ԱՆՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ, ԱՆԱՐԳԱՆՔ
Խայտառակություն, ամոթանք, արհամարհանք՝ լինի արդարացի, թե ոչ։ Այս բառերը հիմնականում թարգմանվել են հունարեն օնեյդիսմոս (նաև օնեյդոս) ու եբրայերեն խերպա գոյականներից։ Կախված համատեքստից և նախադասության մեջ կատարած դերից՝ այդ բառերը կարող են թարգմանվել նաև «ամոթանք», «նախատինք կրել», «ծաղրել», «վարկաբեկել», «խայտառակել» և այլն (հմմտ. Ծն 30։23; Սղ 69։9; Ղկ 1։25; Հռ 15։3)։
Մարդն իր վրա անպատվություն էր բերում տարբեր պատճառներով՝ կախված հանգամանքներից։ Այն ժամանակ, երբ Օրենքի ուխտն ուժի մեջ էր, անթլփատ լինելը անարգանք էր իսրայելացի տղամարդու համար (հմմտ. Դտ 14։3)։ Այդ պատճառով, երբ անապատում ծնված բոլոր տղամարդիկ Հորդանանն անցնելուց հետո թլփատվեցին, Եհովան ասաց. «Այսօր ես ձեր վրայից վերցրի Եգիպտոսի՝ ձեզ հասցրած անարգանքը» (Հս 5։2-9)։ Քանի որ, ինչպես ցույց են տալիս պատմական փաստերը, եգիպտացիները թլփատվում էին, այդ խոսքերը կարող են նշանակել, որ նրանք այլևս հիմք չէին ունենա անարգելու իսրայելացիներին այն բանի համար, որ այդքան շատ տղամարդիկ անթլփատ էին (Եր 9։25, 26; տես ԹԼՓԱՏՈՒԹՅՈՒՆ)։ Մյուս կողմից՝ թլփատությունը ծառայում էր որպես Եհովայի ու Աբրահամի սերնդի միջև կապված «ուխտի նշան» (Ծն 17։9-11)։ Անապատում մեծացած իսրայելացիների նոր սերնդի թլփատությունը (ավագ սերունդը մահացել էր այնտեղ) հաստատում էր, որ նրանք շարունակում էին ուխտի մեջ լինել Աստծու հետ։ Երբ անապատում ժողովրդի 40 տարվա դեգերումներն ավարտվեցին, Աստված շարունակեց բարեհաճություն ցուցաբերել նրանց հանդեպ. նա իսրայելացիներին տարավ Խոստացված երկիր և օգնեց, որ սկսեն նվաճել այն։ Այդպիսով հստակ դարձավ, որ եգիպտացիների բոլոր ծաղրանքներն ու նախատինքները, թե իբր Եհովան չի կարող Իսրայելին տանել Խոստացված երկիր, անհիմն էին։ Երբ ուժի մեջ մտավ նոր ուխտը, թե՛ հրեա, թե՛ այլազգի քրիստոնյաները անթլփատ լինելու համար անարգանք չէին կրում (Հռ 2։25-29; 3։28-30; 4։9-12; 1Կթ 7։18, 19)։
Եբրայեցի կանանց համար անպատվություն ու խայտառակություն էր երկար ժամանակ ամուրի, այրի (Ես 4։1; 54։4) կամ ամուլ լինելը (Ծն 30։23; Ղկ 1։25)։ Անկասկած, պատճառներից մեկը Աբրահամին տրված Աստծու խոստումն էր, ըստ որի՝ նրա սերունդը «ծովափի ավազահատիկների չափ շատանալու» էր (Ծն 22։15-18; հմմտ. Ծն 24։59, 60)։ Մինչդեռ Պողոս առաքյալը գովեց այն տղամարդկանց ու կանանց, ովքեր ամուրի էին մնում՝ ցանկանալով առանց շեղումների ծառայել Աստծուն, և ասաց, որ իր կարծիքով՝ այրին «ավելի երջանիկ կլինի, եթե մնա այնպես, ինչպես որ կա» (1Կթ 7։25-28, 32-40; հմմտ. Մթ 19։10-12)։
Այնպիսի մեղքերը, ինչպիսիք են կռապաշտությունը, գողությունը, ամուսնական դավաճանությունը և այլ անբարո արարքներ, նաև Աստծու հանդեպ անհավատարմության ցանկացած դրսևորում միշտ էլ անպատվություն են բերել դրանք գործողներին (2Սմ 13։13; Առ 6։32, 33; Հռ 1։18-32; 2։17-24)։
Նրանք, ովքեր ձգտում են ստանալ Աստծու հավանությունը, չպետք է վարկաբեկեն ուրիշներին։ Բնութագրելով այն մարդուն, ով կարող է հյուր լինել Աստծու վրանում՝ սաղմոսերգուն ասաց. «[Նա] դիմացինին վատություն չի անում, իր ընկերներին չի վարկաբեկում [կամ՝ «խայտառակում»]»։ Այսինքն՝ այդ մարդը վարկաբեկիչ տեղեկություն չի տարածում իր ընկերների մասին (Սղ 15։1, 3, ծնթ.)։ Նա, ով խաբում կամ ծաղրում է խեղճին, իրականում վիրավորում՝ անարգում է Աստծուն (Առ 14։31; 17։5)։ Նույնը կարելի է ասել Աստծու ծառաներին ծաղրողների մասին (Սղ 74։18-23)։ Նման ծաղրական ու անարգական վերաբերմունքը ի վերջո աղետ կբերի նրանց վրա (Սփ 2։8-10)։
Եհովան լռեցնում է իր ժողովրդին անարգողներին։ Կեղծ աստվածների պաշտելով և անարդար գործեր անելով՝ իսրայելացիները անարգում էին Եհովա Աստծուն, քանի որ տպավորություն էին ստեղծում, թե նրան մատուցվող պաշտամունքը ոչնչով չի տարբերվում այն պաշտամունքից, որ իրենց շուրջը եղող ազգերը մատուցում էին կեղծ աստվածներին (Ես 65։7)։ Իսրայելացիների անհավատարմության պատճառով Աստված թույլ տվեց, որ նրանց վրա աղետ գա, և նրանք ամոթահար լինեն ու անարգվեն շրջակա ազգերի մեջ (Եզկ 5։14, 15)։ Սակայն ազգերը չհասկացան, որ այդ դատաստանն Աստծուց է, և մտածեցին, թե նա չի կարողացել փրկել Իսրայելին։ Դրա հետևանքով ավելի շատ անարգանք հասցվեց Եհովայի անվանը։ Ուստի զղջացող իսրայելացիներին վերադարձնելով հայրենիք՝ Աստված իր անունը մաքրեց անպատվությունից (Եզկ 36։15, 20, 21, 30-36)։
Լինում են իրավիճակներ, երբ թվում է, թե Աստված լքել է իր ժողովրդին։ Եզրակացնելով, թե նա չի պաշտպանում և չի օրհնում իր ծառաներին՝ մարդիկ սկսում են ծաղրել ու անարգել նրանց (Սղ 31։9-11; 42։10; 74։10, 11; 79։4, 5; 102։8, 9; Հվլ 2։17-19)։ Սակայն երբ ի վերջո Եհովան փրկում է իր ժողովրդին, նա այդպիսով լռեցնում է անարգողներին (Նեմ 1։3; 2։17; 4։4; 6։16)։
Անարգվել Քրիստոսի անվան համար։ Իրենց հանձնարարությունը կատարելիս Եհովայի ծառաները հաճախ անարգվում են ու նախատինքի ենթարկվում այն մարդկանց կողմից, ում մոտ ուղարկվում են։ Այդպես եղավ Երեմիայի (Եր 6։10; 15։15-18; 20։8), Հիսուս Քրիստոսի (Մթ 27։44; Մկ 15։32; Հռ 15։3) և նրա հետևորդների պարագայում (Եբ 10։33)։ Նա, ում նախատում ու վիրավորում են Քրիստոսի անվան համար, ուրախանալու պատճառ ունի, քանի որ իր անսասան հավատարմությունը փաստում է, որ նրան մեծ վարձատրություն է սպասում երկնքում (Մթ 5։11; Ղկ 6։22, 23), և որ նա ունի Աստծու ոգին (1Պտ 4։14)։ Հետևաբար պետք չէ վախենալ անարգանք և անպատվություն կրելուց։ Դիմելով բոլոր նրանց, ովքեր «գիտեն, թե ինչն է արդար»՝ Եհովան ասաց. «Մի՛ վախեցեք մահկանացու մարդկանց ծաղրանքներից, մի՛ սարսափեք նրանց վիրավորանքներից» (Ես 51։7)։
Թեև Հիսուսը գիտեր, թե ինչ մեծ անարգանք էր կրելու, նա հոժարակամորեն համաձայնեց կատարել Հոր կամքը և անգամ ամոթալի մահով մահանալ տանջանքի սյան վրա (Ես 53։3-7; Հվ 10։17, 18; Եբ 12։2; 13։12, 13)։ Նա բարիք էր անում ուրիշներին՝ չմտածելով ինքն իրեն գոհացնելու մասին, և պատրաստ էր կրել այն անարգանքը, որ մարդիկ խոսքով ու գործով բերում էին Եհովա Աստծու անվանը։ Պողոս առաքյալը դա ընդգծեց, երբ խոսեց հոգևորապես թույլերի հանդեպ ճիշտ վերաբերմունք ունենալու մասին։ Նա ասաց. «Մենք՝ հավատի մեջ ուժեղներս, պետք է հաշվի առնենք [բռց.՝ «տանենք»] նրանց թուլությունները, ովքեր ուժեղ չեն, և չպետք է միայն ինքներս մեզ գոհացնենք։ Եկեք ամեն մեկս անենք այն, ինչը կուրախացնի դիմացինին, կնպաստի նրա բարօրությանն ու կզորացնի նրան։ Նույնիսկ Քրիստոսը չմտածեց ինքն իրեն գոհացնելու մասին։ Նրա առնչությամբ գրված է. «Ես ինձ վրա եմ կրում քեզ անարգողների հասցրած անարգանքը»» (Հռ 15։1-3, ծնթ.)։ Նախորդ գլխում (Հռ, գլ. 14) առաքյալը խոսել էր այն քրիստոնյաների թուլությունների մասին, ովքեր կերակուրի կամ որոշ օրեր պահելու հետ կապված խղճի խայթ էին զգում։ Նա նշել էր, որ հարկավոր է խուսափել նրանց հավատը թուլացնող արարքներից և ամեն ինչ անել նրանց զորացնելու համար։ Պողոսը հավանաբար նկատի ուներ, որ ըմբռնողականության, հավատի ու խղճի հարցում ուժեղ քրիստոնյաները չպետք է լիարժեք կերպով օգտվեն իրենց իրավունքներից, ինչը գուցե այդքան էլ հաճելի չլինի իրենց։ Այդուհանդերձ, նրանք պետք է ընդօրինակեն Քրիստոսին ու «տանեն» (բնագրային բայը նշանակում է «կրել», «դիմանալ», «հանդուրժել» [հմմտ. Գղ 6։2; Հտն 2։2]) ցանկացած ծանրություն, որ կարող է լինել հավատակիցների թուլությունների պատճառով (հմմտ. Մթ 17։17-20; նաև Մովսեսի խոսքերը՝ Թվ 11։10-15-ում)։ Բացի այդ՝ ձգտելով ստանալ Աստծու հավանությունը, օրհնությունն ու վարձատրությունը՝ հոգևորապես ուժեղ քրիստոնյաները չպետք է անտեսեն թույլերին, բեռ համարեն նրանց կամ թույլ տան, որ նրանք անուշադրության մատնված կամ անօգնական լինելու պատճառով Սատանայի զոհը դառնան (հմմտ. 1Կթ 9։19-23; 10։23-33)։
Խուսափել մեղքի և վատ վարքի բերած անպատվությունից։ Թեև քրիստոնյաները ակնկալում են, որ արդարության համար կանարգվեն ու կտառապեն, նրանցից ոչ մեկը չպետք է «տառապանքների ենթարկվի որպես մարդասպան, գող, չարագործ կամ էլ ուրիշների գործերին խառնվող» (1Պտ 4։15, 16)։ Քրիստոնեական ժողովում վերակացու լինելու պահանջներից մեկն այն է, որ եղբայրը «պետք է լավ համբավ ունենա դրսի մարդկանց շրջանում, որպեսզի նրանց ամոթանքին չարժանանա»։ Դրա շնորհիվ ոչ ոք բացասաբար չի խոսի վերակացուների մասին և ճշմարիտ քրիստոնյաներին չի վարկաբեկի ժողովում պատասխանատվություններ ունեցող ինչ-որ մեկի վատ վարքի պատճառով (1Տմ 3։7)։