Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • it «Աղոթք»
  • Աղոթք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Աղոթք
  • Աստվածաշնչի ըմբռնում
  • Նմանատիպ նյութեր
  • «Ձեր խնդրուածքները թող յայտնի լինեն Աստուծուն»
    2006 Դիտարան
  • Մոտեցիր Աստծուն աղոթքի միջոցով
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
  • Ինչպես կարող եք մոտենալ Աստծուն
    Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն
Աստվածաշնչի ըմբռնում
it «Աղոթք»

ԱՂՈԹՔ

Հարգալից դիմում՝ ճշմարիտ Աստծուն կամ կեղծ աստվածներին։ Աստծու հետ զրույցը ոչ միշտ կարելի է աղոթք անվանել, ինչպես երևում է այն դեպքից, երբ Աստված դատավճիռ կայացրեց Եդեմում, դա երևում է նաև Աստծու հետ Կայենի զրույցից (Ծն 3։8-13; 4։9-14)։ Աղոթելով մարդը ցույց է տալիս, որ նվիրված է, վստահում է և հարգում նրան, ում աղոթում է, և ընդունում է, որ կախում ունի նրանից։ Աղոթքին վերաբերող եբրայերեն և հունարեն տարբեր բառեր փոխանցում են խնդրելու (երբեմն՝ բարեհաճություն ստանալու համար), աղերսելու, աղաչելու, թախանձելու, պաղատելու, միջնորդելու, բարեխոսելու, ինչպես նաև գովաբանելու, շնորհակալություն հայտնելու և օրհնելու իմաստներ։

Երբեմն բնագրային այդ բառերը գործածվել են այնպիսի համատեքստերում, որտեղ մարդկանց են աղաչանքներ արվում և դիմում խնդրանքով (Ծն 44։18; 50։17; Գրծ 25։21)։ Սակայն այդ դեպքերում «աղոթք» բառը չի կիրառվել կրոնական իմաստով։ Անգամ եթե մարդուն աղաչում կամ խնդրում են ինչ-որ բանի համար, դա չի նշանակում, որ նրան Աստված են համարում։ Մարդուն չեն դիմում մտքում, անձայն և, երբ նրան չեն տեսնում կամ լսում, խնդրանքներ չեն ասում, ինչպես որ անում են Աստծուն աղոթելիս։

«Աղոթքներ Լսող»։ Աստվածաշունչը հստակ ցույց է տալիս, որ Եհովան միակն է, ում հարկավոր է ուղղել աղոթքները (Սղ 5։1, 2; Մթ 6։9), որ նա «աղոթքներ Լսող» է (Սղ 65։2; 66։19) և որ ի զորու է օգնել նրանց, ովքեր դիմում են իրեն (Մկ 11։24; Եփ 3։20)։ Ինչպես երևում է Աստվածաշնչից, կեղծ աստվածներին և դրանց կուռքերին աղոթելը անմտություն է, քանի որ կուռքերը ոչինչ չեն լսում և ոչինչ չեն կարող անել, իսկ այն աստվածները, որոնց դրանք ներկայացնում են, ոչ մի կերպ չեն կարող համեմատվել ճշմարիտ Աստծու հետ (Դտ 10։11-16; Սղ 115։4, 6; Ես 45։20; 46։1, 2, 6, 7)։ Կարմեղոս լեռան վրա տեղի ունեցած դեպքը, որի ժամանակ փաստվեց, որ Եհովան է ճշմարիտ Աստվածը և ոչ թե Բահաղը, հստակ ցույց տվեց, թե որքան անհեթեթ է կեղծ աստվածներին աղոթելը (1Թգ 18։21-39; հմմտ. Դտ 6։28-32)։

Թեև ոմանք կարծում են, թե կարելի է աղոթել ոչ միայն Աստծուն, այլև Աստծու Որդուն կամ ուրիշներին, սակայն Աստվածաշունչը դրա համար ոչ մի հիմք չի տալիս։ Հազվագյուտ դեպքերում մարդիկ դիմել են Հիսուս Քրիստոսին նրա՝ երկինք համբարձվելուց հետո։ Օրինակ՝ մահից առաջ Ստեփանոսը դիմեց նրան՝ ասելով. «Տե՛ր Հիսուս, ընդունիր իմ կյանքը» (Գրծ 7։59)։ Սակայն համատեքստից պարզ է դառնում, թե ինչու այս դեպքում նա այդպիսի խոսքեր ասաց։ Ստեփանոսն այդ պահին տեսիլքում տեսավ Հիսուսին, «որը կանգնած էր Աստծու աջ կողմում»։ Այդ տեսիլքն այնքան իրական էր նրա համար, որ նա, ասես կանգնած լինելով Հիսուսի առաջ, իր խնդրանքը անմիջականորեն ուղղեց նրան՝ քրիստոնեական ժողովի գլխին (Գրծ 7։55, 56; Կղ 1։18)։ Նմանապես՝ Հովհաննես առաքյալը հայտնությունը ստանալուց հետո ասաց. «Ամեն։ Ե՛կ, Տե՛ր Հիսուս» (Հտն 22։20)։ Ինչպես երևում է համատեքստից (Հտն 1։10; 4։1, 2), տեսիլքում Հիսուսը Հովհաննեսին հայտնում էր իր ապագա գալստի մասին, և ի պատասխան՝ առաքյալն ասաց վերոնշյալ խոսքերը՝ ցույց տալով, թե որքան է ցանկանում, որ նա գա (Հտն 22։16, 20)։ Նշված երկու դեպքում իրավիճակները շատ նման են այն իրավիճակին, երբ Հովհաննեսը «Հայտնություն» գրքի տեսիլքում խոսում էր մի ոգեղեն անձնավորության հետ (Հտն 7։13, 14; հմմտ. Գրծ 22։6-22)։ Ուրիշ ոչ մի տեղ չի ասվում, որ այլ հանգամանքներում աշակերտները այդպես դիմած լինեն Հիսուսին նրա՝ երկինք համբարձվելուց հետո։ Պողոս առաքյալը գրեց. «Ամեն ինչի մասին աղոթեք Աստծուն. օգնություն աղերսեք, միշտ շնորհակալական խոսքեր ասեք ու ձեր խնդրանքները հայտնեք նրան» (Փպ 4։6)։

ՄՈՏԵՆԱԼ ԱՍՏԾՈՒՆ հոդվածում խոսվում է այն մասին, որ հարկավոր է աղոթել Հիսուս Քրիստոսի միջոցով։ Հիսուսի արյան շնորհիվ, որը նա մատուցեց Աստծուն, «մենք ազատ մուտք ունենք դեպի սուրբ վայր», այսինքն՝ կարող ենք համարձակությամբ ու վստահությամբ աղոթել Աստծուն և «անկեղծ սրտով, ամուր հավատով» մոտենալ նրան (Եբ 10։19-22)։ Հետևաբար Հիսուս Քրիստոսը միակ «ճանապարհն» է, որի շնորհիվ հնարավոր է հաշտվել Աստծու հետ և աղոթել նրան (Հվ 14։6; 15։16; 16։23, 24; 1Կթ 1։2; Եփ 2։18; տես ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ, «Կարևոր դերը Աստծու նպատակում»)։

Ում աղոթքներն է Աստված լսում։ «Աղոթքներ Լսողին»՝ Եհովա Աստծուն, կարող են աղոթել «ամեն տեսակ մարդիկ» (Սղ 65։2; Գրծ 15։17)։ Նույնիսկ այն ժամանակ, երբ Իսրայելը Աստծու «սեփականությունն» էր՝ նրա հետ ուխտի մեջ եղող ժողովուրդը, օտարազգիները կարող էին աղոթել Եհովային, եթե ընդունեին, որ Իսրայելը Եհովայի ընտրյալ ազգն է, իսկ Երուսաղեմում գտնվող տաճարը՝ զոհաբերությունների համար նրա ընտրած վայրը (2Օր 9։29; 2Տգ 6։32, 33; հմմտ. Ես 19։22)։ Հետագայում Քրիստոսն իր մահով ընդմիշտ վերացրեց հրեաներին և այլազգիներին «բաժանող պատը» (Եփ 2։11-16)։ Երբ Պետրոսը Կոռնելիոսի տանն էր, որը ««Իտալական» կոչվող գնդի հարյուրապետներից էր», ընդունեց, որ «Աստված կողմնակալ չէ, և ցանկացած ազգի պատկանող մարդ, ով վախենում է նրանից ու ճիշտն է անում, հաճելի է նրան» (Գրծ 10։34, 35)։ Փաստորեն, Աստծու համար կարևորը անհատի սրտի վիճակն ու մղումներն են (Սղ 119։145; Ողբ 3։41)։ Ովքեր պահում են Աստծու պատվիրանները և «անում են այն, ինչը հաճելի է նրան», կարող են համոզված լինել, որ Աստված «ականջ կդնի» իրենց աղաչանքներին (1Հվ 3։22; Սղ 10։17; Առ 15։8; 1Պտ 3։12)։

Սակայն Աստված չի լսում այն մարդկանց աղոթքները, ովքեր անտեսում են իր Խոսքն ու օրենքները, արյուն են թափում և ուրիշ չար գործեր են անում։ Այդպիսի մարդկանց աղոթքները «գարշելի» են նրա համար (Առ 15։29; 28։9; Ես 1։15; Մք 3։4)։ Նրանց աղոթքը կարող է «մեղք համարվել» (Սղ 109։3-7)։ Սավուղ թագավորը իր հանդգնության և ըմբոստ վարվելակերպի պատճառով կորցրեց Աստծու հավանությունը, ու «թեև նա Եհովայից առաջնորդություն էր խնդրում, սակայն Եհովան երբեք չէր պատասխանում նրան ո՛չ երազներով, ո՛չ ուրիմով և ո՛չ էլ մարգարեների միջոցով» (1Սմ 28։6)։ Հիսուսն ասաց, որ կեղծավորները, որոնք աղոթելով ի ցույց էին դնում իրենց բարեպաշտությունը, «արդեն ամբողջությամբ ստացել էին իրենց վարձատրությունը», սակայն ստացել էին մարդկանցից, ոչ թե Աստծուց (Մթ 6։5)։ Փարիսեցիները, ովքեր աստվածապաշտ մարդկանց կերպարանք ունեին, երկար աղոթքներ էին անում և պարծենում էին իրենց բարձր բարոյականությամբ, բայց Աստված նրանց դատապարտեց կեղծավորության համար (Մկ 12։40; Ղկ 18։10-14)։ Նրանք պատվում էին Աստծուն իրենց շուրթերով, մինչդեռ նրանց սիրտը հեռացած էր նրանից ու նրա Խոսքից (Մթ 15։3-9; հմմտ. Ես 58։1-9)։

Անհատը պետք է հավատա, որ Աստված «գոյություն ունի և վարձատրում է նրանց, ովքեր ջանադրաբար ձգտում են կատարել իր կամքը» (Եբ 11։6)։ Նա նաև պետք է «մոտենա Աստծուն.... ամուր հավատով» (Եբ 10։22, 38, 39)։ Շատ կարևոր է, որ նա ընդունի իր մեղավոր վիճակը, ու եթե լուրջ մեղք է գործել, «փափկացնի Եհովայի երեսը» (1Սմ 13։12, ծնթ.; Դն 9։13, ծնթ.)։ Դա անելու համար պետք է նախևառաջ իր սիրտը փափկացնի՝ ափսոսալով իր արածի համար, անկեղծ զղջալով և խոնարհություն դրսևորելով (2Տգ 34։26-28; Սղ 51։16, 17; 119։58)։ Այդ դեպքում Աստված կլսի նրա աղաչանքը, ներում կշնորհի և բարեհաճություն ցույց կտա նրա հանդեպ (2Թգ 13։4; 2Տգ 7։13, 14; 33։10-13; Հկ 4։8-10)։ Այդ մարդն այլևս այնպիսի զգացում չի ունենա, թե Աստված «ծածկել է իրեն ամպերով, որ իր աղոթքները նրան չհասնեն» (Ողբ 3։40-44)։ Եթե անհատը չի կիրառում Աստծու խորհուրդները, նրա աղոթքների առաջ կարող է «արգելք» լինել, թեև դա անպայման չէ, որ նշանակի, թե Աստված ընդհանրապես չի լսում նրա աղոթքները (1Պտ 3։7)։ Ով ուզում է ներում ստանալ, ինքն էլ պետք է ների ուրիշներին (Մթ 6։14, 15; Մկ 11։25; Ղկ 11։4)։

Ինչի՞ մասին է տեղին աղոթել

Հիմնականում աղոթքները ներառում են մեղքերի խոստովանություն (Եզր 10։11), աղաչանքներ ու խնդրանքներ (Եբ 5։7), փառաբանական ու շնորհակալական խոսքեր (Սղ 34։1; 92։1) և երդումներ (1Սմ 1։11; Ժղ 5։2-6)։ Աղոթքը, որ Հիսուսը սովորեցրեց իր աշակերտներին, պարզապես օրինակ էր, քանի որ հետագայում ո՛չ Հիսուսը, ո՛չ էլ աշակերտները աղոթելիս բառ առ բառ չէին կրկնում այդ աղոթքի խոսքերը (Մթ 6։9-13)։ Աղոթքի սկզբում նախ նշվում է ամենակարևոր հարցի՝ Եհովայի անվան սրբացման մասին (այդ անունը արատավորվում է այն ժամանակից ի վեր, երբ Եդեմում ապստամբություն բարձրացավ), ինչպես նաև խոստացված թագավորության միջոցով Աստծու կամքի կատարման մասին։ Այդ թագավորությունը կառավարություն է, որի Թագավորը կանխագուշակված Սերունդն է՝ Մեսիան (Ծն 3։15; տես ԵՀՈՎԱ, «Աստծու գերիշխանության արդարացումը և նրա անվան սրբացումը»)։ Այս ամենի մասին աղոթելու համար անհատը գերիշխանության հարցում պետք է ամբողջովին Եհովայի կողմը բռնի։

Ղուկաս 19։11-27-ում արձանագրված Հիսուսի առակը ցույց է տալիս, թե ինչ իմաստով է Թագավորությունը «գալու». այն դատաստան է իրագործելու, կործանելու է բոլոր հակառակորդներին, ինչպես նաև ազատագրելու և վարձատրելու է բոլոր նրանց, ովքեր իրենց հույսը Թագավորության վրա են դնում (հմմտ. Հտն 16։14-16; 19։11-21)։ Ուստի «թող կատարվի քո կամքը երկրի վրա, ինչպես որ երկնքում է կատարվում» խոսքերը գլխավորապես վերաբերում են այն բանին, որ Աստծու կամքը կատարվելու է ոչ թե մարդկանց կողմից, այլ որ Աստված, իր զորությունը գործի դնելով, անձամբ է կատարելու իր կամքը և այդպիսով իրագործելու է երկրի և մարդկության առնչությամբ իր նպատակը։ Երբ մարդը աղոթում է, որ կատարվի Աստծու կամքը, դրանով նաև ցույց է տալիս, որ նրա կամքն իր համար ամենից կարևորն է, և որ ինքը պատրաստ է հնազանդվելու դրան (Մթ 6։10; հմմտ. Մթ 26։39)։ Խնդրելով Աստծուն, որ տա օրվա հացը, ների իր մեղքերը, թույլ չտա հանձնվել փորձության ժամանակ և ազատի Չարից՝ նա ցույց է տալիս, որ ցանկանում է շարունակել ապրել այնպես, որ ունենա Աստծու հավանությունը։ Նա ոչ միայն իր համար է խնդրում այդ բաները, այլև իր հավատակիցների (հմմտ. Կղ 4։12)։

Տերունական աղոթքում հիշատակված թեմաները շատ կարևոր են Աստծու բոլոր հավատարիմ ծառաների համար և արտացոլում են նրանց ընդհանուր կարիքները։ Աստվածաշնչից իմանում ենք, որ տեղին է նաև՝ մարդը աղոթի շատ այլ հարցերի մասին, որոնք այս կամ այն չափով հուզում են անձամբ իրեն, կամ որոնք պայմանավորված են իր հանգամանքներով կամ տեղի ունեցող դեպքերով։ Թեև Հիսուսի սովորեցրած աղոթքում նշված չեն այդպիսի թեմաներ, սակայն դրանք ներդաշնակ են այդ աղոթքի բովանդակությանը։ Այսպիսով՝ անձնական աղոթքներում կարելի է ընդգրկել կյանքի յուրաքանչյուր ոլորտին առնչվող հարց (Հվ 16։23, 24; Փպ 4։6; 1Պտ 5։7)։

Ինչ խոսք, Աստծու բոլոր ծառաները ձգտում են ավելի ու ավելի շատ գիտելիքներ, հասկացողություն և իմաստություն ձեռք բերել (Սղ 119։33, 34; Հկ 1։5)։ Սակայն երբեմն լինում են իրավիճակներ, երբ դրանց կարիքը ավելի շատ է լինում։ Օրինակ, երբ ինչ-որ մեկը պետք է դատական որոշումներ կայացնի, Մովսեսի պես կարող է Աստծուց առաջնորդություն խնդրել (Ելք 18։19, 26; հմմտ. Թվ 9։6-9; 27։1-11; 2Օր 17։8-13)։ Անհատը կարող է այդպես վարվել նաև, երբ հարկավոր է Աստծու ժողովրդի մեջ հատուկ պատասխանատվություններ կատարելու համար մարդկանց նշանակել (Թվ 27։15-18; Ղկ 6։12, 13; Գրծ 1։24, 25; 6։5, 6)։ Ինչ-որ մեկն էլ գուցե կարիք ունենա աղոթել զորություն և իմաստություն ստանալու համար, որպեսզի կատարի տարբեր հանձնարարություններ կամ հաղթահարի փորձություններ ու դժվարություններ (Ծն 32։9-12; Ղկ 3։21; Մթ 26։36-44)։ Յուրաքանչյուր մարդ, կախված անձնական հանգամանքներից, Աստծուն շնորհակալություն հայտնելու և օրհնելու իր պատճառներն ունի (1Կթ 7։7; 12։6, 7; 1Թղ 5։18)։

1 Տիմոթեոս 2։1, 2-ում Պողոս առաքյալը հորդորում է աղոթել «ամեն տեսակ մարդկանց համար, այդ թվում՝ թագավորների և բարձր դիրք ունեցողների»։ Իր մահվանը նախորդող գիշերը Հիսուսն աղոթքում ասաց, որ չի խնդրում աշխարհի համար, այլ խնդրում է նրանց համար, ում Աստված իրեն տվեց, նաև ասաց, որ նրանք աշխարհի մի մասը չեն կազմում, և որ աշխարհն ատում է նրանց (Հվ 17։9, 14)։ Փաստորեն, այս աշխարհի իշխանավորների հետ կապված ամեն ինչի մասին չէ, որ քրիստոնյաները պետք է աղոթեն։ Առաքյալի հետագա խոսքերից պարզ է դառնում, որ այդպիսի աղոթքները վերջին հաշվով Աստծու ժողովրդի բարօրության համար են արվում, «որպեսզի մենք շարունակենք հանգիստ ու խաղաղ կյանք վարել՝ ամեն ինչում դրսևորելով լրջամտություն և Աստծու հանդեպ նվիրվածություն» (1Տմ 2։2)։ Դա են փաստում հնում ապրած մարդկանց աղոթքները։ Նեեմիան խնդրեց Աստծուն այնպես անել, որ Արտաքսերքսես թագավորը «բարեհաճ լինի» իր հանդեպ (Նեմ 1։11; հմմտ. Ծն 43։14)։ Իսրայելացիները Եհովայից հրահանգ ստացան «նպաստել այն քաղաքի [Բաբելոնի] խաղաղությանը», ուր իրենց գերության էին տանելու, որովհետև «եթե այնտեղ խաղաղություն լիներ, նրանց համար էլ խաղաղություն կլիներ» (Եր 29։7)։ Իրենց աղոթքներում քրիստոնյաները հիշատակում էին կառավարիչների սպառնալիքների մասին (Գրծ 4։23-30)։ Իսկ Պետրոսի մասին աղոթելիս, որը բանտարկված էր, նրանք, անկասկած, հիշատակում էին այն պաշտոնյաներին, որոնք նրան ազատելու իշխանություն ունեին (Գրծ 12։5)։ Հիսուսի հորդորին հետևելով՝ քրիստոնյաները աղոթում էին իրենց հալածողների համար (Մթ 5։44; հմմտ. Գրծ 26։28, 29; Հռ 10։1-3)

Վաղեմի ժամանակներից մարդիկ շնորհակալություն են հայտնում Աստծուն նրա տված բարիքների, օրինակ՝ կերակուրի համար (2Օր 8։10-18; տես նաև Մթ 14։19; Գրծ 27։35; 1Կթ 10։30, 31)։ Սակայն Աստծուն, ով բարություն է դրսևորում մեր հանդեպ, հարկավոր է շնորհակալություն հայտնել ոչ միայն նյութական բաների, այլև «ամեն ինչի համար» (1Թղ 5։17, 18; Եփ 5։19, 20)։

Մարդու աղոթքի բովանդակության վրա գլխավորապես ազդում է Աստծու կամքի իմացությունը։ Եթե նա ցանկանում է, որ Աստված կատարի իր խնդրանքը, այն պետք է ներդաշնակ լինի նրա կամքին։ Օրինակ՝ իմանալով, որ չարագործները և Աստծու Խոսքն արհամարհողները չունեն նրա հավանությունը՝ անհատը չի խնդրի այնպիսի բաներ, որոնք հակառակ են Աստծու արդար չափանիշներին և նրա կամքին, այդ թվում՝ նրա Որդու և նրա աշակերտների սովորեցրածներին, ովքեր առաջնորդվում էին սուրբ ոգով (Հվ 15։7, 16)։ Հետևաբար հասկանալու համար Հիսուսի խոսքերը՝ «Ինչ որ Հորից խնդրեք իմ անունով, նա կտա ձեզ», հարկավոր է հաշվի առնել համատեքստը (Հվ 16։23)։ Իհարկե, այդ խոսքերը չեն նշանակում, որ անհատը կարող է ցանկացած բան խնդրել Աստծուց՝ շատ լավ իմանալով կամ ենթադրելով, որ իր խնդրանքը հաճելի չէ նրան։ Հովհաննեսը գրել է. «Մենք վստահ ենք, որ ինչ էլ խնդրում ենք Աստծուն իր կամքի համաձայն, լսում է մեզ» (1Հվ 5։14; հմմտ. Հկ 4։15)։ Իսկ Հիսուսն իր աշակերտներին ասել է. «Եթե երկրի վրա ձեզնից երկուսը միասնաբար որոշեն որևէ կարևոր բանի հետ կապված խնդրանքով դիմել իմ Հորը, որ երկնքում է, նա կկատարի նրանց խնդրանքը» (Մթ 18։19)։ Թեև տեղին է աղոթել նյութական բաների, օրինակ՝ կերակուրի համար, սակայն ճիշտ չի լինի խնդրել նյութապաշտական և փառասիրական ցանկությունները բավարարելու համար, ինչպես երևում է Մատթեոս 6։19-34 և 1 Հովհաննես 2։15-17 համարներից։ Տեղին չէ նաև աղոթել այն մարդկանց համար, ում Աստված դատապարտում է (Եր 7։16; 11։14)։

Հռոմեացիներ 8։26, 27-ում ասվում է, որ որոշ իրավիճակներում քրիստոնյան գուցե չիմանա՝ ինչ ասել աղոթքում, սակայն Աստված հասկանում է նույնիսկ նրա «անխոս հառաչանքները»։ Առաքյալը բացատրում է, որ դա հնարավոր է Աստծու սուրբ ոգու, կամ՝ գործուն ուժի շնորհիվ։ Հարկավոր է հիշել, որ Աստվածաշունչը գրվել է Աստծու ոգով (2Տմ 3։16, 17; 2Պտ 1։21)։ Դրանում գրի են առնված տարբեր իրավիճակներ, որոնք այս կամ այն կերպ նման էին լինելու այն իրավիճակներին, որոնցում հետագայում հայտնվելու էին Աստծու ծառաները, և աստվածաշնչյան այդ արձանագրությունները ցույց են տալիս, թե ինչպես էր Աստված առաջնորդելու և աջակցելու նրանց (Հռ 15։4; 1Պտ 1։6-12)։ Հնարավոր է՝ անհրաժեշտ օգնությունը ստանալուց հետո միայն քրիստոնյան գիտակցի, որ այն, ինչի համար ինքը կարող էր աղոթել (բայց չգիտեր, թե ինչպես), վաղուց գրված էր Աստծու ոգով գրված Խոսքում (հմմտ. 1Կթ 2։9, 10)։

Ինչպես է Աստված պատասխանում աղոթքներին։ Թեև հին ժամանակներում երբեմն Աստծու և մարդկանց միջև եղել է երկկողմանի հաղորդակցություն, բայց այդպիսի դեպքերը հազվադեպ էին։ Աստված գլխավորապես խոսում էր իր հատուկ ներկայացուցիչների, օրինակ՝ Աբրահամի և Մովսեսի հետ (Ծն 15։1-5; Ելք 3։11-15; հմմտ. Ելք 20։19)։ Սակայն նույնիսկ այդ ժամանակ Աստծու խոսքերը փոխանցվում էին հրեշտակների միջոցով։ Բացառություն են այն դեպքերը, երբ Աստված խոսում էր իր Որդու հետ կամ նրա մասին, երբ վերջինս երկրի վրա էր (հմմտ. Ելք 3։2, 4; Գղ 3։19)։ Հազվադեպ էին նաև այն դեպքերը, երբ մարմնավորված հրեշտակներն էին փոխանցում Աստծու խոսքերը։ Դա երևում է նրանից, որ մարդիկ սովորաբար շփոթվում և շատ հուզվում էին, երբ հրեշտակ էր հայտնվում (Դտ 6։22; Ղկ 1։11, 12, 26-30)։ Հիմնականում Աստված աղոթքներին պատասխանում էր մարգարեների միջոցով, ինչպես նաև կատարելով կամ չկատարելով անհատի խնդրանքը։ Հաճախ Եհովայի պատասխանը հստակ երևում էր, օրինակ, այն ժամանակ, երբ նա իր ծառաներին ազատում էր թշնամիներից (2Տգ 20։1-12, 21-24) կամ երբ անելանելի իրավիճակներում հոգում էր նրանց ֆիզիկական կարիքները (Ելք 15։22-25)։ Բայց սովորաբար նրա պատասխանը այնքան էլ ակնհայտ չէր, քանի որ նա մարդու աղոթքին պատասխանում էր՝ զորացնելով նրան և օգնելով հասկանալ, թե ինչպես գնալ արդարության ճանապարհով և կատարել իր տված հանձնարարությունը (2Տմ 4։17)։ Հատկապես քրիստոնյաների պարագայում աղոթքների պատասխանները հիմնականում կապ ունեին հոգևոր բաների հետ։ Ճիշտ է, Աստծու պատասխանները չէին ուղեկցվում իր զորության տպավորիչ դրսևորումներով, ինչպես որ վաղեմի ժամանակներում էր, սակայն այդ պատասխանները նույնպես կարևոր էին (Մթ 9։36-38; Կղ 1։9; Եբ 13։18; Հկ 5։13)։

Որպեսզի աղոթքը ընդունելի լինի, հարկավոր է այն ուղղել միայն Եհովա Աստծուն, աղոթել նրա նպատակներին ներդաշնակ բաների մասին, դա անել ճիշտ ձևով, այսինքն՝ Աստծու կողմից նշանակված միջնորդի՝ Հիսուս Քրիստոսի միջոցով, ինչպես նաև աղոթել ճիշտ մղումներով և մաքուր սրտով (հմմտ. Հկ 4։3-6)։ Բացի այդ՝ կարևոր է հաստատակամ լինել։ Հիսուսն ասաց, որ հարկավոր է «շարունակել խնդրել.... շարունակել փնտրել.... շարունակել թակել» և չհանձնվել (Ղկ 11։5-10; 18։1-7)։ Նա հարցրեց, թե արդյոք իր ապագա գալստի ժամանակ երկրի վրա կգտնի այնպիսի մարդկանց, ովքեր հավատում են աղոթքի զորությանը (Ղկ 18։8)։ Երբեմն գուցե թվա, թե Աստված դանդաղում է պատասխանել աղոթքին, սակայն, ինչպես ցույց է տալիս Աստվածաշունչը, պատճառն այն չէ, որ նա չի կարող կամ չի ցանկանում պատասխանել (Մթ 7։9-11; Հկ 1։5, 17)։ Որոշ դեպքերում Աստված թույլ է տալիս, որ ժամանակ անցնի, մինչև որ գա աղոթքին պատասխանելու լավագույն ժամանակը (Ղկ 18։7; 1Պտ 5։6; 2Պտ 3։9; Հտն 6։9-11)։ Սակայն ավելի հաճախ նա անմիջապես չի պատասխանում աղոթքին՝ պարզապես թույլ տալով, որ իրեն աղոթողը ցույց տա, թե որքան խորն է իր մտահոգությունը, որքան ուժգին է իր ցանկությունը, և թե որքան անկեղծ են իր մղումները (Սղ 55։17; 88։1, 13; Հռ 1։9-11)։ Օրհնություն ստանալու համար երբեմն հարկավոր է Հակոբի պես երկար պայքարել (Ծն 32։24-26)։

Ճիշտ է, որևէ հարցի մասին աղոթող մարդկանց քանակով չի որոշվում՝ Եհովա Աստված կանի այս կամ այն բանը, թե ոչ, սակայն երբ նրա ծառաները որևէ հարցի վերաբերյալ խմբովին ցույց են տալիս իրենց խոր մտահոգությունը և ուժգին ցանկությունը, նա, ըստ ամենայնի, հաշվի է առնում դա և քայլեր է ձեռնարկում (հմմտ. Ելք 2։23-25)։ Բայց եթե Աստված նկատի անտարբերության նշաններ, գուցե ոչինչ չանի։ Օրինակ՝ հրեաները որոշ ժամանակ մատների արանքով էին նայում Երուսաղեմի տաճարի վերականգնմանը (Եզր 4։4-7, 23, 24; Անգ 1։2-12)։ Աշխատանքներն ընդհատվում էին ու հետաձգվում, սակայն հետագայում Նեեմիայի առաջնորդության ներքո քաղաքի պարիսպը ջերմեռանդ աղոթքների և ջանասիրության շնորհիվ ընդամենը 52 օրում վերակառուցվեց (Նեմ 2։17-20; 4։4-23; 6։15)։ Կորնթոսի ժողովին ուղղած իր նամակում Պողոսը գրեց, որ Աստված իրեն փրկեց մահվան վտանգից, և ավելացրեց. «Դուք ևս կարող եք օգնել՝ ջերմեռանդորեն աղոթելով մեզ համար, որպեսզի ի պատասխան շատերի աղոթքների՝ Աստված օգնի մեզ, և արդյունքում շնորհակալական շատ աղոթքներ մատուցվեն նրան» (2Կթ 1։8-11; հմմտ. Փպ 1։12-20)։ Աստվածաշնչում բազմիցս շեշտվում է, թե ինչ ուժ ունի ուրիշների համար արվող աղոթքը՝ անկախ նրանից՝ մեկ հոգի է աղոթում, թե խմբովին են աղոթում։ «Իրար համար» աղոթելու վերաբերյալ է, որ Հակոբոսը գրեց. «Արդար մարդու աղաչանքը մեծ ուժ ունի» (Հկ 5։14-20; հմմտ. Ծն 20։7, 17; 2Թղ 3։1, 2; Եբ 13։18, 19)։

Հատկանշական է նաև, որ Աստվածաշնչում կան շատ օրինակներ, երբ մարդիկ Գերիշխան Եհովային խնդրանքներ ուղղելիս հիմնավորումներ էին բերում։ Խնդրանք ներկայացնողը բացատրում էր, թե ինչու է կարծում, որ իր խնդրածը տեղին է, հիմնավորում էր իր մղումների ճիշտ և անկեղծ լինելը, ինչպես նաև փաստարկներ էր բերում ցույց տալու համար, որ իր անձնական շահերից ավելի կարևոր գործոններ կան, օրինակ՝ Աստծու անվան սրբացումը, նրա ժողովրդի բարօրությունը, նաև այն, թե ինչպես ուրիշների վրա կազդի իր աղոթքին տրված պատասխանը՝ լինի դրական թե բացասական։ Աղոթելիս կարելի է Աստծուն խնդրել, որ դրսևորի արդարություն, հավատարիմ սեր ու գթասրտություն (հմմտ. Ծն 18։22-33; 19։18-20; Ելք 32։11-14; 2Թգ 20։1-5; Եզր 8։21-23)։ Հիսուս Քրիստոսը «բարեխոսում», կամ՝ հիմնավորումներ է բերում իր հավատարիմ հետևորդների շահերը պաշտպանելու համար (Հռ 8։33, 34)։

Ողջ «Սաղմոսներ» գիրքը բաղկացած է աղոթքներից և Աստծուն ուղղված գովաբանական երգերից։ Այն օգնում է հասկանալ, թե ինչպես է հարկավոր աղոթել։ Ուշադրության արժանի բազմաթիվ աղոթքներից կարելի է հիշատակել այն աղոթքները, որ արել են Հակոբը (Ծն 32։9-12), Մովսեսը (2Օր 9։25-29), Հոբը (Հոբ 1։21), Աննան (1Սմ 2։1-10), Դավիթը (2Սմ 7։18-29; 1Տգ 29։10-19), Սողոմոնը (1Թգ 3։6-9; 8։22-61), Ասան (2Տգ 14։11), Հովսափատը (2Տգ 20։5-12), Եղիան (1Թգ 18։36, 37), Հովնանը (Հվն 2։1-9), Եզեկիան (2Թգ 19։15-19), Երեմիան (Եր 20։7-12; «Ողբ» գիրք), Դանիելը (Դն 9։3-21), Եզրասը (Եզր 9։6-15), Նեեմիան (Նեմ 1։4-11), որոշ ղևտացիներ (Նեմ 9։5-38), Ամբակումը (Ամբ 3։1-19), Հիսուսը (Հվ 17։1-26; Մկ 14։36) և Հիսուսի աշակերտները (Գրծ 4։24-30) (տես ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ԵՎ ԺԵՍՏԵՐ; ԽՈՒՆԿ, «Նշանակությունը»)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը