ՆԵՐՈՒՄ
«Ներել» նշանակում է «անտեսել մարդու սխալ արարքը, դադարել նրա հանդեպ վրդովմունքի, վիրավորանքի զգացում ունենալ և որևէ հատուցում չպահանջել»։
Եբրայերեն նասա բառը, որը երբեմն թարգմանվում է «ներել», Աստվածաշնչում գործածվում է նաև «բարձրացնել» (Ծն 13։14; 2Թգ 2։16) և «վերցնել» (Ծն 27։3; Թվ 16։15) իմաստներով։ Սակայն այդ բառի հիմնական նշանակությունն է՝ «տանել», «կրել» (Ծն 47։30; 1Թգ 2։26; Եզկ 44։12, 13)։ Նասա բառը արտահայտում է այդ երանգը նույնիսկ այն դեպքերում, երբ թարգմանվում է «ներել»։ Աստվածաշնչում խոսվում է ազազելի համար նախատեսված այծի մասին, որը տանում էր մարդկանց անօրենությունները։ Այնտեղ նաև մարգարեացվել է Մեսիայի մասին, ով նույնպես կրելու էր մարդկանց մեղքերը (Ղև 16։8, ծնթ., 10, ծնթ., 22; Ես 53։12)։ Շնորհիվ այն բանի, որ նա կրեց, կամ՝ տարավ նրանց մեղքերը, նրանք կարող են ներում ստանալ (տես ԱԶԱԶԵԼ)։
Նասա բառը կարող է մատնանշել ներում թե՛ մարդկանց, թե՛ Աստծու կողմից (Ծն 50։17; Ելք 32։32)։ Մինչդեռ սալախ բառը գործածվում է բացառապես այն դեպքում, երբ խոսքը Աստծու կողմից ներվելու մասին է, ինչի արդյունքում մեղք գործած մարդը կրկին ունենում է նրա բարեհաճությունը։ Դա հնարավոր է այն բանի շնորհիվ, որ անհատը անկեղծորեն աղոթում է ներում ստանալու համար, կամ մեկ ուրիշն է աղոթում նրա համար (Թվ 14։19, 20; 1Թգ 8։30)։
Այն դեպքերում, երբ եբրայերեն նասա բառը օգտագործվում է ներելու իմաստով, հունարեն «Յոթանասնից»-ում երբեմն գործածվում է աֆիեմի բառը, որի հիմնական նշանակությունն է «թողնել»։ Աֆիեմի բառը կարող է նաև նշանակել «ներել»։ Հռոմեացիներ 4։7-ում Պողոս առաքյալը մեջբերեց Սաղմոս 32։1-ը (31։1, LXX), որտեղ խոսվում է այն մասին, որ Եհովան ներել է «հանցանքը»։ Նա գործածեց աֆիեմի բառի ձևերից մեկը, որով հունարեն «Յոթանասնից»-ում փոխանցվել է եբրայերեն նասա բառը։ Այդ բառը գործածվում է նաև Քրիստոնեական Հունարեն Գրվածքների այլ համարներում, երբ խոսվում է այն մասին, որ Աստված կամ մարդը ներում է ուրիշի սխալներն ու մեղքերը, այդ թվում՝ պարտքերը (Մթ 6։12, 14, 15; 18։32, 35)։
Լինելով մեծահոգի Աստված՝ Եհովան ներում է շնորհում նրանց, ովքեր ցանկանում են ստանալ այն։ Սակայն նա անպատիժ չի թողնում այն մարդկանց, ովքեր գիտակցաբար հակառակվում են իրեն և իր արդար ճանապարհներին (Ելք 34։6, 7)։
Ըստ Իսրայելին տրված Օրենքի՝ Աստծու կամ դրացու դեմ մեղք գործած մարդու մեղքերը կներվեին այն դեպքում, եթե նա նախ՝ շտկեր իր սխալը՝ հետևելով Օրենքի պահանջներին, և ապա՝ Եհովայի համար զոհ մատուցեր, որը գրեթե բոլոր դեպքերում ենթադրում էր կենդանու արյուն թափել (Ղև 5։5-6։7)։ Դա է պատճառը, որ Պողոսը նշեց հետևյալ սկզբունքը. «Այո՛, ըստ Օրենքի՝ գրեթե ամեն բան արյունով է մաքրվում, և մինչև արյուն չի թափվում, ներում չի լինում» (Եբ 9։22)։ Սակայն կենդանական զոհերի արյունը չէր կարող վերացնել մեղքերը և մարդուն կատարելապես մաքուր խիղճ տալ (Եբ 10։1-4; 9։9, 13, 14)։ Մինչդեռ մարգարեացված նոր ուխտը մարդկանց հնարավորություն տվեց Հիսուս Քրիստոսի քավիչ զոհի հիման վրա իսկական ներում ստանալ (Եր 31։33, 34; Մթ 26։28; 1Կթ 11։25; Եփ 1։7)։ Դեռևս երկրի վրա եղած ժամանակ Հիսուսը ցույց տվեց, որ մեղքերը ներելու իշխանություն ունի, երբ բուժեց մի անդամալույծի (Մթ 9։2-7)։
Եհովան «մեծահոգաբար» է ներում, ինչպես երևում է կորած որդու մասին Հիսուսի պատմած առակից։ Աստծու մեծահոգությունն ընդգծող առակներից մեկն էլ թագավորի մասին է, ով ներեց իր ծառայի 10 000 տաղանդի պարտքը (60 000 000 դինար, կամ՝ մոտ 40 000 000 դոլար), մինչդեռ այդ ծառան չցանկացավ ներել իր ծառայակցի պարտքը, որը կազմում էր ընդամենը 100 դինար (մոտ 70 դոլար) (Ես 55։7; Ղկ 15։11-32; Մթ 18։23-35)։ Մյուս կողմից, սակայն, Եհովայի ներողամտությունը հիմնված չէ զգացմունքների վրա, քանի որ նա անպատիժ չի թողնում մեղսալի արարքներ գործող մարդկանց (Սղ 99։8)։ Հեսուն նախազգուշացրեց իսրայելացիներին, որ Եհովան չի ների նրանց, եթե հավատուրաց դառնան (Հս 24։19, 20; հմմտ. Ես 2։6-9)։
Աստծուց ներում ստանալու համար կան որոշակի պահանջներ։ Մարդը պետք է ընդունի իր մեղքը, գիտակցի, որ դա հանցանք է Աստծու դեմ, անկեղծորեն խոստովանի արածը, խոր ցավ զգա իր գործած սխալի համար և վճռի հետ դառնալ իր ընթացքից կամ դադարի այդպիսի գործեր անել (Սղ 32։5; 51։4; 1Հվ 1։8, 9; 2Կթ 7։8-11)։ Նա պետք է իր ուժերից եկածն անի, որ շտկի սխալը կամ փոխհատուցի վնասը (Մթ 5։23, 24)։ Այնուհետև պետք է աղոթի Աստծուն և Քրիստոսի քավիչ զոհի հիման վրա ներում խնդրի (Եփ 1։7; տես ԶՂՋԱԼ)։
Բացի այդ՝ քրիստոնյայից պահանջվում է ներել անձնական վիրավորանքները՝ անկախ նրանից, թե քանի անգամ են նրան վիրավորել (Ղկ 17։3, 4; Եփ 4։32; Կղ 3։13)։ Աստված չի ներում նրանց, ովքեր չեն ցանկանում ներել ուրիշներին (Մթ 6։14, 15)։ Նույնիսկ եթե լուրջ սխալի պատճառով «չար մարդը» հեռացվի քրիստոնեական ժողովից, ժամանակի ընթացքում նա կարող է ներում ստանալ, եթե իսկապես զղջա։ Այդ դեպքում ժողովում բոլորը պետք է հավաստիացնեն նրան, որ սիրում են իրեն (1Կթ 5։13; 2Կթ 2։6-11)։ Այդուհանդերձ, քրիստոնյաներից չի պահանջվում ներել նրանց, ովքեր չարամտորեն ու դիտավորյալ են մեղք գործում և չեն զղջում։ Այդպիսի մարդիկ դառնում են Աստծու թշնամին (Եբ 10։26-31; Սղ 139։21, 22)։
Տեղին է աղոթել Աստծուն, որ ների ուրիշների, նույնիսկ մի ամբողջ ժողովի մեղքերը։ Օրինակ՝ Մովսեսն աղոթեց Իսրայելի համար, խոստովանեց ողջ ազգի գործած մեղքը, ներում խնդրեց, ու Եհովան բարեհաճորեն լսեց նրան (Թվ 14։19, 20)։ Սողոմոնը տաճարի նվիրման ժամանակ աղոթեց Եհովային, որ նա ների իր ժողովրդին, եթե նրանք մեղք գործեն, բայց հետո հետ դառնան իրենց սխալ ընթացքից (1Թգ 8։30, 33-40, 46-52)։ Եզրասը հայրենադարձ հրեաների անունից հանրորեն խոստովանեց նրանց մեղքերը։ Նրա սրտաբուխ աղոթքի ու հորդորի շնորհիվ ժողովուրդը համապատասխան քայլեր ձեռնարկեց, որ Եհովայից ներում ստանա (Եզր 9։13-10։4, 10-19, 44)։ Հակոբոսը հորդորեց, որ հոգևորապես հիվանդ քրիստոնյան կանչի ժողովի երեցներին, որպեսզի նրանք աղոթեն նրա համար, և ասաց. «Եթե նա մեղքեր է գործել, կներվեն» (Հկ 5։14-16)։ Բայց «կա մեղք, որ մահացու է»։ Դա սուրբ ոգու դեմ մեղքն է՝ գիտակցաբար, դիտավորյալ և շարունակաբար գործվող մեղքը, որի համար ներում չկա։ Քրիստոնյան չպետք է աղոթի այդպիսի մեղք գործողների համար (1Հվ 5։16; Մթ 12։31; Եբ 10։26, 27; տես ՄԵՂՔ; ՈԳԻ)։