Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • it «Նվիրվածություն»
  • Նվիրվածություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Նվիրվածություն
  • Աստվածաշնչի ըմբռնում
  • Նմանատիպ նյութեր
  • «Միայն դու ես նվիրված»
    Մոտեցիր Եհովային
  • Ո՞ւմ հանդեպ արժե անձնվեր լինել
    2002 Դիտարան
  • Ի՞նչ է նշանակում լինել հավատարիմ
    2001 Դիտարան
  • «Դու նվիրվածությամբ ես վարվում»
    2010 Դիտարան
Ավելին
Աստվածաշնչի ըմբռնում
it «Նվիրվածություն»

ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Եբրայերեն Գրվածքներում խասիդ ածականը օգտագործված է ինչ-որ մեկի առնչությամբ, ով «նվիրված» է կամ հավատարիմ սեր է դրսևորում (Սղ 18։25)։ Խեսեդ գոյականը ունի նվիրվածության, հավատարմության, ինչպես նաև քնքուշ հոգատարության և սիրո իմաստ։ Խեսեդ-ը վերաբերում է այն սիրուն, որը շարունակում է դրսևորվել այնքան ժամանակ, մինչև որ իրագործվի տվյալ բանի կամ անձի հետ կապված նպատակը։ Հենց այդպիսի սեր է Աստված դրսևորում իր ծառաների հանդեպ, իր ծառաներն էլ՝ նրա հանդեպ։ Խեսեդ-ը սերտորեն կապված է հավատարմության հետ, որը արդար, անմնացորդ ու սուրբ է, և թարգմանվել է «հավատարիմ սեր», «հավատարմություն», «սեր ու նվիրվածություն» և այլն (Ծն 20։13; 21։23; 2Սմ 2։5; տես ԲԱՐՈՒԹՅՈՒՆ)։

Հունարեն Գրվածքներում հոսիոտես գոյականը և հոսիոս ածականը արտահայտում են սրբության, արդարության, ակնածանքի, ինչպես նաև անձնվեր, բարեպաշտ լինելու և Աստծու հանդեպ բոլոր պարտավորությունները մանրակրկիտ ձևով կատարելու միտք։ Դրանք ներառում են նաև Աստծու հետ լավ փոխհարաբերություններ ունենալու իմաստ։

Հայերենում չկան այնպիսի բառեր, որոնց նշանակությունը լիովին համապատասխանում է եբրայերեն և հունարեն այդ բառերի նշանակությանը։ Սակայն «նվիրվածություն» բառը, որ կիրառվում է Աստծու և նրան մատուցվող ծառայության առնչությամբ ու ներառում է հավատարմության միտք, հնարավորինս արտահայտում է բնագրային բառերի իմաստը։ Այդ բառերի բոլոր իմաստային երանգները լավագույնս հասկանալու համար հարկավոր է տեսնել, թե դրանք ինչպես են գործածված Աստվածաշնչում։

Եհովայի նվիրվածությունը։ Եհովա Աստված՝ Ամենասուրբը, հավատարիմ է արդարությանը և անբեկանելի հավատարիմ սեր է դրսևորում իր ծառաների հանդեպ։ Նա արդարությամբ ու ազնվությամբ է վարվում նույնիսկ իր թշնամիների հետ, և նրան կարելի է անվերապահորեն վստահել։ Նրա մասին ասվում է. «Մեծ և սքանչելի են քո գործերը, Եհո՛վա Աստված, Ամենակարո՛ղ։ Արդար ու ճիշտ են քո ճանապարհները, հավիտենությա՛ն Թագավոր։ Ո՞վ չի վախենա քեզնից, Եհո՛վա, և չի փառաբանի քո անունը, քանի որ միայն դու ես նվիրված» (Հտն 15։3, 4)։ Ճշտի և արդարության հանդեպ նվիրվածությունը, ինչպես նաև իր ժողովրդի հանդեպ սերը մղում են Եհովային անհրաժեշտ իրավական քայլեր ձեռնարկելու։ Ահա թե ինչու մի հրեշտակ ասաց. «Դո՛ւ, որ կաս և եղել ես, ո՛վ նվիրված Աստված, դու արդար ես, որովհետև այս դատավճիռները կայացրիր» (Հտն 16։5; հմմտ. Սղ 145։17)։

Եհովան հավատարմորեն պահում է իր ուխտերը (2Օր 7։9)։ Հանուն իր ընկերոջ՝ Աբրահամի հետ հաստատած ուխտի՝ նա դարեր շարունակ համբերատար ու գթասիրտ էր Իսրայելի ազգի հանդեպ (2Թգ 13։23)։ Երեմիա մարգարեի միջոցով նա Իսրայելին կոչ արեց. «Հե՛տ դարձիր, ո՛վ անհավատարիմ Իսրայել.... Քեզ վրա զայրույթով չեմ նայի, որովհետև ես նվիրված եմ» (Եր 3։12)։ Աստծուն նվիրված մարդիկ կարող են լիովին վստահել նրան։ Երբ Դավիթը աղոթքով օգնություն խնդրեց Աստծուց, ասաց. «Նվիրվածի հետ դու նվիրվածությամբ ես վարվում, անարատ մարդու հետ՝ անարատությամբ» (2Սմ 22։26)։ Դիմելով ժողովրդին՝ Դավիթը հորդորեց հեռու մնալ չար բաներից ու բարին անել, «որովհետև արդարություն է սիրում Եհովան, նա չի լքի նրանց, ովքեր նվիրված են իրեն»։ Նաև ասաց, որ Աստծուն նվիրվածները «միշտ պաշտպանված կլինեն» (Սղ 37։27, 28)։

Եհովային նվիրվածները կարող են վստահ լինել, որ նա մոտ կլինի իրենց և կօգնի մինչև իսկ իրենց հավատարիմ ընթացքի ավարտը։ Նրանք նաև կարող են լիովին ապահով զգալ՝ իմանալով, որ նա կհիշի իրենց, ինչ էլ որ լինի։ Աստված պահպանում է իրեն նվիրվածների ուղին (Առ 2։8)։ Նա պահպանում է նրանց կյանքը (Սղ 97։10)։

Հիսուս Քրիստոս։ Երկրի վրա եղած ժամանակ Հիսուս Քրիստոսին՝ Աստծու ամենանվիրված ծառային, մեծապես զորացնում էր այն բանի գիտակցումը, որ մարգարեության համաձայն՝ Հայրը գերեզմանում չէր թողնելու իրեն (Սղ 16։10)։ Մ.թ. 33 թ. Պենտեկոստեին Պետրոս առաքյալը պարզ դարձրեց, որ այս մարգարեությունը Հիսուսին է վերաբերում՝ ասելով. «Նախապես իմանալով Քրիստոսի հարության մասին՝ [Դավիթն] ասաց, որ Աստված նրան չթողեց գերեզմանում, ու նրա մարմինը չապականվեց։ Այս Հիսուսին Աստված հարություն տվեց, ինչի վկաներն ենք բոլորս» (Գրծ 2։25-28, 31, 32; հմմտ. Գրծ 13։32-37)։ Մի աշխատությունում Գործեր 2։27-ի վերաբերյալ մեկնաբանության մեջ ասվում է, որ եբրայերեն խասիդ բառը (գործածված Սղ 16։10-ում) «մատնանշում է ոչ միայն նրան, ով աստվածանվեր և բարեպաշտ է, այլև նրան, ում հանդեպ Եհովան հավատարիմ սեր է դրսևորում» (Expositor’s Greek Testament, խմբ.՝ W. R. Nicoll, 1967, հտր II)։

Աստված նվիրվածություն է պահանջում։ Եհովան ակնկալում է, որ իր ծառաները, ընդօրինակելով իրեն, նվիրված լինեն (Եփ 5։1)։ Պողոս առաքյալը քրիստոնյաներին ասաց, որ պետք է «հագնեն նոր անձնավորությունը, որը համապատասխան է Աստծու ուզածին, իսկապես արդարությամբ է վարվում և նվիրված է» (Եփ 4։24)։ Ժողովում աղոթելու վերաբերյալ խորհուրդներ տալիս նա ասաց. «Ցանկանում եմ, որ ամեն տեղ, որտեղ հավաքվում եք, աղոթք մատուցող տղամարդիկ լինեն նվիրված և զերծ զայրույթից ու վիճաբանություններից» (1Տմ 2։8)։ Այն տղամարդիկ, ովքեր ցանկանում են Աստծու ժողովում վերակացու ծառայել, պետք է նվիրված լինեն (Տիտ 1։8)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը