ԳԼՈՒԽ 11
Երկրպագության վայրեր
ԵՀՈՎԱՅԻ ճշմարիտ երկրպագուներին պատվիրված է հավաքվել միասին՝ կրթվելու և միմյանց քաջալերելու համար (Եբր. 10։23–25)։ Աստծու ընտրյալ ժողովրդի՝ իսրայելացիների համար երկրպագության առաջին վայրը եղել է «խորանը, այսինքն՝ հանդիպման վրանը» (Ելք 39։32, 40)։ Հետագայում Դավթի որդի Սողոմոնը Աստծուն փառք բերելու համար կառուցեց մի տուն, կամ՝ տաճար (1 Թագ. 9։3)։ Սակայն այն բանից հետո, երբ մ. թ. ա. 607 թ.-ին տաճարն ավերվեց, Աստծուն երկրպագելու համար հրեաները սկսեցին հավաքվել ժողովարաններում։ Ժամանակի ընթացքում տաճարը վերակառուցվեց և կրկին սկսեց ծառայել որպես ճշմարիտ երկրպագության կենտրոն։ Հիսուսը ուսուցանում էր թե՛ ժողովարաններում և թե՛ տաճարում (Ղուկ. 4։16; Հովհ. 18։20)։ Նա նույնիսկ հանդիպում կազմակերպեց սարի վրա (Մատթ. 5։1–7։29)։
2 Հիսուսի մահից հետո քրիստոնյաները սկսեցին հավաքվել հասարակական վայրերում և տներում՝ Աստվածաշունչը ուսուցանելու և հավատակիցների ընկերակցությունը վայելելու համար (Գործ. 19։8, 9; Հռոմ. 16։3, 5; Կող. 4։15; Փիլիմ. 2)։ Երբեմն անհրաժեշտ էր լինում, որ վաղ քրիստոնյաները հավաքվեին հեռավոր վայրերում՝ հալածողներից հեռու մնալու համար։ Ինչպես տեսնում ենք, անցյալում Աստծու հավատարիմ ծառաները հավաքվում էին երկրպագության համար նախատեսված վայրերում՝ «Եհովայից ուսուցանված լինելու» նպատակով (Ես. 54։13)։
3 Այսօր նույնպես քրիստոնեական հանդիպումները անցկացվում են տներում և հասարակական վայրերում։ Տներում հաճախ անցկացվում են քարոզչական ծառայության հանդիպումները։ Այն անհատները, ովքեր տրամադրում են իրենց տները այսպիսի հանդիպումների համար, մեծ պատիվ են համարում դա։ Շատերն ասում են, որ այդպես վարվելով՝ հոգևոր մեծ օգուտներ են քաղել։
ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՍՐԱՀՆԵՐ
4 Եհովայի վկաների հանդիպումների հիմնական վայրը Թագավորության սրահն է։ Սովորաբար գնվում է նոր տարածք և Թագավորության սրահ է կառուցվում կամ վերանորոգվում է արդեն իսկ գոյություն ունեցող շինությունը։ Միջոցները խնայելու և մեր շինությունները լավագույնս օգտագործելու համար հարմարության դեպքում մի սրահից կարող են օգտվել մի քանի ժողովներ։ Որոշ վայրերում անհրաժեշտ է լինում վարձել սրահ։ Նոր Թագավորության սրահների, ինչպես նաև այն սրահների համար, որոնք հիմնովին վերանորոգվել են, տեղին է անցկացնել նվիրման ծրագիր։ Սակայն եթե փոքր վերանորոգումներ են արվել, նվիրման ծրագիր անցկացնելու կարիք չկա։
5 Թագավորության սրահը չպետք է լինի ճոխ շինություն, որը կառուցված է մարդկանց տպավորելու համար։ Թեև վայրից վայր Թագավորության սրահի նախագիծը կարող է տարբեր լինել, սակայն այն պետք է ծառայի իր գլխավոր նպատակին և հարմար լինի քրիստոնեական հանդիպումներ անցկացնելու համար (Գործ. 17։24)։
6 Թագավորության սրահի շահագործման, տեխսպասարկման և այլ կարիքների մասին հոգում են այն ժողովները, որոնք օգտվում են այդ սրահից։ Հանդիպումների ժամանակ հանգանակություն չի լինում, ոչ էլ խնդրում են գումար նվիրաբերել։ Սրահներում կան նվիրաբերության արկղեր, և հանդիպումներին հաճախող անհատները ցանկության դեպքում կարող են նվիրաբերություն անել՝ սրահի օգտագործման հետ կապված անհրաժեշտ ծախսերը ծածկելու համար։ Նրանք դա անում են պատրաստակամորեն և սրտանց (2 Կորնթ. 9։7)։
7 Քարոզիչները առանձնաշնորհում են համարում Թագավորության սրահին ֆինանսապես աջակցելը, ինչպես նաև հոժարակամորեն մասնակցում են սրահը մաքուր և լավ վիճակում պահելու գործին։ Երեցներից կամ ծառայող օգնականներից որևէ մեկը նշանակվում է կազմակերպելու մաքրության գործը։ Սովորաբար մաքրության գործը կատարում են քարոզչական ծառայության խմբերը։ Աշխատանքը բաշխում են խմբի վերակացուն կամ նրա օգնականը։ Թե՛ ներսից և թե՛ դրսից Թագավորության սրահը պետք է ներկայացնի Եհովային ու նրա կազմակերպությունը։
Քարոզիչները առանձնաշնորհում են համարում Թագավորության սրահին ֆինանսապես աջակցելը, ինչպես նաև հոժարակամորեն մասնակցում են սրահը մաքուր և լավ վիճակում պահելու գործին
8 Երբ սրահում մեկից ավելի ժողովներ են հանդիպումներ ունենում, ժողովների երեցներից կազմվում է Թագավորության սրահի շահագործման կոմիտե, որը հետևում է, որ հոգ տարվի սրահի և գույքի մասին։ Երեցների խորհուրդները մի եղբոր նշանակում են շահագործման կոմիտեի կոորդինատոր։ Սրահի շահագործման կոմիտեն երեցների խորհուրդների առաջնորդությամբ հետևում է սրահի մաքրությանը, հավաստիանում, որ այն սարքին վիճակում է, ինչպես նաև սրահում կան բավարար քանակությամբ անհրաժեշտ պիտույքներ։ Այս նպատակին հասնելու համար բոլոր ժողովները պետք է սերտորեն համագործակցեն միմյանց հետ։
9 Եթե մեկ Թագավորության սրահից օգտվում են մի քանի ժողովներ, ապա հանդիպումների անցկացման օրերի գրաֆիկը կարող է հերթով փոխվել։ Այս առնչությամբ երեցները կհամագործակցեն միմյանց հետ՝ դրսևորելով հոգատարություն և եղբայրական սեր (Փիլիպ. 2։2–4; 1 Պետ. 3։8)։ Ոչ մի ժողով որոշումներ չի կայացնում մյուս ժողովների փոխարեն։ Երբ շրջանային վերակացուն այցելում է ժողովներից որևէ մեկը, մյուս ժողովները այդ շաբաթ հարմարեցնում են իրենց ժողովի հանդիպումների օրերը ըստ անհրաժեշտության։
10 Ժողովի ծառայողական կոմիտեի թույլտվությամբ Թագավորության սրահը կարելի է օգտագործել նաև հարսանեկան ելույթի և մահախոսական ներկայացնելու համար։ Երեցները հաշվի են առնում յուրաքանչյուր խնդրանք և իրենց որոշումը հիմնում են մասնաճյուղից ուղարկված հրահանգների վրա։
11 Այն անհատներից, որոնց թույլ է տրվում Թագավորության սրահն օգտագործել այդ նպատակներով, ակնկալվում է դրսևորել ճշմարիտ քրիստոնյաներին վայել վարք։ Բոլոր նրանք, ովքեր օգտվում են Սրահից, չպետք է անեն այնպիսի բան, որը կարող է գայթակղության առիթ տալ ժողովին կամ նախատինք բերել Եհովայի անվանը և բացասաբար անդրադառնալ ժողովի հեղինակության վրա (Փիլիպ. 2։14, 15)։ Ժամանակ առ ժամանակ Թագավորության սրահը մասնաճյուղի առաջնորդությամբ կարող է օգտագործվել այլ հոգևոր միջոցառումների, օրինակ՝ Թագավորական ծառայության դպրոցի և Ռահվիրայական ծառայության դպրոցի համար։
12 Քարոզիչները պետք է միշտ հարգալից վերաբերմունք ցույց տան հանդիպումների վայրերի հանդեպ։ Հագուստը, հարդարանքը և արտաքին տեսքը պետք է վկայեն Եհովայի երկրպագությանը արժանապատվությամբ վերաբերվելու մասին (Ժող. 5։1; 1 Տիմոթ. 2։9, 10)։ Այս առնչությամբ սուրբգրային խորհուրդները կիրառելով՝ ցույց ենք տալիս, որ գնահատում ենք մեր քրիստոնեական հանդիպումները։
13 Հանդիպումների ժամանակ անհրաժեշտ է կարգուկանոն պահպանել։ Խորհուրդ է տրվում, որ երեխաները նստեն ծնողների կողքին։ Փոքր երեխաներ ունեցող ծնողները կարող են նստել այնտեղ, որտեղ ավելի քիչ կխանգարեն մյուսներին, երբ հարկ լինի երեխաներին դուրս տանել՝ նրանց խրատելու, կամ այլ կարիքները հոգալու համար։
14 Ժողովի հանդիպումների ժամանակ նշանակվում են սպասարկուներ։ Նրանք պետք է լինեն ուշադիր, բարյացակամ և խորաթափանց։ Նրանց պատասխանատվությունն է ջերմորեն ողջունել նոր անհատներին, նստելու տեղ գտնել ուշացածների համար, գրանցել ներկաների թիվը, ուշադրություն դարձնել սրահի ջեռուցման ու օդափոխության համակարգին։ Անհրաժեշտության դեպքում սպասարկուները պետք է հիշեցնեն ծնողներին, որ նրանք հետևեն, որ իրենց երեխաները հանդիպումներից առաջ և հետո չվազվզեն շենքում կամ դրա շուրջը կամ խաղան բեմի վրա։ Երբ երեխան դառնում է անկառավարելի, սպասարկուն կարող է բարյացակամորեն և նրբանկատորեն խնդրել ծնողին դուրս տանել երեխային, որպեսզի ներկա գտնվողները չշեղվեն ծրագրից։ Սպասարկուների կատարած ծառայությունը նպաստում է այն բանին, որ բոլորն էլ բավականություն ստանան հանդիպումներից։ Նախընտրելի է, որ որպես սպասարկուներ նշանակվեն երեցներ և ծառայող օգնականներ։
ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՍՐԱՀՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15 Առաջին դարում որոշ քրիստոնյաներ նյութապես ավելի լավ վիճակում էին, քան մյուսները, ուստի Պողոս առաքյալը գրեց. «Ուզում եմ, որ ձեր ավելցուկը լրացնի նրանց պակասը, և որ նրանց ավելցուկն էլ լրացնի ձեր պակասը, որպեսզի հավասարություն լինի» (2 Կորնթ. 8։14)։ Այսօր նույնպես նման «հավասարություն» է։ Ողջ աշխարհում բոլոր ժողովների կողմից նվիրաբերված գումարը հավաքվում է, որպեսզի ֆինանսական օգնություն տրամադրվի Թագավորության սրահներ կառուցելու և վերանորոգելու գործին։ Համաշխարհային եղբայրության առատաձեռն աջակցությունը բարձր է գնահատվում կազմակերպության և այն ժողովների կողմից, որոնք անմիջական օգուտներ են քաղում այս նվիրաբերություններից։
16 Համաձայն տվյալ տարածքի պլանի՝ մասնաճյուղը ժողովներին նշանակում է որևէ Թագավորության սրահ, որտեղ նրանք անցկացնում են իրենց հանդիպումները։ Մասնաճյուղը նաև որոշում է թե երբ և որտեղ կառուցել նոր Թագավորության սրահ և վերանորոգել տեղի տարածքի սրահները։ Աղետի դեպքում քայլեր են ձեռնարկվում վերանորոգելու վնասված Թագավորության սրահները և, եթե անհրաժեշտ է, նաև եղբայրների ու քույրերի տները։
17 Մասնաճյուղը կոորդինացնում է կամավորներին՝ օգնելով տարածք ձեռք բերելու, Թագավորության սրահներ նախագծելու, շինության թույլտվություն ստանալու, շինարարության և տեխսպասարկման հարցում։ Քանի որ Թագավորության սրահների մեծ կարիք կա, շատ կամավորներ են անհրաժեշտ։ Բոլոր մկրտված քարոզիչներին, ովքեր օրինակելի են և ցանկանում են օգնել խրախուսվում է լրացնել դիմում և այն հանձնել ժողովի ծառայողական կոմիտեին։ Նույնիսկ չմկրտված քարոզիչները կարող են աջակցել իրենց Թագավորության սրահի շինարարությանը կամ վերանորոգման աշխատանքներին։
ՀԱՄԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՍՐԱՀՆԵՐ
18 Վաղ քրիստոնյաները սովորաբար հավաքվում էին փոքր խմբերով։ Սակայն երբեմն հավաքվում էին նաև «մեծ թվով մարդիկ» (Գործ. 11։26)։ Նմանապես այսօր Եհովայի ժողովուրդը մեծ հանդիպումներ է անցկացնում՝ շրջանային և տարածաշրջանային համաժողովներ։ Այս նպատակով հաճախ մեծ սրահներ են վարձվում, սակայն եթե չկան այդպիսի սրահներ կամ դրանք հարմար չեն համաժողովներ անցկացնելու համար կառուցվում են երկրպագության շենքեր, որոնք կոչվում են համաժողովների սրահներ։
19 Երբեմն գնվում է արդեն իսկ գոյություն ունեցող շինություն, որը վերանորոգվում է և օգտագործվում որպես համաժողովների սրահ։ Սակայն շատ հաճախ գնվում է տարածք, և նոր սրահ է կառուցվում։ Համաժողովների սրահները իրենց չափերով տարբեր են լինում՝ կախված տեղի կարիքներից։ Նման շինություն կառուցելու որոշումը կայացվում է միայն այն բանից հետո, երբ մասնաճյուղը հաշվում է ծախսերը և որոշում, թե տարին քանի անգամ այն կօգտագործվի։
20 Մասնաճյուղը նշանակում է եղբայրների, որ հոգ տանեն սրահի մասին և կատարեն վերանորոգման հետ կապված զանազան գործեր։ Քայլեր են ձեռնարկվում, որպեսզի տարբեր շրջանների ժողովներ կանոնավորաբար մաքրեն համաժողովների սրահը, վեց ամիսը մեկ մեծ մաքրություն անեն, ինչպես նաև հոգ տանեն, որ ամեն ինչ սարքին վիճակում լինի։ Եղբայրները հոժարակամորեն են կատարում այս աշխատանքը։ Բոլոր ժողովներին խրախուսվում է սրտանց աջակցել այս միջոցառումներին (Սաղ. 110։3; Մաղ. 1։10)։
21 Երբեմն համաժողովների սրահը կարող է օգտագործվել աստվածապետական այլ միջոցառումների, օրինակ՝ աստվածապետական դպրոցների և շրջագայող վերակացուների հետ հատուկ հանդիպումների համար։ Ինչպես Թագավորության սրահը, այնպես էլ համաժողովների սրահը երկրպագությանը նվիրված վայրեր են։ Համաժողովների սրահ այցելելիս մենք պետք է այնպիսի վարք և հագուկապ ունենանք, ինչպիսին ունենում ենք Եհովային երկրպագելու համար Թագավորության սրահ գնալիս։
22 Այս վերջին օրերի եզրափակիչ փուլում նոր անհատներ են գալիս դեպի կազմակերպություն, և դա վկայում է Եհովայի օրհնության մասին (Ես. 60։8, 10, 11, 22)։ Ուստի մենք պետք է ամբողջովին աջակցենք երկրպագության համար վայրեր ձեռք բերելուն և հոգ տանենք, որ դրանք լինեն մաքուր ու հարմարավետ։ Այսպես վարվելով՝ մենք ցույց ենք տալիս մեր գնահատանքը երկրպագության վայրերի հանդեպ, որտեղ քաջալերում ենք միմյանց, առավել ևս որ տեսնում ենք՝ Եհովայի օրը մոտենում է։