ԳԼՈՒԽ 22
Ինչո՞ւ են կանոններն այսքան շատ
Նշիր, թե ինչ կանոններ են սահմանված ձեր ընտանիքում։ ․․․․․
Քո կարծիքով՝ դրանք միշտ արդա՞ր են։
□ Այո □ Ոչ
Ամենաշատը ո՞ր կանոնին ես դժվարանում հնազանդվել։ ․․․․․
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ՝ սա կարելի է, սա չի կարելի։ Սովորաբար նման կանոնները վերաբերում են տան հետ կապված գործերին։ Կամ էլ ծնողներդ ասում են, թե որ ժամին տուն գաս, ինչքան խոսես հեռախոսով, որքան նստես համակարգչի առաջ, հեռուստացույց դիտես։ Որոշ կանոններ էլ գործում են ոչ միայն տանը, այլ նաև դպրոցում, և վերաբերում են ընկերների ընտրությանը։
Ճնշո՞ղ են այդ կանոնները քեզ համար։ Նկատի առ, թե ինչ են ասում որոշ պատանիներ։
«Ես շատ էի ջղայնանում, որ ծնողներս թելադրում էին, թե երբ տանը լինեմ։ Տանել չէի կարողանում, որ ուրիշների ծնողները թույլ էին տալիս նրանց ուշ տուն գալ, իսկ ես նման հնարավորություն չունեի» (Ալեն)։
«Ահավոր բան է, երբ անընդհատ ստուգում են քո հեռախոսը։ Քեզ հետ երեխայի պես են վարվում» (Էլիզաբեթ)։
«Ինձ թվում էր, թե ծնողներս ուզում էին խորտակել կյանքս, ասես նրանք չէին ուզում, որ ընկերներ ունենայի» (Նիկոլ)։
Թեև պատանիները հաճախ են խախտում ծնողների հաստատած կանոնները, սակայն շատերն ընդունում են, որ առանց կանոնների ընտանիքում քաոս կլիներ։ Այդ դեպքում ինչո՞ւ են որոշ կանոններ նյարդայնացնում պատանիներին։
«Ես այլևս երեխա չեմ»
Թերևս նյարդայնանում ես ձեր ընտանիքում դրված կանոններից այն պատճառով, որ քեզ հետ երեխայի պես են վարվում։ Դու ուզում ես հայտարարել. «Ես այլևս երեխա չեմ»։ Բայց ծնողներդ համոզված են, որ կանոնները պաշտպանում են քեզ ու նախապատրաստում դառնալու հասուն մարդ։
Սակայն դու գուցե մտածում ես, որ ձեր տան կարգուկանոնը այլևս քո տարիքի համար չէ։ Դրանք «նեղում են» քեզ։ Բերտա անունով մի աղջիկ իր ծնողների մասին ասում է. «Նրանք լրիվ մոռացել են, որ մի ժամանակ իրենք էլ են իմ տարիքում եղել։ Ես մեր տանը ո՛չ ձայն չունեմ, ո՛չ էլ ընտրության իրավունք»։ Էլիսոնը նույն կարծիքն է արտահայտում. «Թվում է, թե ծնողներս չեն հասկանում, որ ես այլևս 10 տարեկան չեմ, ես արդեն 18 տարեկան եմ։ Ես ուզում եմ, որ ինձ ավելի շատ վստահեն»։
Երբեմն դժվար է լինում ենթարկվել կանոններին հատկապես այն ժամանակ, երբ քրոջդ կամ եղբորդ ավելի շատ ազատություն են տալիս։ Մեթյուն իր կրտսեր քրոջ ու զարմիկների մասին ասում է. «Նրանց ամեն ինչ թույլատրելի էր»։
Ոչ մի կանո՞ն
Հասկանալի է, որ ուզում ես ինքնուրույն դառնալ և ծնողներիդ հաշվետու չլինել։ Բայց արդյո՞ք լավ կլիներ ժամանակից շուտ ազատություն ստանալ։ Թերևս ճանաչում ես պատանիների, ովքեր կարող են ուշ վերադառնալ տուն, հագնել այն, ինչ ուզում են, ընկերների հետ գնալ ցանկացած տեղ ցանկացած ժամի։ Իսկ ծնողներն այնքան զբաղված են, որ ժամանակ չունեն իրենց երեխաներին հետևելու։ Անկախ ամեն ինչից՝ Աստվածաշնչի համաձայն՝ երեխաների դաստիարակության հանդեպ նման վերաբերմունքը լավ բանի չի տանում (Առակներ 29։15)։ Շատերը, ովքեր մեծացել են ամենաթող ընտանիքներում, այսօր մտածում են միայն իրենց մասին (2 Տիմոթեոս 3։1–5)։
Լիակատար ազատություն վայելող հասակակիցներիդ նախանձելու փոխարեն՝ հիշիր, որ ծնողներիդ դրած կանոնները քո հանդեպ սիրո ու հոգատարության ցուցանիշ են։ Ողջամիտ կանոններ սահմանելով՝ նրանք ընդօրինակում են Եհովային, որն իր ժողովրդին ասաց. «Քեզ հասկացողություն կտամ և կսովորեցնեմ այն ճանապարհը, որով դու պիտի գնաս» (Սաղմոս 32։8)։
Սակայն երբեմն կարող է թվալ, թե կանոնները շատ են։ Ինչպե՞ս վարվել։
Հաղորդակցության բանալին
Եթե ուզում ես ավելի շատ ազատություն ունենալ կամ չընկճվել ծնողներիդ դրած կանոններից, սովորիր հաղորդակցվել նրանց հետ։ Սակայն գուցե մտածես. «Ես փորձել եմ խոսել նրանց հետ, բայց ոչ մի օգուտ»։ Այդ դեպքում մտածիր. «Կարո՞ղ եմ շփման նոր ձև գտնել»։ Հաղորդակցությունը կարևոր բանալի է, որն օգնում է, որ 1) ծնողներդ հասկանան քո մտահոգությունները, և 2) դու էլ հասկանաս, թե ինչու են նրանք մերժում կատարել քո ցանկությունը։ Եթե ուզում ես, որ ծնողներդ քեզ վերաբերվեն որպես հասուն անձնավորության, ապա սովորիր հաղորդակցվել նրանց հետ։ Ինչպե՞ս։
Սովորիր զսպել էմոցիաներդ։ Հաղորդակցությունը ինքնատիրապետում է պահանջում։ Աստվածաշունչն ասում է. «Հիմարը թափում է իր ողջ ջղայնությունը, բայց իմաստունը մինչև վերջ հանդարտ է մնում» (Առակներ 29։11)։ Այդ պատճառով ճիշտ չի լինի, որ տրտնջաս, վիրավորվես և կամակորություններ անես։ Երբ ծնողներդ սահմանափակումներ են դնում քո առաջ, գուցե ուզում ես դուռը շրխկացնել կամ բարկացած քայլել տան մեջ։ Սակայն նման պահվածքը թերևս ավելի շատ կզրկի քեզ ազատությունից։
Փորձիր հասկանալ ծնողներիդ տեսակետը։ Քրիստոնյա Թրեյսին, որը մեծացել է ոչ լրիվ ընտանիքում, ասում է. «Երբ մայրս ինչ-որ բան արգելում է, մտածում եմ, թե ինչու։ Դա ինձ օգնում է հիշելու, որ նա ուզում է, որ լավ մարդ դառնամ» (Առակներ 3։1, 2)։ Այսպիսի վերաբերմունքը կօգնի քեզ հասկանալու ծնողներիդ և բաց հաղորդակցություն պահելու նրանց հետ։
Ենթադրենք՝ ծնողներդ թույլ չեն տալիս, որ ընկերներիդ հետ հավաքույթի մասնակցես։ Վիճելու փոխարեն՝ հարցրու. «Կարո՞ղ է ինձ հետ գալ նա, ում վստահում եք»։ Սակայն նույնիսկ այդ դեպքում ծնողներդ գուցե թույլ չտան քեզ գնալ այդ հավաքույթին։ Այդուհանդերձ, եթե հասկանաս նրանց անհանգստության պատճառը, թերևս մեկ ուրիշ բան առաջարկես։
Շահիր ծնողներիդ վստահությունը։ Պատկերացրու՝ բանկից պարտքով գումար ես վերցնում։ Եթե ժամանակին վերադարձնես այն, ապա վստահելի մարդու համբավ ձեռք կբերես, և հաջորդ անգամ բանկը քեզ ավելի մեծ գումար կտրամադրի։ Նմանապես, քո պարտքն է լսել ծնողներիդ։ Եթե տեսնեն, որ դու վստահելի ես անգամ փոքր բաներում, ապա քո հանդեպ նրանց վստահությունն ավելի կմեծանա։ Բայց եթե շարունակ հիասթափեցնես նրանց, ապա քեզ քիչ բաներում կվստահեն կամ ընդհանրապես չեն վստահի։
Երբ որևէ կանոն ես խախտում
Վաղ թե ուշ դու որևէ կանոն կխախտես, հնարավոր է՝ ուշ տուն գաս, շատ երկար խոսես հեռախոսով, ինչ-որ հանձնարարություն լավ չանես (Սաղմոս 130։3)։ Այդ դեպքում հարկ կլինի, որ բացատրություն տաս։ Ի՞նչ կարող ես անել, որ իրավիճակը ավելի չբարդանա։
Ճշմարտությունը խոսիր։ Եթե սկսես գլխիցդ դուրս պատմություններ հորինել, ապա քո հանդեպ եղած վստահությունն էլ կկորչի։ Անկեղծ եղիր ու պատմիր բոլոր մանրամասները (Առակներ 28։13)։ Մի՛ արդարացրու քեզ և սխալդ մի՛ մեղմացրու։ Միշտ հիշիր, որ «մեղմ պատասխանը հեռացնում է ցասումը» (Առակներ 15։1)։
Ներողություն խնդրիր։ Եթե ընդունես, որ հիասթափեցրել ես ծնողներիդ կամ անհանգստություն ես պատճառել նրանց՝ լրացուցիչ խնդիրներ ստեղծելով, ապա թերևս մեղմացնես պատիժը։ Բայց քո ափսոսանքն ու զղջումը պետք է անկեղծ լինի։
Համակերպվիր հետևանքների հետ (Գաղատացիներ 6։7)։ Սկզբում ցանկություն է առաջանում կասկածի ենթարկել պատիժը, հատկապես եթե այն անարդարացի է թվում քեզ։ Սակայն քո արածի համար պատասխան տալը հասունության նշան է։ Լավագույն բանը, որ կարող ես անել, ծնողներիդ վստահությունը կրկին շահելն է։
Գրի առ, թե վերը նշված խորհուրդներից որն է ավելի շատ վերաբերում քեզ։ ․․․․․
Հիշիր, որ ծնողներդ պարտավոր են հետևելու, թե դու ինչ ես անում։ Աստվածաշունչը խոսում է «հոր պատվիրանի» և «մոր օրենքի» մասին (Առակներ 6։20)։ Ուստի մի՛ մտածիր, որ ձեր ընտանիքում սահմանված կանոնները կործանում են քո կյանքը։ Եհովան ուզում է, որ դու հնազանդվես ծնողներիդ ու արդյունքում «քեզ լավ լինի» (Եփեսացիներ 6։1–3)։
ԱՅՍ ԹԵՄԱՅԻ ՄԱՍԻՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ ԵՍ ԳՏՆԵԼ 1-ԻՆ ՀԱՏՈՐԻ 3-ՐԴ ԳԼԽՈՒՄ։
Ի՞նչ անես, երբ ծնողդ չարաշահում է խմիչքը կամ թմրադեղեր է օգտագործում։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ
«Պատվիր քո հորն ու մորը.... որպեսզի քեզ լավ լինի» (Եփեսացիներ 6։2, 3)։
ԱՌԱՋԱՐԿ
Եթե ուզում ես, որ ծնողներդ քեզ ավելի շատ ազատություն տան, նախևառաջ հնազանդվիր նրանց սահմանած կանոններին։ Երբ դու հնազանդ մարդու համբավ ունենաս, նրանք թերևս կկատարեն քո խնդրանքը։
ԳԻՏԵԻ՞Ր
Հետազոտությունները ցույց են տալիս, որ այն երեխաները, ում ծնողները սիրուց մղված կանոններ են սահմանել, ավելի լավ են սովորում, լավ են հաղորդակցվում ուրիշների հետ ու երջանիկ են։
ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ
Եթե խախտել եմ ծնողներիս հաստատած կանոնը, կասեմ՝ ․․․․․
Ես կարող եմ ծնողներիս վստահությանն արժանանալ, եթե ․․․․․
Այս թեմայի մասին ծնող(ներ)իս կուզեի հարցնել հետևյալը՝ ․․․․․
Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ
● Ինչո՞ւ գուցե թվա, թե ծնողներդ չափից շատ կանոններ են հաստատել քեզ պաշտպանելու համար։
● Ինչո՞ւ գուցե սուր արձագանքես ծնողներիդ դրած արգելքներին։
● Ինչպե՞ս կարող ես բարելավել քո և ծնողներիդ հաղորդակցությունը։
[մեջբերում 183-րդ էջի վրա]
«Երբ երիտասարդ ես, մտածում ես, որ ամեն ինչ գիտես։ Այդ պատճառով, երբ ծնողներդ սահմանափակումներ են դնում քո առաջ, դու ըմբոստանում ես։ Բայց նրանց կանոնները միայն քո օգտի համար են» (Մեգան)։
[շրջանակ 186-րդ էջի վրա]
Արդյոք դա անարդա՞ր է
Երբևէ մտածե՞լ ես, թե ինչու ծնողներն իրենց երեխաներին նույն ձևով չեն վերաբերվում։ Եթե այո, ապա հաշվի առ հետևյալը. արդար վերաբերմունքը միշտ չէ, որ հավասար է դրսևորվում և հավասար վերաբերմունքը միշտ չէ, որ արդար է լինում։ Արդյոք քո կարիքները անուշադրությա՞ն են մատնվել։ Օրինակ՝ ծնողներդ քո կողքի՞ն են, երբ ունենում ես նրանց խորհրդի, օգնության կամ աջակցության կարիքը։ Եթե այո, ապա կարո՞ղ ես ազնվորեն ասել, որ դու անարդարության զոհ ես։ Քանի որ դու և քո քույրերն ու եղբայրները տարբեր մարդիկ եք տարբեր կարիքներով, հետևաբար հնարավոր չէ, որ ծնողներդ բոլորիդ հետ միշտ նույն ձևով վարվեն։ 18-ամյա Բեթը հասկացավ դա։ Նա ասում է. «Եղբայրս ու ես տարբեր մարդիկ ենք։ Մեզ տարբեր մոտեցումներ են անհրաժեշտ։ Հետ նայելով՝ զարմանում եմ, թե ինչպես դա ավելի վաղ չեմ հասկացել»։
[շրջանակ 189-րդ էջի վրա]
վարժություն
Խոսիր ծնողներիդ հետ
Նախորդ երկու գլուխներում քննարկեցինք, թե ինչպես կարող ես արձագանքել ծնողներիդ քննադատությանն ու նրանց հաստատած կանոններին։ Իսկ ի՞նչ անել, երբ զգում ես, որ ծնողներդ երկու հարցում էլ չափազանց խիստ են։ Ինչպե՞ս կարող ես նրանց հետ զրուցել այդ թեմայի մասին։
● Ընտրիր հարմար ժամանակ, երբ դու հանգիստ ես, իսկ ծնողներդ չափազանց զբաղված չեն։
● Խոսիր անկեղծ, բայց չափից շատ էմոցիոնալ մի՛ եղիր։ Հարգանքո՛վ խոսիր ծնողներիդ հետ։
Եթե զգում ես, որ ծնողներդ չափից շատ են քննադատում քեզ, կարող ես ասել. «Ես փորձում եմ ամեն ինչ ճիշտ անել, բայց այնքան դժվար է, երբ քեզ ամեն անգամ քննադատում են։ Կարո՞ղ ենք խոսել այդ մասին»։
Գրիր, թե այդ թեմայի շուրջ ինչպես կսկսես զրույցը ծնողներիդ հետ։
․․․․․
✔ԱՌԱՋԱՐԿ Զրույցը սկսելու համար օգտվիր 21-րդ գլխից։ Միգուցե ծնողներդ ցանկանան այդ գլուխը քննարկել քեզ հետ։
Եթե ծնողներդ քեզ բավականաչափ ազատություն չեն տալիս, կարող ես ասել. «Ես ուզում եմ, որ ինձ ավելի շատ վստահեք ու ժամանակի ընթացքում շատ ազատություն տաք։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ պետք է անեմ դրա համար»։
Գրիր, թե այդ թեմայի շուրջ ինչպես կսկսես զրույցը ծնողներիդ հետ։
․․․․․
✔ԱՌԱՋԱՐԿ Վերանայիր 1-ին հատորի 3-րդ գլուխը։ Գրի առ այն հարցերը, որոնք կառաջանան ընթերցանության ընթացքում։
[նկար 184-րդ և 185-րդ էջերի վրա]
Կանոններին հնազանդվելը նման է բանկին պարտքը վճարելուն։ Եթե ժամանակին «վճարես», քեզ ավելի շատ կվստահեն