ԳԼՈՒԽ 2
Հասկանանք և ընդունենք Քրիստոսի դերը Աստծու կառույցի մեջ
«ՍԿԶԲՈՒՄ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը»։ Այն ամենը, ինչ նա արարեց, «շատ լավ» էր (Ծննդ. 1։1, 31)։ Եհովան մարդուն ստեղծեց ապագայի հրաշալի հեռանկարով։ Սակայն Եդեմում կատարված ըմբոստության հետևանքով մարդիկ ժամանակավորապես կորցրին իրենց երջանկությունը։ Բայցևայնպես, երկրի և մարդկության նկատմամբ Եհովայի նպատակը չփոխվեց։ Աստված փրկության խոստում տվեց Ադամի հնազանդ սերունդներին։ Այդ խոստման համաձայն՝ վերականգնվելու էր ճշմարիտ երկրպագությունը, և Աստված վերացնելու էր չար արարածին ու նրա բոլոր չար գործերը (Ծննդ. 3։15)։ Շուտով առաջվա պես ամեն ինչ «շատ լավ» է լինելու, և Եհովան դա իրագործելու է իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով (1 Հովհ. 3։8)։ Հետևաբար, խիստ անհրաժեշտ է, որ մենք հասկանանք Քրիստոսի դերը Աստծու կառույցի մեջ (Գործ. 4։12; Փիլիպ. 2։9, 11)։
Ո՞ՐՆ Է ՔՐԻՍՏՈՍԻ ԴԵՐԸ
2 Երբ խորհում ենք Աստծու կառույցի մեջ Քրիստոսի ունեցած դերի մասին, պետք է հասկանանք, որ նրա դերը ընդգրկում է մի շարք առանձնահատկություններ։ Հիսուսը ծառայում է որպես մարդկության Փրկիչ, Քահանայապետ, քրիստոնեական ժողովի Գլուխ, իսկ այժմ նաև որպես Աստծու Թագավորության Թագավոր։ Այս առանձնահատկությունների մասին խորհրդածելը մեծացնում է մեր գնահատանքը Աստծու կառույցի նկատմամբ և խորացնում է մեր սերը Քրիստոս Հիսուսի հանդեպ։ Քննենք դրանցից մի քանիսը։
Աստված գլխավորապես Հիսուսի միջոցով է իրականացնում իր նպատակները
3 Քրիստոսի երկրային ծառայության ընթացքում պարզ դարձավ, որ հնազանդ մարդիկ նրա միջոցով են հաշտվելու Աստծու հետ (Հովհ. 14։6)։ Որպես մարդկության Փրկիչ՝ նա իր անձը փրկանք տվեց շատերի համար (Մատթ. 20։28)։ Հետևաբար, աստվածահաճո վարք դրսևորելու հարցում Հիսուսը օրինակ թողնելուց ավելին արեց։ Աստված գլխավորապես նրա միջոցով է իրականացնում իր նպատակները։ Միայն նրա միջոցով է, որ կարող ենք վերագտնել Աստծու բարեհաճությունը (Գործ. 5։31; 2 Կորնթ. 5։18, 19)։ Հիսուսի զոհաբերական մահը և նրա հարությունը հնարավորություն են տալիս հնազանդ մարդկանց հավիտենական օրհնություններ վայելելու Աստծու երկնային Թագավորության իշխանության ներքո։
4 Երկնքում Հիսուս Քրիստոսը ծառայում է նաև որպես Քահանայապետ։ Ուստի նա կարող է «ցավակից լինել մեր թուլություններին» և քավել երկրի վրա ապրող իր նվիրված հետևորդների մեղքերը։ Պողոս առաքյալը գրում է. «Մենք ոչ թե այնպիսի քահանայապետ ունենք, որը չի կարող ցավակից լինել մեր թուլություններին, այլ մի այնպիսին, որը մեզ նման փորձվել է բոլոր առումներով, բայց մնացել է առանց մեղքի»։ Ապա քաջալերում է բոլոր նրանց, ովքեր հավատ են ընծայում Հիսուս Քրիստոսին, լիարժեքորեն օգտվել Աստծու հետ հաշտվելու այս կառույցից։ Նա ասում է. «Ուրեմն եկեք խոսելու ազատությամբ մոտենանք անզուգական բարության գահին, որպեսզի Աստված ողորմություն և անզուգական բարություն ցուցաբերի, երբ մենք օգնության կարիք ունենանք» (Եբր. 4։14–16; 1 Հովհ. 2։2)։
5 Հիսուսը նաև քրիստոնեական ժողովի Գլուխն է։ Առաջին դարի քրիստոնյաների նման՝ մենք էլ մարդկային առաջնորդի կարիք չունենք։ Հիսուսը առաջնորդում է սուրբ ոգու, Աստվածաշնչի, ինչպես նաև հմուտ հովիվների միջոցով, որոնք պետք է հաշիվ տան թե՛ իրեն, թե՛ իր երկնային Հորը, քանի որ Աստծու հոտին են հոգ տանում (Եբր. 13։17; 1 Պետ. 5։2, 3)։ Մարգարեաբար խոսելով Քրիստոսի մասին՝ Եհովան ասում է. «Ահա ես նրան որպես վկա եմ տվել ազգությունների համար, որպես առաջնորդ ու ղեկավար՝ ազգությունների համար» (Ես. 55։4)։ Հիսուսը հաստատեց, որ այս մարգարեությունը իրեն էր վերաբերում, երբ իր աշակերտներին ասաց. «Ոչ էլ «առաջնորդներ» կոչվեք, որովհետև մեկն է ձեր Առաջնորդը՝ Քրիստոսը» (Մատթ. 23։10)։
6 Հիսուսը ցույց տվեց իր մտավիճակը և մարդկանց օգնելու պատրաստակամությունը, երբ ասաց. «Ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներ ու բեռնավորվածներ, և ես կթարմացնեմ ձեզ։ Իմ լուծը ձեզ վրա վերցրեք և սովորեք ինձանից, որ հեզ եմ ու սրտով խոնարհ, և դուք թարմություն կգտնեք ձեր հոգիների համար, որովհետև իմ լուծը հարմար է և իմ բեռը՝ թեթև» (Մատթ. 11։28–30)։ Ղեկավարելով քրիստոնեական ժողովը մեղմությամբ և այնպես, որ մեզ թարմություն պատճառի՝ Հիսուս Քրիստոսը փաստում է, որ իր երկնային Հոր՝ Եհովայի նման «բարի հովիվ» է (Հովհ. 10։11; Ես. 40։11)։
7 Կորնթացիներին ուղղած իր առաջին նամակում Պողոսը նշեց Հիսուս Քրիստոսի ունեցած դերի ևս մեկ առանձնահատկություն. «Նա պետք է թագավորի, մինչև որ Աստված բոլոր թշնամիներին նրա ոտքերի տակ դնի։ Բայց երբ Աստված ամեն բան հպատակեցնի Որդուն, այդ ժամանակ Որդին ինքն էլ կհպատակվի Աստծուն, ով բոլոր բաները հպատակեցրեց նրան, որպեսզի Աստված լինի ամեն ինչ ամենքի համար» (1 Կորնթ. 15։25, 28)։ Հիսուսն Աստծու ստեղծագործություններից առաջինն է և մինչև երկիր գալը երկնքում ծառայել է որպես «հմուտ վարպետ» (Առակ. 8։22–31)։ Երկրի վրա նույնպես նա միշտ կատարել է Աստծու կամքը։ Նա դիմագրավել է ամենածանր փորձությունը և մինչև մահ հավատարիմ մնացել իր Հորը (Հովհ. 4։34; 15։10)։ Այդ պատճառով Աստված հարություն տվեց նրան և երկնային Թագավորության Թագավոր լինելու իրավունք շնորհեց (Գործ. 2։32–36)։ Որպես Թագավոր՝ Հիսուս Քրիստոսը բյուրավոր զորեղ ոգեղեն արարածների հետ կվերացնի մարդկային բոլոր կառավարությունները և կմաքրի երկիրը ամեն տեսակ անօրենությունից (Առակ. 2։21, 22; 2 Թեսաղ. 1։6–9; Հայտն. 19։11–21; 20։1–3)։ Այնուհետև Աստծու երկնային Թագավորությունը Քրիստոսի գլխավորությամբ կլինի ողջ երկրի վրա իշխող միակ կառավարությունը (Հայտն. 11։15)։
ԻՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՀԱՍԿԱՆԱԼ ԵՎ ԸՆԴՈՒՆԵԼ ՆՐԱ ԴԵՐԸ
8 Հիսուս Քրիստոսը՝ մեր Օրինակը, կատարյալ է։ Նրան հանձնարարված է հոգ տանել մեր մասին։ Ուստի նրա սիրառատ ու հոգատար առաջնորդությունից օգուտներ քաղելու համար մենք պետք է հավատարիմ մնանք Եհովային և համաքայլ ընթանանք առաջ ընթացող նրա կազմակերպության հետ։
9 Առաջին դարում Հիսուսի հետևորդները լիովին հասկանում էին Քրիստոսի դերը Աստծու կառույցի մեջ։ Նրանք դա ցույց էին տալիս՝ գործելով միասնաբար Քրիստոսի գլխավորության ներքո և հնազանդվելով նրա առաջնորդությանը, որը տրվում էր սուրբ ոգու միջոցով (Գործ. 15։12–21)։ Պողոս առաքյալը օծյալ քրիստոնյաների ժողովի միասնության մասին հիշատակեց, երբ գրեց. «Ճշմարտությունը խոսելով՝ եկեք սիրով ամեն բանում աճենք նրանում, որը գլուխն է, այսինքն՝ Քրիստոսում։ Նրանից ամբողջ մարմինը, ներդաշնակորեն փոխկապակցված լինելով և համագործակցելով բոլոր հոդերի միջոցով (որոնք կատարում են իրենց անհրաժեշտ դերը)՝ ըստ յուրաքանչյուր անդամի կատարած գործունեության չափի, նպաստում է սիրո մեջ հենց իր՝ մարմնի աճին իր իսկ շինության համար» (Եփես. 4։15, 16)։
10 Երբ ժողովում յուրաքանչյուր անհատ համագործակցում է մյուսների հետ, և բոլորը միասնաբար ծառայում են Քրիստոսի գլխավորության ներքո, ժողովը աճում է, և պահպանվում է սիրո ոգին, որը «միասնության կատարյալ կապն է» (Հովհ. 10։16; Կող. 3։14; 1 Կորնթ. 12։14–26)։
11 Աշխարհի ներկայիս իրադարձությունները կատարումն են աստվածաշնչյան այն մարգարեությունների, որոնք հաստատում են, որ 1914 թ.-ից ի վեր Հիսուս Քրիստոսը ստանձնել է թագավորական իշխանությունը։ Այժմ նա իշխում է իր թշնամիների միջև (Սաղ. 2։1–12; 110։1, 2)։ Ի՞նչ է սա նշանակում երկրի վրա ապրող մարդկանց համար։ Շուտով Հիսուսը՝ որպես թագավորների Թագավոր և տերերի Տեր, Աստծու դատաստանը կիրագործի իր թշնամիների դեմ (Հայտն. 11։15; 12։10; 19։16)։ Իսկ փրկության մասին Եհովայի խոստումը, որ տրվել էր մարդու ըմբոստությունից անմիջապես հետո, շուտով իրականություն կդառնա նրանց համար, ովքեր ունեն Քրիստոսի բարեհաճությունը (Մատթ. 25։34)։ Որքա՜ն երջանիկ ենք, որ հասկանում ենք, թե ինչ դեր ունի Քրիստոսը Աստծու կառույցի մեջ։ Թող որ այս վերջին օրերում նրա ղեկավարության ներքո միասնաբար կատարենք աշխարհածավալ քարոզչական գործը։