Թագավորության լուրը № 35
Բոլոր մարդիկ երբևէ կսիրե՞ն միմյանց
Սերը մերձավորի հանդեպ սառչել է
ՄԻԼԻՈՆԱՎՈՐ մարդիկ իրենց անօգնական և դժբախտ են զգում՝ որևէ տեղ դիմելու անկարող։ Մի թոշակառու գործարարուհի պատմում է. «Մի երեկո իմ հարկում ապրող այրի մի կին թակեց դուռս և ասաց, որ միայնակ է։ Քաղաքավարի, բայց կոպտորեն ասացի, որ զբաղված եմ։ Նա ներողություն խնդրեց անհանգստացնելու համար ու հեռացավ»։
Ցավոք, հենց այդ օրն այրին ինքնասպան եղավ։ Հետագայում գործավարուհին խոստովանեց, որ նա «լավ դաս» քաղեց պատահածից։
Հաճախ մերձավորի հանդեպ սիրո պակասը ողբերգական հետևանքներ է ունենում։ Էթնիկական ընդհարումների ժամանակ Հարավսլավիայի նախկին տարածքներում՝ Բոսնիայում և Հերցեգովինայում, միլիոնից ավել մարդիկ բռնությամբ դուրս վռնդվեցին իրենց տներից և տասնյակ հազարավորներ սպանվեցին։ Ովքե՞ր էին մարդասպանները։ «Մեր հարևանները,— ողբալով ասաց մի աղջիկ, որին քշել էին հարազատ գյուղից,— մենք ճանաչում էինք նրանց»։
Ռուանդայում հարյուր հազարավոր մարդիկ ավելի հաճախ կոտորվում էին հենց իրենց հարեվանների կողմից։ «Հուտու և տուտսի ցեղերը միմյանց հետ ազգակցական կապեր էին հաստատում՝ չմտահոգվելով և նույնիսկ տարբերություն չդնելով, թե ո՛վ է հուտու, և ո՛վ՝ տուտսի,— հաղորդեց «Նյու Յորք Թայմսը»,— հետո ինչ–որ բան պայթեց, և արյունահեղությունները սկսվեցին»։
Նմանապես, հրեաներն ու արաբները Իսրայելում ապրում են կողք–կողքի, սակայն նրանցից շատերն իրար ատում են։ Նույն իրավիճակն է տիրում շատ կաթոլիկների և բողոքականների մոտ Իռլանդիայում և շատ ժողովուրդների մոտ այլ երկրներում։ Մարդկության պատմության ողջ ընթացքում երբե՛ք աշխարհն այսքան սիրո պակասություն չի զգացել։
Ինչո՞ւ է սերը մերձավորի հանդեպ սառչել
Պատասխանը տալիս է մեր Ստեղծիչը։ Նրա Խոսքը՝ Աստվածաշունչը, մեր ժամանակաշրջանն անվանում է «վերջին օրեր»։ Սա մի դարաշրջան է, որի ընթացքում, ինչպես գիրքն է ասում, մարդիկ կդառնան «անգութ»։ Այս «չար ժամանակների» վերաբերյալ, որոնք Աստվածաշնչում նաև կոչվում են «աշխարհքի վերջ», Հիսուս Քրիստոսը նախագուշակեց, որ «շատերի սէրը կը սառչի» (Բ Տիմոթէոս 3։1—5, Էջմիածնի թարգմանություն; Մատթէոս 24:3, 12)։
Հետևաբար, մեր օրերում սիրո պակասը հանդիսանում է այն բանի ապացույցի մի մասը, որ մենք ապրում ենք այս աշխարհի վերջին օրերում։ Բարեբախտաբար, դա նաև նշանակում է, որ ամբարիշտ մարդկանց այս աշխարհը շուտով կվերափոխվի սիրով կառավարվող արդար նոր աշխարհի (Մատթէոս 24:3—14; Բ Պետրոս 2:5; 3:7, 13)։
Բայց, իրական պատճառ ունե՞նք հավատալու այսպիսի փոփոխության հնարավորությանը, երբ բոլոր մարդիկ կկարողանան սովորել սիրել և միասնաբար խաղաղ ապրել միմյանց հետ։
Սերը մերձավորի հանդեպ իրականություն է
«Իմ ընկերն ո՞վ է»,— առաջին դարի մի օրենսգետ հարցրեց Հիսուսին։ Անկասկած, նա սպասում էր լսել հետևյալը՝ քո եղբայր հրեաները։ Բայց բարի սամարացու մասին պատմվածքում Հիսուսը ցույց տվեց, որ այլ ազգություններին պատկանող մարդիկ նույնպես մեր մերձավորներն են (Ղուկաս 10։29—37; Յովհաննէս 4։7—9)։
Հիսուսը շեշտեց, որ Աստծուն սիրելուց հետո իր կարևորությամբ երկրորդը մերձավորի հանդեպ սերն է, որը պետք է ներգործի մեր կյանքի վրա (Մատթէոս 22։34—40)։ Սակայն, երբևիցե եղե՞լ են մարդիկ, որոնք իսկապես անկեղծորեն սիրել են իրենց մերձավորներին։ Այո՛, եղել են, դրանք վաղեմի քրիստոնյաներն էին։ Նրանք հայտնի էին միմյանց հանդեպ ունեցած սիրով (Յովհաննէս 13։34, 35)։
Իսկ ի՞նչ կարելի է ասել այսօրվա մասին։ Արդյոք որևէ մեկը կիրառո՞ւմ է այն սերը, որ հատուկ էր Քրիստոսին։ «Կանադական հանրագիտարանը» նշում է. «Եհովայի Վկաների գործունեությունը վաղ քրիստոնեության վերածնունդն ու վերահաստատումն է, որը գործադրվել է Հիսուսի և իր աշակերտների կողմից.... Նրանք բոլորը եղբայրներ են»։
Ի՞նչ է այդ նշանակում։ Դա նշանակում է, որ Եհովայի Վկաները թույլ չեն տալիս, որ որևէ բան՝ լինի դա ազգային պատկանելիություն կամ էթնիկական ծագում, պատճառ հանդիսանա նրանց համար ատելու իրենց մերձավորներին։ Նրանք ո՛չ մեկի չեն սպանի, քանի որ փոխաբերական իմաստով իրենց սրերը խոփեր են ձուլել և նիզակները՝ հոտոցներ (Եսայիա 2։4)։ Վկաներն, իրականում, հայտնի են մերձավորներին օգնելու համար իրենց հանդես բերած նախաձեռնությամբ (Գաղատացիս 6։10)։
Զարմանալի չէ, որ Կալիֆոռնիայի «Սաքրամենթո Յունիոն»–ի խմբագիրը նշեց. «Բավական է ասել, որ եթե ամբողջ աշխարհն ապրեր Եհովայի Վկաների համոզմունքով, ապա վերջ կդրվեր արյունահեղությանն ու ատելությանը, և կթագավորեր սերը»։ Հունգարիայի «Ռինգ» ամսագրում մի գրող նշեց. «Ես եկել եմ այն եզրակացության, որ եթե միայն Եհովայի Վկաներն ապրեին երկրի վրա, պատերազմները կդադարեին, իսկ ոստիկաններին կմնար միայն երթևեկությունը հսկելու և անձնագրեր հանձնելու պարտականությունը»։
Անշուշտ, որպեսզի բոլոր մարդիկ կարողանան սիրել միմյանց, անհրաժեշտ է համաշխարհային վիթխարի փոփոխություն։ Սակայն ինչպե՞ս կկատարվի այդ փոփոխությունը (հաճեցեք նայել վերջին էջը)։
Երբ բոլոր մարդիկ կսիրեն միմյանց
Հիսուս Քրիստոսի սովորեցրած աղոթքը ցույց է տալիս, որ այդ հուզումնալից փոփոխությունն իսկապես մոտ է։ Իր հանրաճանաչ Լեռան քարոզում նա սովորեցրեց մեզ աղոթել. «Գայ քո արքայութիւնը, լինի քո կամքը, ինչպէս երկնքումն՝ այնպէս էլ երկրի վերայ» (Մատթէոս 6։10)։
Ի՞նչ է Աստծու Թագավորությունը։ Դա երկնքից ղեկավարող իրական կառավարություն է։ Ահա, թե ինչու է այն կոչվում «երկնքի արքայութիւն»։ Հիսուսը՝ «Խաղաղութեան իշխանը», նրա կառավարիչն է նշանակվել իր Հոր կողմից (Մատթէոս 10:7; Եսայիա 9։6, 7; Սաղմոս 72։1—8)։
Երբ Աստծու Թագավորությունը գա, ի՞նչ կպատահի ատելությամբ լի այս աշխարհին։ «Թագավորութիւնը» պետք է «փշրէ եւ վերջացնէ» այս աշխարհի բոլոր ապականված կառավարությունները (Դանիէլ 2։44)։ Աստվածաշունչը բացատրում է. «Եվ աշխարհքը անցնում է.... բայց Աստուծոյ կամքն անողը մնում է յաւիտեան» (Ա Յովհաննէս 2։17)։
Աստծու նոր աշխարհի վերաբերյալ Աստվածաշունչն ասում է. «Արդարները երկիրը կ’ժառանգեն, եւ յաւիտեան կ’բնակուին նորանում» (Սաղմոս 37։9—11, 29; Առակաց 2։21, 22)։ Ի՜նչ հրաշալի ժամանակներ կլինեն։ «Եւ մահն այլեւս չի լինիլ, ոչ սուգ, եւ ոչ աղաղակ. եւ ոչ ցաւ այլեւս չի լինիլ» (Յայտնութիւն 21։4)։ Նույնիսկ մահացածները կկենդանանան, և երկիրն ամբողջությամբ իսկական դրախտի կվերածվի (Եսայիա 11։6—9; 35։1, 2; Ղուկաս 23։43; Գործք 24։15)։
Աստծու նոր աշխարհում ապրելու համար պետք է սիրենք միմյանց, ճիշտ այնպես, ինչպես Աստված է մեզ սովորեցնում (Ա Թեսաղոնիկեցիս 4։9)։ Աստվածաշունչն ուսումնասիրող արևելքցի մի բնակիչ ասաց. «Ես անհամբերությամբ սպասում եմ այն ժամանակին, երբ, Աստվածաշնչի խոստումների համաձայն, բոլոր մարդիկ մեկը մյուսին սիրել կսովորեն»։ Մենք կարող ենք վստահ լինել, որ Աստված կկատարի՛ իր խոստումները։ «Ես խօսել եմ,— ասում է նա,— անելու էլ եմ» (Եսայիա 46։11)։
Բայց Աստծու Թագավորության ներքո այդ օրհնությունները վայելելու համար պետք է Աստվածաշնչի գիտությունը ստանալ, ինչպես վարվում են միլիոնավոր ազնվասիրտ մարդիկ ամբողջ աշխարհում (Յովհաննէս 17։3)։ Երեսուներկու էջանոց բրոշյուրը՝ «Ի՞նչ է Աստված մեզնից պահանջում», կօգնի ձեզ։ Կարող եք ձեռք բերել օրինակը՝ նախորդ էջի կտրոնը լրացնելով և ձեզ հարմար հասցեով ուղարկելով։
[նկար 2–րդ էջի վրա. թույլտվությամբ]
Սնայպեր և հուղարկավորություն Բոսնիայում՝ Reuters/Corbis-Bettmann