Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lc էջ 11–17
  • Ո՞վ է նախագծել առաջինը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ո՞վ է նախագծել առաջինը
  • Ինչպե՞ս է կյանքն առաջացել
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Սովորում են կետի լողաթիակներից
  • Կրկնօրինակում են ծովային որորի թևերը
  • Հիանում են ծովային որորի ոտքերով
  • Ո՞վ է արժանի փառքի
  • Տրամաբանական եզրահանգում
  • Ի՞նչ է սովորեցնում բնությունը
    2006 Արթնացե՛ք
  • Սապատավոր կետի լողաթևը
    2013 Արթնացե՛ք
  • Ծրագիր՝ առանց հեղինակի՞
    2007 Դիտարան
  • Թիթեռի թևը
    2014 Արթնացե՛ք
Ավելին
Ինչպե՞ս է կյանքն առաջացել
lc էջ 11–17
Ծովային որորներ և կետ

Ո՞վ է նախագծել առաջինը

Վերջին տարիներին գիտնականներն ու ինժեներները բառիս բուն իմաստով սովորում են բույսերից ու կենդանիներից (Հոբ 12։7, 8)։ Նրանք ուսումնասիրում են բնության մեջ ամեն բան և կրկնօրինակում դրանց կառուցվածքը՝ փորձելով ստեղծել նոր մեխանիզմներ և զարգացնել տեխնիկան։ Գիտության այս ճյուղը հայտնի է բիոնիկա անունով։ Հետևյալ օրինակները քննելիս հարցրեք ինքներդ ձեզ. «Իրականում ո՞վ է արժանի փառքի այս «նախագծերի» համար»։

Սովորում են կետի լողաթիակներից

Սապատավոր կետի լողաթիակները

Ի՞նչ կարող են ինքնաթիռ նախագծողները սովորել սապատավոր կետից։ Շատ բան։ Սապատավոր կետը կշռում է մոտ 30 տոննա, այնքան, որքան բեռնավորված բեռնատար մեքենան։ Մարմինը առաձգական չէ, իսկ լողաթիակները նման են թռչնի թևերի։ 12 մետր երկարություն ունեցող այս կենդանին ջրի տակ բավականին շարժուն է։

Հետազոտողներին հատկապես ապշեցնում էր այն, թե ոչ առաձգական մարմին ունեցող այս արարածը ինչպես է շրջադարձ կատարում անհնարին թվացող փոքր տրամագծով։ Նրանք հայտնաբերեցին, որ գաղտնիքը լողաթիակների կառուցվածքի մեջ է։ Դրանց առջևի մասը հարթ չէ, ինչպես ինքնաթիռի թևը, այլ ատամնավոր է և նման է դուրս ցցված պալարների շարանի։

Մինչ կետը ճեղքում է ջուրը, այդ պալարները մեծացնում են վերամբարձ ուժը և նվազեցնում ջրի դիմադրությունը։ Ինչպե՞ս։ Մի պարբերագրում բացատրվում է, որ պալարների շնորհիվ ջուրը առանց խոչընդոտների պտտվում է լողաթիակների վերևի մասում նույնիսկ այն ժամանակ, երբ կետը ուղղաձիգ դեպի վեր է սլանում10(Natural History)։

Ո՞վ է բնության սեփականատերը

Ի՞նչ օգուտ կարող է տալ այս հայտնագործությունը։ Եթե ինքնաթիռի թևերը կառուցվեն նման ձևով, օդի հոսանքի ուղղությունը փոխելու համար ավելի քիչ էլերոնների (կողաթեքման ղեկերի) կամ այլ մեխանիկական սարքերի կարիք կլինի։ Այսպիսի թևերը ավելի հուսալի կլինեն, և դրանք սարքին վիճակում պահելը ավելի հեշտ կլինի։ Բիոմեխանիկայի մասնագետ Ջոն Լոնգը կարծում է, որ մոտ ապագայում «ցանկացած հսկա ինքնաթիռ սապատավոր կետի լողաթիակների նման թևեր կունենա»11։

Կրկնօրինակում են ծովային որորի թևերը

Անկասկած, ինքնաթիռի թևերը արդեն իսկ թռչունների թևերի կրկնօրինակն են։ Սակայն վերջերս ինժեներներն այս կրկնօրինակումը այլ բարձունքի են հասցրել։ «Նյու սայենթիստ» հանդեսում ասվում է. «Ֆլորիդայի համալսարանի հետազոտողները ստեղծել են հեռակառավարվող ինքնաթիռի մոդել, որը ծովային որորի նման կարող է թռչել, կտրուկ իջնել և արագորեն վեր բարձրանալ»12։

Փոքր ինքնաթիռ, որի թևերը ծովային որորի թևերի կրկնօրինակն են

Ծովային որորներն իրենց տպավորիչ մանյովրները կատարում են՝ ծալելով թևերը արմունկների և ուսերի հատվածում։ Կրկնօրինակելով թևերի այս դյուրաթեք կառուցվածքը՝ մասնագետները ստեղծել են «61 սանտիմետր երկարություն ունեցող ինքնաթիռի մի մոդել, որը փոքր շարժիչի օգնությամբ կառավարում է մի շարք մետաղե ձողեր, որոնք շարժում են թևերը»,— գրված է վերոնշյալ պարբերագրում։ Իմաստնորեն նախագծված այս թևերը փոքր ինքնաթիռին հնարավորություն են տալիս թռչել բարձրահարկ շինությունների միջով և ուղղաձիգ վայրէջք կատարել։ Ռազմա–օդային ուժերը շահագրգռված են ստեղծել այսպիսի ճկուն շարժումներ կատարող ինքնաթիռ, որը կարող է մեծ քաղաքներում քիմիական և կենսաբանական զենքեր փնտրել։

Հիանում են ծովային որորի ոտքերով

Ծովային որորը չի սառչում, նույնիսկ երբ կանգնած է սառույցի վրա։ Հետաքրքիր է, ինչպե՞ս է նրա մարմնի ջերմությունը պահպանվում։ Գաղտնիքը հակառակ ուղղությամբ ընթացող հոսքի ջերմափոխանակության մեջ է, որով օժտված են ցուրտ շրջաններում ապրող մի շարք կենդանիներ։

Ծովային որորի ոտքերում հակառակ ուղղությամբ ընթացող հոսքի ջերմափոխանակության շնորհիվ թռչունը կարողանում է կանգնել սառույցի վրա

Ջերմությունը փոխանցվում և մնում է մարմնում։ Սառնությունը մնում է ոտքերի մեջ

Ի՞նչ է դա նշանակում։ Պատկերացնենք երկու ջրատար խողովակներ, որոնք կպած են իրար։ Տաք ջուրը հոսում է մի խողովակով, իսկ սառը ջուրը՝ մյուսով։ Եթե տաք և սառը ջրերը նույն ուղղությամբ են հոսում դեպի ներքև, տաք ջրի ջերմության մոտ կեսն է փոխանցվում սառը ջրին։ Սակայն եթե տաք և սառը ջրերը հոսում են հակառակ ուղղություններով, ապա տաք ջրի գրեթե ողջ ջերմությունն է փոխանցվում սառը ջրին։

Երբ ծովային որորը կանգնած է սառույցի վրա, ջերմափոխանակության շնորհիվ դեպի թաթերը հոսող արյունը սառչում է, իսկ դեպի մարմին վերադարձող սառած արյունը տաքանում է։ Ջերմափոխանակությունը պահպանում է թռչնի մարմնի ջերմությունը և չի թողնում, որ այն դուրս գա ոտքերից։ Ավիաինժեներ Արթուր Ֆրասը այս հնարքը անվանել է «աշխարհի ամենաարդյունավետ ռեգեներատիվ ջերմափոխանակության համակարգերից մեկը»13։ Թռչնի ոտքը այնքան հանճարեղ կերպով է նախագծված, որ ինժեներները կրկնօրինակել են այն։

Ո՞վ է արժանի փառքի

Տուփի ձև ունեցող ձուկ և կրկնօրինակված մեքենա

Այս ավտոմեքենայի կառուցվածքը կրկնօրինակված է տուփի ձև ունեցող ձկից

ԱՄՆ–ի Աստղանավորդության և տիեզերական տարածության ուսումնասիրության ազգային վարչությունը փորձում է ստեղծել բազմոտանի ռոբոտ, որը կքայլի կարիճի նման, իսկ Ֆինլանդիայում ինժեներները արդեն ստեղծել են վեց անիվ ունեցող տրակտոր, որը հաղթահարում է ճանապարհի վրա եղած արգելքները, ինչպես անում են միջատները։ Այլ հետազոտողներ ուսումնասիրելով սոճու կոնաձև պտուղը՝ ստեղծել են այնպիսի գործվածք, որը կազմված է մանր թեփուկներից։ Դրանք մարմնի ջերմաստիճանի փոփոխությանը զուգընթաց բացվում կամ փակվում են, ինչպես որ կոնն է բացվում կամ փակվում՝ հարմարվելով եղանակի փոփոխությանը։ Մի ընկերություն այնպիսի ավտոմեքենա է արտադրել, որի կառուցվածքը կրկնօրինակված է տուփի ձև ունեցող ձկից։ Դրա շնորհիվ ընթացքի ժամանակ օդի դիմադրությունը զարմանալիորեն նվազում է։ Իսկ ուրիշ մասնագետներ ուսումնասիրում են ծովականջի (փափկամորթ) խեցու հարվածամեղմիչ հատկանիշները, որպեսզի կարողանան ստեղծել ավելի թեթև և ավելի ամուր զրահ։

Դելֆիններ

Դելֆինների էխոլոկացիան գերազանցում է մարդու կրկնօրինակած մեխանիզմը

Բնությունից այնքան շատ մտահղացումներ են փոխառվել, որ հետազոտողները հիմնել են տվյալների մի շտեմարան, որի մեջ դասավորել են այդ բազմաթիվ կենսաբանական համակարգերը։ «Էկոնոմիստ» հանդեսում ասվում է, որ գիտնականները կարող են հետազոտել այդ տվյալները, որպեսզի «իրենց նախագծված սարքերի հետ կապված խնդիրները լուծելու բնական ձևեր» գտնեն։ Այդ շտեմարանում ընդգրկված կենսաբանական համակարգերը հայտնի են «կենսաբանական արտոնագրեր» անունով։ Սովորաբար արտոնագրի իրավունքը պատկանում է այն անհատին կամ ընկերությանը, որն օրինական կերպով գրանցում է իր նոր գաղափարը կամ հայտնագործած մեխանիզմը։ Ուսումնասիրելով կենսաբանական արտոնագրերի այս շտեմարանը՝ «Էկոնոմիստ» հանդեսն ասում է. «Բնությունից կրկնօրինակված հնարքներն անվանելով «կենսաբանական արտոնագրեր»՝ հետազոտողները ընդգծում են, որ այդ արտոնագրերի իսկական սեփականատերը բնությունն է»14։

Ծովականջի խեցին

Գիտնականները ուսումնասիրում են ծովականջի խեցու հարվածամեղմիչ հատկանիշները

Որտեղի՞ց է բնությունը ձեռք բերել այս բոլոր հրաշալի գաղափարները։ Շատ հետազոտողներ բնությունից կրկնօրինակված հնարքները վերագրում են միլիոնավոր տարիների էվոլյուցիոն «փորձերին ու սխալներին»։ Սակայն ուրիշ հետազոտողներ այլ եզրահանգման են գալիս։ Մանրէակենսաբան Մայքլ Բիհին «Նյու Յորք Թայմզ» թերթի 2005 թ. փետրվարի 7–ի համարում գրել է. «[Բնության մեջ] այս նպատակային նախագծերը պարզ ու համոզիչ փաստեր են. եթե մի բան նման է բադի, քայլում է բադի նման, կռկռում է բադի նման և հակառակն ապացուցելու համար այլ փաստարկներ գոյություն չունեն, ապա բոլոր հիմքերն ունենք եզրակացնելու, որ այդ կենդանին բադ է»։ Ի՞նչ եզրակացություն է անում նա։ «Եթե ակնհայտ է, որ տվյալ բանը նախագծված է, ուրեմն մեր առաջ կան փաստեր, որոնք չենք կարող անտեսել»15։

Գեկկոնի ոտքը

Գեկկոնը մագլցում է պատերի վրայով և կպչում է ցանկացած մակերեսի՝ օգտագործելով մոլեկուլային ուժեր

Այն ինժեները, որն անվտանգ և որակյալ ինքնաթիռի թև է նախագծում, ինչ խոսք, պատվի է արժանի։ Նմանապես, այն գյուտարարը, որը ստեղծում է ավելի հարմարավետ գործվածք կամ ավելի լավ ավտոմեքենա, պատվի է արժանի իր նախագծի համար։ Իսկ այն մարդը, որը կրկնօրինակում է ուրիշի նախագիծը, սակայն չի ընդունում և պատվի չի արժանացնում նախագծողին, կարող է համարվել հանցագործ։

Ուստի տրամաբանակա՞ն է արդյոք, որ ականավոր գիտնականները, որոնք ինժեներական դժվար խնդիրներ լուծելու համար փորձում են կրկնօրինակել բնության մեջ գործող համակարգերը, բնօրինակի հանճարեղ նախագիծը վերագրում են բանականություն չունեցող էվոլյուցիային։ Եթե կրկնօրինակելու համար բանական նախագծող է պահանջվում, ապա ի՞նչ կարելի է ասել բնօրինակը ստեղծելու մասին։ Իրականում ո՞վ է արժանի ավելի մեծ պատվի՝ վարպե՞տը, թե՞ աշակերտը, որը պարզապես կրկնօրինակում է նրա նախագիծը։

Տրամաբանական եզրահանգում

Այո՛, կան շատ փաստեր, որոնք վկայում են, որ բնությունը բանական Նախագծող է ունեցել։ Ծանոթանալով այդ փաստերին՝ շատերը ունենում են այն զգացումները, որ ունեցավ Աստվածաշնչի գրողներից մեկը՝ Պողոսը. «[Աստծու] անտեսանելի հատկությունները, այսինքն՝ նրա հավերժական զորությունն ու աստվածությունը, հստակ երևում են աշխարհի արարումից ի վեր, որովհետև դրանք տեսնվում են ստեղծված բաների միջոցով» (Հռոմեացիներ 1։19, 20)։

Ինչպե՞ս կպատասխանեք

  • Տրամաբանակա՞ն է արդյոք հավատալ, որ բնության ինժեներական հրաշալի նախագծերն ի հայտ են եկել պատահականորեն։

  • Ինչպե՞ս կպատասխանեք այն պնդմանը, որի համաձայն՝ ընդամենը թվում է, թե կյանքը Նախագծող է ունեցել։

Արանեյդայե ընտանիքին պատկանող սարդ

Արդյոք պատահականությո՞ւն է

Եթե կրկնօրինակը հեղինակ ունի, այդ դեպքում ի՞նչ կարելի է ասել բնօրինակի մասին։

Մանրաթելեր

  • Կոճի վրա փաթաթված կեվլար

    Կրկնօրինակ։ Կեվլարը մարդու կողմից ստեղծված կարծր մանրաթել է, որը օգտագործվում է, օրինակ, զրահաբաճկոններ պատրաստելու համար։ Կեվլար արտադրելու համար անհրաժեշտ են թունավոր լուծիչներ և բարձր ջերմաստիճան։

  • Բնօրինակ։ Արանեյդայե ընտանիքին պատկանող սարդերը (Araneidae) արտադրում են յոթ տեսակի ոստայնաթել, կամ՝ մետաքս։ Դրանցից ամենապինդը բամբակից թեթև է, սակայն ավելի պինդ է, քան նույն հաստության պողպատալարը և ավելի կարծր է, քան Կեվլարը։ Օրինակ՝ եթե մարդը կարողանար 1 սանտիմետր հաստություն ունեցող մետաքսաթելով գործել ֆուտբոլի դաշտի չափ մի ցանց, որի թելերը իրարից հեռու են 4 սանտիմետրով, ապա այն կկանգնեցներ հսկա օդանավը թռիչքի ընթացքում։ Սարդերը այդ ոստայնաթելը կարող են արտադրել սենյակային ջերմաստիճանում՝ որպես լուծիչ օգտագործելով ջուրը։

Տեղորոշման համակարգ

  • Ռեակտիվ օդանավ

    Կրկնօրինակ։ Որոշ ավիաուղիներ ինքնաթիռներում օգտագործում են ավտոպիլոտի այնպիսի համակարգ, որը ոչ միայն ղեկավարում է օդանավը մի երկրից մյուսը, այլ նաև վայր է իջեցնում այն։ Այսպիսի մի համակարգ, որը դեռ փորձարկման փուլում է, ինժեներները տեղավորել են մոտավորապես վարկաքարտի չափ ունեցող մի համակարգչում։

  • Բնօրինակ։ Ունենալով գրչի ծայրի չափ փոքր ուղեղ՝ մոնարխ թիթեռը (Danaus plexippus) Կանադայից կարող է թռչել մինչև 3 000 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մեքսիկայի փոքր անտառներից մեկը։ Թիթեռն իր «հույսը» դնում է արևի վրա, որն օգնում է նրան ճանապարհորդելիս։ Զարմանահրաշ այս միջատի տեղորոշման համակարգը հաշվի է առնում նաև օրվա ընթացքում արևի դիրքի փոփոխությունը երկնքում։

Ոսպնյակ

  • Արհեստական բարդ աչք՝ գնդասեղի գլխիկի վրա

    Կրկնօրինակ։ Ինժեներները ստեղծել են արհեստական մի բարդ աչք, որն ունի 8 500 ոսպնյակներ, որոնք կարելի է տեղավորել գնդասեղի գլխիկի չափից ոչ մեծ մակերեսի վրա։ Այսպիսի ոսպնյակները կարող են օգտագործվել մեծ արագություն ունեցող դետեկտորներ և ուլտրաբարակ, բազմակողմանի ապարատներ ստեղծելու համար։

  • Բնօրինակ։ Ճպուռի աչքը կազմված է 30 000 պարզ աչիկներից՝ ոսպնյակներից։ Այն պատկերները, որ տեսնում է աչիկներից յուրաքանչյուրը, միավորվում են և ստեղծում մի ընդարձակ խճանկար, որի շնորհիվ միջատը հիանալի կերպով նկատում է ցանկացած շարժում։

    Ճպուռ
    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը