիմքեր է տալիս չեղյալ համարել ամուսնական կապը, և դա համապատասխանում է Աստծո սահմանած սկզբունքներին։ Այսպիսի հիմքեր ունենալու դեպքում ապահարզանը օրինական ամուսնության համար հանդիսանում է վերջնական և պաշտոնական ավարտ։ Այդպիսով անմեղ կողակիցը ազատ է նորից ամուսնանալու պատվական ամուսնությամբ (Եբրայեցիս 13։4)։