ՀԱՐՑԵՐ ՄԿՐՏՎԵԼ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Եզրափակիչ քննարկում մկրտության թեկնածուների հետ
Մկրտությունը սովորաբար տեղի է ունենում Եհովայի վկաների համաժողովների ժամանակ։ Մկրտության ելույթի վերջում հռետորը մկրտության թեկնածուներին խնդրում է ոտքի կանգնել և բարձր ձայնով պատասխանել հետևյալ երկու հարցերին.
1. Զղջացե՞լ ես մեղքերիդ համար, նվիրվե՞լ ես Եհովային և ընդունե՞լ ես փրկության այն միակ ուղին, որը նա բացել է Հիսուս Քրիստոսի միջոցով։
2. Գիտակցո՞ւմ ես արդյոք, որ մկրտվելով՝ դառնում ես Եհովայի վկա և միանում ես Եհովայի կազմակերպությանը։
Այս հարցերին տրված դրական պատասխաններով մկրտության թեկնածուները «հրապարակորեն հռչակում» են, որ հավատ են ընծայում քավիչ զոհին, ինչպես նաև փաստում են, որ իրենց անձը անվերապահորեն նվիրել են Եհովային (Հռոմ. 10։9, 10)։ Ուստի մկրտության թեկնածուները կցանկանան աղոթքով նախապես լավ խորհել այս հարցերի շուրջ, որպեսզի կարողանան հարցերին պատասխանել իրենց անձնական համոզմունքների հիման վրա։
Աղոթքով նվիրվե՞լ ես Եհովային՝ խոստանալով երկրպագել միայն նրան և նրա կամքը կատարելը ամենակարևոր բանը համարել քո կյանքում։
Այժմ լիովին համոզվա՞ծ ես, որ պետք է մկրտվես առաջին հնարավորության դեպքում։
Մկրտության համար ո՞ր հագուստն է պատշաճ (1 Տիմոթ. 2։9, 10; Հովհ. 15։19; Փիլիպ. 1։10)։
Մենք պետք է հագնվենք «համեստությամբ և ողջամտությամբ», որպեսզի ցույց տանք, որ «ակնածում ենք Աստծուց»։ Ուստի մկրտվողները չեն կրի ոչ պարկեշտ լողազգեստ, որը վայել չէ քրիստոնյային։ Ինչպես նաև այնպիսի հագուստ, որի վրա լոզունգներ, գովազդային արտահայտություններ կամ պատկերներ կան։ Նրանց հագուստը պետք է լինի կոկիկ, մաքուր, ճաշակով և տվյալ իրադարձությանը համապատասխան։
Մկրտվելիս անհատն իրեն ինչպե՞ս պետք է դրսևորի (Ղուկ. 3։21, 22)։
Հիսուսի մկրտությունը օրինակ է քրիստոնյաների համար այսօր։ Նա հասկանում էր, որ մկրտությունը լուրջ քայլ է, և դա երևաց նրա վերաբերմունքից ու վարվելաձևից։ Հետևաբար, մկրտության վայրում չպետք է անպատշաճ կատակներ անել, խաղալ, լողալ կամ անել այնպիսի բաներ, որոնք նսեմացնում են իրադարձության լրջությունը։ Քրիստոնյան չպետք է նաև իրեն այնպես պահի, կարծես թե մեծ հաղթանակ է տարել։ Թեև մկրտությունը ուրախալի իրադարձություն է, սակայն ուրախությունը պետք է արտահայտել արժանավայել կերպով։
Ժողովի հանդիպումներին կանոնավորաբար ներկա լինելը և հավատակիցների հետ ընկերակցելը ինչպե՞ս կօգնի քեզ ապրելու քո նվիրման համաձայն։
Ինչո՞ւ է կարևոր, որ նույնիսկ մկրտվելուց հետո անձնական ուսումնասիրության լավ գրաֆիկ ունենաս և կանոնավորաբար մասնակցես ծառայությանը։
ՀՐԱՀԱՆԳՆԵՐ՝ ԺՈՂՈՎԻ ԵՐԵՑՆԵՐԻՆ
Երբ չմկրտված քարոզիչը հայտնում է մկրտվելու իր ցանկության մասին, նրան հարկավոր է հորդորել ուշադրությամբ քննել «Հարցեր մկրտվել ցանկացողների համար» բաժինը, որը գտնվում է այս գրքի 185–207 էջերում։ Նրա ուշադրությունը պետք է հրավիրել նաև «Խոսք՝ չմկրտված քարոզչին» հավելվածի վրա (սկսվում է 182-րդ էջից), որում բացատրվում է, թե ինչպես նա կարող է պատրաստվել երեցների հետ քննարկումներին։ Քննարկումների ընթացքում մկրտության թեկնածուն կարող է օգտվել իր գրառումներից և այս գիրքը բաց պահել։ Սակայն կարիք չկա, որ նախքան երեցների հետ հանդիպելը մեկ ուրիշ անհատ քննարկի այդ հարցերը մկրտության թեկնածուի հետ։
Նա, ով ցանկանում է մկրտվել, այդ մասին պետք է տեղյակ պահի երեցների խորհրդի կոորդինատորին։ Այն բանից հետո, երբ մկրտվել ցանկացողին ժամանակ տրվի կարդալու «Հարցեր մկրտվել ցանկացողների համար» բաժինը, երեցների խորհրդի կոորդինատորը կհարցնի նրան, թե արդյոք աղոթքով նվիրվել է Եհովային, որ կատարի նրա կամքը։ Եթե անհատը նվիրվել է, այդ դեպքում կոորդինատորը միջոցներ կձեռնարկի, որ երկու երեց քննարկեն նրա հետ «Հարցեր մկրտվել ցանկացողների համար» բաժինը։ Յուրաքանչյուր մասի համար տարբեր երեցներ պետք է նշանակվեն։ Կարիք չկա սպասել, որ համաժողովի մասին հայտարարություն արվի։
Երկու մասերը կարելի է քննարկել երկու առանձին հանդիպումների ժամանակ՝ յուրաքանչյուրը մոտ մեկ ժամ տևողությամբ, թեև անհրաժեշտության դեպքում կարելի է ավելի շատ ժամանակ տրամադրել։ Յուրաքանչյուր մաս պետք է սկսվի և ավարտվի աղոթքով։ Ո՛չ մկրտության թեկնածուն, ո՛չ էլ երեցը չպետք է հապճեպորեն քննարկեն հարցերը։ Նշանակված երեցները պետք է այս քննարկմանը իրենց գրաֆիկում առաջնային տեղ հատկացնեն։
Լավ կլինի մկրտության հարցերը քննարկել յուրաքանչյուր թեկնածուի հետ անհատապես և ոչ թե մի խումբ թեկնածուների հետ։ Երբ մկրտության թեկնածուն պատասխանի բոլոր հարցերին, երեցները հստակ պատկերացում կկազմեն, թե որքան խորն է նա հասկանում իր սովորածը, և կասկածներ չեն ունենա, թե արդյոք նա պատրաստ է մկրտության։ Բացի այդ, մկրտվել ցանկացողը նման մթնոլորտում ազատորեն կարտահայտի իր մտքերը։ Ամուսինն ու կինը կարող են միասին մասնակցել քննարկմանը։
Եթե մկրտության թեկնածուն քույր է, ապա քննարկումները կարող են այնպիսի տեղում անցկացվել, որ նա ու երեցը տեսանելի լինեն, բայց ոչ լսելի։ Անհրաժեշտության դեպքում քննարկումը կարելի է անցկացնել մեկ ուրիշ երեցի կամ ծառայող օգնականի հետ՝ կախված այն բանից, թե որ մասն են քննարկելու, ինչպես նշված է հաջորդ պարբերության մեջ։
Այն ժողովում, որտեղ քիչ երեցներ կան, համապատասխան որակներ ունեցող ծառայող օգնականները, ովքեր ողջամիտ են և խորաթափանց, կարող են անհատի հետ անցկացնել 1-ին մասի քննարկումը («Քրիստոնեական համոզմունքներ»)։ 2-րդ մասի քննարկումը («Քրիստոնեավայել ապրելակերպ») պետք է անցկացնեն միայն երեցները։ Իսկ եթե չկան բավականաչափ փորձառու եղբայրներ, ապա կարելի է կապ հաստատել շրջանային վերակացուի հետ տեսնելու, թե արդյոք մոտակա ժողովներից որևէ եղբայր կարող է օգնել։
Եթե մկրտության թեկնածուն անչափահաս է, նրա Վկա ծնող(ներ)ը պետք է ներկա լինեն քննարկմանը։ Եթե ծնող(ներ)ը չեն կարող ներկա լինել, երկու երեց (կամ մեկ երեց և մեկ ծառայող օգնական՝ կախված այն բանից, թե որ մասն են քննարկում) պետք է ներկա լինի յուրաքանչյուր մասի քննարկման ժամանակ։
Երեցները պետք է հավաստիանան, որ մկրտվել ցանկացող անհատը բավականաչափ հասկանում է Աստվածաշնչի հիմնական ուսմունքները, ինչպես նաև խորապես գնահատում է ճշմարտությունը և հարգանք է դրսևորում Եհովայի կազմակերպության հանդեպ։ Եթե անհատը չի հասկանում Աստվածաշնչի հիմնական ուսմունքները, երեցները հոգ կտանեն, որ նա ստանա անհրաժեշտ օգնությունը, որպեսզի հետագայում համապատասխանի մկրտության պահանջներին։ Մյուսներին գուցե հարկ լինի ժամանակ տալ, որպեսզի ապացուցեն, որ ավելի շատ են գնահատում քարոզչական ծառայությունը և հնազանդվում են կազմակերպության հրահանգներին։ Երեցները պետք է խորաթափանցություն դրսևորեն որոշելու համար, թե որքան ժամանակ (մեկ ժամ կամ ավելի) տրամադրեն յուրաքանչյուր մասի քննարկմանը, որպեսզի լիովին համոզվեն, թե արդյոք մկրտության թեկնածուն պատրաստ է կատարելու այս լուրջ քայլը։ Գուցե հարկ լինի որոշ հարցերի ավելի շատ ժամանակ հատկացնել, իսկ ուրիշ հարցերի՝ ավելի քիչ ժամանակ, սակայն բոլոր հարցերն էլ պետք է քննարկվեն։
Մկրտության թեկնածուի հետ քննարկում անցկացնող երեցները մաս 2-ի քննարկումից հետո կհանդիպեն և կորոշեն, թե արդյոք նա կարող է մկրտվել։ Նրանք հաշվի կառնեն յուրաքանչյուր թեկնածուի անցյալը, խառնվածքը, կարողությունները և այլ հանգամանքներ։ Բացի այդ, շատ կարևոր է տեսնել, թե արդյոք անհատի սիրտը դարձել է դեպի Եհովան, և նա հասկացել է Աստվածաշնչի հիմնական ճշմարտությունները։ Երեցների սիրառատ օգնության շնորհիվ մկրտության թեկնածուները կկարողանան պատրաստված լինել կատարելու իրենց կարևոր հանձնարարությունը որպես բարի լուրի քարոզիչ։
Այնուհետև երեցներից մեկը կամ երկուսը պետք է ասեն այդ անհատին, թե արդյոք համապատասխանում է մկրտվելու չափանիշներին։ Եթե համապատասխանում է, երեցներից մեկը կամ երկուսը նրա հետ կքննարկեն «Եզրափակիչ քննարկում մկրտության թեկնածուների հետ» բաժինը, որը գտնվում է 206-րդ և 207-րդ էջերում։ Եթե մկրտության թեկնածուն չի ավարտել «Վայելիր կյանքը հավիտյան» գրքի ուսումնասիրությունը, երեցները պետք է հորդորեն նրան շարունակել ուսումնասիրությունը մկրտությունից հետո։ Մկրտության թեկնածուին տեղեկացրու, որ նրա մկրտության ամսաթիվը կավելացվի «Ժողովի քարոզչի հաշվետվությունում»։ Հիշեցրու նրան, որ երեցները գրանցում են քարոզչի անձնական տվյալները, որպեսզի կազմակերպությունը կարողանա հոգ տանել ողջ աշխարհում եղող Եհովայի վկաների ժողովներին, և որպեսզի տվյալ քարոզիչը կարողանա մասնակցել հոգևոր գործունեությանը և հոգևոր աջակցություն ստանալ։ Բացի այդ, երեցները նոր քարոզիչներին կարող են հիշեցնել, որ անձնական տվյալների հետ կապված՝ գործում է Եհովայի վկաների կրոնական կազմակերպության տվյալների պաշտպանության համաշխարհային քաղաքականությունը, որը կարելի է գտնել jw.org կայքում։ Այս քննարկումը տևում է ընդամենը տասը րոպե կամ ավելի քիչ։
Քարոզչի մկրտությունից մեկ տարի անց երկու երեց պետք է հանդիպեն նրա հետ, որ քաջալերեն ու օգտակար առաջարկներ անեն։ Երեցներից մեկը պետք է լինի այդ քարոզչի խմբի վերակացուն։ Եթե մկրտված անհատը անչափահաս է, ապա նրա քրիստոնյա ծնողը(ները) նույնպես պետք է ներկա լինի։ Հանդիպումը պետք է անցկացվի ջերմ ու քաջալերական մթնոլորտում։ Երեցները կխոսեն նրա հոգևոր առաջադիմության մասին, գործնական առաջարկներ կանեն, թե ինչպես անձնական ուսումնասիրության և Աստվածաշնչի ամենօրյա ընթերցանության լավ գրաֆիկ պահպանել, ամեն շաբաթ ընտանեկան երկրպագություն անել, կանոնավորաբար ժողովի հանդիպումներին հաճախել ու մասնակցել, ինչպես նաև ամեն շաբաթ ծառայել (Եփես. 5։15, 16)։ Եթե նա չի ավարտել «Վայելիր կյանքը հավիտյան» գրքի ուսումնասիրությունը, երեցները պետք է հոգ տանեն, որ ինչ-որ մեկը աջակցի նրան այս հարցում։ Երեցները պետք է առատաձեռնորեն գովեստի խոսքեր ասեն նրան։ Սովորաբար մեկ կամ երկու մտքի հետ կապված խորհուրդներ և առաջարկներ անելը բավական է։