Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ct գլ. 5 էջ 73–84
  • Ստեղծագործություն, իսկ հեղինա՞կը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ստեղծագործություն, իսկ հեղինա՞կը
  • Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Վիճաբանություն Աստծո անձ լինելու մասին
  • Ճանաչում ենք իր ստեղծագործությունից
  • Անկողմնակալ և արդար
  • Ճանաչել Ստեղծիչին
  • Կենդանի մոլորակ
    Ինչպե՞ս է կյանքն առաջացել
  • Ճանաչեք, թե ինչպիսին է մեր Ստեղծիչը
    1999 Դիտարան
  • Ստեղծիչը կարող է իմաստավորել ձեր կյանքը
    1999 Դիտարան
  • Արարչագործության վերաբերյալ հնագույն մի աղբյուր՝ արժանահավա՞տ է արդյոք
    Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ
Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ
ct գլ. 5 էջ 73–84

Գլուխ հինգերորդ

Ստեղծագործություն, իսկ հեղինա՞կը

Ինչպես արդեն խոսվեց նախորդ գլուխներում, ժամանակակից գիտական հայտնագործությունները բազմաթիվ համոզեցուցիչ ապացույցներ են տալիս այն մասին, որ և՛ Տիեզերքը, և՛ կյանքը Երկրի վրա սկիզբ են ունեցել։ Ի՞նչն է եղել պատճառը։

Առկա փաստերն ուսումնասիրելուց հետո շատերը եկել են այն եզրակացության, որ դրա համար Սկզբնապատճառ պետք է գոյություն ունենար։ Սակայն, նրանք կարող են խուսափել այդ Պատճառն անձնավորելուց։ Ստեղծիչի հանդեպ նման անբարյացակամ վերաբերմունքը համընկնում է որոշ գիտնականների կարծիքներին։

Օրինակ՝ Ալբերտ Էյնշտեյնը համոզված էր, որ Տիեզերքը սկիզբ է ունեցել և ցանկություն էր հայտնել «իմանալու, թե ինչպես է Աստված աշխարհը ստեղծել»։ Այնուհանդերձ, Էյնշտեյնը չէր ընդունում Աստծո՝ որպես անձնավորության գաղափարը. նա խոսում էր տիեզերական «կրոնական զգացումի մասին, որը չի ընդունում ոչ մի դոգմա և գաղափար մարդու պատկերով գոյություն ունեցող Աստծո մասին»։ Նոբելյան մրցանակի դափնեկիր, քիմիկոս Կենիչի Ֆուկուին նույնպես հաստատում էր, թե հավատում է, որ Տիեզերքն ահռելի կառուցվածք ունի։ Վերջինս այն կարծիքին էր, որ այդ «մեծ կապը և կառուցվածքը կարելի է արտահայտել այնպիսի բառերով, ինչպես՝ «Բացարձակ» կամ «Աստված»»։ Ֆուկուին, սակայն, այն կոչեց «բնության առանձնահատկություն»։

Գիտե՞ք արդյոք, որ անդեմ սկզբնապատճառի մասին գաղափարները համընկնում են արևելյան կրոնական պատկերացումներին։ Բազում ասիացիներ ընդունում են, որ բնությունն առաջացել է ինքնաբերաբար։ Այս գաղափարն արտահայտված է նույնիսկ բնությունը ներկայացնող չինական տառերում, որոնք բառացի նշանակում են՝ «ինքնըստինքյան առաջացող», «ինքնուրույն գոյություն ունեցող»։ Էյնշտեյնը գտնում էր, որ տիեզերական կրոնական զգացումը բավականին հաջող է ներկայացված բուդդայականության մեջ։ Համաձայն Բուդդայի ուսմունքի՝ Տիեզերքի ու մարդկության ստեղծման գործում Ստեղծիչի մասնակցությունն այնքան էլ կարևոր չէ։ Նմանապես և սինտոյականությունը չի բացատրում, թե ինչպես է առաջացել բնությունը, մինչդեռ սինտոյականները հավատում են, որ աստվածները մահացածների ոգիներն են, որոնք կարող են ձուլվել բնության հետ։

Հետաքրքրական է, որ նման պատկերացումներն այնքան էլ հեռու չեն Հին Հունաստանում ընդունված հայացքներից։ Ասվում է, որ Էպիկուրն (մ.թ.ա. 341–270) այն համոզմունքին էր, թե աստվածները չափազանց հեռու են գտնվում մարդկանց որևէ բարիք կամ չարիք անելու համար։ Նա գտնում էր, որ մարդը բնության ստեղծագործությունն է և առաջացել է, թերևս, ինքնածագման և առավել ուժեղների բնական ընտրության հետևանքով։ Այսպիսով պարզ է դառնում, որ ժամանակակից հայացքները ոչ մի նոր բան չեն հայտնում։

Էպիկուրյանների ժամանակակիցներն էին հունական ստոյիկները, որոնք Աստծուն նույնացնում էին բնության հետ։ Նրանք ենթադրում էին, որ մահանալիս՝ մարդու անդեմ էներգիան կլանվում է Աստծուն կազմող էներգիայի զանգվածի կողմից։ Ստոյիկների կարծիքով՝ բնության օրենքների հետ համագործակցելը մեծագույն բարօրություն էր։ Նման համոզմունքների հետ չե՞ք բախվել մեր ժամանակներում։

Վիճաբանություն Աստծո անձ լինելու մասին

Չնայած այս ամենին՝ պետք չէ ամբողջությամբ հին հունական պատմությունն արտասովոր համարել։ Հիմնվելով այդ հավատալիքների վրա՝ առաջին դարի ականավոր մի ուսուցիչ ներկայացրեց պատմության ամենանշանակալի ելույթներից մեկը։ Այդ ելույթը գրի է առնվել բժիշկ և պատմիչ Ղուկասի կողմից և արձանագրված է «Գործք Առաքելոց» գրքի 17–րդ գլխում։ Հավանաբար այն կօգնի մեզ լուծել Սկզբնապատճառին վերաբերող հարցը և հասկանալ, թե ինչպես ենք դրան վերաբերվում։ Ինչպե՞ս կարող են, սակայն, 1 900 տարի առաջ արտահայտված մտքերն այսօր ազդել անկեղծորեն կյանքի իմաստը որոնող մարդկանց վրա։

Վերոհիշյալ արձանագրության համաձայն՝ այդ հանրաճանաչ ուսուցիչը՝ Պողոս առաքյալը, հրավիրվել էր Աթենքի գերագույն դատարան, որտեղ նրան էին սպասում Աստծուն որպես անձնավորություն չընդունող էպիկուրյանները և ստոյիկները։ Իր ներածական խոսքում Պողոսը հիշատակեց քաղաքի զոհասեղաններից մեկի վրա արված մակագրության մասին, որտեղ ասվում էր՝ «Անծանօթ Աստծուն» (հուն. «ագնո՛ստոի թեոի՛»)։ Ոմանք գտնում են, որ կենսաբան Թոմաս Հաքսլին (1825–1895) «ագնոստիկ» տերմինը ստեղծելիս հիմնվել է այդ մակագրության վրա։ Վերոհիշյալ բառն օգտագործելով՝ նա ակնարկում էր այն մարդկանց, ովքեր պնդում էին, թե «բացարձակ պատճառը (Աստված) և իրերի կարևորագույն էությունն անհայտ են ու անհասանելի»։ Բայց արդյո՞ք Ստեղծիչն իսկապես անհասանելի է, ինչպես պնդում են շատերը։

Եթե անկեղծ լինենք, դա Պողոսի խոսքերը սխալ հասկանալու հետևանքն է, քանի որ շեղվում է նրա նկատի ունեցածից։ Ստեղծիչն անհասանելի է ասելու փոխարեն՝ նա պարզապես նշեց, որ Ստեղծիչն անհայտ է աթենացիներին։ Պողոսը տեղյակ չէր կարող լինել Ստեղծիչի գոյության մասին այսօրվա մեր ունեցած բազմաթիվ գիտական ապացույցներից։ Այնուհանդերձ, նա կասկած անգամ չուներ, որ գոյություն ունի իր հատկություններով մեզ գրավող բանական էակ՝ Ստեղծիչ։ Ուշադրություն դարձրեք Պողոսի հետևյալ խոսքերին.

«Ում դուք առանց ճանաչելու էք պաշտում, ես նոյնն եմ քարոզում ձեզ։ Աստուած, որ ստեղծեց այս աշխարհը եւ այն ամէնը, որ նրա մէջ կայ, նա՛ է Տէրը երկնքի եւ երկրի. նա ձեռակերտ տաճարներում չի բնակւում, ոչ էլ մարդկանց ձեռքերով է պաշտւում, որպէս թէ մի բանի կարօտ լինէր։ Նա՛ է տալիս ամէն բանի կեանք եւ շունչ եւ ամէն ինչ։ Մէկ արիւնից ստեղծեց մարդկանց բոլոր ազգերը, որ բնակուեն ամբողջ երկրի վրայ» (Գործք 17։23–26)։ Իրոք որ հետաքրքիր դատողություն է, այնպես չէ՞։

Պողոսը չէր կարծում, թե Աստված անհասանելի է. նա շեշտեց այն միտքը, որ Աթենքի զոհասեղանը պատրաստողները, ինչպես նաև իր ունկնդիրներից շատերը Աստծուն դեռևս չէին ճանաչում։ Ապա Պողոսը հորդորեց թե՛ իր ունկնդիրներին, և թե՛ այդ ժամանակից ի վեր այս արձանագրությունն ընթերցողներին ճանաչել Ստեղծիչին՝ հայտնելով այն միտքը, թե «նա մեզնից իւրաքանչիւրիցս հեռու չէ» (Գործք 17։27)։ Պողոսը խոհեմաբար բացատրեց, որ, Արարչի ստեղծագործությունները քննելով, կարելի է տեսնել նրա գոյության ապացույցները, նաև ծանոթանալ նրա մի քանի հատկություններին։

Քննարկեցինք Ստեղծիչի գոյությունը մատնանշող մի շարք ապացույցներ։ Դրանցից մեկը հրաշալիորեն կազմակերպված, անծայրածիր Տիեզերքն է, որն, անշուշտ, սկիզբ է ունեցել։ Մյուսը՝ Երկրի վրա կյանքի գոյությունն է, ինչպես նաև ծրագրավորվածության մասին վկայող մեր մարմնի բջիջները։ Երրորդը՝ դա մեր գլխուղեղն է, վերջինիս հետ կապված սեփական անձի գիտակցումը և ապագայի հանդեպ մեր հետաքրքրվածությունը։ Բայց այժմ եկեք տեսնենք Ստեղծիչի ստեղծագործական աշխատանքներից ևս երկու օրինակ, որոնց հետ առնչվում ենք ամեն օր։ Քննարկման ընթացքում հարցրեք ինքներդ ձեզ, թե այդ օրինակներն ինչ են ասում այն Անհատի էության մասին, ով ծրագրել և ստեղծել է դրանք։

Ճանաչում ենք իր ստեղծագործությունից

Եթե միայն դիտենք արարչագործությունը, շատ բան կարող ենք իմանալ Ստեղծիչի մասին։ Մի առիթով Փոքր Ասիայում ամբոխի առջև խոսելիս՝ Պողոսը բերեց հետևյալ օրինակը. «[Ստեղծիչն] անցեալ ժամանակներում բոլոր հեթանոս ազգերին թոյլ տուեց, որ գնան իրենց ճանապարհներով։ Եւ սակայն նա իրեն առանց վկայութեան չթողեց, այլ իր բարերարութեամբ երկնքից ձեզ անձրեւներ տուեց ու պտղաբեր եղանակներ՝ լիացնելով ձեզ կերակուրներով, իսկ ձեր սրտերը՝ ուրախութեամբ» (Գործք 14։15, 16)։ Ուշադրություն դարձրեք, թե Պողոսն ինչպես օրինակով ցույց տվեց, որ Ստեղծիչը, սննդով ապահովելով մարդկությանը, վկայություն է տվել Իր էության մասին։

Այսօր շատ երկրներում սննդի առատությունը սովորական երևույթ է մարդկանց համար, և, ընդհակառակն, այլ վայրերում ժողովուրդը դառը քրտինքով է վաստակում օրվա հացը։ Ամեն դեպքում, սննդարար կերակուր ունենալու հնարավորությունը մեր Ստեղծիչի իմաստության և բարության արդյունքն է։

Մարդկանց և կենդանիների համար կերակրի առկայությունը պայմանավորված է ջրի, ածխածնի, լուսածնի և բորակածնի բարդ շրջապտույտներով։ Բոլորին լավ հայտնի է, որ ֆոտոսինթեզի կարևորագույն պրոցեսի ժամանակ բուսաշաքար արտադրելու համար բույսերը որպես հումք են գործածում ածխածնի երկօքսիդ գազը և ջուրը, իսկ արևի լույսն օգտագործում են որպես էներգիայի աղբյուր։ Ֆոտոսինթեզի ընթացքում բույսերը թթվածին են անջատում։ Արդյոք կարելի՞ է այն «երկրորդական արդյունք» անվանել։ Մեզ համար այս կողմնակի արդյունքը բոլորովին էլ արտադրության մնացուկ չէ։ Թթվածինն անհրաժեշտ է շնչառության, օրգանիզմում սննդի նյութափոխանակության կամ մարսողության համար։ Մենք արտաշնչում ենք արդյունքում ստացված ածխածնի երկօքսիդ գազը, որը բույսերը կրկին որպես հումք են օգտագործում ֆոտոսինթեզի համար։ Հնարավոր է այս մասին արդեն ուսումնասիրել ենք դպրոցում, սակայն դրանից չի նվազում նրա կարևորությունն ու հրաշալիությունը։ Եվ սա բազմաթիվ օրինակներից միայն մեկն է։

Լուսածինը (ֆոսֆորը) կարևոր դեր է խաղում մարդկանց, ինչպես նաև կենդանիների մարմնի բջիջներում էներգիան տեղափոխելու պրոցեսում։ Որտեղի՞ց ենք ստանում լուսածինը. կրկին բույսերից։ Նրանք հողից վերցնում են անօրգանական ֆոսֆատը և վերածում օրգանականի։ Մեր հերթին, սննդի մեջ մենք օգտագործում ենք լուսածին պարունակող բույսեր և այն սպառում ենք կենսական անհրաժեշտություն ունեցող պրոցեսների համար։ Այնուհետև արտաթորանքի ձևով լուսածինը վերադառնում է հողին, և բույսերը կարող են նորից կլանել այն։

Բացի սրանից, մեզ անհրաժեշտ է նաև բորակածինը (ազոտ), որն օրգանիզմի սպիտակուցային և ԴՆԹ–ի մոլեկուլների բաղադրության մեջ է մտնում։ Որտեղի՞ց ենք հայթայթում կյանքի համար այսչափ կենսական տարրը։ Թեև բորակածինը կազմում է օդի բաղադրության 78 տոկոսը, ո՛չ բույսերը, ո՛չ էլ կենդանիները ուղղակիորեն չեն կարող կլանել այն։ Ուստի, որպեսզի բորակածինը կլանվի բույսերի, իսկ հետագայում յուրացվի մարդկանց և կենդանիների կողմից, այն պետք է փոխակերպվի։ Ինչպե՞ս է տեղի ունենում բորակածնի փոխակերպումը կամ ֆիքսումը։ Դա տեղի է ունենում տարբեր ճանապարհներով։ Միջոցներից մեկը կայծակի ներգործությունն է։a Բորակածնի ֆիքսումը կատարվում է նաև բակլայաբույսերի՝ սիսեռի, սոյայի և առվույտի արմատների պալարներում ապրող մանրէների կողմից։ Այս մանրէները մթնոլորտային բորակածինը փոխակերպում են այնպիսի նյութերի, որոնք կարող են օգտագործվել բույսերի կողմից։ Այսպիսով, կանաչ բանջարեղեններն ուտելիս՝ ընդունում ենք նաև բորակածինը, որն անհրաժեշտ է մեր օրգանիզմին՝ սպիտակուցներ սինթեզելու համար։ Զարմանալի է, որ բակլայաբույսերի տեսակներն աճում են խոնավ արևադարձային գոտիների անտառներում, անապատներում և նույնիսկ տունդրաներում։ Նրանք նաև առաջինն են, որ սովորաբար աճում են հրդեհված տարածքներում։

Որքա՜ն հրաշալի են այս շրջապտույտները։ Դրանցից յուրաքանչյուրն օգտագործում է մյուս շրջապտույտներից առաջացած թափուկները։ Պահանջվող էներգիան հիմնականում ստացվում է Արեգակից՝ էկոլոգիապես մաքուր, անսպառ և հաստատուն էներգիայի աղբյուրից։ Ինչպե՜ս է սա տարբերվում ռեսուրսները կրկին գործածության մեջ դնելու մարդու ջանքերից։ Մարդկանց ստեղծած կրկնակի վերամշակման համակարգերը չափազանց բարդ են, այդ իսկ պատճառով նրանց թողարկած էկոլոգիապես մաքուր համարվող արտադրանքները միշտ չէ որ նպաստում են մոլորակի մաքրությանը։ Այս կապակցությամբ «Յունայթեդ Սթեյթս նյուս էնդ ուորլդ ռիփորթ»–ը նշում էր, որ արտադրանքները պետք է պատրաստել այնպես, որպեսզի դրանց թանկարժեք բաղադրամասերը կրկնակի վերամշակման միջոցով հեշտությամբ կարողանան վերականգնվել։ Իսկ մի՞թե հենց այդ պրոցեսը չէ, որ կատարվում է բնական շրջապտույտների ժամանակ։ Այսպիսով՝ Ստեղծիչի հեռատեսության և իմաստության վերաբերյալ ի՞նչ եզրակացության կարելի է հանգել։

Անկողմնակալ և արդար

Ստեղծիչի այլ հատկությունները տեսնելու համար քննարկենք մեկ այլ համակարգ ևս՝ մարդու իմունահամակարգը։ Այստեղ իրենց գործն են կատարում մանրէները։

«Թեև հիմնականում մարդկանց ուշադրությունը կենտրոնացած է մանրէների վնասակար ազդեցության վրա,— գրում է «Նոր բրիտանական հանրագիտարանը»,— սակայն նրանց մեծամասնությունը անվնաս են մարդկանց համար, իսկ շատերը նույնիսկ օգտակար են» («The New Encyclopædia Britannica»)։ Անշուշտ, մանրէները կենսական նշանակություն ունեն։ Ինչպես արդեն խոսվեց, նրանք վճռական դեր են խաղում բորակածնի շրջապտույտի պրոցեսում, ինչպես նաև ածխածնի կամ այլ քիմիական տարրերի հետ կապված շրջապտույտներում։ Մանրէներն անհրաժեշտ են նաև մեր մարսողության համար։ Մարդու միայն հաստ աղիքում մոտավորապես չորս հարյուր տեսակի մանրէներ կան, որոնք օգնում են սինթեզելու վիտամին K–ն և մշակելու օրգանիզմի կենսագործունեության մնացորդները։ Մանրէների բերած օգուտները թվարկելիս կարելի է նշել կովերի կերած խոտը կաթի վերածելը։ Այլ մանրէներ կարևոր դեր են խաղում խմորման գործում, երբ պանիր կամ մածուն ենք պատրաստում, ինչպես նաև երբ թթու ենք դնում։ Իսկ ի՞նչ է տեղի ունենում, երբ մանրէները հայտնվում են այնտեղ, ուր չպետք է լինեին։

Այդ ժամանակ մեր օրգանիզմում արյան սպիտակ բջիջները, որոնց քանակը հասնում է մոտ երկու տրիլիոնի, պայքարում են վնասակար մանրէի դեմ։ «Սայենս» պարբերաթերթի խմբագիր Դանիել Քոշլենդ կրտսերը բացատրում է. «Իմունահամակարգն այնպես է ստեղծված, որ ճանաչում է ներխուժած օտար մարմինները։ Դրա համար այն «արթնացնում» է մոտավորապես 1011 (100 000 000 000) տարբեր տեսակի իմունոլոգիական ընկալիչների, այնպես որ, անկախ օտար մարմնի ձևից, այդ լրացուցիչ ընկալիչները ճանաչում են մանրէն և հակազդում նրան»։

Զավթիչների դեմ պայքարելու համար մեր օրգանիզմն օգտագործում է բջջի մի տեսակ, որը կոչվում է մակրոֆագեր. այս անունը նշանակում է «մեծ խժռող», որը լիովին համապատասխանում է նրա կատարած ֆունկցիային, քանի որ անմիջապես կլանում է արյան մեջ հայտնված օտար նյութերը։ Օրինակ՝ օրգանիզմ ներխուժած օտար վիրուսը «խժռելուց» հետո մակրոֆագերն այն մասնատում է փոքրիկ բեկորների։ Այնուհետև որոշ քանակությամբ սպիտակուց է անջատում վիրուսից։ Այս չնչին քանակությամբ սպիտակուցը որպես ազդանշան է ծառայում իմունահամակարգի համար. ազդանշան այն մասին, որ մեր օրգանիզմում օտար մարմիններ են հայտնվել։ Եթե իմունահամակարգի մեկ այլ բջիջ՝ T–​օգնական բջիջը, ճանաչում է վիրուսի սպիտակուցը, քիմիական ազդանշանով արձագանքում է մակրոֆագերին։ Այս քիմիկատները սպիտակուցների արտակարգ տեսակներ են, որոնք զարմանալիորեն տարբեր ֆունկցիաներ են կատարում. նրանք կարգավորում են մեր իմունահամակարգը և նպաստում ներխուժումներին արձագանքելուն։ Պրոցեսն ավարտվում է որոշակի տեսակի վիրուսի դեմ ուժեղ պայքարով, որի շնորհիվ սովորաբար մեզ հաջողվում է հաղթահարել վարակները։

Իրականում, այս ամենը շատ ավելի բարդ է, սակայն վերոհիշյալ համառոտ նկարագրությունն արդեն իսկ ցույց է տալիս իմունահամակարգի բարդ լինելը։ Որտեղի՞ց մեզ այս խրթին մեխանիզմը։ Մենք այն անվճար ենք ստացել՝ անկախ մեր ընտանիքի ֆինանսական վիճակից և հասարակության մեջ ունեցած դիրքից։ Համեմատեք դա մարդկանց մեծամասնության հանդեպ ոչ հավասարապես ցուցաբերվող բուժծառայության հետ։ «ԱՀԿ–ի [Առողջապահության համաշխարհային կազմակերպության] համար բառի բուն իմաստով անարդարության աճը կենաց ու մահու հարց է, քանի որ չքավորները հասարակության մեջ տիրող անհավասարության դիմաց վճարում են իրենց առողջության գնով»,— գրում է ԱՀԿ–ի գլխավոր տնօրեն Հիրոսի Նակաձիման։ Միանգամայն հասկանալի է Սան Պաուլուի ետնախորշերում բնակվողներից մեկի գանգատը։ «Մեզ համար,— ասում է նա,— բժշկական օգնությունը նույնքան անհասանելի է, որքան շքեղ խանութի ցուցափեղկերում դրված ապրանքները։ Մենք կարող ենք հիանալ դրանցով, սակայն որևէ բան գնելը մեր կարողությունից վեր է»։ Համայն աշխարհում միլիոնավոր մարդիկ նույն խնդիրն ունեն։

Այս անարդարություններից ազդված՝ Ալբերտ Շվայցերն ուղևորվեց Աֆրիկա՝ բուժելու սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց և այդ գործունեության համար հետագայում արժանացավ Նոբելյան մրցանակի։ Ի՜նչ հիանալի հատկություններով են օժտված այն անհատները, ովքեր, ինչպես կռահում եք, մարդկանց նկատմամբ սիրո և արդարության զգացումից դրդված են այդպես վարվել, ինչպես նաև այն համոզմունքից ելնելով, որ թույլ զարգացած երկրների ժողովուրդները նույնպես իրավունք ունեն բժշկական օգնություն ստանալու։ Ի՞նչ կարելի է ասել Նրա մասին, ով, առանց հաշվի առնելու մեր ֆինանսական վիճակը և հասարակական դիրքը, օժտել է մեզ հրաշալի իմունահամակարգով։ Արդյո՞ք դա չի խոսում Ստեղծիչի սիրո և արդարության զգացումի, նրա անկողմնակալ վերաբերմունքի մասին։

Ճանաչել Ստեղծիչին

Վերը նշված համակարգերը Ստեղծիչի հիմնական գործերի օրինակներն են, և մի՞թե դրանք ցույց չեն տալիս, որ Նա իրական և բանական անձնավորություն է, որի հատկությունները մեզ դեպի իրեն են ձգում։ Կարելի է նկատի առնել բազում այլ օրինակներ ևս։ Սակայն առօրյա կյանքում, թերևս, նկատել ենք, որ որևէ անձնավորության կատարած աշխատանքին միայն հետևելն իրականում բավարար չէ նրան լավ ճանաչելու համար։ Եթե այդ մարդու հետ ավելի մոտիկից չծանոթանանք, կարող է պատահել, որ նույնիսկ սխալ կարծիք կազմենք նրա մասին։ Իսկ եթե այդ անհատին սխալ են ներկայացրել կամ՝ եթե չարախոսում են նրա մասին, մի՞թե չարժի անձամբ հանդիպել և լսել նրան։ Խելամիտ կլիներ շփվել նրա հետ՝ տեսնելու, թե ինչպես է արձագանքում տարբեր հանգամանքներում և թե ինչպիսի հատկություններ է դրսևորում։

Ինչ խոսք, Տիեզերքի հզոր Ստեղծիչի հետ հնարավոր չէ հանդիպել երես առ երես։ Սակայն Նա իր մասին բավականին շատ տեղեկություններ է թողել մի գրքում, որն ամբողջովին կամ մասամբ մատչելի է ավելի քան երկու հազար լեզվով՝ այդ թվում նաև ձեր։ Հիշատակված գիրքը Աստվածաշունչն է, որտեղ ասվում է. «Մօտեցէ՛ք Աստծուն, եւ նա կը մերձենայ ձեզ». դրանով իսկ հրավիրում է մեզ ծանոթանալ և անձնական փոխհարաբերություններ զարգացնել Արարչի հետ։ Աստվածաշունչը նաև ցույց է տալիս, թե ինչպես է հնարավոր Ստեղծիչի բարեկամը դառնալ (Յակոբոս 2։23; 4։8)։ Կցանկանայի՞ք ծանոթանալ Նրա հետ։

Այժմ հրավիրում ենք ձեզ քննել Ստեղծիչի ստեղծագործական գործունեությանը վերաբերող փաստացի և հետաքրքիր մի տեղեկություն։

[Ծանոթագրություններ]

a Կայծակը փոխակերպում է բորակածինը՝ տալով նրան հեշտությամբ կլանվելու հատկություն, որն անձրևի հետ միասին թափվում է երկրի վրա։ Բույսերն այն օգտագործում են որպես բնական պարարտանյութ։ Այն բանից հետո, երբ մարդիկ և կենդանիները որպես սնունդ օգտագործում են բորակածին պարունակող բույսերը, արդյունքում այն հողին է վերադառնում ամոնիումի բաղադրությունների տեսքով, և, վերջիվերջո, նրա մի մասը կրկին վերածվում է գազանման բորակածնի։

[79–րդ էջի վրայի շրջանակը]

Ողջամիտ եզրակացություն

Համայն աշխարհի գիտնականներն այն ընդհանուր կարծիքին են, որ Տիեզերքը սկիզբ է ունեցել։ Նրանց մեծ մասն ընդունում է նաև, որ այդ սկզբից առաջ ինչ–​որ իրականություն է գոյություն ունեցել, իսկ ոմանք խոսում են հավերժական էներգիայի մասին։ Ուրիշներն էլ ենթադրում են, որ սկզբին նախորդել է նախնական քաոսային վիճակը։ Ինչ բառեր էլ որ օգտագործվեն, մեծամասնությունը ենթադրում է, որ ինչ–​որ բան է եղել՝ մի բան, որը սկիզբ չի ունեցել և որն անվերջ գոյություն է ունեցել։

Իսկ այժմ հարցն այն է, թե ի՞նչ ենք ենթադրում. դա եղել է հավիտենական ինչ–​որ մի բա՞ն, թե՞ հավիտենական ինչ–​որ մեկը։ Քննելով Տիեզերքի ծագման, նրա կառուցվածքի և նրանում գոյություն ունեցող կյանքի վերաբերյալ գիտական հայտնագործությունները՝ այս երկու տարբերակներից ո՞րն է ձեզ ավելի տրամաբանական թվում։

[Նկար 75–րդ էջի վրա]

Շատ արևելքցիներ հավատում են, որ բնությունն ինքն իրեն է գոյացել

[Նկար 76–րդ էջի վրա]

Այս բլրի վրա կանգնած՝ որի ետևում երևում է Ակրոպոլիսը, Պողոսը Աստծո մասին տպավորիչ ելույթ ունեցավ

[Նկար 78–րդ էջի վրա]

Ի՞նչ եզրակացության եք հանգել

Մեր Տիեզերքը

սկիզբ չի ունեցել

սկիզբ է ունեցել

սկզբնապատճառ չի ունեցել

սկզբնապատճառ է ունեցել

հավիտենական ինչ–որ ՄԻ ԲԱՆԻՑ

հավիտենական ինչ–⁠որ ՄԵԿԻ ԿՈՂՄԻՑ

[Նկար 80–րդ էջի վրա]

«Կյանքի համար կենսական տարրերից յուրաքանչյուրը՝ ածխածինը, բորակածինը, ծծումբը, մանրէների շնորհիվ անօրգանական գազային բաղադրությունից փոխակերպվում է այնպիսի ձևի, որը կարող են յուրացնել և՛ բույսերը, և՛ կենդանիները» («The New Encyclopædia Britannica»)։

[Նկար 83–րդ էջի վրա]

Աստված մեզ օժտել է իմունահամակարգով, որը գերազանցում է ժամանակակից բժշկության բոլոր նվաճումները

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը