Գլուխ 7
Ինչ է արել Աստված՝ մարդկությանը փրկելու համար
1, 2. ա) Ինչպե՞ս հռոմեացի մի հարյուրապետ հասկացավ, թե ով էր Աստծո Որդին։ բ) Ինչո՞ւ Եհովան թույլատրեց, որ Հիսուսը մահանա։
ՄՈՏ 2 000 տարի առաջ՝ գարնանային մի օր, հռոմեացի մի հարյուրապետ նայում էր հոգեվարքի մեջ գտնվող երեք տղամարդու։ Նրանցից մեկը գրավեց հարյուրապետի ուշադրությունը։ Դա Հիսուս Քրիստոսն էր՝ գամված փայտե սյան վրա։ Նրա մահը մոտենում էր. կեսօրվա երկինքը սկսեց մթնել։ Իսկ երբ Հիսուսը մահացավ, տեղի ունեցավ մի մեծ երկրաշարժ։ Այդ ամենը տեսնելով՝ հարյուրապետը բացականչեց. «Ճշմարի՜տ, այս մարդն Աստուծոյ Որդի էր» (Մարկոս 15։39)։
2 Աստծո Որդի։ Հարյուրապետն իրավացի էր։ Այդ պահին նա դարձավ երկրի վրա երբևէ տեղի ունեցած ամենակարևոր իրադարձության ականատեսը։ Մինչ այդ Աստված ինքն էր ասել, որ Հիսուսն իր սիրելի Որդին է (Մատթէոս 3։17; 17։5)։ Իսկ ինչո՞ւ Եհովան թույլ տվեց, որ իր Որդին մահանա։ Որովհետև Աստված այդ ճանապարհով էր ցանկանում մարդկանց ազատագրել մեղքից ու մահից։
Ընտրված՝ հատուկ նպատակով
3. Ինչո՞ւ էր տեղին, որ Աստված իր միածին Որդուն ընտրեր մարդկության հետ կապված հատուկ նպատակով ծառայելու համար։
3 Ինչպես արդեն սովորեցինք, Հիսուսը գոյություն է ունեցել նախքան երկրի վրա որպես մարդ ծնվելը։ Նա կոչվել է Աստծո «միածին Որդ[ի]», քանի որ ստեղծվել է անմիջապես Եհովայի կողմից։ Իսկ հետո Աստված նրա միջոցով ստեղծել է մնացած բոլոր բաները (Յովհաննէս 3։18; Կողոսացիս 1։16)։ Հիսուսն առանձնահատուկ ձևով է սիրել մարդկանց (Առակաց 8։30, 31)։ Զարմանալի չէ, ուրեմն, որ երբ մարդկությունը դատապարտվեց մահվան, Եհովան իր միածին Որդուն ընտրեց՝ հատուկ նպատակով ծառայելու։
4, 5. Ի՞նչ է հայտնել Աստվածաշունչը Մեսիական Սերնդի մասին նախքան Հիսուսի երկիր գալը։
4 Եդեմի պարտեզում Ադամին, Եվային ու Սատանային ուղղված դատավճիռը հայտարարելիս Աստված խոսեց ապագա Փրկչի մասին, որին անվանեց «սերունդ»։ Սերունդը, կամ՝ ժառանգը գալու էր, որպեսզի վերջ դնի այն բոլոր խնդիրներին, որ առաջ էին եկել Բանսարկու Սատանայի՝ ‘առաջին օձի’ պատճառով։ Խոստացյալ Սերունդը պետք է կործաներ Սատանային, ինչպես նաև նրա բոլոր հետևորդներին (Ծննդոց 3։15; Ա Յովհաննէս 3։8; Յայտնութիւն 12։9)։
5 Դարերի ընթացքում Աստված աստիճանաբար նորանոր տեղեկություններ հայտնեց Սերնդի մասին, որը կոչվեց նաև Մեսիա։ Ինչպես ցույց է տալիս 37 էջի շրջանակը, բազմաթիվ մարգարեություններում մանրամասներ էին ներկայացվել նրա երկրային կյանքի տարբեր ոլորտների վերաբերյալ։ Օրինակ՝ նա պետք է դիմանար չափազանց դաժան վերաբերմունքի՝ Աստծո նպատակների իրականացման գործում իրեն հատկացված դերը կատարելու համար (Եսայիա 53։3–5)։
Ինչու Մեսիան պետք է մահանար
6. Ըստ Դանիէլ 9։24–26-ի՝ ի՞նչ պետք է աներ Մեսիան և ինչպե՞ս։
6 Դանիէլ 9։24–26-ում արձանագրված մարգարեության համաձայն՝ Մեսիան (Աստծո Օծյալը) մեծ նպատակ էր իրականացնելու։ Նա գալու էր երկիր՝ «յանցանքը վերջացնելու եւ մեղքերը կնքելու եւ անօրէնութիւնը քաւելու եւ յավիտենական արդարութիւն բերելու»։ Մեսիան պետք է ազատեր հավատարիմ մարդկանց մահվան դատապարտությունից։ Բայց ինչպե՞ս։ Վերոհիշյալ մարգարեության մեջ նշվում է, որ նա պետք է ‘դատապարտվեր մահվան’։
7. Ինչո՞ւ էին հրեաները զոհեր մատուցում, և ինչի՞ նախանշանն էին դրանք։
7 Հնում իսրայելացիները ծանոթ էին մեղքերի քավության գաղափարին։ Մովսեսի միջոցով Աստծո տված Օրենքի համաձայն՝ երկրպագություն մատուցելիս նրանք պետք է կանոնավորապես կենդանիներ զոհաբերեին։ Դա հիշեցնում էր Իսրայել ժողովրդին, որ մարդը ինչ–որ ձևով իր մեղքերը քավելու կամ ծածկելու կարիք ունի։ Պողոս առաքյալը ընդհանրացրեց այդ սկզբունքը հետևյալ կերպ. «Առանց արիւն թափելու թողութիւն չէ լինում» (Եբրայեցիս 9։22)։ Քրիստոնյաներն այսօր չեն գտնվում Մովսիսական Օրենքի տակ, որում բազմաթիվ պահանջներ էին ներկայացված, այդ թվում նաև զոհաբերություններ մատուցելու մասին (Հռովմայեցիս 10։4; Կողոսացիս 2։16, 17)։ Նրանք նաև գիտեն, որ կենդանի զոհաբերելով՝ չեն հասնի այն բանին, որ իրենց մեղքերը ներվեն ամբողջությամբ և ընդմիշտ։ Իրականում, այդ զոհերը նախանշանն էին շատ ավելի մեծարժեք զոհաբերության, որը Մեսիայի՝ Քրիստոսի զոհաբերությունն էր (Եբրայեցիս 10։4, 10; համեմատի՛ր Գաղատացիս 3։24)։ Սակայն գուցե հարցնեք. «Իսկապե՞ս անհրաժեշտ էր, որ Մեսիան մահանար»։
8, 9. Թանկարժեք ի՞նչ բան են կորցրել Ադամն ու Եվան, և ինչպե՞ս է դա անդրադարձել իրենց հետնորդների վրա։
8 Այո՛, Մեսիան պետք է մահանար, որպեսզի մարդկությունը փրկվեր։ Պատճառը գտնելու համար վերադառնանք Եդեմ ու փորձենք հասկանալ, թե Աստծո դեմ ապստամբելով՝ ինչ մեծ բան կորցրին Ադամն ու Եվան։ Նրանց հավիտենական կյանք էր սպասում։ Լինելով Աստծո որդիները՝ նրանք կարող էին անմիջականորեն հաղորդակցվել Արարչի հետ։ Բայց երբ Ադամն ու Եվան մերժեցին Եհովայի իշխանությունը, նրանք կորցրին այդ ամենը։ Ավելին՝ նրանք փոխանցեցին մեղքն ու մահը մարդկային ցեղին (Հռովմայեցիս 5։12)։
9 Մեր նախածնողները, ասես, մի մեծ հարստություն վատնեցին և ընկան հսկայական պարտքի տակ։ Ադամն ու Եվան այդ «պարտքը» փոխանցեցին իրենց ժառանգներին։ Քանի որ ոչ ոք կատարյալ ու առանց մեղքի չի ծնվել, բոլորս էլ մեղավոր ենք ու մահվան ենթակա։ Երբ հիվանդանում ենք կամ ասում այնպիսի մի բան, որի համար հետո զղջում ենք, ուղղակի քաղում ենք ժառանգված այդ «պարտքի»՝ անկատարության դառը պտուղները (Հռովմայեցիս 7։21–25)։ Միակ հույսը Ադամի կորցրածը վերականգնելու մեջ էր։ Սակայն մենք չենք կարող կատարելություն վաստակել։ Քանի որ բոլոր անկատար մարդիկ մեղք են գործում, բոլորն էլ արժանանում են մահվան, և ոչ թե կյանքի (Հռովմայեցիս 6։23)։
10. Ի՞նչ էր հարկավոր Ադամի կորցրածը ետ գնելու համար։
10 Իսկ հնարավո՞ր էր ինչ–որ բան տալ Ադամի կորցրած կյանքի դիմաց։ Աստծո արդարությունը հավասարազոր բան էր պահանջում՝ «անձի տեղ անձ» (Ելից 21։23)։ Ուստի կորցրած կյանքի դիմաց կյանք պետք է տրվեր։ Սակայն անկատար մարդկանցից և ոչ մեկը, իր կյանքը տալով, չէր կարող բավարարել այդ պահանջը։ Այս կապակցությամբ Սաղմոս 49։7, 8–ում ասվում է. «Մարդ չէ կարող իր եղբորը փրկել, եւ ոչ էլ նորա փրկանքը տալ Աստուծուն։ Որովհետեւ թանգ է նորանց անձերի փրկանքը, եւ յաւիտեան կ’դադարի [«երբեք կարելի չէ գոհացնել», ԱԱ]»։ Հույս չկա՞, ուրեմն։ Իհարկե կա՛։
11. ա) Ի՞նչ նշանակություն ունի «փրկագին» թարգմանված եբրայերեն բառը։ բ) Միայն ո՞վ կարող էր ետ գնել մարդկությանը և ինչո՞ւ։
11 «Փրկանք» թարգմանված եբրայերեն բառը նշանակում է՝ գումար, որը վճարվում է գերի ընկած մարդուն փրկելու համար։ Այն նաև փոխանցում է հավասարարժեքության գաղափար։ Միայն կատարյալ մարդու կյանքը կարող էր փոխհատուցել այն, ինչ կորցրել էր Ադամը։ Իսկ Ադամից հետո երկրի վրա ծնված միակ կատարյալ մարդը Հիսուս Քրիստոսն էր։ Այդ պատճառով Աստվածաշունչը Հիսուսին անվանում է ‘վերջին Ադամ’ (ԱԱ) և վստահեցնում է, որ Քրիստոսն «իր անձը ամենուն տեղ փրկանք տուաւ» (Ա Կորնթացիս 15։45; Ա Տիմոթէոս 2։5, 6)։ Ու եթե Ադամը իր երեխաներին մահ էր փոխանցել, ապա Հիսուսը փոխանցեց հավիտենական կյանք։ Ահա թե ինչպես է դա բացատրվում Ա Կորնթացիս 15։22–ում. «Ինչպէս Ադամով ամենը մեռնում են, այնպէս էլ Քրիստոսով ամենը կենդանանում են»։ Ուստի միանգամայն տեղին է, որ Հիսուսը կոչվում է «Յաւիտենականութեան Հայր» (Եսայիա 9։6, 7)։
Ինչպես վճարվեց փրկագինը
12. Ե՞րբ Հիսուսը դարձավ Մեսիա և ի՞նչ ուղի ընտրեց դրանից հետո։
12 Մ.թ. 29 թ. աշնանը Հիսուսը գնաց իր ազգական Հովհաննեսի մոտ՝ մկրտվելու։ Այդ քայլին դիմելով՝ նա իրեն ներկայացրեց Աստծո կամքը կատարելու համար։ Մկրտության ժամանակ Եհովան իր սուրբ ոգով օծեց Հիսուսին, ու նա դարձավ Մեսիա, կամ՝ Քրիստոս (Աստծո Օծյալ), (Մատթէոս 3։16, 17)։ Ապա Հիսուսը սկսեց իր ծառայությունը, որը տևեց երեք ու կես տարի։ Նա ճանապարհորդում էր իր երկրով մեկ՝ Աստծո Թագավորության մասին քարոզելով և հավատարիմ հետևորդներ հավաքելով։ Սակայն, ինչպես որ կանխագուշակվել էր, կարճ ժամանակ անց նա հանդիպեց հակառակության (Սաղմոս 118։22; Գործք 4։8–11)։
13. Ո՞ր իրադարձությունները նախորդեցին Հիսուսի՝ անարատություն պահողի մահվանը։
13 Հիսուսն արիաբար մերկացնում էր կրոնական առաջնորդների կեղծավորությունը։ Վերջիններս առիթներ էին փնտրում նրան սպանելու։ Ի վերջո նրանք մի նենգ դավադրություն կազմակերպեցին, որը ներառում էր՝ մատնություն, անօրինական ձերբակալություն, ապօրինի դատ և կեղծ մեղադրանքներ՝ ապստամբություն հրահրելու մեջ։ Հիսուսին հարվածեցին, թքեցին նրա վրա, ծաղրեցին և մտրակեցին այնպիսի մտրակով, որը պատառոտում էր նրա մաշկը։ Այնուհետև Հռոմի կառավարիչ Պոնտացի Պիղատոսը նրան դատապարտեց մահվան՝ տանջանքի ցցի վրա։ Հիսուսին գամեցին փայտե սյան վրա, իսկ հետո սյունը ուղիղ կանգնեցրին։ Շնչելն անգամ տանջանք էր պատճառում։ Տառապանքը տևեց մի քանի ժամ, և նա մահացավ։ Այդ ծանր փորձությունների ժամանակ, սակայն, Հիսուսը կատարյալ անարատություն պահպանեց Աստծո առջև։
14. Ինչո՞ւ Աստված թույլատրեց, որ իր Որդին տառապի ու մահանա։
14 Այսպես՝ մ.թ. 33 թ. նիսան ամսվա 14–ին Հիսուսը տվեց իր կյանքը որպես «փրկանք.... շատերի տեղ» (Մարկոս 10։45; Ա Տիմոթէոս 2։5, 6)։ Եհովան երկնքից տեսավ իր սիրելի Որդու տառապանքն ու մահը։ Ինչո՞ւ, ուրեմն, նա թույլատրեց, որ այդ սարսափելի դեպքերը տեղի ունենան։ Նա արեց դա, քանի որ սիրում էր մարդկանց։ Ահա թե ինչ է ասել Հիսուսը. «Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ. որ ամեն նորան հաւատացողը չ’կորչի, այլ յաւիտենական կեանքն ունենայ» (Յովհաննէս 3։16)։ Հիսուսի մահը ցույց տվեց նաև, որ Եհովան կատարյալ արդարության Աստված է (Բ Օրինաց 32։4)։ Ոմանք գուցե հարցնեն. «Ինչո՞ւ Աստված չանտեսեց արդարության իր սկզբունքը (անձի տեղ անձ) և չհրաժարվեց այն փրկագնից, որ պահանջվում էր Ադամի մեղավոր ընթացքի դիմաց»։ Պատճառն այն է, որ Եհովան միշտ կատարում է իր օրենքները և չի խախտում դրանք, նույնիսկ երբ ստիպված է լինում չափազանց մեծ զոհողությունների գնալ։
15. Ի՞նչ արեց Եհովան՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ անարդարացի կլիներ ընդմիշտ դադարեցնել Հիսուսի գոյությունը։
15 Սակայն Եհովայի արդարությունը պահանջում էր նաև, որ Հիսուսի դեպքում ամեն ինչ լավ վերջանա։ Մի՞թե արդարացի կլիներ, եթե հավատարիմ Հիսուսը ընդմիշտ մահացած մնար։ Իհարկե ո՛չ։ Հունարեն Գրություններում կանխագուշակվել էր, որ Աստծո նվիրված ծառան չի մնալու գերեզմանում (Սաղմոս 16։10; Գործք 13։35)։ Հիսուսը մահացած վիճակում մնաց մոտ երեք օր, որից հետո Եհովա Աստված հարություն տվեց նրան՝ որպես հզոր ոգեղեն էակի (Ա Պետրոս 3։18)։
16. Վերադառնալով երկինք՝ ի՞նչ արեց Հիսուսը։
16 Մահանալով՝ Հիսուսը մեկընդմիշտ տվեց իր մարդկային կյանքը։ Երկնային կյանքի հարություն ստանալով՝ նա դարձավ կյանք պարգևող ոգեղեն էակ։ Ավելին՝ Հիսուսը համբարձվեց տիեզերքի ամենասուրբ վայրը, միացավ իր թանկագին Հորը և պաշտոնապես ներկայացրեց նրան իր կատարյալ մարդկային կյանքի արժեքը (Եբրայեցիս 9։23–28)։ Թանկագին այդ կյանքի արժեքը կարող էր արդեն կիրառվել հօգուտ հնազանդ մարդկանց։ Ի՞նչ է դա նշանակում ձեզ համար։
Քրիստոսի փրկանքը և դուք
17. Ինչպե՞ս կարող ենք ներում ստանալ Հիսուսի քավիչ զոհաբերության հիման վրա։
17 Իսկ հիմա քննարկենք, թե Քրիստոսի զոհաբերությունը ինչ երեք առումներով է օգուտ տալիս մեզ նույնիսկ այսօր։ Առաջին՝ այն մեղքերի թողության հնարավորություն է ստեղծում։ Հավատ ընծայելով Հիսուսի թափած արյան հանդեպ՝ մենք ձեռք ենք բերում ‘փրկություն’՝ ‘մեղքերի թողություն’ (Եփեսացիս 1։7)։ Ուստի՝ նույնիսկ եթե լուրջ մեղքեր ենք գործել, կարող ենք Հիսուսի անունով ներողություն խնդրել Աստծուց։ Եթե իսկապես զղջանք, Եհովան մեր հանդեպ կկիրառի իր Որդու քավիչ զոհաբերության արժեքը։ Աստված կների մեզ և մաքուր խիղճ կպարգևի՝ մեղքի պատճառով մահվան դատապարտելու փոխարեն (Գործք 3։19; Ա Պետրոս 3։21)։
18. Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսի զոհաբերությունը հույս տալիս մեզ։
18 Երկրորդ՝ Քրիստոսի քավիչ զոհաբերությունը ապագայի հույս է տալիս։ Հովհաննես առաքյալի տեսիլքի համաձայն՝ «մի շատ ժողովուրդ որ ոչ ով չէր կարող համարել» փրկվելու էր ներկա համակարգի աղետալի կործանումից։ Իսկ ինչո՞ւ էին նրանք փրկվելու այն ժամանակ, երբ Աստված կործանելու էր այդքան շատ մարդկանց։ Մի հրեշտակ Հովհաննեսին ասաց, որ այդ մարդիկ «իրանց հանդերձները լուացին եւ սպիտակացրին Գառի [Հիսուս Քրիստոսի] արիւնովը» (Յայտնութիւն 7։9, 14)։ Հետևաբար՝ եթե հավատ ընծայենք Հիսուս Քրիստոսի թափած արյանը և ապրենք Եհովայի պահանջներին ներդաշնակ, Աստծո տեսանկյունից մաքուր կլինենք ու հավիտենական կյանքի հույս կունենանք։
19, 20. Ինչպե՞ս է Քրիստոսի զոհաբերությունը փաստում, որ նա և իր Հայրը սիրում են ձեզ։
19 Երրորդ՝ քավիչ զոհաբերությունը մեծագույն ապացույցն է Եհովայի սիրո։ Քրիստոսի մահը տիեզերքի պատմության մեջ սիրո երկու մեծագույն դրսևորումների արտահայտությունն էր. 1) Աստծո սիրո, որն ուղարկեց իր Որդուն՝ մեզ համար մեռնելու, 2) Հիսուսի սիրո, որը հոժարակամորեն զոհաբերեց իրեն (Յովհաննէս 15։13; Հռովմայեցիս 5։8)։ Եթե իսկապես հավատանք, ապա այդ սերը կվերագրվի յուրաքանչյուրիս անհատապես։ Պողոս առաքյալն ասել է. «[Աստծո Որդին] ինձ սիրեց եւ իր անձը ինձ համար մատնեց» (Գաղատացիս 2։20; Եբրայեցիս 2։9; Ա Յովհաննէս 4։9, 10)։
20 Ուրեմն՝ եկեք ցույց տանք մեր երախտագիտությունը այն սիրո համար, որ ցուցաբերել են Աստված և Քրիստոսը, ու անենք դա՝ Հիսուսի քավիչ զոհաբերության հանդեպ հավատ դրսևորելով։ Այդպես վարվելով՝ հավիտենական կյանք կստանանք (Յովհաննէս 3։36)։ Սակայն հարկավոր է նշել, որ Հիսուսի երկրային կյանքի և մահվան գլխավոր նպատակը մեր փրկությունը չէր։ Նրան առաջին հերթին մտահոգում էր ավելի մեծ՝ տիեզերական հարց։ Ինչպես կտեսնենք հաջորդ գլխում, վիճաբանական այդ հարցը վերաբերում է բոլորիս, քանի որ ցույց է տալիս, թե ինչու է Աստված այսքան ժամանակ թույլատրել չարությունն ու տառապանքը երկրի վրա։
ՍՏՈՒԳԵՔ ՁԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ
• Ինչո՞ւ մարդկանց փրկելու համար Հիսուսը պետք է մահանար։
• Ինչպե՞ս վճարվեց փրկագինը։
• Փրկագնի շնորհիվ ի՞նչ օգուտներ կարող եք քաղել դուք։
[նկար ամբողջ 67–րդ էջի վրա]