Գաղափարը ներթափանցում է արևելյան կրոններ
«Ես միշտ կարծել եմ, որ հոգու անմահության գաղափարը անվիճելի ճշմարտություն է, որն ընդունում է յուրաքանչյուր ոք։ Իրոք զարմացա՝ իմանալով, որ Արևելքի ու Արևմուտքի որոշ առաջադեմ մտածողներ այդ ուսմունքի շուրջ բուռն վեճեր են ունեցել։ Այժմ կուզեի իմանալ, թե ինչպես է անմահության գաղափարը թափանցել հնդիկ ժողովրդի գիտակցության մեջ»։ (Հնդուական դաստիարակություն ստացած համալսարանի մի ուսանող)
1. Ինչո՞ւ է մեզ հետաքրքրում տարբեր կրոններում անմահության ուսմունքի զարգացման և տարածման պատմությունը։
ԻՆՉՊԵ՞Ս Է անմահ հոգու գաղափարը մտել հնդուականություն և արևելյան այլ կրոններ։ Քանի որ հավատն է ձևավորում յուրաքանչյուր անհատի՝ ապագայի հանդեպ ունեցած պատկերացումը, այս հարցի պատասխանը հետաքրքրում է նաև այն մարդկանց, ովքեր ապրում են Արևմուտքում և թերևս ծանոթ չեն Արևելքի կրոններին։ Քանի որ անմահության գաղափարը ժամանակակից կրոնների մեծամասնության ընդհանուր ուսմունքն է, տեղեկությունն այս գաղափարի զարգացման մասին կարող է օգնել մեզ ավելի պարզ տեսնել նման կրոնների միջև գոյություն ունեցող կապը։
2. Ինչո՞ւ է ասիական երկրներից հատկապես Հնդկաստանը եղել ամենաազդեցիկ կրոնական կենտրոնը։
2 Լանքասթերի համալսարանում (Բրիտանիա) պրոֆեսոր–կրոնագետ Նինիան Սմարթը նշում է. «Ասիայում ամենաազդեցիկ կրոնական կենտրոնը համարվել է Հնդկաստանը։ Դա ոչ միայն այն պատճառով, որ Հնդկաստանում են իրենց սկիզբն առել հնդուականությունը, բուդդայականությունը, ջայնականությունը, սիկհերի կրոնը և մի շարք այլ կրոններ, այլ նաև այն, որ դրանցից մեկը՝ բուդդայականությունը, սկսեց խորը ազդեցություն թողնել գրեթե ողջ Արևելյան Ասիայի մշակույթի վրա»։ Նման ազդեցություն կրած բազում մշակույթներ «շարունակում են Հնդկաստանը համարել իրենց հոգևոր հայրենիքը», — ասում է հնդուագետ Նիկիլանանդան։ Ինչպե՞ս է, ուրեմն, անմահության ուսմունքը հասել Հնդկաստան և ասիական այլ երկրներ։
Հնդուականության վերամարմնավորման ուսմունքը
3. Ըստ պատմության՝ ովքե՞ր կարող էին նպաստել հոգու վերաբնակեցման գաղափարի ծագմանը Հնդկաստանում։
3 Մ.թ.ա. վեցերորդ դարում, երբ Պյութագորասը և իր հետևորդները Հին Հունաստանում պաշտպանում էին հոգու վերաբնակեցման տեսությունը, Հնդկաստանում Ինդոսի և Գանգեսի ափերի մոտ բնակվող իմաստունները նույն գաղափարն էին ձևավորում։ Այդ գաղափարի՝ «հունական աշխարհում և Հնդկաստանում միաժամանակ հայտնվելը հազիվ թե պատահականություն լինի», — ասում է պատմաբան Առնոլդ Թոյնբին։ «[Ազդեցության] հնարավոր աղբյուրներից մեկը, — նշում է նա, — Եվրասիայի ցեղերն էին, որոնք մ.թ.ա. ութերորդ և յոթերորդ դարերում ներխուժել էին Հնդկաստան, Ասիայի հարավ–արևմտյան մասերը, Սև ծովի հյուսիսային ափին գտնվող տափաստանային շրջանները, ինչպես նաև Բալկանյան և Անատոլիա թերակղզիները»։ Այսպիսով՝ կարելի է եզրակացնել, որ վերաբնակեցման գաղափարը իրենց հետ Հնդկաստան տարան եվրասիական քոչվորները։
4. Ինչո՞ւ վերաբնակեցման գաղափարը հրապուրեց հնդուականության իմաստուններին։
4 Հնդուականությունը Հնդկաստանում առաջ է եկել ավելի վաղ՝ մ.թ.ա. 1500–ին՝ արիների հայտնվելու հետ միաժամանակ։ Սկզբից ևեթ հնդուականությունը ամուր կառչած է եղել այն գաղափարից, թե հոգին առանձնանում է մարմնից և շարունակում ապրել մահից հետո։ Այդ պատճառով էլ հնդիկները երկրպագում էին իրենց նախնիներին և ուտելիքներ էին դնում մահացածների հոգիների համար։ Դարեր անց, երբ հոգիների վերաբնակեցման գաղափարը հասավ Հնդկաստան, այն շատ ժամանակահարմար էր հնդուական իմաստունների համար, որոնք փորձում էին լուծել չարության և մարդկային տառապանքի դարավոր խնդիրը։ Միացնելով վերաբնակեցման գաղափարը քարմայի օրենքի հետ (պատճառահետևանքային օրենք)՝ նրանք զարգացրին վերամարմնավորման տեսությունը, որի համաձայն մարդը պարգևատրվում կամ պատժվում է նախկին կյանքում կատարած արարքների համար։
5. Հնդուականության համաձայն՝ ո՞րն է հոգու վերջնական նպատակը։
5 Սակայն կար նաև մեկ այլ կոնցեպցիա, որն իր ազդեցությունը թողեց հնդուականության՝ հոգու մասին ուսմունքի վրա։ «Թվում է, որ հենց այն ժամանակ, երբ ձևավորվում էր վերամարմնավորման և քարմայի տեսությունը, կամ նույնիսկ ավելի վաղ, — ասվում է «Կրոնի և բարոյագիտության հանրագիտարանում» («Encyclopædia of Religion and Ethics»), — Հնդկաստանի հյուսիսում՝ նեղ մտավորական շրջաններում, աստիճանաբար ձևավորվում էր մեկ այլ կոնցեպցիա.... Բրահման–Ատմանի (գերագույն և հավիտենական Բրահմանի՝ բացարձակ ճշմարտության) փիլիսոփայական կոնցեպցիան»։ Այս գաղափարը միացվեց վերաբնակեցման տեսությանը և սահմանեց հնդուականների վերջնական նպատակակետը, որն է՝ ազատվել վերամարմնավորման շղթայից և միաձուլվել բացարձակ ճշմարտությանը։ Հնդուականության կողմնակիցները հավատում են, որ դրան կարելի է հասնել այն դեպքում, եթե ապրես հասարակության կողմից ընդունված բարոյական չափանիշներով և երբ հնդուական հատուկ գիտելիք ձեռք բերես։
6, 7. Ի՞նչ կարծիքի են ներկա հնդուականները հանդերձյալ աշխարհի վերաբերյալ։
6 Հնդուականության հիմնադիր իմաստունները հոգու վերաբնակեցման գաղափարը միացրեցին քարմայի օրենքին ու Բրահմանի կոնցեպցիային և դարձրին ուսմունք վերամարմնավորման մասին։ Նոբելյան մրցանակի դափնեկիր, ճանաչված պոետ և Հնդկաստանում Մեքսիկայի երբեմնի դեսպան Օկտավիո Պասը գրել է. «Հնդուականության տարածման հետ մեկտեղ ավելի մեծ ժողովրդականություն ձեռք բերեց.... բրահմանականության, բուդդայականության և ասիական այլ կրոնների մեջ հիմնական դեր ունեցող գաղափարը՝ հոգեփոխությունը, այսինքն՝ հոգու հաջորդական տեղափոխությունը մի կյանքից մյուսը»։
7 Վերամարմնավորման ուսմունքը ժամանակակից հնդուականության հիմքն է։ Հնդուական փիլիսոփա Նիկիլանանդան ասում է. «Անմահության հասնելը միայն մի քանի ընտրյալների առավելությունը չէ, այլ ծնվելիս բոլորին տրված հնարավորություն է, և դրանում համոզված է յուրաքանչյուր նվիրված հնդուական»։
Վերածնման շրջապտույտը բուդդայականության մեջ
8–10. ա) Ինչպե՞ս է բուդդայականության մեջ սահմանվում գոյությունը։ բ) Ինչպե՞ս է բուդդայագետը բացատրում վերածնության գաղափարը։
8 Բուդդայականությունը Հնդկաստանում հիմնվել է մ.թ.ա. շուրջ 500 թ.–ին։ Ըստ ավանդության՝ բուդդայականության հիմնադիրը եղել է Հնդկաստանի արքայազն Սիդհարթհա Գաուտաման, որը պայծառացում ստանալուց հետո մականվանվել էր Բուդդա։ Քանի որ այն հիմնվել էր հնդուականության վրա, այս երկու կրոնների ուսմունքները որոշ առումներով նման են իրար։ Բուդդայականության համաձայն՝ գոյությունը վերածննդի ու մահվան շարունակական շղթա է, և, ինչպես հնդուականությունն է սովորեցնում, յուրաքանչյուր մարդու ներկա կյանքը որոշվում է իր նախկին կյանքում կատարած գործերով։
9 Բուդդայականությունը կյանքը չի կապում մահից հետո վերապրող բառացի անհատական հոգու հետ։ «[Բուդդան] մարդու հոգին պատկերացնում էր որպես վաղանցիկ, ընդհատ–ընդհատ հոգեկան վիճակներ, որոնք միմյանց հետ կապվում են միայն ցանկության միջոցով», — նշում է Առնոլդ Թոյնբին։ Բուդդան, սակայն, հավատում էր, որ որոշ հոգեվիճակ կամ ուժ փոխանցվում է անհատի մի կյանքից մյուսին։ Բուդդայագետ Վալպոլա Ռահուլը բացատրում է.
10 «Գոյությունը զուտ ֆիզիկական և մտային ուժերի միացությունն է։ Այն, ինչը մենք կոչում ենք մահ, դա ֆիզիկական մարմնի լիովին անգործունեության վիճակն է։ Արդյո՞ք այս բոլոր ուժերը մարմնի հետ միասին ամբողջովին դադարում են գործելուց։ Բուդդայականությունն ասում է՝ ո՛չ։ Կամքը՝ կյանքն ու վերածնումները շարունակելու փափագը, զարհուրելի ուժ է, որը ղեկավարում է բոլոր կյանքերը, բոլոր կենդանի արարածներին և նույնիսկ ողջ աշխարհը։ Դա տիեզերքի մեծագույն ուժն է, աշխարհի ամենահզոր էներգիան։ Բուդդայականության համաձայն՝ այս ուժը կանգ չի առնում՝ մարմնի գործունեության դադարի, այսինքն՝ մահվան հետ մեկտեղ, այլ շարունակում է դրսևորվել շնորհիվ վերագոյության կամ վերածնության»։
11. Ո՞րն է հանդերձյալ աշխարհի վերաբերյալ բուդդայականների ունեցած տեսակետը։
11 Ահա թե ինչ են մտածում բուդդայականները հանդերձյալ աշխարհի մասին. գոյությունը շարունակվում է այնքան ժամանակ, մինչև որ անհատը հասնի վերջնակետին՝ նիրվանային՝ ծնունդների շրջապտույտներից ազատագրվելուն։ Նիրվանան հավիտենական վայելքների կամ բացարձակ ճշմարտության հետ միաձուլվելու վիճակ չէ։ Դա պարզապես չգոյության վիճակ է՝ «անմահության վայր», որը գոյություն ունի անձից դուրս։ «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանի» համաձայն՝ «նիրվանա» նշանակում է «հոգու երանելի վիճակ, որ ազատվել է անձնական գոյության տառապանքներից»։ Անմահության ձգտելու փոխարեն՝ բուդդայականները ձգտում են հասնել նիրվանային. վերջինս, ըստ իրենց, անմահությունից ավելի բարձր է։
12–14. Ինչպե՞ս են բուդդայականության տարբեր ձևերը տալիս անմահության գաղափարը։
12 Տարածվելով Ասիայի տարբեր մասերում՝ բուդդայականությունը տեղական հավատալիքների հետ համաձայնեցվելու նպատակով փոքր–ինչ փոփոխության ենթարկվեց։ Օրինակ՝ այս կրոնի Չինաստանում և Ճապոնիայում տարածված մահայան ուղղությունն ընդունում է աստվածային բոդիսատներին կամ ապագա բուդդաներին։ Բոդիսատները հետաձգում են իրենց նիրվանային հասնելը ավելի շատ կյանքեր ընդունելու համար, որպեսզի ծառայեն ուրիշներին և օգնեն նրանց հասնելու նիրվանային։ Անգամ նիրվանային հասնելուց հետո նրանք կարող են շարունակել ծնունդների իրենց շրջապտույտը։
13 Չինաստանում և Ճապոնիայում մեծ տարածում է գտել «Արևմուտքի մաքուր երկրի» ուսմունքը, որի հիմնադիրն է Բուդդա Ամիթաբհան, կամ՝ Ամիդան։ Բուդդայի անունը հավատով կանչողները վերածնվում են «մաքուր երկրում», այսինքն՝ դրախտում, որտեղ հանգամանքներն ավելի բարենպաստ են «բարձրագույն պայծառացմանը» հասնելու համար։ Ի՞նչ է ասում այս ուսմունքը։ Վերոհիշյալ պրոֆեսոր Սմարթը բացատրում է. «Ինչպես և պետք է ակնկալվեր, նիրվանային՝ գերագույն նպատակակետին, փոխարինեց մահայան գրություններում վառ կերպով նկարագրված դրախտի շքեղությունը»։
14 Իր առանձնահատկություններն ունի Տիբեթում տարածված բուդդայականությունը։ Մահացածների մասին տիբեթյան մի գրքում նկարագրվում է, թե ինչ է տեղի ունենում նրանց հետ մինչև վերածնվելը։ Բացատրվում է, որ մահացածներին լուսավորում են բացարձակ ճշմարտության պայծառ լույսով, և նրանք, ովքեր չեն կարողանում տանել այդ լույսը, ազատագրություն չեն ստանում, այլ վերածնվում են։ Հստակ է ուրեմն, որ բուդդայականությունն իր տարբեր ձևերով այս կամ այն կերպ պաշտպանում է անմահության գաղափարը։
Նախնիների պաշտամունքը ճապոնական սինտոյականության մեջ
15–17. ա) Ինչպե՞ս է սինտոյականության մեջ ձևավորվել նախնիների պաշտամունքը։ բ) Ինչպե՞ս է անմահության գաղափարը սինտոյականության մեջ հիմնական ուսմունք համարվում։
15 Նախքան մ.թ. վեցերորդ դարում բուդդայականության մուտք գործելը՝ Ճապոնիան իր կրոնն ուներ։ Դա մի անանուն կրոն էր, որը բաղկացած էր բարոյական սկզբունքների և ժողովրդական սովորույթների հետ կապված հավատալիքներից։ Բուդդայականության հայտնվելուց հետո անհրաժեշտություն առաջացավ անջատելու ճապոնական կրոնը օտար, նոր կրոնից։ Այսպիսով՝ առաջ եկավ «սինտո» անվանումը, որը նշանակում է «աստվածների ուղի»։
16 Ինչպիսի՞ տեսակետ ուներ նախնական սինտոյականությունը հանդերձյալ աշխարհի վերաբերյալ։ Հողը չափից ավել խոնավացնելու հետևանքով «բրնձի մշակումը զարգացնելուն զուգընթաց լավ կազմակերպված և ամուր համայնքների անհրաժեշտություն զգացվեց, — բացատրում է «Ճապոնիայի Կոդանշա հանրագիտարանը» («Kodansha Encyclopedia of Japan»), — և ժամանակի ընթացքում երևան եկան գյուղատնտեսության հետ կապված ծեսեր, որոնք հետագայում նշանակալի դեր խաղացին սինտոյականության մեջ»։ Մահացածների հոգիների հանդեպ վախը դրդեց այդ վաղեմի ժողովրդին նրանց խաղաղեցնելու համար ծեսեր կատարել։ Հետագայում այդ արարողություններից ձևավորվեց նախնիների պաշտամունքը։
17 Սինտոյականության համաձայն՝ «անջատված» հոգին դեռևս պահպանում է անձի առանձնահատկությունները, սակայն արատավորված է մահով։ Երբ հարազատները հիշատակի ծեսեր են կատարում, հոգին մաքրվում է ամեն չարությունից, խաղաղվում է, դառնում բարյացակամ։ Ժամանակի ընթացքում նախնիների հոգիներն աստվածացվում են կամ խնամակալների աստիճան ստանում։ Քանի որ սինտոյականությունն ու բուդդայականությունը երկու կից կրոններ են, սինտոյականության մեջ են մտել բուդդայականությունից որոշ ուսմունքներ, այդ թվում նաև դրախտի վերաբերյալ ուսմունքը։ Այսպիսով՝ տեսնում ենք, որ անմահության գաղափարը նաև սինտոյականության հիմնական ուսմունքն է։
Անմահությունը դաոսականության մեջ, նախնիների պաշտամունքը կոնֆուցիականության մեջ
18. Ի՞նչ են մտածում դաոսականները անմահության մասին։
18 Դաոսականության հիմնադիրը եղել է Լաո Ցզին, որը, ինչպես ենթադրվում է, ապրել է Չինաստանում մ.թ.ա. վեցերորդ դարում։ Դաոսականության մեջ կյանքի նպատակը մարդկային գործունեության ներդաշնակեցումն է «դաոյի»՝ «բնության ուղու» հետ։ Անմահության շուրջ դաոսականների խորհրդածումները կարելի է ամփոփել հետևյալ կերպ. «դաոյի» ուղին Տիեզերքի առաջնորդող սկզբունքն է։ «Դաոյի» ուղին ոչ սկիզբ ունի, ոչ էլ վերջ։ Նա, ով ապրում է «դաոյի» ուղու համաձայն, նրանում գտնում է իրեն և դառնում հավիտենական։
19–21. Ի՞նչ փորձերի են առաջնորդել դաոսականների ենթադրությունները։
19 Ձգտելով միախառնվել բնության հետ՝ դաոսականները ինչ–որ ժամանակ սկսեցին հետաքրքրվել հատկապես նրա հավերժությամբ և վերականգնվելու ընդունակությամբ։ Նրանք կարծում էին, որ, ապրելով «դաոյի»՝ «բնության ուղու» հետ ներդաշնակ, կարելի է ճանաչել բնության գաղտնիքը և անընկալունակ դառնալ վնասվածքների, հիվանդությունների և նույնիսկ մահվան նկատմամբ։
20 Դաոսականները փորձում էին խորհրդածելու (մեդիտացիայի), շնչառական վարժությունների և դիետայի միջոցով հետաձգել ծերությունն ու մահը։ Ժամանակի ընթացքում լեգենդներ հյուսվեցին անմահ հերոսների մասին, որոնք իբրև թե կարող են քայլել ամպերի վրայով, հայտնվել և անհետանալ իրենց ուզած ժամանակին և թե ապրում են սուրբ լեռների վրա կամ հեռավոր կղզիներում՝ սնվելով միայն ցողով կամ էլ կախարդական պտուղներով։ Չինական պատմությունից տեղեկանում ենք, որ մ.թ.ա. 219 թ.–ին Ցին Շի Հուանդի կայսրը երեք հազար տղաներից և աղջիկներից բաղկացած մի նավատորմ է ուղարկում անմահ մարդկանց բնակավայրը՝ որոնելու առասպելական Պենգլի կղզին և այնտեղից բերելու անմահության խոտը։ Իհարկե, ավելորդ է նշել, որ իրենց փնտրած դեղը նրանք այդպես էլ չգտան։
21 Հավերժական կյանքի դեգերումների մեջ՝ դաոսականները փորձում էին անմահության հաբեր ստանալ ալքիմիայի օգնությամբ։ Դաոսականության համաձայն՝ կյանքը ծնվում է «ին–յան» (կանացի և տղամարդու) ուժերի միացության շնորհիվ։ Այդ պատճառով էլ, խառնելով ձուլված կապարը (մուգ գույնի, այսինքն՝ ին) սնդիկի (բաց գույնի, այսինքն՝ յան) հետ, ալքիմիկոսներն ընդօրինակում էին բնության պրոցեսները՝ կարծելով, թե արդյունքում կարող են անմահության հաբեր ստանալ։
22. Չինաստանի կրոնական կյանքի վրա ի՞նչ ազդեցություն ունեցավ բուդդայականությունը։
22 Մ.թ. յոթերորդ դարում բուդդայականությունը ոտք դրեց Չինաստանի կրոնական կյանք։ Արդյունքում՝ բուդդայական ուսմունքների, ոգեհարցության և նախնիների պաշտամունքի մի խառնուրդ ստացվեց։ «Թե՛ բուդդայականությունը, թե՛ դաոսականությունը, — նշում է պրոֆեսոր Սմարթը, — նպաստեցին հանդերձյալ կյանքի ուսմունքի վերջնական ձևավորմանը, որի նախնական տարրերը երևում էին չինական հնագույն՝ նախնիների պաշտամունքի մեջ»։
23. Ինչպե՞ս էր Կոնֆուցիոսը վերաբերվում նախնիների պաշտամունքին։
23 Մ.թ.ա. վեցերորդ դարի չինացի մեկ այլ անվանի իմաստուն Կոնֆուցիոսը, որի փիլիսոփայությունը հետագայում հանդիսացավ կոնֆուցիականության հիմքը, ուղղակիորեն չէր սովորեցնում հանդերձյալ աշխարհի գաղափարը։ Ավելի շուտ, նա մեծ նշանակություն էր տալիս բարձր բարոյականությանը և հասարակության կողմից ընդունված վարքին։ Սակայն նա նաև նախնիների պաշտամունքի կողմնակից էր և սովորեցնում էր, որ անհրաժեշտ է կատարել մահացած նախնիների ոգիների հետ կապված բոլոր ծեսերը։
Արևելքի այլ կրոնները
24. Ի՞նչ է սովորեցնում ջայնականությունը հոգու մասին։
24 Մ.թ.ա. վեցերորդ դարում Հնդկաստանում հայտնվեց ջայնականությունը։ Նրա հիմնադիրը՝ Մահավիրան, բացատրում էր, որ բոլոր կենդանի արարածները հավերժական հոգի ունեն, և քարմայի գերությունից կարելի է հոգու ազատագրման հասնել միայն ծայրահեղ անձնուրացության և ինքնակարգապահության շնորհիվ, ինչպես նաև խստագույն կերպով հետևելով ոչ մի կենդանի արարածի վնաս չտալու կանոնին։ Ջայնականները առ այսօր հետևում են այդ պատվերներին։
25, 26. Հնդուականության ո՞ր ուսմունքներն անցան սիկհերի կրոն։
25 Հնդկաստանը նաև սիկհերի կրոնի ծննդավայրն է. այս կրոնը դավանում են շուրջ 19 միլիոն հավատացյալներ։ Այն ծագել է 16–րդ դարում, երբ հոգևոր առաջնորդ Նանակը որոշեց միացնել հնդուականության և մահմեդականության ամենալավ տարրերը և այդ հիմքի վրա ստեղծել մի նոր կրոն։ Սիկհականությունը որդեգրեց հոգու անմահության, վերամարմնավորման և քարմայի մասին հնդուականության ուսմունքները։
26 Այսպիսով՝ հստակ է, որ մարմնի մահից հետո շարունակվող կյանքի հանդեպ հավատը արևելյան կրոնների մեծամասնության անբաժանելի մասն է։ Իսկ ի՞նչ կարելի է ասել քրիստոնեության, հուդայականության և մահմեդականության (իսլամի) մասին։
[քարտեզ 10–րդ էջի վրա]
(ամբողջությամբ տե՛ս գրքույկում)
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱ
ՔԱՇՄԻՐ
ՏԻԲԵԹ
ՉԻՆԱՍՏԱՆ
ԿՈՐԵԱ
ՃԱՊՈՆԻԱ
Վարանաս
ՀՆԴԿԱՍՏԱՆ
Գայա
ՄՅԱՆՄԱ
ԹԱԻԼԱՆԴ
ՇՐԻ ԼԱՆԿԱ
ԿԱՄԲՈՋԱ
ՃԱՎԱ
Մ.թ.ա. III դար
Մ.թ.ա. I դար
Մ.թ. I դար
Մ.թ. IV դար
Մ.թ. VI դար
Մ.թ. VII դար
Բուդդայականության ազդեցությունը տարածվեց ամբողջ Արևելյան Ասիայում
[նկար 9–րդ Էջի վրա]
Վերամարմնավորման ուսմունքը հնդուականության հիմքն է
[նկար 11–րդ էջի վրա]
Դաոսականները, ապրելով բնությանը ներդաշնակ, ձգտում են հասնել անմահության
[նկար 12–րդ էջի վրա]
Կոնֆուցիոսը բարեհաճորեն էր վերաբերվում նախնիների պաշտամունքին