ԶՂՋԱԼ
«Զղջալ» նշանակում է «ափսոսանքի զգացումից դրդված՝ փոփոխել մտայնությունը նախկին ապրելակերպի, սխալ արարքների, չարած (կամ նպատակադրած) բաների համար», «ափսոսալ», «խղճի խայթ զգալ», «ցավել արած կամ չարած բաների համար»։ Շատ համարներում այդպիսի միտք է փոխանցում եբրայերեն նախամ բառը։ Այդ բառը երբեմն կարող նշանակել «մտափոխ լինել», «սուգ պահել», «զղջալ» (Ելք 13։17; Ծն 38։12; Հոբ 42։6), «մխիթարվել» (Ծն 37։35; Եր 31։15), «ձերբազատվել (թշնամիներից)» (Ես 1։24)։ Փաստորեն, անկախ նրանից՝ խոսքը ափսոսանքի, թե մխիթարության մասին է, նախամը մատնանշում է մտքի և զգացմունքների փոփոխություն։
Հունարենում զղջման միտք փոխանցելու համար գործածվում է երկու բայ՝ մետանոեո և մետամելոմայ։ Առաջին բայը կազմված է երկու բաղադրիչից՝ մետա, որը նշանակում է «հետո», և նոեո, որը նշանակում է «հասկանալ», «ըմբռնել», «տարբերել», «ընկալել», «իրազեկ լինել» (նոեո բառը կապ ունի նուս բառի հետ, որը փոխանցում է «միտք», «տրամադրվածություն», «բարոյական գիտակցություն» իմաստները)։ Այսպիսով՝ մետանոեո բայը բառացի նշանակում է «հետո իմանալ» (ի տարբերություն «նախապես իմանալուն») և ցույց է տալիս մտքի, մտածելակերպի, տրամադրվածության կամ նպատակի փոփոխություն։ Իսկ մետամելոմայ բայը ծագել է մելո բառից, որը նշանակում է «հոգ տանել», «հետաքրքրվել»։ Մետա (հետո) նախածանցը, ավելացվելով այս բային, հաղորդում է «փոշմանելու», «ափսոսալու» (Մթ 21։29; 2Կթ 7։8) կամ «զղջալու» իմաստ։
Փաստորեն, մետանոեո բայը մատնանշում է տեսակետի կամ տրամադրվածության փոփոխություն, հրաժարում նախկին ընթացքից կամ նպատակադրած ընթացքից, արարքից՝ որպես անցանկալի մի բանից (Հտն 2։5; 3։3), իսկ մետամելոմայ բայը ընդգծում է ափսոսանքի զգացումը, որն ունենում է անհատը (Մթ 21։29)։ «Նոր Կտակարանի աստվածաբանական բառարանում» ասվում է. «Այն, որ Ն[որ] Կ[տակարանում] [այս բառերի] միջև իմաստային տարբերություն է դրվում, փաստում է, որ [գրողները] հստակ հասկանում էին, որ դրանք միանգամայն տարբեր իմաստներ ունեն։ Սակայն հելլենիզմի դարաշրջանում այդ բառերի իմաստները հաճախ չէին տարբերակվում» (Theological Dictionary of the New Testament, խմբ.՝ G. Kittel, հտր IV, էջ 629, թարգմ.՝ G. Bromiley, 1969)։
Ինչ խոսք, տեսակետի փոփոխությունը հաճախ հանգեցնում է զգացմունքների փոփոխության, և հակառակը՝ ափսոսանքի զգացումը կարող է նախորդել կամ նպաստել տեսակետի, ցանկությունների կամ մտադրության փոփոխությանը (1Սմ 24։5-7)։ Հետևաբար թեև այս երկու բառերը տարբեր նշանակություն ունեն, սակայն փոխկապակցված են։
Մեղքերի համար զղջում։ Զղջումը անհրաժեշտ է, քանի որ մարդուն բնորոշ է մեղքը՝ Աստծու արդար պահանջներին չհամապատասխանելը (1Հվ 5։17)։ Ադամը ողջ մարդկությանը ստրկության վաճառեց մեղքին, ուստի նրա բոլոր սերունդները կարիք ունեն զղջալու (Սղ 51։5; Հռ 3։23; 5։12)։ Ինչպես երևում է ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ հոդվածից, զղջումը (որին հաջորդում է դարձի գալը) Աստծու հետ հաշտվելու պարտադիր նախապայմաններից է։
Մարդը գուցե զղջա իր ապրած ողջ կյանքի համար, եթե ապրել է ոչ թե Աստծու նպատակին ու կամքին ներդաշնակ, այլ նրա Հակառակորդի իշխանության տակ գտնվող աշխարհի չափանիշներով (1Պտ 4։3; 1Հվ 2։15-17; 5։19)։ Գուցե նա զղջա ինչ-որ սխալ սովորության համար, որը արատավորում է իր բարի անունը։ Զղջումը նաև կարող է լինել ընդամենը մեկ սխալ արարքի, նույնիսկ սխալ հակման, մղումի կամ վերաբերմունքի համար (Սղ 141։3, 4; Առ 6։16-19; Հկ 2։9; 4։13-17; 1Հվ 2։1)։ Փաստորեն, սխալները կարող են լինել ինչպես ընդհանուր, այնպես էլ կոնկրետ։
Հաշվի առնելով, որ անհատը կարող է շեղվել արդարության չափանիշներից մեծ կամ փոքր չափով՝ տրամաբանական է, որ ափսոսալու աստիճանը պետք է համապատասխանի շեղվելու աստիճանին։ Օրինակ՝ իսրայելացիները «հանդգնորեն ապստամբել էին» Եհովայի դեմ և «հյուծված էին» իրենց հանցանքների պատճառով (Ես 31։6; 64։5, 6; Եզկ 33։10)։ Մյուս կողմից՝ Պողոս առաքյալն ասաց, որ մարդը կարող է «սխալ քայլ անել նույնիսկ առանց գիտակցելու», ու հոգևոր որակներ ունեցողներին խորհուրդ տվեց «փորձել ուղղել այդ մարդուն և անել դա մեղմությամբ» (Գղ 6։1)։ Քանի որ Եհովան գթասրտորեն հաշվի է առնում իր ծառաների թուլությունները, նրանք չպետք է մշտապես խղճի խայթ զգան իրենց սխալների համար, որ արել են ժառանգած անկատարության պատճառով (Սղ 103։8-14; 130։3)։ Եթե նրանք անկեղծորեն ջանում են քայլել Աստծու ճանապարհներով, ապա կարող են ուրախ լինել (Փպ 4։4-6; 1Հվ 3։19-22)։
Զղջման կարիք ունեն նաև նրանք, ովքեր մի ժամանակ մտերիմ փոխհարաբերություն են ունեցել Աստծու հետ, բայց հետո շեղվել են ճանապարհից և կորցրել նրա հավանությունն ու օրհնությունը (1Պտ 2։25)։ Իսրայելացիները Աստծու հետ ուխտի մեջ էին. նրանք «սուրբ ժողովուրդ էին», որին Աստված ընտրել էր մյուս բոլոր ժողովուրդներից (2Օր 7։6; Ելք 19։5, 6)։ Քրիստոնյաները արդար հայտարարվեցին Աստծու առաջ նոր ուխտի հիման վրա, որի միջնորդը Հիսուսն է (1Կթ 11։25; 1Պտ 2։9, 10)։ Թե՛ Իսրայելում, թե՛ քրիստոնեական ժողովում զղջումը մոլորվածներին հնարավորություն էր տալիս կրկին մտերիմ լինելու Աստծու հետ և օրհնվելու նրա կողմից (Եր 15։19-21; Հկ 4։8-10)։ Նրանք, ովքեր նախկինում Աստծու հետ նման հարաբերություններ չէին ունեցել, օրինակ՝ հեթանոսները, որ ապրում էին այն ժամանակ, երբ Իսրայելի հետ Աստծու կապած ուխտը ուժի մեջ էր (Եփ 2։11, 12), պետք է զղջային. դա առաջնային ու կարևոր քայլ էր Աստծու հավանությունը ստանալու և հավիտենական կյանքի հեռանկար ունենալու համար (Գրծ 11։18)։ Այսօր նույնպես զղջումը կենսական է ցանկացած ռասայի և ազգի պատկանող մարդկանց պարագայում, ովքեր քրիստոնեական ժողովում չեն (Գրծ 17։30; 20։21)։
Մարդիկ զղջում կարող են արտահայտել և՛ խմբովի, և՛ անհատապես։ Օրինակ՝ Հովնանի քարոզը մղեց զղջալու Նինվե քաղաքի բոլոր բնակիչներին՝ թագավորից «մինչև փոքրը», քանի որ Աստծու աչքում նրանք բոլորը մասնակից էին սխալ գործերի (Հվն 3։5-9; հմմտ. Եր 18։7, 8)։ Գերությունից վերադարձած բոլոր իսրայելացիները, ականջ դնելով Եզրասի հորդորներին, ընդունեցին, որ Աստծու առաջ ազգովի մեղավոր են, և զղջում արտահայտեցին իրենց ներկայացնող իշխանների միջոցով (Եզր 10։7-14; հմմտ. 2Տգ 29։1, 10; 30։1-15; 31։1, 2)։ Կորնթացի քրիստոնյաները զղջացին այն բանի համար, որ իրենց ժողովում հանդուրժել էին ծանր մեղք գործող մարդու (հմմտ. 2Կթ 7։8-11; 1Կթ 5։1-5)։ Նույնիսկ Երեմիա և Դանիել մարգարեները իրենց չառանձնացրին ժողովրդից, երբ խոստովանում էին Հուդայի մեղքերը, որոնց պատճառով այն կործանվեց (Ողբ 3։40-42; Դն 9։4, 5)։
Ինչ է անկեղծ զղջումը։ Զղջումը պետք է բխի թե՛ սրտից, թե՛ մտքից։ Մարդը պետք է գիտակցի, որ իր արարքը կամ բռնած ուղին սխալ է, իսկ դրա համար պետք է ընդունի, որ Աստծու չափանիշներն ու կամքը արդար են։ Աստծու չափանիշների ու կամքի հանդեպ արհամարհական կամ անլուրջ վերաբերմունքը խանգարում է մարդուն զղջալ (2Թգ 22։10, 11, 18, 19; Հվն 1։1, 2; 4։11; Հռ 10։2, 3)։ Այդ պատճառով Եհովան գթասրտորեն ուղարկում էր մարգարեների ու քարոզիչների՝ կոչ անելով ժողովրդին զղջալ (Եր 7։13; 25։4-6; Մկ 1։14, 15; 6։12; Ղկ 24։27)։ Հատկապես այն ժամանակներից, երբ Կոռնելիոսը քրիստոնյա դարձավ, Աստված քրիստոնեական ժողովի հայտնած բարի լուրի միջոցով «ամենուր բոլոր մարդկանց կոչ է անում զղջալ» (Գրծ 17։22, 23, 29-31; 13։38, 39)։ Աստծու թե՛ գրավոր, թե՛ բանավոր Խոսքը «համոզում» է մարդկանց, որ նրանց ճանապարհները սխալ են, իսկ Աստծունը՝ ճիշտ (հմմտ. Ղկ 16։30, 31; 1Կթ 14։24, 25; Եբ 4։12, 13)։ Աստծու «օրենքը կատարյալ է, վերականգնում է մարդու ուժերը» (Սղ 19։7)։
Դավիթ թագավորն անկասկած նկատի ուներ իսրայելացիներին, երբ ասաց. «Ես օրինազանցներին կճանաչեցնեմ [Աստծու] ուղիները, որ [նրա] մոտ վերադառնան մեղսագործները» (Սղ 51։13)։ Տիմոթեոսին ասվել էր, որ չվիճի իր հավատակիցների հետ։ Փոխարենը նա պետք է «հեզ ոգով խրատեր բացասաբար տրամադրվածներին»։ Թերևս Աստված հնարավորություն ընձեռեր նրանց, որ «զղջային և այդպիսով ճշգրտորեն հասկանային ճշմարտությունը»։ Արդյունքում «նրանք խելքի կգային ու կազատվեին Բանսարկուի թակարդից» (2Տմ 2։23-26)։ Փաստորեն, զղջալու կոչ կարող է արվել ինչպես Աստծու ծառաների ժողովում, այնպես էլ ժողովից դուրս։
Անհատը պետք է հասկանա, որ Աստծու դեմ է մեղք գործել (Սղ 51։3, 4; Եր 3։25)։ Եթե նա բացեիբաց անարգում է Աստծուն, անպատշաճ ձևով է գործածում նրա անունը կամ պաշտում է ուրիշ աստվածների, ակնհայտ է, որ Աստծու դեմ է մեղք գործում (Ելք 20։2-7)։ Սակայն նույնիսկ եթե նա մտածում է, որ իր արածը իր անձնական գործն է կամ վերաբերում է միայն իրեն և ուրիշ մարդու, միևնույն է, դա Աստծու դեմ գործված մեղք է և անհարգալից վերաբերմունք նրա հանդեպ (հմմտ. 2Սմ 12։7-14; Սղ 51։4; Ղկ 15։21)։ Մարդը պետք է ընդունի, որ անգամ անգիտակցաբար կամ սխալմամբ գործված մեղքերը իրեն մեղավոր են դարձնում Գերիշխանի՝ Եհովա Աստծու առաջ (հմմտ. Ղև 5։17-19; Սղ 51։5, 6; 119։67; 1Տմ 1։13-16)։
Մարգարեների գլխավոր առաքելություններ էր համոզել Իսրայելի ազգին, որ նա մեղք է գործում (Ես 58։1, 2; Մք 3։8-11)՝ կուռքեր է պաշտում (Եզկ 14։6), անարդարություն է գործում, կեղեքում է ուրիշներին (Եր 34։14-16; Ես 1։16, 17), անբարոյականություն է անում (Եր 5։7-9) կամ Եհովա Աստծուն ապավինելու փոխարեն ապավինում է մարդկանց և ռազմական ուժերին (1Սմ 12։19-21; Եր 2։35-37; Օս 12։6; 14։1-3)։ Հովհաննես Մկրտիչն ու Հիսուս Քրիստոսը հորդորում էին հրեաներին զղջալ (Մթ 3։1, 2, 7, 8; 4։17)։ Հովհաննեսն ու Հիսուսը դիմակազերծում էին ժողովրդին և կրոնական առաջնորդներին. նրանք ջրի երես էին հանում նրանց արտաքուստ արդար երևալը, ավանդույթներին հետևելը և կեղծավորությունը՝ այդպիսով բացահայտելով նրանց մեղավոր վիճակը (Ղկ 3։7, 8; Մթ 15։1-9; 23։1-39; Հվ 8։31-47; 9։40, 41)։
«Սրտով ըմբռնել իմաստը»։ Զղջալու համար անհատը պետք է ընկալունակ սիրտ ունենա։ Այդ դեպքում նա կկարողանա լսել խրատը և տեսնել իր սխալը (հմմտ. Ես 6։9, 10; Մթ 13։13-15; Գրծ 28։26, 27)։ Զղջացող մարդը ոչ միայն մտքով է ընկալում ու հասկանում այն, ինչ լսում է ականջը, և տեսնում է աչքը, այլև, որ ավելի կարևոր է, «սրտով է ըմբռնում իմաստը» (Մթ 13։15; Հվ 12։40; Գրծ 28։27)։ Հետևաբար նա ոչ միայն մտքով գիտակցում է, որ իր ճանապարհները սխալ են, այլև սրտով ընդունում է այդ փաստը։ Նա, ով Աստծու և նրա պատվիրանների մասին գիտելիքներ ունի, դրանք պետք է կրկին իր «սրտում դաջի» (2Օր 4։39; հմմտ. Առ 24։32; Ես 44։18-20), որպեսզի կարողանա «խելքի գալ» (1Թգ 8։47)։ Սրտում ճիշտ մղումներ ունենալով՝ անհատը կկարողանա «հիմնովին փոխել իր մտածելակերպը»։ Այդ դեպքում նա «անձամբ կհավաստիանա, թե որն է Աստծու կամքը, և որ այն լավագույնն է, ընդունելի է և ամենաճիշտն է» (Հռ 12։2)։
Եթե մարդու սրտում Աստծու հանդեպ հավատ և սեր կա, ապա նա անկեղծորեն կզղջա, ցավ կզգա իր սխալ ընթացքի համար։ Հասկանալով, թե որքան բարեսեր ու վեհ է Աստված՝ մեղք գործած անհատը խղճի խայթ կզգա նրա անվանը անպատվություն բերելու պատճառով (հմմտ. Հոբ 42։1-6)։ Դրացու հանդեպ սերը նույնպես կմղի նրան խոր ցավ զգալու այն բանի համար, որ վնաս է պատճառել ուրիշներին, վատ օրինակ է թողել, ինչը թերևս արատավորել է Աստծու ժողովրդի համբավը։ Այդպիսի մարդը կջանա ներում ստանալ, քանի որ ցանկանում է պատիվ բերել Աստծու անվանը և բարին գործել դրացու հանդեպ (1Թգ 8։33, 34; Սղ 25։7-11; 51։11-15; Դն 9։18, 19)։ Զղջացող մարդու «սիրտը կոտրված է», նա ջախջախված է, ընկճված (Սղ 34։18; 51։17; Ես 57։15) և «խորապես հարգում է [Աստծու] խոսքը», որը կոչ է անում զղջալու (Ես 66։2)։ Նա «ահուդողով գալիս է Եհովայի մոտ, որ կրկին զգա նրա բարությունը» (Օս 3։5)։ Երբ Դավիթը անմիտ արարք գործեց՝ մարդահամար անելով, «նրա սիրտը սկսեց դատապարտել իրեն» (2Սմ 24։10)։
Անհատը պետք է վճռականորեն մերժի սխալ ընթացքը, ողջ սրտով ատի այն և զզվի դրանից (Սղ 97։10; 101։3; 119։104; Հռ 12։9; հմմտ. Եբ 1։9; Հդ 23), քանի որ «Եհովայից վախենալ նշանակում է ատել չարը», այդ թվում՝ ինքնամեծարումը, հպարտությունը, չար ընթացքն ու ապականված խոսքը (Առ 8։13; 4։24)։ Բացի այդ՝ նա պետք է սիրի արդարությունը և վճռի այդուհետ չշեղվել ճիշտ ընթացքից։ Եթե անհատը չատի չարը և չսիրի այն, ինչ ճիշտ է, չի ունենա անհրաժեշտ մղիչ ուժը, որ անկեղծորեն զղջա և դարձի գա։ Ռոբովամ թագավորը, Եհովայի բարկությունն իր վրա զգալով, խոնարհեցրեց իրեն, բայց հետո «արեց այն, ինչը չար էր, որովհետև նա իր սրտում չէր վճռել փնտրել Եհովայի առաջնորդությունը» (2Տգ 12։12-14; հմմտ. Օս 6։4-6)։
Աստծուն հաճելի տխրություն, ոչ թե աշխարհի մարդկանց բնորոշ տխրություն։ Կորնթացիներին գրած իր երկրորդ նամակում Պողոս առաքյալը նշեց, որ նրանք «Աստծուն հաճելի տխրություն» էին զգում առաջին նամակում իր տված խիստ խորհրդի պատճառով (2Կթ 7։8-13)։ Առաքյալը սկզբում «ափսոսացել [հուն.՝ մետամելոմայ]» էր, որ ստիպված էր եղել այդքան խիստ խոսքեր գրել ու ցավ պատճառել նրանց։ Սակայն այդ ափսոսանքն անցավ, երբ նա տեսավ, որ իր խորհուրդը Աստծուն հաճելի տխրություն էր առաջացրել և մղել էր նրանց անկեղծորեն զղջալու (մետանոյա) սխալ մտածելակերպի ու վարքի համար։ Պողոսը գիտեր, որ այդ ցավը օգուտ էր բերել կորնթացիներին և նրանց «ոչ մի վնաս» չէր պատճառել։ Նրանք նույնպես չպետք է ափսոսային զղջման մղող տխրության համար, քանի որ դրա շնորհիվ մնացին փրկության տանող ճանապարհին։ Այդ տխրությունը օգնեց, որ կորնթացի քրիստոնյաները չվերադառնան նախկին գործերին, պաշտպանեց հավատուրացությունից, ինչպես նաև հավիտենական կյանքի հույս տվեց նրանց։ Պողոսը Աստծուն հաճելի տխրությունը հակադրեց «աշխարհի մարդկանց բնորոշ տխրությանը, [որը] մահվան է տանում»։ Աշխարհի մարդկանց բնորոշ տխրությունը առաջանում է ոչ թե հավատի, Աստծու և արդարության հանդեպ սիրո արդյունքում, այլ անհաջողության, հիասթափության, կորստի, սխալի համար պատժվելու և ամոթի զգացումի պատճառով (հմմտ. Առ 5։3-14, 22, 23; 25։8-10)։ Հաճախ այն ուղեկցվում է դառնության, վրդովմունքի, նախանձի զգացումներով և տևական օգուտ չի բերում, չի նպաստում բարեփոխվելուն ու չի տալիս ամուր հույս (հմմտ. Առ 1։24-32; 1Թղ 4։13, 14)։ Այդպիսի տխրությամբ համակված մարդը վշտանում է ոչ թե մեղք գործելու և Աստծու անվանը բիծ բերելու, այլ մեղքի տհաճ հետևանքների պատճառով (Ես 65։13-15; Եր 6։13-15, 22-26; Հտն 18։9-11, 15, 17-19; հմմտ. Եզկ 9։4)։
Դա երևում է Կայենի օրինակից։ Նա առաջին մարդն էր, ում Աստված հորդորեց զղջալ։ Աստված զգուշացրեց Կայենին, որ «թողնի իր բռնած ուղին ու բարին անի», որպեսզի մեղքը չտիրի նրան։ Սակայն վերջինս չզղջաց իր ուժգին ատելության համար, այլ տրվեց դրան ու սպանեց իր եղբորը։ Երբ Աստված հարցրեց նրան եղբոր մասին, նա ստեց։ Աստծու դատավճիռը լսելուց հետո միայն Կայենը ափսոսանք արտահայտեց։ Սակայն նա ափսոսում էր ոչ թե իր գործած չարիքի, այլ իրեն սպասող խիստ պատժի համար (Ծն 4։5-14)։ Այդպես Կայենը ցույց տվեց, որ «Չարից էր» (1Հվ 3։12)։
Աշխարհի մարդկանց բնորոշ տխրություն արտահայտեց նաև Եսավը, երբ իմացավ, որ իր եղբայր Հակոբն էր ստանալու առաջնեկին հասանելիք օրհնությունը (ավելի վաղ Եսավը առաջնեկության իրավունքը առանց ափսոսալու վաճառել էր Հակոբին) (Ծն 25։29-34)։ Եսավը «բարձր ձայնով ու աղաղակով դառնագին լաց» եղավ, բայց դա ամենևին էլ զղջման (մետանոյա) նշան չէր։ Նա պարզապես փորձում էր արցունք թափելով «համոզել իր հորը, որ փոխի որոշումը» (Ծն 27։34; Եբ 12։17, Int)։ Նա ափսոսում էր իր կորստի համար, ոչ թե այն բանի, որ նյութապաշտ լինելով՝ «արհամարհել էր իր առաջնեկության իրավունքը» (Ծն 25։34)։
Հիսուսին մատնելուց հետո Հուդան «խղճի խայթ զգաց [մետամելոմայ բառի ձևերից]», փորձեց վերադարձնել այն կաշառքը, որ վերցրել էր մատնության դիմաց, և իրեն կախելով՝ ինքնասպանություն գործեց (Մթ 27։3-5)։ Հավանաբար, նա վախեցավ՝ գիտակցելով, որ սարսափելի հանցանք է գործել, և որ Աստծու ահազդու դատաստանն իր նկատմամբ անխուսափելի է (հմմտ. Եբ 10։26, 27, 31; Հկ 2։19)։ Հուդան համակվեց մեղավորության, վհատության և անելանելիության զգացումով, բայց, ինչպես երևում է, նա չզգաց Աստծուն հաճելի տխրություն, որը մղում է զղջալու (մետանոյա)։ Նա իր մեղքը խոստովանեց ոչ թե Աստծուն, այլ հրեա կրոնական առաջնորդներին և սխալմամբ ենթադրեց, որ վերադարձնելով գումարը՝ կմեղմի իր հանցանքը (հմմտ. Հկ 5։3, 4; Եզկ 7։19)։ Հուդան իր գործած հանցանքներին՝ դավաճանությանը և անմեղ մարդու սպանությանը նպաստելուն, ավելացրեց ինքնասպանությունը։ Իսկ Պետրոսը ճիշտ հակառակն արեց։ Իր Տիրոջն ուրանալուց հետո նա սրտանց զղջաց՝ դառնագին լաց լինելով։ Դրա շնորհիվ կրկին արժանացավ Աստծու բարեհաճությանը (Մթ 26։75; հմմտ. Ղկ 22։31, 32)։
Հետևաբար ափսոսանքի զգացումը, խղճի խայթը և արցունքները միշտ չէ, որ վկայում են անկեղծ զղջման մասին։ Որոշիչը սրտի մղումներն են։ Եհովան Օսեեի միջոցով դատապարտեց իսրայելացիներին, քանի որ նրանք նեղությունների մեջ «սրտանց չէին օգնության կանչում իրեն, թեպետև լացուկոծ էին անում իրենց անկողնում»։ Նրանք «կտրվածքներ էին անում իրենց վրա՝ ցորեն ու գինի խնդրելով»։ Թեև իսրայելացիները «փոխեցին իրենց ընթացքը, բայց չգնացին դեպի ավելի վսեմը»։ Աղետի ժամանակ ժողովուրդը օգնության էր կանչում Եհովային, սակայն դա անում էր եսասիրական մղումներով։ Երբ նրանք օգնություն էին ստանում, առիթը չէին օգտագործում, որ վերականգնեն Աստծու հետ մտերմությունը՝ անշեղորեն հետևելով նրա բարձր չափանիշներին (հմմտ. Ես 55։8-11)։ Նրանք «թուլացած լարով աղեղի» պես էին, որով անհնար է խոցել նշանակետը (Օս 7։14-16; հմմտ. Սղ 78։57; Հկ 4։3)։ Ծոմ պահելը, լաց լինելը և ողբալը տեղին էին, բայց միայն այն դեպքում, երբ զղջացող մարդիկ «պատռում էին իրենց սրտերը», ոչ թե հանդերձները (Հվլ 2։12, 13; տես ԾՈՄ; ՍՈՒԳ)։
Մեղքը խոստովանելը։ Զղջացող մարդը խոնարհեցնում է իրեն և Աստծու «բարեհաճությունն է փնտրում» (2Տգ 7։13, 14; 33։10-13; Հկ 4։6-10)՝ ներում աղերսելով (Մթ 6։12)։ Նա վարվում է ոչ թե Հիսուսի առակի ինքնագոհ փարիսեցու, այլ հարկահավաքի պես, ով իր կուրծքն էր ծեծում՝ ասելով. «Ի՛մ Աստված, գթասիրտ եղիր ինձ նման մեղսագործի հանդեպ» (Ղկ 18։9-14)։ Հովհաննես առաքյալը գրեց. «Եթե ասում ենք, թե ոչ մի մեղք չունենք, ինքներս մեզ խաբում ենք, և ճշմարտություն չկա մեր մեջ։ Եթե խոստովանում ենք մեր մեղքերը, նա ներում է մեզ և մաքրում ամեն անարդարությունից, որովհետև հավատարիմ է ու արդար» (1Հվ 1։8, 9)։ «Իր մեղքերը թաքցնողը հաջողություն չի ունենա, բայց ով խոստովանում է դրանք ու այլևս չի կրկնում, նրա հանդեպ գթասրտություն կցուցաբերվի» (Առ 28։13; հմմտ. Սղ 32։3-5; Հս 7։19-26; 1Տմ 5։24)։
Մեղքերի անկեղծ խոստովանության օրինակ է Դանիելի աղոթքը՝ գրված Դանիել 9։15-19-ում։ Այդ աղոթքում մարգարեն նախևառաջ կենտրոնացավ Եհովայի անվան սրբացման վրա։ Նա նաև ասաց. «Մենք աղերսագին դիմում ենք քեզ ոչ թե նրա համար, որ արդար գործեր ենք անում, այլ նրա համար, որ շատ գթասիրտ ես»։ Մեկ այլ օրինակ է կորած որդին, ով խոնարհաբար ընդունեց իր մեղքերը (Ղկ 15։17-21)։ Անկեղծորեն զղջացող մարդիկ իրենց «ձեռքերը դեպի Աստված» են բարձրացնում և «անկեղծ սրտով նրան դիմում»՝ խոստովանելով իրենց մեղքը և ներում խնդրելով (Ողբ 3։40-42)։
Միմյանց խոստովանել մեղքերը։ Հակոբոս աշակերտը խորհուրդ տվեց. «Միմյանց ազնվորեն խոստովանեք ձեր մեղքերը և աղոթեք իրար համար, որպեսզի բուժվեք» (Հկ 5։16)։ Դա չի նշանակում, որ որևէ մարդ կարող է մեղք գործած անհատի համար «օգնական [«բարեխօս», ԱԹ]» լինել Աստծու մոտ։ Այդ դերը միայն Քրիստոսին է տրված, ով հաշտության զոհ դարձավ (1Հվ 2։1, 2)։ Մարդն ի վիճակի չէ քավել իր կամ մեկ ուրիշի մեղքերը, քանի որ չի կարող փրկագին վճարել Աստծուն (Սղ 49։7, 8)։ Այդուհանդերձ, քրիստոնյաները կարող են օգնել միմյանց։ Նրանք կարող են աղոթել Աստծուն, որ աջակցի և զորացնի մեղք գործած հավատակցին, ով օգնություն է փնտրում։ Թեև Աստված չի փոխի իր արդար չափանիշները (որովհետև մեղքերը միայն Քրիստոսի քավիչ զոհի շնորհիվ են ներվում), սակայն հաշվի կառնի նրանց աղոթքները (տես ԱՂՈԹՔ, «Ինչպես է Աստված պատասխանում աղոթքներին»)։
Դարձի գալ՝ հետ դառնալ։ Երբ անհատը զղջում է, նա հետ է կանգնում սխալ ճանապարհից, հրաժարվում է Աստծուն տհաճ ապրելակերպից և վճռում է ճիշտ ուղով գնալ։ Եթե նրա զղջումը անկեղծ է, դրան հաջորդում է դարձի գալը (Եզկ 18։28)։ Եբրայերեն և հունարեն բայերը, որոնք կապ ունեն «դարձի գալ» (եբր.՝ շուվ, հուն.՝ ստրեֆո, էպիստրեֆո ) արտահայտության հետ, նշանակում են «վերադառնալ», «հետ դառնալ», «շրջվել» (Ծն 18։10; Հս 8։21; Սղ 119։79; Առ 15։1; Հվ 12։40; 21։20; Գրծ 15։36)։ Հոգևոր իմաստով դա կարող է վերաբերել կա՛մ նրան, որ մարդը հեռանում է, երես է թեքում Աստծուց (ու հետևաբար կրկին կանգնում է մեղքի ճանապարհին [Թվ 14։43; Եր 17։5]), կա՛մ որ հեռանում է սխալ ճանապարհից ու վերադառնում Աստծու մոտ (1Թգ 8։33)։
Մարդը դարձի չի գալիս՝ պարզապես փոխելով իր վերաբերմունքը կամ ասելով, որ դարձի է եկել։ Նա պետք է նաև «զղջմանը համապատասխանող գործեր անի» (Գրծ 26։20; Մթ 3։8)։ «Դարձի գալ» նշանակում է ամբողջ սրտով ու ամբողջ հոգով «փնտրել» Եհովային, նրա առաջնորդությունը (2Օր 4։29, ծնթ.; 1Թգ 8։48; Եր 29։12-14)։ Դա նշանակում է ձգտել արժանանալ Աստծու հավանությանը՝ «հնազանդվելով նրան»՝ լսելով նրա ձայնին, որը հնչում է նրա Խոսքի էջերից (2Օր 4։30; 30։2, 8), «հասկանալ նրա ճշմարտությունը», այսինքն՝ ավելի լավ ըմբռնել և մեծապես գնահատել նրա ճանապարհներն ու կամքը (Դն 9։13), պահել ու կատարել նրա պատվիրանները (Նեմ 1։9; 2Օր 30։10; 2Թգ 23։24, 25), «միշտ հավատարիմ սեր դրսևորել ու արդարությամբ վարվել», հույսը միշտ նրա վրա դնել (Օս 12։6), դադարել կռապաշտությամբ զբաղվելուց և ստեղծվածներին աստվածացնելուց, «սիրտը ամբողջությամբ Եհովային նվիրել, միայն նրան ծառայել» (1Սմ 7։3; Գրծ 14։11-15; 1Թղ 1։9, 10), ինչպես նաև քայլել նրա ճանապարհներով, ոչ թե հետևել ազգերի սովորույթներին (Ղև 20։23) կամ ընթանալ սեփական ճանապարհով (Ես 55։6-8)։ Աղոթքները, զոհաբերությունները, ծոմապահություններն ու սուրբ տոներ նշելը անիմաստ են և ոչ մի արժեք չունեն Աստծու համար, եթե անհատը չի անում բարի գործեր, չի վարվում արդարությամբ ու գթասրտությամբ, փոխարենը բռնություն է գործադրում և կեղեքում է ուրիշներին (Ես 1։10-19; 58։3-7; Եր 18։11)։
Վերոնշյալ բաներն անելու համար մարդը պետք է «նոր սիրտ ու նոր ոգի ձեռք բերի» (Եզկ 18։31)։ Մտածելակերպի, մղումների ու նպատակների փոփոխությունը նրա մեջ նոր մտայնություն, տրամադրվածություն և բարոյական ուժ է առաջ բերում։ Փոխելով իր կյանքի ընթացքը՝ անհատը «հագնում է նոր անձնավորությունը, որը համապատասխան է Աստծու ուզածին, իսկապես արդարությամբ է վարվում և նվիրված է» (Եփ 4։17-24)։ Այդ նոր անձնավորությունը հեռու է մնում անբարոյականությունից, ագահությունից, խուսափում է նվաստացուցիչ խոսքեր ասելուց ու բռնություն գործելուց (Կղ 3։5-10; հմմտ. Օս 5։4-6)։ Աստված այդպիսի մարդու վրա «իր ոգին է թափում»՝ տալով իմաստություն ու հայտնելով իր խոսքերը (Առ 1։23; հմմտ. 2Տմ 2։25)։
Փաստորեն, անկեղծ զղջումը խոր ազդեցություն է գործում մարդու վրա. այն ուժ է տալիս նրան և մղում դարձի գալու (Գրծ 3։19)։ Ահա թե ինչու Հիսուսն խորհուրդ տվեց Լաոդիկեայի ժողովին. «Նախանձախնդիր եղիր և զղջա» (Հտն 3։19; հմմտ. Հտն 2։5; 3։2, 3)։ Պետք է ակնհայտ լինի, որ զղջացող անհատը ջանքեր է թափում, մաքրում է իր համբավը, ունի աստվածավախություն և սխալն ուղղելու մեծ ցանկություն (2Կթ 7։10, 11)։ Եթե նա չի ձգտում շտկել իր գործած սխալները, ուրեմն անկեղծորեն չի զղջում (հմմտ. Եզկ 33։14, 15; Ղկ 19։8)։
«Նորահավատ», «նորադարձ» (ԱՆԹ, ԷԹ) բառը հունարենում (նեոֆիտոս) բառացի նշանակում է «նոր տնկված» կամ «նոր աճած» (1Տմ 3։6)։ Այդպիսի տղամարդը չպետք է վերակացու նշանակվի ժողովում, որպեսզի «հպարտությամբ չլցվի ու չարժանանա այնպիսի դատավճռի, ինչպիսին Բանսարկուի համար է կայացվել»։
Որո՞նք են այն «փուչ գործերը», որոնց համար քրիստոնյաները պետք է զղջան
Եբրայեցիներ 6։1, 2-ում ասվում է, որ «Քրիստոսի մասին տարրական ուսմունքները» ներառում են «փուչ գործերի համար զղջալը, Աստծուն հավատալը», ինչպես նաև «մկրտությունները, ձեռքերը դնելը, մահացածների հարությունը և վերջնական դատաստանը»։ «Փուչ գործեր» արտահայտությունը (որը հանդիպում է միայն Եբ 6։1-ում և 9։14-ում) ակներևաբար վերաբերում է ոչ միայն մեղավոր մարմնի գործերին, որոնք մահվան են տանում (Հռ 8։6; Գղ 6։8), այլև փուչ, դատարկ ու անպտուղ գործերին։
Դրանցից են, օրինակ, այն գործերը, որոնցով մարդիկ փորձում են արդարացնել իրենց կամ իրենց ձևով հասնել արդարությանը՝ հաշվի չառնելով Հիսուս Քրիստոսին և նրա քավիչ զոհը։ Այդպես էին վարվում հրեա կրոնական առաջնորդները և շատ այլ մարդիկ. ձևականորեն պահելով Օրենքը՝ նրանք «փուչ գործեր» էին անում, քանի որ անտեսում էին կարևոր մի բան՝ հավատը (Հռ 9։30-33; 10։2-4)։ Հետևանքը եղավ այն, որ նրանց համար Հիսուս Քրիստոսը, ում Աստված նշանակեց որպես «գլխավոր Առաջնորդ.... որ Իսրայելը կարողանա զղջալ ու մեղքերի ներում ստանալ», գայթակղության քար դարձավ (Գրծ 5։31-33; 10։43; 20։21)։ Բացի այդ՝ երբ Հիսուս Քրիստոսը կատարեց Օրենքը, այն պահելը (ասես դեռ ուժի մեջ էր) «փուչ գործ» դարձավ (Գղ 2։16)։ Բոլոր բարի գործերը վերածվում են «փուչ գործերի», եթե չեն արվում Աստծու և դրացու հանդեպ սիրուց մղված (1Կթ 13։1-3)։ Իր հերթին սերը պետք է դրսևորվի «գործով և անկեղծությամբ»՝ Աստծու կամքին և ճանապարհներին ներդաշնակ, որոնց մասին նշված է նրա Խոսքում (1Հվ 3։18; 5։2, 3; Մթ 7։21-23; 15։6-9; Եբ 4։12)։ Նա, ում հավատը մղում է իրեն գալ Աստծու մոտ Հիսուս Քրիստոսի միջոցով, պետք է զղջա այն բոլոր գործերի համար, որոնք իրավամբ կարելի է անվանել «փուչ գործեր», և այդուհետ ջանա խուսափել դրանցից։ Արդյունքում նրա խիղճը կմաքրվի (Եբ 9։14)։
Բացառությամբ Հիսուսի մկրտության՝ մկրտությունը (ջրում ընկղմվելը) Աստծու կողմից սահմանված էր որպես զղջման խորհրդանիշ թե՛ հրեաների համար, ովքեր չպահեցին նրա հետ կապած ուխտը, երբ այն ուժի մեջ էր, թե՛ այլազգիների, ովքեր դարձի եկան, որ սուրբ ծառայություն մատուցեն նրան (Մթ 3։11; Գրծ 2։38; 10։45-48; 13։23, 24; 19։4; տես ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ)։
Չզղջացող մարդիկ։ Անկեղծորեն չզղջալու պատճառով Իսրայելի և Հուդայի բնակիչները գերեվարվեցին, Երուսաղեմը երկու անգամ կործանվեց, և ի վերջո Աստված ամբողջովին մերժեց Իսրայելի ազգը։ Թեև Աստված նախատում էր ժողովրդին, նրանք չէին վերադառնում իր մոտ, այլ «կռվի սլացող ձիու նման.... նորից բռնում էին այն ուղին, որով մարդկանց մեծամասնությունն է գնում» (Եր 8։4-6; 2Թգ 17։12-23; 2Տգ 36։11-21; Ղկ 19։41-44; Մթ 21։33-43; 23։37, 38)։ Մարդիկ զղջալու և դարձի գալու ցանկություն չունեին իրենց սրտում, այդ պատճառով այն ամենը, ինչ նրանք տեսնում էին և լսում, հասկացողություն ու գիտելիք չէր տալիս. նրանց սիրտը ծածկված էր «քողով» (Ես 6։9, 10; 2Կթ 3։12-18; 4։3, 4)։ Իրավիճակը բարդացնում էին անհավատարիմ կրոնական առաջնորդները, սուտ մարգարեներն ու մարգարեուհիները, որոնք «չարագործին զորացնում էին, ու նա հետ չէր դառնում իր չար ճանապարհից» (Եր 23։14; Եզկ 13։17, 22, 23; Մթ 23։13, 15)։ Համաձայն Քրիստոնեական Հունարեն Գրվածքներում արձանագրված մարգարեությունների՝ ապագայում նույնպես շատ մարդիկ մերժելու էին Աստծու տված նախազգուշացումներն ու զղջման կոչերը։ Դրանցում կանխագուշակված էր, որ նրանց կրած չարչարանքներն ու տառապանքները այն աստիճան էին կարծրացնելու և դառնացնելու նրանց սրտերը, որ նրանք սկսելու էին անարգել Աստծու անունը։ Սակայն այդ դժվարությունների ու պատուհասների սկզբնապատճառը ոչ թե Աստված էր լինելու, այլ այն, որ նրանք մերժում էին նրա արդար ճանապարհները (Հտն 9։20, 21; 16։9, 11)։ Այդ մարդիկ իրենց վրա «Աստծու ցասումն էին դիզելու»։ Այն թափվելու էր նրանց վրա, երբ Աստված «արդար դատաստան տեսներ» (Հռ 2։5)։
Ոմանց դեպքում զղջալն անհնար է։ Նրանք, ովքեր «ճշմարտությունը ստույգ իմանալուց հետո շարունակում են դիտավորյալ մեղք գործել», «անհնար է, որ կրկին զղջման բերվեն», քանի որ անտեսում են այն նպատակը, ինչի համար Աստծու Որդին մահացավ, և ինքնաբերաբար դառնում են նրան մահվան դատապարտող մարդկանց կողմնակիցները։ Ըստ էության, «նրանք էլ իրենց հերթին են սյանը գամում Աստծու Որդուն և հրապարակորեն խայտառակում են նրան» (Եբ 6։4-8; 10։26-29)։ Դա աններելի մեղք է (Մկ 3։28, 29)։ «Լավ կլիներ՝ նրանք չիմանային արդարության ճանապարհը, քան իմանալուց հետո երես թեքեին իրենց տրված սուրբ պատվիրանից» (2Պտ 2։20-22)։
Քանի որ Ադամն ու Եվան կատարյալ էին և շատ լավ հասկացել էին Աստծու տված հստակ պատվերը, ակնհայտ է, որ նրանք գիտակցաբար մեղք գործեցին, և դա հնարավոր չէր արդարացնել մարդկային թուլությամբ կամ անկատարությամբ։ Այդ իսկ պատճառով Աստված զղջալու հորդոր չտվեց նրանց (Ծն 3։16-24)։ Նույնը կարելի է ասել այն ոգեղեն անձնավորության մասին, ով առաջին մարդկանց ըմբոստության դրդեց։ Նա և իրեն միացած մյուս հրեշտակները հավիտենական կործանման են դատապարտված (Ծն 3։14, 15; Մթ 25։41)։ Հուդան անկատար մարդ էր։ Թեև նա սերտորեն շփվում էր Աստծու Որդու հետ, սակայն մատնեց նրան։ Ահա թե ինչու Հիսուսը «կործանման որդի» կոչեց նրան (Հվ 17։12)։ «Կործանման որդի» է կոչվում նաև հավատուրաց «անօրեն մարդը» (2Թղ 2։3, ծնթ.; տես ՀԱԿԱՔՐԻՍՏՈՍ; ՀԱՎԱՏՈՒՐԱՑՈՒԹՅՈՒՆ; ԱՆՕՐԵՆ ՄԱՐԴ)։ Երբ Հիսուսը գա իր թագավորական իշխանությամբ ու դատի մարդկությանը, բոլոր նրանք, ովքեր կդասվեն փոխաբերական այծերի շարքին, նույնպես չեն ստանա զղջալու հորդոր և «կարժանանան հավիտենական մահվան» (Մթ 25։33, 41-46)։
Հարությունը զղջալու հնարավորություն է տալու։ Հիսուսը, դիմելով առաջին դարի որոշ հրեական քաղաքների, նշեց նրանց սպասող ապագա Դատաստանի օրվա մասին (Մթ 10։14, 15; 11։20-24)։ Նրա խոսքերը մատնանշում են, որ այդ քաղաքների առնվազն որոշ բնակիչներ հարություն կառնեն։ Նրանք հնարավորություն կունենան խոնարհաբար զղջալու և «դարձի գալու», այսինքն՝ Քրիստոսի միջոցով Աստծու մոտ վերադառնալու, թեև նրանց համար դա շատ դժվար կլինի այն պատճառով, որ անցյալում չեն զղջացել։ Նրանք, ովքեր չեն զղջա, հավիտյան կկործանվեն (հմմտ. Հտն 20։11-15; տես ԴԱՏԱՍՏԱՆԻ ՕՐ)։ Իսկ ովքեր դպիրների ու փարիսեցիների պես հոժարակամորեն ու գիտակցաբար ընդդիմանում են Աստծու ոգուն, որը գործում է Քրիստոսի միջոցով, հարություն չեն առնի և հետևաբար չեն կարողանա «խուսափել դատվելուց ու գեհենը գցվելուց» (Մթ 23։13, 33; Մկ 3։22-30)։
Սյանը գամված հանցագործը։ Հիսուսն իր կողքին գամված հանցագործին, ով հավատ դրսևորեց իր հանդեպ, խոստացավ, որ նա դրախտում կլինի (Ղկ 23։39-43; տես ԴՐԱԽՏ)։ Ոմանց կարծիքով՝ այդ խոստումը հավիտենական կյանք էր երաշխավորում հանցագործին, սակայն վերոնշյալ աստվածաշնչյան համարները թիկունք չեն կանգնում այդ կարծիքին։ Ճիշտ է, այդ մարդն ընդունեց, որ ի տարբերություն անմեղ Հիսուսի՝ ինքը մեղավոր է հանցանքներ գործելու մեջ (Ղկ 23։41), սակայն հայտնի չէ, թե արդյոք նա ատեց չարը և սիրեց արդարությունը։ Սյան վրա մահանալիս նա, ինչ խոսք, չէր կարող դարձի գալ և «զղջմանը համապատասխանող գործեր անել»։ Նա նաև մկրտված չէր (Գրծ 3։19; 26։20)։ Այս ամենը հաշվի առնելով՝ կարելի է եզրակացնել, որ երբ այդ հանցագործը հարություն առնի, հնարավորություն կստանա անելու այդ քայլերը և ցույց տալու իր անկեղծ զղջումը (հմմտ. Հտն 20։12, 13)։
Եթե Աստված կատարյալ է, ինչպե՞ս կարող է «ափսոսալ» ինչ-որ բանի համար
Աստվածաշնչում եբրայերեն նախամ բառը «ափսոսալ» իմաստով հիմնականում գործածվում է Եհովա Աստծու առնչությամբ։ Ծննդոց 6։6, 7-ում ասվում է. «Եհովան ափսոսաց, որ երկրի վրա ստեղծել է մարդուն, և նրա սիրտը տխրությամբ լցվեց»։ Մարդիկ այն աստիճան չար էին դարձել, որ նա որոշեց ջրհեղեղով բնաջնջել նրանց երկրի երեսից։ Դա չի նշանակում, որ Աստված ափսոսանք զգաց այն պատճառով, որ արարելիս ինչ-որ բան սխալ էր արել, չէ՞ որ «նրա գործերը կատարյալ են» (2Օր 32։4, 5)։ Ափսոսանքի զգացումը բավարարվածության և ուրախության զգացումների հակառակն է։ Տեսնելով, թե իր ստեղծած մարդիկ որքան են չարացել՝ Աստված թերևս ափսոսաց, որ այժմ պարտավորված է (ինչն արդարացի էր), բացի Նոյից ու նրա ընտանիքից, բոլորին կործանել, թեպետ իր համար «հաճելի չէ մեղսագործի մահը» (Եզկ 33։11)։
Մակ-Քլինթոկի և Սթրոնգի հանրագիտարանում գրված է. «Ասվում է, որ Աստված զղջում է [նախամ, նշանակում է «ափսոսալ»]։ Սակայն դա կարելի է հասկանալ միայն այն իմաստով, որ նա սկսում է այլ կերպ վարվել իր ստեղծածների հանդեպ՝ կա՛մ բարիք անելով նրանց, կա՛մ չարիք բերելով նրանց վրա։ Աստծու վարվելակերպի այս փոփոխությունը բխում է իր ստեղծած էակների վարվելակերպի փոփոխությունից։ Այդ պատճառով մարդուն հասկանալի լեզվով ասվում է, որ Աստված զղջում է» (J. M’Clintock, J. Strong, Cyclopædia, 1894, հտր VIII, էջ 1042)։ Աստծու արդար չափանիշները հարատև, կայուն, անփոփոխ և անխախտ են (Մղք 3։6; Հկ 1։17)։ Ոչինչ չի կարող փոխել Աստծու վերաբերմունքը իր չափանիշների հանդեպ, ստիպել նրան հրաժարվել դրանցից կամ անտեսել դրանք։ Սակայն նրա ստեղծած բանական էակները տարբեր կերպ են վերաբերվում նրա կատարյալ չափանիշներին, ինչպես նաև այն բանին, թե նա ինչպես է գործադրում դրանք։ Եթե նրանք դրականորեն են վերաբերվում, Աստված ուրախանում է, իսկ եթե բացասաբար են վերաբերվում, նրա մեջ ափսոսանքի զգացում է առաջանում։ Բացի այդ՝ նրանց վերաբերմունքը կարող է փոխվել դրականից բացասական կամ բացասական դրական, և քանի որ Աստված չի փոխում իր չափանիշները, որ հաճեցնի իր ստեղծածներին, նրանց վերաբերմունքի փոփոխությունը կարող է պատճառ դառնալ, որ նրա ուրախությունը (ինչը օրհնություններ է բերում) վերածվի ափսոսանքի (ինչը խրատ ու պատիժ է բերում) և հակառակը։ Աստծու դատավճիռներն ու որոշումները սխալական չեն լինում, դրանցում քմահաճույքի, փոփոխականության և անհուսալիության նշույլ անգամ չկա։ Նրան բնորոշ չէ անկանխատեսելի, անմտածված ու տարօրինակ արարքներ գործելը (Եզկ 18։21-30; 33։7-20)։
Երբ բրուտի պատրաստած անոթը «նրա ձեռքի մեջ վնասվում» է, նա մեկ ուրիշ անոթ է պատրաստում (Եր 18։3, 4)։ Այս օրինակով Եհովան նկատի չունի, թե նման է անկատար բրուտի, ով կարող է վնասել կամ կոտրել իր ձեռքի աշխատանքը, այլ ուզում է ասել, որ ինքը՝ որպես Արարիչ, իշխանություն ունի մարդկանց վրա, իշխանություն՝ փոխելու նրանց հանդեպ իր վերաբերմունքը՝ ըստ այն բանի, թե նրանք ինչպես են արձագանքում իր արդարությանն ու գթասրտությանը (հմմտ. Ես 45։9; Հռ 9։19-21)։ Այդ պատճառով նա կարող է «ափսոսալ ու չբերել այն աղետը, որը որոշել է [իր ժողովրդի] վրա բերել», կամ ափսոսալ «և չանել այն լավ բաները, որ որոշել է [նրա] համար անել»՝ կախված այն բանից, թե ժողովուրդն ինչպես է արձագանքում իր արածներին ու հորդորներին (Եր 18։5-10, ծնթ.)։ Այսպիսով՝ ոչ թե Մեծ Բրուտը՝ Եհովան է սխալներ անում, այլ «կավը»՝ մարդ արարածն է փոխվում։ Փոխվում է նրա սրտի վիճակը, և դա Եհովայի մեջ ափսոսանք է առաջացնում, այսինքն՝ փոխվում են Նրա զգացմունքները։
Դա այդպես է թե՛ առանձին անհատների, թե՛ ազգերի պարագայում։ Այն փաստը, որ Եհովա Աստված իր որոշ ծառաների մասին խոսելիս ասում է, որ «ափսոսում է», ցույց է տալիս, որ նա չի կանխորոշում որևէ մեկի ապագան։ Այդ ծառաներից էր Սավուղ թագավորը, ով շեղվեց արդար ընթացքից (տես ԿԱՆԽԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ԿԱՆԽՈՐՈՇՈՒՄ)։ Աստված ափսոսանք արտահայտեց Սավուղի վարվելակերպի համար, սակայն դա չի նշանակում, որ նա սխալվել էր՝ նրան թագավոր ընտրելով, ու դրա համար էր ափսոսում։ Աստված ափսոսում էր, որ Սավուղը, ունենալով ազատ կամք, չգնահատեց իրեն ընձեռված պատիվն ու հնարավորությունը, ինչպես նաև ափսոսում էր, որ փոխելու էր նրա հանդեպ իր վերաբերմունքը, քանի որ Սավուղն ինքն էր փոխվել (1Սմ 15։10, 11, 26)։
Սավուղի դեմ Աստծու կայացրած վճիռը հայտնելիս Սամուել մարգարեն ասաց. «Իսրայելի Գերազանցությունը սուտ դուրս չի գա և չի ափսոսա, քանի որ Նա մարդ չէ, որ ափսոսա» (1Սմ 15։28, 29, ծնթ.)։ Մարդիկ հաճախ չեն պահում իրենց խոսքը, չեն կատարում իրենց տված խոստումները և խախտում են կնքված համաձայնագրերի պայմանները։ Լինելով անկատար՝ նրանք սխալ դատողություններ են անում և հետո ափսոսանք ապրում։ Մինչդեռ Աստծու պարագայում նման բան երբեք չի լինում (Սղ 132։11; Ես 45։23, 24; 55։10, 11)։
Օրինակ՝ Աստված «շնչավոր էակների» հետ ուխտ կապեց, ինչը անխախտ երաշխիք էր, որ նա այլևս երբեք ջրհեղեղ չէր բերելու երկրի վրա (Ծն 9։8-17)։ Աստված ոչ մի դեպքում չի փոխի իր վերաբերմունքը այդ ուխտի հանդեպ և չի ափսոսա դրա համար։ Նմանապես՝ երբ նա Աբրահամի հետ ուխտ կապեց, «երդում տվեց» որպես «ասվածի ճշմարտացիության երաշխիք», որպեսզի «խոստումը ստացողներին ավելի հստակ ցույց տա, որ իր նպատակն անփոփոխ է»։ «Այդ երկու բաները [նրա խոստումն ու երդումը] անփոփոխ են, հետևաբար փաստում են, որ անհնար է՝ Աստված սուտ խոսի» (Եբ 6։13-18)։ Աստված նաև երբեք «չի ափսոսա», որ երդվելով ուխտ է կապել իր Որդու հետ, համաձայն որի՝ վերջինս Մելքիսեդեկի նման քահանա է լինելու (Եբ 7։20, 21, ծնթ.; Սղ 110։4, ծնթ.; հմմտ. Հռ 11։29)։
Սակայն խոստում տալով կամ ուխտ կապելով՝ Աստված կարող է պահանջներ՝ պայմաններ ներկայացնել, որոնք պետք է կատարեն նրանք, ում տրվում է խոստումը կամ ում հետ կապվում է ուխտը։ Աստված Իսրայելին խոստացավ, որ նա իր «հատուկ սեփականությունը» կդառնա ու «քահանայական թագավորություն և սուրբ ազգ» կլինի, եթե անվերապահորեն հնազանդվի իրեն ու պահի իր ուխտը (Ելք 19։5, 6)։ Աստված պահում էր այդ ուխտի պայմանները, իսկ Իսրայելը՝ ոչ։ Ժողովուրդը նորից ու նորից խախտում էր դրանք (Մղք 3։6, 7; հմմտ. Նեմ 9։16-19, 26-31)։ Ուստի երբ Աստված ի վերջո անվավեր դարձրեց ուխտը, նա բոլոր հիմքերն ուներ այդպես անելու։ Միմիայն անհավատարիմ իսրայելացիներն էին պատասխանատվություն կրում այն բանի համար, որ այդ խոստումը չիրագործվեց (Մթ 21։43; Եբ 8։7-9)։
Սակայն եթե Աստծուն վիրավորողները ականջ են դնում նրա տված նախազգուշացմանը և փոխում են իրենց տրամադրվածությունն ու վարքը, նա կարող է ափսոսանք զգալ և չպատժել նրանց (2Օր 13։17; 2Սմ 24։16)։ Եթե նրանք վերադառնում են Աստծու մոտ, նա էլ «վերադառնում» է նրանց մոտ (Զք 8։3; Մղք 3։7)։ Այդ դեպքում Աստված ոչ թե ցավ է զգում, այլ ուրախություն, քանի որ նրան չի ուրախացնում մեղսագործի մահը (Ղկ 15։10; Եզկ 18։32)։ Թեև Աստված երբեք հետ չի կանգնում իր արդար չափանիշներից, նա խրախուսում է մարդկանց վերադառնալ իր մոտ և օգնության ձեռք է մեկնում։ Աստված մեծահոգաբար հրավիրում է նրանց վերադառնալ իր մոտ, տարածում է ձեռքերը և իր ներկայացուցիչների միջոցով ասում. «Հետ դարձեք, խնդրում եմ.... այլապես ես աղետ կբերեմ ձեզ վրա»։ Նա նաև հորդորում է. «Խնդրում եմ, մի՛ արեք այդ նողկալի գործերը, որոնք ես ատում եմ» (Ես 65։1, 2; Եր 25։5, 6; 44։4, 5)։ Աստված բավականաչափ ժամանակ է տալիս մարդկանց, որ փոխվեն (Նեմ 9։30; հմմտ. Հտն 2։20-23), և մեծ համբերություն ու մեծահոգություն է դրսևորում, «որովհետև չի ցանկանում, որ որևէ մեկը կործանվի, այլ ցանկանում է, որ բոլորը զղջան» (2Պտ 3։8, 9; Հռ 2։4, 5)։ Հնում նրա ուղերձները երբեմն նույնիսկ ուղեկցվում էին զորավոր գործերով՝ հրաշքներով, որոնք օգնում էին լսողներին հասկանալ, որ Աստված է ուղարկել դրանք փոխանցող պատգամաբերներին, և զորացնում էին նրանց հավատը (Գրծ 9։32-35)։ Եթե մարդիկ չեն արձագանքում Աստծու ասածներին, նա խրատում է նրանց։ Եհովան բարեհաճություն չի ցուցաբերում չզղջացող մեղավորների նկատմամբ և զրկում է նրանց իր պաշտպանությունից։ Դրա հետևանքով նրանք սովի են մատնվում, զրկանքներ են կրում և կեղեքվում են թշնամիների կողմից։ Դա կարող է մղել նրանց խելքի գալ, կրկին ակնածանքով լցվել Աստծու հանդեպ և հասկանալ, որ անմտորեն են վարվել ու սխալ արժեքներ են ունեցել (2Տգ 33։10-13; Նեմ 9։28, 29; Ամս 4։6-11)։
Այդուհանդերձ, Աստծու համբերությունն անսահման չէ, ու երբ նրա համբերության բաժակը լցվում է, նա ասում է, որ «հոգնել է խղճալուց [բռց.՝ «ափսոսանք զգալուց»]»։ Այդ դեպքում պատժելու վերաբերյալ նրա որոշումը չի կարող փոխվել (Եր 15։6, 7; 23։19, 20; Ղև 26։14-33)։ Նա ոչ թե պարզապես «մտադրվում» կամ «պատրաստվում» է աղետ բերել մեղսագործների վրա (Եր 18։11; 26։3-6), այլ իրագործում է իր վերջնական ու անխախտ վճիռը (2Թգ 23։24-27; Ես 43։13; Եր 4։28; Սփ 3։8; Հտն 11։17, 18)։
Աստված պատրաստ է ներելու զղջացողներին։ Նա գթասրտորեն ներում ստանալու հնարավորություն է տալիս մարդկանց նույնիսկ այն դեպքում, երբ նրանք նորից ու նորից են սայթաքում։ Այդ հարցում նա հրաշալի օրինակ է իր բոլոր ծառաների համար (Մթ 18։21, 22; Մկ 3։28; Ղկ 17։3, 4; 1Հվ 1։9; տես ՆԵՐՈՒՄ)։