ԳԼՈՒԽ 10
Ինչո՞ւ ընկերս այդպես վարվեց ինձ հետ
«Քերին իմ մտերիմ ընկերն էր։ Ամեն օր գործից հետո նրան տուն էի տանում, քանի որ մեքենա չուներ։ Բայց շուտով հասկացա, որ նա շահագործում է ինձ։
Նա նստում էր իմ մեքենան ու անընդհատ հեռախոսով էր խոսում կամ հաղորդագրություն գրում։ Նա ինձ երբեք «շնորհակալություն» չէր ասում։ Որոշ ժամանակ հետո դադարեց բենզինի փող տալուց։ Նրա զրույցները բացասական էին։ Ինքս ինձ վրա ջղայնանում էի, որ այդքան համբերում եմ նրան։
Մի օր Քերիին մեղմորեն բացատրեցի, որ այլևս չեմ կարող նրան տուն տանել։ Այդ օրվանից նա դադարեց ինձ հետ շփվելուց։ Հասկացա, որ ես նրան պետք էի այնքան ժամանակ, քանի դեռ շահ ուներ ինձանից։ Ես շատ վիրավորված էի» (Նիկոլ)։
ԱՅՍՊԻՍԻ բան կարող է լինել լավ ընկերների միջև։ Այսօր նրանք անբաժանելի են, վաղը՝ չեն ուզում իրար տեսնել։ Ինչպե՞ս են մտերիմ ընկերները արագ դառնում թշնամիներ։
● Ջերեմիի համար ամեն բան փոխվեց, երբ նրա ընկերը տեղափոխվեց մի հեռու քաղաք։ Նա ասում է. «Դրանից հետո ընկերս երբեք ինձ չզանգեց։ Ես վիրավորված էի»։
● Կարինան նկատեց, որ իր հինգ տարվա ընկերուհին փոխվել է։ Նա ասում է. «Նրա վերաբերմունքն ու զրույցները անհանգստացնում էին ինձ։ Նա քննադատորեն ու հեգնանքով էր խոսում ինձ համար կարևոր բաների մասին։ Երբ փորձեցի զրուցել նրա հետ, ինձ դավաճան ու «սուրբ» անվանեց և ասաց, որ մեր ընկերությունը նրան ոչ մի լավ բան չի տալիս»։
● Մտերիմ ընկերուհու հետ բաժանությունը Գլորիայի համար անսպասելի էր։ Նա պատմում է. «Սկզբում ամեն բան շատ լավ էր։ Նա նույնիսկ ասում էր, որ ես նրա համար քրոջ պես եմ։ Հետո առանց որևէ պատճառի անհեթեթ պատրվակներ բերելով՝ դադարեց ինձ հետ շփվելուց»։
● Իսկ Լոռայի ու Դարիայի միջև խնդիր ծագեց այն ժամանակ, երբ վերջինս գողացավ Լոռայի ընկերոջը։ Լոռան պատմում է. «Չնայած արդեն ընկերություն էի անում այդ տղայի հետ, բայց Դարիան ժամերով հեռախոսով խոսում էր նրա հետ։ Մտերիմ ընկերուհիս դավաճանեց ինձ, նաև կորցրի ապագա ամուսնուս»։
Ի՞նչն էր սխալ
Բոլորն էլ սխալներ գործում են։ Այդ պատճառով կարող ես ակնկալել, որ վաղ թե ուշ ընկերդ կասի կամ կանի մի բան, որը քեզ կվիրավորի։ Թերևս դու էլ ես ցավ պատճառել ուրիշներին (Ժողովող 7։22)։ Լիզա անունով մի աղջիկ ասում է. «Բոլորս անկատար ենք ու ժամանակ առ ժամանակ վիրավորում ենք իրար»։ Սովորաբար աննշան տարաձայնությունները կարելի է հարթել իրար հետ զրուցելով։
Սակայն լինում են դեպքեր, երբ ընկերությունը չի խզվում մի խնդրի պատճառով, այլ ընկերները աստիճանաբար հասկանում են, որ առաջվա պես ընդհանուր բաներ չունեն։ Հիշիր, մեծանալուն զուգընթաց փոխվում են քո հետաքրքրությունները, և նույն բանը լինում է ընկերոջդ հետ։ Ի՞նչ կարող ես անել, երբ զգում ես, որ հեռանում եք իրարից։
Ինչպես վերականգնել ընկերությունը
Պատկերացրու՝ քո սիրած հագուստը ճղվել է։ Ի՞նչ կանես։ Դեն կշպրտե՞ս, թե՞ կկարես։ Իհարկե, շատ բան կախված է, թե ինչքան է ճղվել, և որքան թանկ է այն քեզ համար։ Ինչ խոսք, կուզեիր քո սիրած հագուստը պահել։ Նույն ձևով կարելի է վնասված ընկերությունը վերականգնել։ Ամեն բան կախված է նրանից, թե ինչ է տեղի ունեցել, և որքան թանկ է քեզ համար այդ ընկերությունըa։
Օրինակ՝ եթե քեզ խոսքով կամ արարքով թեթևակի վիրավորել են, կարող ես ծածկել խնդիրը՝ հետևելով Սաղմոս 4։4-ի խորհրդին. «Խոսե՛ք ձեր սրտերի հետ ձեր անկողիններում և լո՛ւռ մնացեք»։ Նախքան հապճեպորեն ընկերությանը վերջ դնելը երկար մտածիր։ Արդյոք նա դիտավորյա՞լ է այդ բանն արել։ Եթե համոզված չես, այդ դեպքում ճի՞շտ է սխալ մղումներ վերագրել նրան։ Շատ դեպքերում «սերը ծածկում է բազմաթիվ մեղքերը» (1 Պետրոս 4։8)։
Մտածիր. գուցե դու էլ ես որոշ չափով մեղավոր։ Օրինակ՝ եթե ընկերդ հայտնել է քո գաղտնիքը, հնարավոր է՝ պատճառն այն է, որ դու չպետք է այդ բեռը նրա ուսերին դնեիր։ Կամ էլ գուցե պատճառն այն է, որ շատախոս ես կամ անմիտ բաներ ես ասում, ու քեզ ծաղրում են (Առակներ 15։2)։ Եթե այդպես է, ապա հարցրու ինքդ քեզ. «Պե՞տք է ինչ-որ բան փոխեմ, որ ընկերս ավելի շատ հարգի ինձ»։
«Կարո՞ղ ենք խոսել տեղի ունեցածի մասին»
Եթե տեսնում ես, որ չես կարող մոռանալ տեղի ունեցածը, խոսիր ընկերոջդ հետ, բայց ոչ այն ժամանակ, երբ բարկացած ես։ Աստվածաշնչում գրված է. «Զայրացած մարդը կռիվ է հրահրում, բայց նա, ով չի շտապում բարկանալ, հանդարտեցնում է վեճը» (Առակներ 15։18)։ Ուստի սպասիր, մինչև որ հանդարտվես, և հետո փորձիր հարթել իրավիճակը։
Երբ խոսես ընկերոջդ հետ, հիշիր, որ քո նպատակը «չարի փոխարեն չարով հատուցելը» չէ, այլ խնդիրը պարզելն ու ձեր ընկերությունը պահպանելն է (Հռոմեացիներ 12։17; Սաղմոս 34։14)։ Եղիր անկեղծ։ Կարող ես ասել. «Մենք լավ ընկերներ ենք եղել։ Ինձ համար շատ թանկ է մեր ընկերությունը, չեմ ուզում կորցնել այն։ Կարո՞ղ ենք խոսել տեղի ունեցածի մասին»։ Իմանալով, թե որն է խնդրի արմատը՝ հեշտ կլինի վերականգնել ընկերությունը։ Անգամ եթե ընկերդ քեզ չընդառաջի, միևնույնն է, քեզ լավ կզգաս, որ փորձեցիր խաղաղություն հաստատել։
Ցավոք, «կան ընկերներ, որ պատրաստ են միմյանց պատառ-պատառ անելու, բայց կա ընկեր, որ եղբորից ավելի մտերիմ է» (Առակներ 18։24)։ Նույնիսկ ամենաամուր ընկերության մեջ երբեմն կարող է լարվածություն առաջանալ։ Նման դեպքում ամեն ինչ արա, որ պահպանես ձեր ընկերությունը։ Հարաբերությունները վերականգնելու համար քո թափած ջանքերը ցույց են տալիս, որ դու դառնում ես հասուն անձնավորություն։
ԱՅՍ ԹԵՄԱՅԻ ՄԱՍԻՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ ԵՍ ԳՏՆԵԼ 1-ԻՆ ՀԱՏՈՐԻ 8-ՐԴ ԳԼԽՈՒՄ։
Որոշ պատանիներ ժամերով օնլայն շփվում են ընկերների հետ։ Ինչո՞ւ է դա այդքան տարածված։
[ծանոթագրություն]
a Ոմանց հետ թերևս չարժե շարունակել ընկերություն անել, հատկապես եթե նրանց վարքը այլևս չի համապատասխանում քրիստոնեական չափանիշներին (1 Կորնթացիներ 5։11; 15։33)։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ
«Եթե հնարավոր է, որքանով որ ձեզանից է կախված, խաղաղություն ունեցեք բոլոր մարդկանց հետ» (Հռոմեացիներ 12։18)։
ԱՌԱՋԱՐԿ
Նախքան եզրակացություններ անելը իմացիր, թե ինչ է ընկերդ մտածում տեղի ունեցածի մասին (Առակներ 18։13)։
ԳԻՏԵԻ՞Ր
Առողջ ընկերական հարաբերություններ հնարավոր է ունենալ, եթե ընկերները իրար որոշ չափով ազատություն տան (Առակներ 25։17)։ Իսկ եթե ուզում ես, որ ընկերդ իր ողջ ուշադրությունն ու ժամանակը քեզ տա, գուցեև կորցնես նրան։
ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ
Եթե ընկերս ինձ վիրավորել է, և ես ուզում եմ այդ մասին խոսել նրա հետ, կարող եմ ասել՝ ․․․․․
Եթե ինձ տխրեցրել է ընկերոջս արարքը, ես խաղաղություն կպահպանեմ հետևյալ կերպ՝ ․․․․․
Այս թեմայի մասին ծնող(ներ)իս կուզեի հարցնել հետևյալը՝ ․․․․․
Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ
● Երբեմն ինչո՞ւ են ընկերները դադարեցնում իրենց ընկերությունը։
● Երբ ընկերդ վիրավորում է քեզ, ո՞ր դեպքում կորոշես խոսել նրա հետ, իսկ որ դեպքում՝ ոչ։
● Եթե ընկերդ վիրավորի քեզ, ի՞նչ օգտակար դասեր կարող ես սովորել դրանից։
● Ի՞նչ կարող ես անել, որ քեզ վիրավորելու հավանականությունը նվազի։
[մեջբերում 95-րդ էջի վրա]
«Եթե հնարավորություն ունենայի ամեն բան նորից սկսելու, ապա իմ ընկերոջից կատարելություն չէի ակնկալի։ Ավելի շատ կլսեի ու կաջակցեի նրան և չէի կենտրոնանա նրա թերությունների վրա։ Հիմա եմ հասկանում, որ փորձություններն ու դժվարությունները ամրացնում են ընկերությունը» (Քենոն)։»
[նկար 94-րդ էջի վրա]
Ճղված հագուստի պես՝ քայքայված ընկերությունը կարելի է նորոգել