Գլուխ 16
Հանդիպումներ երկրպագության, ուսուցման և քաջալերանքի համար
ԺՈՂՈՎԻ հանդիպումները Եհովայի վկաների գործունեության կարևոր մասն են կազմում։ Նույնիսկ դժվարին հանգամանքների ներքո նրանք ջանում են կանոնավորաբար ներկա լինել այդ հանդիպումներին՝ հետևելով Աստվածաշնչի այս հորդորին. «Եկեք ուշադիր լինենք միմյանց հանդեպ, որ սիրո ու բարի գործերի մղենք իրար, և բաց չթողնենք մեր հավաքույթները, ինչպես սովոր են անել ոմանք, այլ քաջալերենք միմյանց, առավել ևս որ տեսնում ենք՝ օրը մոտենում է» (Եբր. 10։24, 25)։ 1992-ին յուրաքանչյուր ժողով հնարավորության դեպքում անցկացնում էր շաբաթական երեք հանդիպում, որոնք միասին վերցրած՝ տևում էին 4 ժամ 45 րոպե։ Սակայն ժամանակի ընթացքում հանդիպումների բնույթը և դրանց անցկացման հաճախականությունը ըստ կարիքի փոխվել են։
Առաջին դարում սուրբ ոգու միջոցով տրված գերբնական պարգևների դրսևորումները նշանակալից դեր ունեին քրիստոնեական հանդիպումների համար։ Ինչո՞ւ։ Քանի որ այդ պարգևների միջոցով Աստված ցույց էր տալիս, որ նա այլևս չէր օգտագործում հրեական կրոնական համակարգը, և որ իր ոգին այժմ գործում էր նոր ձևավորված քրիստոնեական ժողովում (Գործ. 2։1–21; Եբր. 2։2–4)։ Առաջին դարի հանդիպումների ժամանակ քրիստոնյաները աղոթում էին, Աստծուն փառաբանող երգեր էին երգում և հատուկ շեշտ էին դնում մարգարեանալու (այսինքն՝ Աստծու կամքի և նպատակների մասին հայտնություններ հաղորդելու) վրա։ Նաև տրվում էին հրահանգներ, որոնք կերտում էին լսողներին։ Այդ քրիստոնյաները ապրում էին այնպիսի ժամանակներում, երբ Աստծու նպատակների հետ կապված կարևոր իրադարձություններ էին տեղի ունենում։ Նրանք կարիք ունեին հասկանալու դրանց նշանակությունը և իմանալու, թե ինչպես գործել դրանց ներդաշնակ։ Սակայն կային քրիստոնյաներ, որոնք հանդիպումների ժամանակ որոշ հարցերում անհավասարակշռված մոտեցում էին ցուցաբերում, և ինչպես ցույց է տալիս Աստվածաշունչը, իմաստուն խորհրդի կարիք կար ամեն բան ճիշտ ձևով անելու համար՝ ի բարօրություն ժողովի (1 Կորնթ. 14։1–40)։
1870-ականներին և դրանից հետո Աստվածաշունչ ուսումնասիրողների հանդիպումներն արդյո՞ք ունեին այն նույն առանձնահատկությունները, որոնք բնորոշ էին առաջին դարի քրիստոնյաների հանդիպումներին։
Հոգ է տարվում վաղ շրջանի ուսումնասիրողների հոգևոր կարիքների մասին
1870-ին Չարլզ Թեյզ Ռասելը և մի քանի անհատներ Ալեգեյնիից (Փենսիլվանիա) և նրա շրջակայքից հիմնեցին Աստվածաշունչ ուսումնասիրողների խումբ։ Այդ խմբի հանդիպումների շնորհիվ աստիճանաբար աճում էր նրանց սերը Աստծու և նրա Խոսքի հանդեպ, և նրանք հետզհետե հասկանում էին, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը։ Նրանք լեզուներով խոսելու գերբնական պարգև չունեին։ Ինչո՞ւ։ Այդպիսի գերբնական պարգևներն առաջին դարում արդեն ծառայել էին իրենց նպատակին, և ինչպես նախապես ասվել էր Աստվածաշնչում, դրանք դադարել էին գործելուց։ «Հոգևոր առաջընթացի հաջորդ քայլը,— բացատրեց եղբայր Ռասելը,— Ոգու պտուղների դրսևորումն էր, ինչպես հստակորեն նշել է սբ. Պողոսը» (1 Կորնթ. 13։4–10)։ Բացի այդ, ինչպես առաջին դարում, այնպես էլ այսօր պետք է հրատապորեն քարոզվի բարի լուրը, և այդ գործը կատարելու համար Աստվածաշունչ ուսումնասիրողները քաջալերանքի կարիք ունեին (Եբր. 10։24, 25)։ Շուտով նրանք հանդիպումներ էին անցկացնում շաբաթը երկու անգամ։
Եղբայր Ռասելը հասկանում էր, որ Եհովայի ծառաները պետք է միասնական ժողովուրդ լինեն՝ անկախ այն բանից, թե աշխարհի որ մասում են ապրում։ Ուստի 1879-ին՝ «Դիտարան» պարբերագրի թողարկումը սկսելուց կարճ ժամանակ անց, ընթերցողներին կոչ արվեց դիմել եղբայր Ռասելին կամ նրա ընկերակիցներին, որ նրանցից որևէ մեկն այցելի իրենց։ Այդ այցելությունների համար հստակորեն սահմանվեց հետևյալը. «Գումար չի հավաքվելու»։ Մի քանի հրավեր ստանալուց հետո եղբայր Ռասելը մեկնեց մեկամսյա ճամփորդության՝ հասնելով մինչև Լին (Մասաչուսեթս) և ամեն տեղում, որ այցելում էր, օրական անցկացնում էր չորսից վեց ժամ տևողության հանդիպումներ։ Նա ներկայացնում էր ելույթ՝ «Այն ամենը, ինչ վերաբերում է Աստծու Թագավորությանը» վերնագրով։
1881-ի սկզբներին եղբայր Ռասելը «Դիտարանի» այն ընթերցողներին, որոնց բնակավայրում դեռ կանոնավոր հանդիպումներ չէին անցկացվում, հետևյալ հորդորը տվեց. «Հանդիպումներ կազմակերպեք ձեր տներում ձեր ընտանիքների կամ հետաքրքրություն ցույց տվող մի քանի անհատների հետ։ Կարդացեք, ուսումնասիրեք, փառաբանեք և երկրպագեք միասին, և որտեղ երկու կամ երեք հոգի հավաքվեն Տիրոջ անունով, նա՝ ձեր ուսուցիչը, ձեր մեջ կլինի։ Առաքյալների օրերում եկեղեցու որոշ հանդիպումներ այդպես էին անցկացվում (տե՛ս Փիլիմոն 2)»։
Հանդիպումների ծրագիրը մշակվեց աստիճանաբար։ Թեև որոշ հրահանգներ տրվում էին, սակայն ժողովներն ինքնուրույն կարող էին որոշել, թե իրենց հանգամանքներում ինչն է լավագույնը։ Ժամանակ առ ժամանակ ինչ-որ մի հռետոր կարող էր ելույթ ներկայացնել, սակայն ավելի շատ շեշտ էր դրվում այն հանդիպումների վրա, որոնց կարող էին ազատորեն մասնակցել բոլորը։ Աստվածաշունչ ուսումնասիրողների որոշ խմբակներ սկզբնական շրջանում հանդիպումների ժամանակ շատ չէին գործածում Ընկերության հրատարակությունները, բայց շրջագայող ծառայողները՝ պիլիգրիմները, օգնեցին նրանց հասկանալ դրանցից օգտվելու կարևորությունը։
Երբ լույս տեսան «Հազարամյակի արշալույս» ժողովածուի որոշ հատորներ, դրանք սկսեցին օգտագործվել ուսումնասիրությունների ժամանակ։ 1895-ին ուսումնասիրության խմբերը սկսեցին կոչվել Աստվածաշնչի ուսումնասիրության «Արշալույսի» խմբակներa։ Հետագայում Նորվեգիայում ոմանք դրանք անվանեցին «ընթերցանության և քննարկման հանդիպումներ» և նշեցին, որ այդ հանդիպումների ժամանակ «բարձրաձայն ընթերցում էին եղբայր Ռասելի գրքերից որոշ հատվածներ, և եթե ներկաներից որևէ մեկը ցանկանում էր մեկնաբանություն տալ կամ ինչ-որ հարց ուղղել, ձեռք էր բարձրացնում»։ Եղբայր Ռասելը խորհուրդ էր տալիս, որ այդ ուսումնասիրությունների ժամանակ մասնակիցները օգտվեին Աստվածաշնչի տարբեր թարգմանություններից, զուգահեռ հղումներից և համաբարբառներից։ Ուսումնասիրությունները հաճախ անցկացվում էին ոչ մեծ խմբերով, ինչ-որ մեկի տանը երեկոյան այնպիսի օր, որը հարմար էր բոլորին։ Այս հանդիպումները ավելի ուշ կոչվեցին ժողովի Գրքի ուսումնասիրության հանդիպումներ։
Եղբայր Ռասելը հասկանում էր, որ միայն ուսմունքային հարցերը քննարկելը բավական չէր։ Այդ հանդիպումների ժամանակ ներկաները պետք է նաև արտահայտեին իրենց նվիրվածությունն ու սերը, ինչը կօգներ ներկաներին գնահատելու Աստծու դրսևորած սերը և կմղեր նրանց ծառայելու և պատվելու նրան։ Խմբակներին հորդոր էր տրվում շաբաթական մեկ անգամ կազմակերպել հատուկ հանդիպում այդ նպատակով։ Այդ հանդիպումները երբեմն կոչվում էին Տնային հանդիպումներ, քանի որ անցկացվում էին տներում։ Ծրագիրն ընդգրկում էր աղոթքներ, փառաբանության երգեր և դեպքեր կյանքից ու ծառայությունիցb։ Երբեմն ներկաները պատմում էին քաջալերական դեպքեր, նաև պատմում էին այն մասին, թե այդ օրերին ինչպիսի փորձություններ, դժվարություններ և անելանելի իրավիճակներ են հաղթահարել։ Որոշ վայրերում այս հանդիպումները չէին ծառայում իրենց նպատակին, քանի որ շատ մեծ շեշտ էր դրվում առանձին անհատների վրա։ Իրավիճակը շտկելու համար «Դիտարանում» նրբանկատորեն որոշ խորհուրդներ տրվեցին։
Վերհիշելով այդ հանդիպումները Էդիթ Բրենիսեն անունով մի քույր, որը Միացյալ Նահանգների առաջին պիլիգրիմներից մեկի կինն էր, պատմում է. «Դա Եհովայի սիրառատ հոգատարության մասին խորհրդածելու և եղբայրների ու քույրերի հետ մտերիմ ընկերակցություն վայելելու երեկո էր։ Երբ լսում էինք նրանց հետ պատահած դեպքերը, ավելի լավ էինք ճանաչում նրանց։ Տեսնելով նրանց հավատարմությունը, նաև այն, թե ինչպես էին հաղթահարում դժվարությունները՝ հաճախ կարողանում էինք լուծել այն խնդիրները, որոնց մենք էին բախվում»։ Սակայն ժամանակի ընթացքում ակնհայտ եղավ, որ ավելի օգտակար էին այն հանդիպումները, որոնք նախատեսված էին օգնելու յուրաքանչյուրին պատրաստված լինել քարոզչական ծառայության համար։
Եղբայրներին անհանգստացնում էր այն, թե ինչպես էին որոշ վայրերում անցկացվում կիրակնօրյա հանդիպումները։ Որոշ խմբակներ փորձում էին համար առ համար քննարկել Աստվածաշունչը։ Բայց երբեմն քննարկվող համարների վերաբերյալ կարծիքները տարբեր էին լինում, և այդ քննարկումները կերտիչ չէին։ Իրավիճակը շտկելու նպատակով Լոս Անջելեսի (Կալիֆորնիա) ժողովի որոշ անդամներ մշակեցին Աստվածաշնչի թեմատիկ ուսումնասիրության նյութեր, որոնք պարունակում էին հարցեր և սուրբգրային հղումներ։ Այդ նյութերը խմբակի բոլոր անդամները կարող էին ուսումնասիրել նախքան հանդիպումներին գալը։ 1902-ին Ընկերությունը հոգ տարավ, որ լույս տեսնի Աստվածաշնչի մի հրատարակություն, որում կար «Աստվածաշնչի բերիական ուսումնասիրության նյութեր» վերնագրով հավելված, որում ընդգրկված էր թեմատիկ ցանկc։ Ուսումնասիրությունը ավելի հեշտացնելու համար, «Դիտարանի» 1905-ի մարտի 1-ի թողարկումից սկսած, պարբերագրում տպագրվում էին ժողովում քննարկելու համար նախատեսված նյութեր, որոնք ընդգրկում էին հարցեր, ինչպես նաև Աստվածաշնչին և մեր հրատարակություններին արված հղումներ, որոնք կօգնեին փնտրտուքներ անելու։ Այդ նյութերը շարունակեցին տպագրվել մինչև 1914թ., երբ լույս տեսան «Գրությունների ուսումնասիրություն» ժողովածուի հատորների քննարկման հարցերը, որոնք նախատեսված էին Բերիական ուսումնասիրության հանդիպումների ժամանակ քննարկելու համար։
Բոլոր խմբակներն ունեին քննարկման միևնույն նյութը, սակայն շաբաթական անցկացվում էին մեկից չորս հանդիպումներ կամ նույնիսկ ավելի, ինչպես որոշեր տվյալ խմբակը։ Օրինակ՝ Կոլոմբոյում (Ցեյլոն, այժմ՝ Շրի Լանկա), 1914-ից սկսած, հանդիպումներն անցկացվում էին շաբաթվա բոլոր օրերին։
Աստվածաշունչ ուսումնասիրողներին հորդոր էր տրվում սովորել փնտրտուքներ անել, «հավաստիանալ ամեն ինչում» և մտքերն իրենց բառերով արտահայտել (1 Թեսաղ. 5։21)։ Եղբայր Ռասելը խրախուսում էր ուսումնասիրության նյութը քննարկել խորությամբ և արտահայտվել առանց կաշկանդվելու։ Նա նաև զգուշացնում էր. «Երբեք մի՛ մոռացեք, որ ուսումնասիրության հիմնական նյութն Աստվածաշունչն է, ու թեև մյուս նյութերը նույնպես Աստծու օգնությամբ են պատրաստվում, սակայն դրանք ընդամենը օժանդակ միջոցներ են և չեն կարող փոխարինել Աստվածաշնչին»։
Նշում են Տիրոջ մահը
Մոտավորապես 1876-ից սկսած՝ Աստվածաշունչ ուսումնասիրողները միջոցներ էին ձեռնարկում, որպեսզի ամեն տարի նշեն Տիրոջ մահըd։ Սկզբում Պիտսբուրգի (Փենսիլվանիա) և դրա շրջակայքի խումբը հավաքվում էր եղբայրներից մեկի տանը։ 1883-ին սրահ վարձեցին, և մոտ հարյուր հոգի ներկա եղավ Երեկոյին։ Իսկ 1905-ին ակնկալվում էր, որ Պիտսբուրգում այդ իրադարձությունը նշելու համար մեծ թվով մարդիկ էին հավաքվելու, ուստի եղբայրները որոշեցին վարձել Կարնեգիի ընդարձակ համերգասրահը։
Աստվածաշունչ ուսումնասիրողները հասկանում էին, որ այս իրադարձությունը պետք է նշել տարին մեկ անգամ և ոչ թե ամեն շաբաթ։ Այդ օրվա ամսաթիվը համապատասխանում էր հրեական օրացույցի նիսանի 14-ին, երբ մահացել էր Հիսուսը։ Տարիների ընթացքում այդ ամսաթիվը հաշվարկելու ձևի մեջ ճշգրտումներ տեղի ունեցանe։ Բայց կարևորը իրադարձության նշանակությունն էր։
Թեև Աստվածաշունչ ուսումնասիրողները Հիսուս Քրիստոսի մահը մեծ ու փոքր խմբերով նշում էին տարբեր վայրերում, սակայն եթե որևէ մեկը ցանկանում էր միանալ Պիտսբուրգի եղբայրներին, նրան սիրով ընդունում էին։ 1886-ից մինչև 1893 թվականը «Դիտարանի» ընթերցողներին հրավեր էր տրվում հնարավորության դեպքում գալ Պիտսբուրգ, և այդ հրավերին արձագանքում էին շատերը՝ գալով Միացյալ Նահանգների տարբեր մասերից և Կանադայից։ Դա ոչ միայն հնարավորություն էր տալիս միասին նշել Հիշատակի երեկոն, այլև օգնում էր ամրացնել եղբայրական միության կապը։ Սակայն թե Միացյալ Նահանգներում, թե այլ երկրներում խմբակների թիվն ավելանում էր, և այլևս հարմար չէր հավաքվել մեկ վայրում, ուստի որոշվեց, որ ավելի արդյունավետ կլինի այդ միջոցառումն անցկացնել առանձին վայրերում։
«Դիտարանում» նշվում էր, որ շատերն ասում են, որ հավատում են փրկանքին, և այդ մարդկանցից ոչ մեկին չէին արգելում ներկա լինել այդ տարեկան միջոցառմանը։ Սակայն այս իրադարձությունը մեծ նշանակություն ուներ հատկապես նրանց համար, ովքեր իսկապես պատկանում էին Քրիստոսի «փոքր հոտին»։ Նրանք էին, որ ժառանգելու էին երկնային Թագավորությունը։ Իր մահից առաջ՝ գիշերը, երբ Հիսուսը հաստատեց Հիշատակի երեկոն, դիմեց հենց այդպիսի հույս ունեցողներին՝ ասելով. «Սա արեք ինձ հիշելու համար» (Ղուկ. 12։32; 22։19, 20, 28–30)։
Հատկապես 1930-ականներից սկսած՝ ակնհայտ դարձավ, որ արդեն ի հայտ են եկել որոշ մարդիկ, ովքեր լինելու են ուրիշ ոչխարների «մեծ բազմության» անդամներ (Հայտն. 7։9, 10; Հովհ. 10։16)։ Նրանց այդ ժամանակ անվանում էին «հովնադաբներ»։ «Դիտարանի» 1938թ. փետրվարի 15-ի համարում առաջին անգամ նրանց հատուկ հրավեր տրվեց ներկա լինելու Հիշատակի երեկոյին։ Պարբերագրում գրված էր. «Ապրիլի 15-ին՝ երեկոյան՝ ժամը վեցից հետո, օծյալների յուրաքանչյուր միավորում թող հավաքվի և նշի Հիշատակի երեկոն։ Հրավիրվում են նաև նրանց ընկերակիցները՝ հովնադաբները»։ Սակայն հովնադաբները չօգտվեցին խորհրդանիշներից, այլ ներկա եղան որպես դիտորդներ։ Քանի որ նրանք սկսեցին ներկա լինել Քրիստոսի մահվան Հիշատակի երեկոյին, այդ իրադարձության ներկաների թիվը սկսեց ավելանալ։ 1938-ին Հիշատակի երեկոյի ներկաների ընդհանուր թիվը 73420 էր, իսկ խորհրդանշական հացից ու գինուց օգտվողների թիվը՝ 39225։ Հետագա տարիներին որպես դիտորդներ ներկա էին լինում նաև հետաքրքրվող անհատներ, ինչպես նաև նրանք, ովքեր դեռ չէին դարձել ակտիվ Վկաներ։ Այսպիսով՝ 1992-ին քարոզչական ծառայությանը մասնակցողների բարձրագույն թիվը 4472787 էր, իսկ Հիշատակի երեկոյին ներկա եղավ 11431171 հոգի, մինչդեռ խորհրդանիշներից օգտվեց ընդամենը 8683 հոգի։ Որոշ երկրներում ներկաների թիվը հինգ կամ վեց անգամ գերազանցում էր ակտիվ Վկաների թիվը։
Եհովայի վկաները խորությամբ հասկանում են Քրիստոսի մահվան նշանակությունը, ուստի նշում են Հիշատակի երեկոն անգամ այն ժամանակ, երբ հայտնվում են դժվարին հանգամանքներում։ 1970-ականներին, երբ Ռոդեզիայում (այժմ՝ Զիմբաբվե) պատերազմի պատճառով պարետային ժամ էր սահմանվում և երեկոյան հնարավոր չէր լինում տնից դուրս գալ, որոշ վայրերում Եհովայի վկաները ցերեկային ժամերին հավաքվում էին հավատակիցներից մեկի տանը և երեկոյան նշում էին Հիսուսի մահը։ Իհարկե, նրանք չէին կարող վերադառնալ տուն հանդիպումից հետո, ուստի գիշերը մնում էին այնտեղ։ Միջոցառումից հետո նրանք երգում էին Թագավորության երգեր և պատմում էին տարբեր դեպքեր, ինչը նույնպես թարմություն և ուրախություն էր պատճառում նրանց։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Եհովայի վկաները Հիշատակի երեկոն նշում էին նույնիսկ համակենտրոնացման ճամբարներում, չնայած գիտակցում էին, որ իրենց դաժան պատիժ էր սպասում, եթե հսկիչները իմանային այդ մասին։ Կոմունիստական Չինաստանում Հարոլդ Քինգը, որը 1958–1963թթ.-ին բանտարկված էր, Հիշատակի երեկոն նշում էր իր հանգամանքների համար լավագույն ձևով։ Հետագայում նա պատմեց. «Մենախցիս պատուհանից նայում էի, թե ինչպես էր գարնան սկզբին լուսինը դառնում լիալուսին։ Հնարավորինս ճշգրիտ ձևով հաշվում էի, թե երբ պետք է նշեի Հիշատակի երեկոն»։ Հնարամտություն գործադրելով՝ նա պատրաստում էր խորհրդանիշները։ Սև հաղարջից նա պատրաստում էր մի քիչ գինի, իսկ հացի փոխարեն՝ օգտագործում էր բրինձ, քանի որ այն թթխմոր չի պարունակում։ Նա նաև ասաց. «Ես երգում էի, աղոթում էի և ներկայացնում էի ելույթ, ինչպես որ կարվեր Եհովայի ծառաների ցանկացած ժողովում։ Այդպիսով զգում էի, որ ամեն տարի այդ կարևոր իրադարձության ժամանակ միավորված էի համաշխարհային եղբայրության հետ»։
Որն է երիտասարդների տեղը կազմակերպության մեջ
Սկզբնական տարիներին Աստվածաշունչ ուսումնասիրողների հրատարակություններում և հանդիպումների ժամանակ հատուկ ուշադրություն չէր դարձվում երիտասարդների կարիքներին։ Իհարկե, նրանք կարող էին գալ հանդիպումներին, և նրանցից ոմանք գալիս էին ու հաճույքով լսում։ Բայց հատուկ ջանքեր չէին գործադրվում երիտասարդներին հանդիպումների մեջ ներգրավելու համար։ Ինչո՞ւ։
Այն օրերին եղբայրները կարծում էին, որ շատ կարճ ժամանակ անց Քրիստոսի հարսի բոլոր անդամները կմիանան նրան երկնային փառքի մեջ։ «Դիտարանի» 1883-ի թողարկման մեջ ասվում էր. «Մենք, որ կրթվում ենք վերին կոչման համար, չենք կարող շեղվել այս ժամանակաշրջանի կարևոր գործից, այն է՝ պատրաստել «Հարսին՝ Գառան կնոջը»։ Եվ այժմ, երբ Հարսը պատրաստվում է, և նրա հարդարանքի վերջին զարդերն են ավելացվում հարսանիքից առաջ, յուրաքանչյուր անդամ պետք է մասնակցի ներկայումս կատարվող այս ամենակարևոր գործին»։
Ծնողներին լուրջ հորդոր էր տրվում, որ կատարեն իրենց աստվածատուր պատասխանատվությունը, այն է՝ երեխաներին հոգևոր կրթություն տալ։ Խորհուրդ չէր տրվում առանձին կիրակնօրյա դպրոցներ անցկացնել։ Ակնհայտ էր, որ քրիստոնեական աշխարհի կիրակնօրյա դպրոցները շատ վնասներ էին բերել։ Այն ծնողները, որոնք իրենց երեխաներին ուղարկում էին այդպիսի դպրոցներ, հաճախ մտածում էին, որ դրանք իրենց ազատում են երեխաներին հոգևոր կրթություն տալու պարտականությունից։ Իսկ երեխաները չէին մղվում, ինչպես հարկն է, պատվել ու հնազանդվել իրենց ծնողներին, քանի որ Աստծու մասին կրթություն ստանալու հիմնական աղբյուրը ծնողները չէին։
Բայցևայնպես, 1892-ից մինչև 1927-ը «Դիտարան» պարբերագրում տպագրվում էին մեկնաբանություններ այն նյութի վերաբերյալ, որը լույս էր տեսնում «Միջազգային կիրակնօրյա դպրոցի դասեր» կոչվող հրատարակության մեջ, որն այն ժամանակ լայնորեն օգտագործվում էր բողոքական եկեղեցիներից շատերում։ Այդ նյութերը տարիներ շարունակ պատրաստում էին կոնգրեգացիոնալ եկեղեցու քահանա Ֆ. Ն. Պելուբեն և նրա օգնականները։ «Դիտարան» պարբերագրում այդ նյութերը մեկնաբանվում էին՝ համաձայն այն խորը հասկացողության, որ ունեին Աստվածաշունչ ուսումնասիրողները Աստծու Խոսքի վերաբերյալ, և այդ մեկնաբանությունները զերծ էին քրիստոնեական աշխարհի ուսմունքների ազդեցությունից։ Եղբայրները ակնկալում էին, որ այդպիսով որոշ եկեղեցիներում կներկայացվեր «Դիտարան» պարբերագիրը, ինչի շնորհիվ կմատուցվեր նաև ճշմարտությունը, և եկեղեցիների որոշ անդամներ կընդունեին այն։ Իհարկե «Դիտարանի» մեկնաբանությունը ակնհայտորեն տարբերվում էր եկեղեցիների մեկնաբանությունից, և դա բարկացնում էր բողոքական եկեղեցիների հոգևորականներին։
Արդեն 1918 թվականն էր, բայց մնացորդը, կամ՝ օծյալների մնացած անդամները, դեռ երկրի վրա էին։ Զգալիորեն ավելացել էր նրանց հանդիպումներին հաճախող երեխաների թիվը։ Մինչ ծնողները ուսումնասիրում էին, երեխաներին հաճախ թույլ էր տրվում խաղալ։ Բայց նրանք նույնպես կարիք ունեին սովորելու «որոնել արդարություն, որոնել հեզություն», որպեսզի կարողանային «ծածկված լինել ԵՀՈՎԱՅԻ բարկության օրը» (Սոփ. 2։3)։ Ուստի 1918-ին Ընկերությունը ժողովներին խրախուսեց կազմակերպել պատանիների խմբակներ 8-ից 15 տարեկան երեխաների համար։ Որոշ վայրերում նույնիսկ տարրական խմբակներ բացվեցին նրանց համար, ովքեր չափազանց փոքր էին պատանիների խմբակ հաճախելու համար։ Բայց, միևնույն ժամանակ Ընկերությունը շարունակում էր շեշտ դնել երեխաներին կրթելու ծնողների պարտականության վրա։
Դա իր հետ այլ բարեփոխումներ բերեց։ 1920-ին «Ոսկե դար» պարբերագրում նոր խորագիր սկսեց տպագրվել՝ «Աստվածաշնչի ուսումնասիրություն պատանիների համար» անվանումով, որտեղ ներկայացված էին հարցեր և դրանց վերաբերյալ Աստվածաշնչի համարներ, որոնցում կարելի էր գտնել այդ հարցերի պատասխանները։ Նույն տարի լույս տեսավ «Ոսկե դարի այբբենարանը» վերնագրով պատկերազարդ մի գրքույկ, որի օգնությամբ ծնողները կարող էին երեխաներին սովորեցնել Աստվածաշնչի հիմնական ճշմարտությունները և նրանց մեջ զարգացնել քրիստոնեական հատկություններ։ Այնուհետև 1924-ին լույս տեսավ «Դրախտ տանող ճանապարհը» վերնագրով գիրքը, որը գրել էր Ու. Է. վան Ամբուրգը։ Այն նախատեսված էր նրանց համար, ովքեր արդեն որոշ գիտելիքներ ունեին Աստվածաշնչից և մի որոշ ժամանակ օգտագործվում էր պատանիների համար նախատեսված հանդիպումների ընթացքում։ Բացի այդ, Ամերիկայում «Պատանի Վկաներն» ունեին իրենց քարոզչական ծառայության հանդիպումները։ Շվեյցարիայում երիտասարդների մի խումբ հիմնեց 13-ից 25 տարեկանների համար մի միություն, որը կոչվում էր «Եհովայի երիտասարդները»։ Նրանք ունեին իրենց գրասենյակը Բեռն քաղաքում և հատուկ պարբերագիր՝ «Եհովայի երիտասարդները» անվանումով, որը խմբագրվում և տպագրվում էր Ընկերության՝ նույն քաղաքի տպարանում։ Այս երիտասարդներն անցկացնում էին առանձին հանդիպումներ և նույնիսկ բեմադրում էին աստվածաշնչյան ներկայացումներ։ Այդպիսի մի ներկայացում նրանք ցուցադրեցին Ցյուրիխի Ֆոլքսհաուս սրահում 1500 հանդիսատեսների առաջ։
Սակայն, ըստ էության, Եհովայի կազմակերպության մեջ մեկ ուրիշ կազմակերպություն էր ձևավորվում։ Դա չէր նպաստում միությանը, ուստի այդ ամենին վերջ դրվեց 1936-ին։ 1938թ. ապրիլին Ջ. Ֆ. Ռադերֆորդը՝ Ընկերության նախագահը, Ավստրալիա այցելելիս տեսավ, որ համաժողովի ժամանակ երեխաների համար հանդիպում է անցկացվում մեծահասակներից առանձին։ Նա անմիջապես քայլեր ձեռնարկեց, որ բոլոր երեխաներին բերեն համաժողովի հիմնական սրահ, ինչը վերջիններիս համար շատ օգտակար եղավ։
Այդ նույն տարի «Դիտարանում» քննարկվեց ժողովում երեխաների համար առանձին հանդիպումներ անցկացնելու հարցը։ Դարձյալ շեշտվեց, որ ծնողներն են պատասխանատու երեխաներին կրթելու համար (Եփես. 6։4; համեմատի՛ր 2 Օրենք 4։9, 10; Երեմիա 35։6–10)։ Նաև նշվեց, որ Աստվածաշունչը չի սովորեցնում, թե երիտասարդներին պետք է առանձնացնել՝ նրանց համար խմբակներ կազմելով։ Փոխարենը՝ ասվում էր, որ նրանք իրենց ծնողների հետ պետք է լսեին Աստծու Խոսքը (2 Օրենք 31։12, 13; Հեսու 8։34, 35)։ Եթե ուսումնասիրվող նյութի վերաբերյալ հավելյալ բացատրություններ տալու կարիք լիներ, ծնողները կարող էին դա անել տանը։ Բացի այդ, հոդվածներում բացատրվեց, որ այդպիսի առանձին հանդիպումներ անցկացնելը իրականում շեղում էր դասավանդող քարոզիչներին բարի լուրը տնից տուն քարոզելու գործից։ Ինչո՞ւ։ Քանի որ այդ քարոզիչները, փոխանակ քարոզչական ծառայությանը մասնակցելու, շատ ժամանակ էին տրամադրում այդ հանդիպումներին պատրաստվելուն և անցկացնելուն։ Ուստի երիտասարդների համար անցկացվող բոլոր հանդիպումները դադարեցվեցին։
Մինչ այսօր Եհովայի վկաների մեջ ընդունված է ամբողջ ընտանիքով հաճախել ժողովի հանդիպումներին։ Ծնողներն օգնում են երեխաներին նախապատրաստվել, որպեսզի նրանք հարկ եղած ձևով մասնակցություն ունենան դրանց։ Դեռ ավելին, լույս են տեսել մի շարք հիանալի հրատարակություններ, որոնց օգնությամբ ծնողները կարող են իրենց երեխաներին կրթել տանը։ Դրանցից են հետևյալ գրքերը՝ «Երեխաներ» (1941), «Լսեցեք Մեծ Ուսուցչին» (1971), «Լավագույնը քաղեք ձեր երիտասարդությունից» (1976), «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» (1978) և «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» (1989)։
Բոլորը կրթվում են ակտիվ քարոզիչներ լինելու համար
«Դիտարանի» առաջին իսկ թողարկումներում ընթերցողներին կանոնավորաբար հիշեցում էր տրվում, որ բոլոր ճշմարիտ քրիստոնյաները առանձնաշնորհում և պատասխանատվություն ունեն հռչակելու Աստծու նպատակների մասին բարի լուրը։ Ժողովի հանդիպումները օգնել են Եհովայի ծառաներին պատրաստելու իրենց սիրտն ու միտքը այդ գործը կատարելու համար՝ ամրացնելով նրանց սերը Եհովայի նկատմամբ և ավելի խոր գիտելիքներ տալով նրա նպատակների մասին։ Սակայն 1922-ին Սիդար Փոյնթում (Օհայո) անցկացված համաժողովից հետո ավելի մեծ ուշադրություն դարձվեց այն բանի վրա, թե ինչ էր իրականացվում քարոզչական ծառայության միջոցով, և թե ինչպես կարելի էր այն ավելի արդյունավետորեն կատարել։
«Տեղեկագիր»f թերթիկը պարունակում էր ծառայության հետ ուղղակիորեն կապված տեղեկություններ, ինչպես նաև մի կարճ մատուցում, որը հարկավոր էր սովորել և օգտագործել մարդկանց վկայություն տալիս։ 1923 թվականին ամեն ամսվա սկզբին չորեքշաբթի երեկոյան անցկացվող Աղոթքի, փառաբանության և քաջալերական դեպքերի հանդիպման կեսը սկսեցին տրամադրել քարոզչական ծառայությունից դեպքեր պատմելուն, ինչը խրախուսում էր բոլորին միասնաբար հռչակել Թագավորությունը։
1926-ին արդեն ամեն ամիս անցկացվում էին հատուկ հանդիպումներ, որոնց ժամանակ քննարկվում էին քարոզչական ծառայությանը վերաբերող հարցեր։ Դրանք կոչվում էին Համագործակիցների հանդիպումներ։ Սովորաբար այդ հանդիպումներին ներկա էին լինում միայն նրանք, ովքեր մասնակցում էին քարոզչական ծառայությանը։ Այդ հանդիպումների ժամանակ քննարկվում էին քարոզելու մեթոդներ, և հետագա գործունեության հետ կապված ծրագրեր էին կազմվում։ 1928-ին Ընկերությունը քաջալերեց ժողովներին այդ հանդիպումներն անցկացնել ամեն շաբաթ։ Իսկ հաջորդ չորս տարիների ընթացքում այդ հանդիպումները, որ արդեն կոչվում էին Ծառայողական հանդիպումներ, փոխարինեցին Քաջալերական դեպքերի հանդիպումներին, և Ընկերությունը խրախուսում էր բոլորին ներկա լինելու դրանց։ Տասնամյակներ շարունակ ժողովներում անցկացվել են այս շաբաթական հանդիպումները։ Ելույթների, ներկաների հետ քննարկումների, ցուցադրումների և հարցազրույցների միջոցով հատուկ առաջնորդություն է տրվում քարոզչական ծառայության բոլոր ոլորտների վերաբերյալ։
Այդ հանդիպումները առաջին անգամ 20-րդ դարում չէ, որ կազմակերպվեցին։ Հիսուսն անձամբ մանրամասն հրահանգներ տվեց իր աշակերտներին նախքան նրանց քարոզելու ուղարկելը (Մատթ. 10։5–11։1; Ղուկ. 10։1–16)։ Ավելի ուշ աշակերտները հավաքվում էին և պատմում դեպքեր, որ տեղի էին ունեցել ծառայության ժամանակ՝ քաջալերելով միմյանց (Գործ. 4։21–31; 15։3)։
Սկզբնական տարիներին ժողովի հանդիպումների ժամանակ չէին սովորեցնում հանրության առջև հմտորեն ելույթ ներկայացնել։ Բայց 1916-ին արդեն հորդոր էր տրվում, որ նրանք, ովքեր զգում էին, որ ունեն հռետորական ունակություններ, ինքնուրույն անցկացնեին հանդիպումներ, որոնց ժամանակ ցանկալի էր, որ ներկա լիներ մի երեց՝ որպես խորհրդատու, որպեսզի եղբայրներին լսելուց հետո խորհուրդներ տար ելույթների բովանդակության և ներկայացնելու ձևի վերաբերյալ։ Այս հանդիպումները, որոնց ներկա էին լինում միայն տղամարդիկ, հետագայում կոչվեցին «Մարգարեների դպրոցներ»։ Այդ օրերի դեպքերը հիշելով՝ Գրանտ Սյութերը պատմում է. «Դպրոցի ժամանակ ստացած գործնական խորհուրդները շատ ավելի հեշտ էր ընդունել, քան այն խրատները, որ տվեց հայրս մի անգամ, երբ եկել էր լսելու իմ ելույթը»։ Որպեսզի օգնեին նրանց, ովքեր ցանկանում էին կատարելագործվել, եղբայրները ինքնուրույն կազմեցին և տպագրեցին մի ձեռնարկ, որը պարունակում էր հրահանգներ և ելույթների պլաններ։ Սակայն ժամանակի ընթացքում «Մարգարեների դպրոցները» դադարեցին գործելուց։ Հաշվի առնելով այն ժամանակվա հատուկ կարիքները՝ մեծ ուշադրություն էր դարձվում ժողովի յուրաքանչյուր անդամին կրթելու վրա, որպեսզի բոլորը կարողանային լիարժեքորեն մասնակցել տնից տուն քարոզելու գործին։
Արդյոք հնարավո՞ր էր կրթել այս միջազգային կազմակերպության բոլոր անդամներին, որոնց թիվը գնալով ավելանում էր, որ ոչ միայն կարճ վկայություն տային և աստվածաշնչային գրականություն առաջարկեին, այլև արդյունավետ զրույցներ վարեին ու լինեին Աստծու Խոսքի հմուտ ուսուցիչներ։ Հենց այդ նպատակով, 1943թ.-ից սկսած, Եհովայի վկաների յուրաքանչյուր ժողովում սկսեց անցկացվել հատուկ դպրոց։ Այդ դպրոցը արդեն գործում էր Եհովայի վկաների գլխավոր վարչությունում 1942-ի փետրվարից ի վեր։ Դպրոցում ամեն շաբաթ հրահանգներ էին տրվում, սովորողները ելույթներ էին ներկայացնում և դրանց վերաբերյալ խորհուրդներ էին ստանում։ Սկզբում միայն տղամարդիկ էին ելույթ ունենում, թեև ողջ ժողովին հորդոր էր տրվում ներկա լինել, պատրաստել դասերը և մասնակցել կրկնություններին։ 1959-ին քույրերին նույնպես առանձնաշնորհում տրվեց մասնակցելու դպրոցին։ Նրանք սովորում էին երկխոսությունների միջոցով զրույցներ վարել աստվածաշնչյան թեմաներով։
Դպրոցի բերած օգուտների վերաբերյալ «Դիտարան ընկերության» Հարավաֆրիկյան Հանրապետության մասնաճյուղը գրեց հետևյալը. «Այս հիանալի միջոցառումը կարճ ժամանակում օգնեց շատ եղբայրների, ովքեր մտածում էին, որ երբևէ չեն կարող հանրության առջև հմտորեն ելույթներ ներկայացնել կամ ավելի արդյունավետորեն քարոզել։ Հարավաֆրիկյան Հանրապետության բոլոր մասերում եղբայրները ուրախությամբ ընդունեցին Եհովայի տրամադրած այս նոր միջոցառումը և խանդավառությամբ սկսեցին անցկացնել այդ դպրոցը, չնայած որ կային լեզվական մեծ խոչընդոտներ, և ոմանք բավականաչափ կրթություն չունեին»։
Ներկայումս էլ Աստվածապետական ծառայության դպրոցը Եհովայի վկաների ժողովների կարևոր հանդիպումներից է։ Դպրոցին կարող են ցուցակագրվել գրեթե բոլորը՝ երիտասարդներն ու տարեցները, նոր մկրտվածներն ու փորձառու ծառայողները։ Այնտեղ տրվող կրթությունը շարունակական է։
Մարդկանց հրավիրում են տեսնել ու լսել
Եհովայի վկաների կազմակերպությունը ամենևին էլ գաղտնի կազմակերպություն չէ։ Վկաների հավատալիքները, որոնք հիմնված են Աստվածաշնչի վրա, մանրամասնորեն բացատրվում են նրանց հրատարակություններում, որոնք մատչելի են ցանկացած մարդու։ Բացի այդ, նրանք մարդկանց հրավիրում են գալ իրենց հանդիպումներին և անձամբ տեսնել ու լսել, թե ինչ է տեղի ունենում դրանց ժամանակ։
Հիսուսը ոչ միայն առանձին կրթում էր իր աշակերտներին, այլ նաև քարոզում էր մարդկանց մեծ խմբերի այնպիսի տեղերում, որտեղ շատերը կարող էին լսել՝ լիներ դա ծովափին, լեռան լանջին, ժողովարաններում թե Երուսաղեմի տաճարում (Մատթ. 5։1, 2; 13։1–9; Հովհ. 18։20)։ Հետևելով նրա օրինակին՝ դեռևս 1870-ականներին Աստվածաշունչ ուսումնասիրողները սկսեցին անցկացնել հանդիպումներ, որոնց ժամանակ հետաքրքրություն ցույց տվող տարբեր մարդիկ՝ նրանց ընկերները, հարևանները և այլոք, կարող էին լսել ելույթներ մարդկության առնչությամբ Աստծու նպատակների վերաբերյալ։
Հատուկ ջանքեր գործադրվեցին, որպեսզի ելույթները ներկայացվեն շատերին հարմար վայրերում։ Այդ գործը նրանք կոչում էին խմբակների ընդլայնման աշխատանք։ 1911-ին հորդոր տրվեց ժողովներին, որ եթե ունեն բավականաչափ թվով հմուտ հռետորներ, նրանցից ոմանց ուղարկեն մոտակա քաղաքներ ու գյուղեր, որպեսզի նրանք այդ վայրերում ելույթներ ներկայացնեն տարբեր դահլիճներում։ Որտեղ հնարավոր էր լինում, նրանք ներկայացնում էին վեց ելույթ։ Վերջին ելույթից հետո հռետորը հարցնում էր, թե ներկաներից քանիսն են ցանկանում կանոնավորաբար հավաքվել Աստվածաշունչ ուսումնասիրելու համար։ Առաջին տարին 3000-ից ավելի այդպիսի ելույթներ ներկայացվեցին։
1914-ից սկսած՝ հասարակության լայն շրջանների ներկայացվեց նաև «Արարչության լուսադրաման»։ Ցուցադրումների ժամանակ մուտքն ազատ էր։ Այն ժամանակվանից ի վեր Վկաները նաև այլ ֆիլմեր և սլայդներ են ցուցադրել։ 1920-ականներից սկսած՝«Դիտարան ընկերությունը» լայնորեն օգտագործել է ռադիոն, ինչը հնարավորություն է տվել բազմաթիվ մարդկանց աստվածաշնչյան թեմաներով ելույթներ լսել իրենց տանը։ Այնուհետև 1930-ականներին Ջ. Ֆ. Ռադերֆորդի ելույթները ձայնագրվում և ներկայացվում էին հազարավոր խմբերի առաջ։
1945-ին կային մեծ թվով հռետորներ, որոնք արդեն բավական ժամանակ կրթություն էին ստանում Աստվածապետական ծառայության դպրոցում։ Ուստի այդ տարվա հունվարին քայլեր ձեռնարկվեցին կազմակերպված հանրային հանդիպումներ անցկացնելու համար։ Ընկերությունը տրամադրեց ժամանակահարմար ութ ելույթների պլաններ։ Տեղեկատու թերթիկների, երբեմն էլ ազդագրերի միջոցով հանրությանը տեղեկացնում էին այդ հանդիպումների մասին։ Եղբայրները հատուկ ջանքեր էին գործադրում, որ այդ հանրային հանդիպումները անցկացվեն ոչ միայն ժողովի հանդիպումների հիմնական վայրերում, այլև այն տարածքներում, որտեղ ժողովներ չկային։ Այդ հանդիպումները կազմակերպելու գործին կարող էին մասնակցել ժողովի բոլոր անդամները. նրանք կարող էին մարդկանց տեղեկացնել դրանց մասին, անձամբ ներկա լինել, ինչպես նաև ողջունել նոր անհատներին և պատասխանել նրանց հարցերին։ Այս առանձնահատուկ գործունեության առաջին տարվա ընթացքում Միացյալ Նահանգներում կազմակերպվեցին 18646 հանրային հանդիպումներ, որոնց ներկա եղան 917352 հոգի։ Հաջորդ տարի այդ հանդիպումների թիվը հասավ 28703-ի։ 1945-ին Կանադայում անցկացվեցին 2552 այդպիսի հանդիպումներ, իսկ հաջորդ տարի՝ 4645։
Այժմ Հանրային հանդիպումները Եհովայի վկաների ժողովների մեծամասնության շաբաթական կրթական ծրագրի մի մասն են։ Դրանց ժամանակ ներկայացվում է ելույթ, որի ընթացքում բոլորին հորդոր է տրվում բաց անել գլխավոր սուրբգրային համարները, երբ հռետորը կարդում է և քննարկում դրանք։ Այդ հանդիպումները հոգևոր հարուստ գիտելիքների աղբյուր են և՛ ժողովի անդամների, և՛ նորեկների համար։
Այն մարդիկ, ովքեր առաջին անգամ ներկա են լինում Եհովայի վկաների հանդիպումներին, հաճախ հաճելիորեն զարմանում են։ Զիմբաբվեում մի հայտնի քաղաքական գործիչ գնաց Թագավորության սրահ, որպեսզի տեսնի, թե ինչ է կատարվում այնտեղ։ Նա ագրեսիվ մարդ էր և դիտավորյալ սրահ գնաց՝ առանց սափրվելու և սանրվելու։ Նա մտածում էր, որ Վկաներն իրեն դուրս կվռնդեն։ Բայց նրանք անկեղծ հետաքրքրություն ցույց տվեցին նրա հանդեպ ու խրախուսեցին Աստվածաշնչի տնային ուսումնասիրություն սկսել։ Այժմ այդ մարդը Եհովայի վկա է, խոնարհ և խաղաղասեր քրիստոնյա։
Միլիոնավոր անհատներ, ովքեր ներկա են եղել Եհովայի վկաների հանդիպումներին, մղվել են ասելու նման խոսքեր. «Իրոք որ, Աստված ձեր մեջ է» (1 Կորնթ. 14։25)։
Հանդիպումների պատշաճ վայրեր
Առաքյալների օրերում քրիստոնյաները հաճախ իրենց հանդիպումներն անցկացնում էին տներում։ Որոշ վայրերում նրանք հնարավորություն էին ունենում ելույթ ունենալ հրեական ժողովարաններում։ Իսկ Պողոս առաքյալը Եփեսոսում երկու տարի շարունակ ելույթ էր ունենում մի դպրոցում (Գործ. 19։8–10; 1 Կորնթ. 16։19; Փիլիմ. 1, 2)։ Նույնը կարելի է ասել Աստվածաշունչ ուսումնասիրողների մասին։ 19-րդ դարի վերջում նրանք հավաքվում էին տներում, երբեմն ելույթներ էին ունենում եկեղեցիներում և վարձված սրահներում։ Որոշ դեպքերում էլ նրանք գնում և կանոնավորաբար օգտագործում էին շինություններ, որոնք նախկինում օգտագործել էին այլ կրոնական խմբեր։ Այդպիսի շենքերից էին «Բրուքլինի խորանը» և «Լոնդոնյան խորանը»։
Սակայն Աստվածաշունչ ուսումնասիրողները ո՛չ կարիք ունեին, ո՛չ էլ ցանկանում էին շքեղ շինություններ ունենալ հանդիպումների համար։ Մի շարք ժողովներ գնում էին հարմար շինություններ և վերանորոգում դրանք։ Որոշ ժողովներ էլ նոր սրահներ էին կառուցում։ 1935-ից հետո ժողովի հանդիպումների անցկացման վայրերի համար աստիճանաբար սկսեցին օգտագործել «Թագավորության սրահ» անվանումը։ Սովորաբար դրանք գեղեցիկ, բայց համեստ շինություններ են։ Դրանք կարող են տարբեր վայրերում տարբեր ոճով կառուցված լինել, սակայն դրանց հիմնական նպատակն այն է, որ հարմար լինեն օգտագործման համար։
Մեկ ընդհանուր կրթական ծրագիր
19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին ժողովների հոգևոր աճը և գործունեությունը զգալիորեն տարբերվում էր վայրից վայր։ Բայց բոլոր ժողովները հավատում էին որոշ հիմնական ուսմունքների, որոնցով տարբերվում էին քրիստոնեական աշխարհից։ Թեև եղբայրներից ոմանք խորապես գնահատում էին այն միջոցը, որով Եհովան հոգևոր կերակուր էր տրամադրում իր ժողովրդին, մյուսները հեշտությամբ ընկնում էին այն մարդկանց ազդեցության տակ, ովքեր տարբեր հարցերի վերաբերյալ պնդում էին սեփական կարծիքը։
Իր մահից առաջ Հիսուսը աղոթեց, որ իր հետևորդները «բոլորը մի լինեն», այսինքն՝ միության մեջ լինեն Աստծու, Քրիստոսի և միմյանց հետ (Հովհ. 17։20, 21)։ Այդ միությունը ստեղծվելու էր ոչ թե ստիպողաբար, այլ այն բանի շնորհիվ, որ անկեղծ սրտով մարդիկ օգտվելու էին մեկ ընդհանուր կրթական ծրագրից։ Շատ վաղուց մարգարեացվել էր. «Քո բոլոր որդիները Եհովայից ուսուցանված կլինեն, ու առատ կլինի քո որդիների խաղաղությունը» (Ես. 54։13)։ Այդ խաղաղությունը լիովին վայելելու համար բոլորին պետք է հնարավորություն տրվեր օգտվելու այն կրթությունից, որը Եհովան շարունակաբար տրամադրում է իր տեսանելի կազմակերպության միջոցով։
Տարիներ շարունակ Եհովայի վկաները իրենց քննարկումների համար Աստվածաշնչի հետ միասին որպես հիմք օգտագործել են «Գրությունների ուսումնասիրություն» աշխատության տարբեր հատորները։ Այդ աշխատության մեջ տեղ գտած նյութերը իսկապես «ճիշտ ժամանակին» տրված հոգևոր կերակուր են եղել (Մատթ. 24։45)։ Սակայն Աստծու ոգու առաջնորդությամբ նրա Խոսքը շարունակաբար ուսումնասիրելու արդյունքում Աստվածաշունչ ուսումնասիրողները հասկացան, որ դեռ շատ բան պետք է սովորեին և հոգևորապես ավելի շատ մաքրվեին (Մաղ. 3։1–3; Ես. 6։1–8)։ Դեռ ավելին, 1914-ին Թագավորության հաստատումից հետո մեկը մյուսի հետևից սկսեցին կատարվել շատ մարգարեություններ, որոնք ցույց էին տալիս, որ բոլոր ճշմարիտ քրիստոնյաները պետք է մասնակցեին մի հրատապ գործի։ Այդ ամենի մասին ժամանակահարմար տեղեկություններ էին տրվում «Դիտարանի» թողարկումներում։
Իմանալով, որ ոչ բոլորն են ժողովներում օգուտներ քաղում այդ հոդվածներից՝ Ընկերության շրջագայող ներկայացուցիչները առաջարկեցին գլխավոր վարչությանը, որ շաբաթական կանոնավոր հանդիպումների ժամանակ բոլոր ժողովներն ուսումնասիրեն «Դիտարանը»։ Այդ առաջարկի մասին տեղեկացվեց ժողովներին, և «Դիտարանի» 1922թ. մայիսի 15-ի թողարկումից սկսած՝ հիմնական հոդվածների քննարկման համար պարբերագրում կանոնավորաբար տպագրվում էին «Բերիական հարցեր»։ Ժողովների մեծ մասը այդպիսի քննարկումներ էր անցկացնում շաբաթական մեկ կամ մի քանի անգամ, բայց այն, թե որքանով էին կենտրոնանում բուն նյութը քննարկելու վրա, ժողովից ժողով տարբերվում էր։ Որոշ վայրերում ուսումնասիրությունը կարող էր տևել երկու ժամ կամ նույնիսկ ավելի երկար, քանի որ անցկացնողը շատ բան ուներ ասելու։
Երբ 1930-ականներին ժողովրդավարական կարգին փոխարինեց աստվածապետական կառույցը, դա մեծապես ազդեց «Դիտարանի» ուսումնասիրության հանդեպ վերաբերմունքի վրաg։ Ժողովները սկսեցին ավելի մեծ ուշադրություն դարձնել Ընկերության կողմից տրամադրված ուսումնասիրության նյութը հասկանալու վրա։ Նրանք, ովքեր հանդիպումներն օգտագործում էին դրանց ժամանակ իրենց անձնական տեսակետները արտահայտելու նպատակով և հակառակվում էին այն հրահանգին, որ հարկավոր է մասնակցել քարոզչական ծառայությանը, աստիճանաբար հեռացան կազմակերպությունից։ Ընկերությունը համբերատարությամբ օգնեց եղբայրներին սովորել ուսումնասիրությունը անցկացնել մեկ ժամում։ Արդյունքում՝ ժողովի անդամները ավելի շատ էին մասնակցում քննարկմանը, և հանդիպումներն ավելի աշխույժ էին անցնում։ Ժողովներում սկսեց տիրել իսկական միասնության ոգի, քանի որ գործում էր հոգևոր կրթության մեկ ընդհանուր ծրագիր, որում Աստծու Խոսքը համարվում էր ճշմարտության չափանիշը։
1938-ին «Դիտարանը» հրատարակվում էր մոտ 20 լեզվով։ Սկզբում ողջ նյութը լույս էր տեսնում անգլերենով։ Սովորաբար այդ նյութը մի քանի ամիս կամ նույնիսկ մեկ տարի ուշ էր լույս տեսնում այլ լեզուներով, քանի որ որոշակի ժամանակ էր պահանջվում թարգմանության և տպագրության համար։ Սակայն տպագրական մեթոդների փոփոխության շնորհիվ 1980-ականներին «Դիտարանը» սկսեց միաժամանակ շատ լեզուներով հրատարակվել։ 1992-ին «Դիտարանը» լույս էր տեսնում 66 լեզվով, և այն ժողովները, որոնք հասկանում էին այդ լեզուներից որևէ մեկը, կարողանում էին միաժամանակ ուսումնասիրել միևնույն նյութը։ Այդպիսով Եհովայի վկաների մեծամասնությունը ամեն շաբաթ ստանում էր միևնույն հոգևոր կերակուրը ամբողջ աշխարհում։ Ողջ Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Եվրոպայի մեծ մասում, Արևելքի մի շարք երկրներում, Աֆրիկայի տարբեր մասերում, ինչպես նաև բազմաթիվ կղզիներում Եհովայի ժողովուրդը միաժամանակ օգուտներ է ստանում միևնույն հոգևոր ծրագրից։ Դրա շնորհիվ Աստծու ծառաները «միաբանված են մտքով և մտածելակերպով» (1 Կորնթ. 1։10)։
Եհովայի վկաների ժողովներում հանդիպումների ներկաների թվերը ցույց են տալիս, որ նրանք լուրջ են վերաբերվում դրանց։ Իտալիայում, որտեղ 1989-ին կար մոտ 172000 ակտիվ Վկա, ամեն շաբաթ Թագավորության սրահում հանդիպումներին ներկա էր լինում 220458 հոգի։ Դրան հակառակ՝ կաթոլիկ լրատվական մի գործակալություն հայտնում է, որ իտալացիների 80 տոկոսը իրեն համարում է կաթոլիկ, մինչդեռ միայն 30 տոկոսն է ներկա լինում եկեղեցու արարողություններին տարբեր հաճախականությամբ։ Տոկոսային հարաբերությամբ նույն իրավիճակն էր տիրում Բրազիլիայում։ Իսկ Դանիայում, 1989-ի տվյալներով, բնակչության 89,7 տոկոսը համարվում էր ազգային եկեղեցու անդամ, սակայն միայն 2 տոկոսն էր շաբաթը մեկ անգամ այցելում եկեղեցի։ Մինչդեռ այդ նույն ժամանակ Դանիայի Եհովայի վկաների ժողովներում ամեն շաբաթ ներկա էր լինում քարոզիչների 94,7 տոկոսը։ Գերմանիայում Ալենսբախի հասարակական կարծիքի ուսումնասիրության ինստիտուտի կողմից 1989-ին անցկացրած հարցման արդյունքներով՝ երկրում կանոնավորաբար եկեղեցի էր հաճախում լյութերականների 5 տոկոսը և կաթոլիկների 25 տոկոսը։ Մինչդեռ Եհովայի վկաների Թագավորության սրահներում շաբաթական հանդիպումներին ներկաների թիվը անցնում էր Վկաների թվից։
Հանդիպումներին ներկա լինելու համար շատերը հաճախ մեծ ջանքեր են գործադրում։ 1980-ականներին Քենիայից մի 70-ամյա կին հանդիպումներին ներկա լինելու համար ամեն շաբաթ ոտքով գնում էր 10 կմ, նաև անցնում էր գետի միջով։ Իսկ կորեացի մի Վկա Միացյալ Նահանգներում իր լեզվով անցկացվող հանդիպումներին ներկա լինելու համար ավտոբուսով, գնացքով, նավով և ոտքով երեք ժամ ճանապարհ էր անցնում։ Սուրինամից մի ընտանիք, որն ապրուստի սուղ միջոցներ ուներ, մեկ օրվա աշխատավարձի չափով գումար էր ծախսում ամեն շաբաթ ավտոբուսով հանդիպումների վայր հասնելու համար։ Արգենտինայից մի ընտանիք ճամփորդում էր 50 կմ՝ ծախսելով իր եկամտի մեկ քառորդ մասը հանդիպումներին ներկա լինելու համար։ Եթե ինչ-որ մեկը հիվանդության պատճառով ընդհանրապես չի կարող ներկա լինել հանդիպումներին, միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի նա ծրագիրը ունկնդրի հեռախոսով կամ լսի դրանց ձայնագրությունները։
Եհովայի վկաները լուրջ են վերաբերվում միասին հավաքվելու վերաբերյալ Աստվածաշնչի հորդորին, որին հետևելով՝ նրանք հոգևորապես կերտվում են (Եբր. 10։24, 25)։ Դա չի վերաբերում միայն ժողովի շաբաթական հանդիպումներին ներկա լինելուն։ Համաժողովները նույնպես նրանց հոգևոր ծրագրի կարևոր մասն են, որին նրանք ներկա են լինում ամեն տարի։
[ծանոթագրություններ]
a Հետագայում այս հանդիպումները կոչվեցին Աստվածաշնչի ուսումնասիրության բերիական խմբակներ, քանի որ նրանք ընդօրինակում էին առաջին դարի բերիացիներին, որոնք գովասանքի արժանացան այն բանի համար, որ «ուշադիր քննում էին Սուրբ Գրքերը» (Գործ. 17։11)։
b Հանդիպումների ծրագրի բովանդակությանը ներդաշնակ՝ դրանք նաև կոչվում էին Աղոթքի, փառաբանության և քաջալերական դեպքերի հանդիպումներ։ Հաշվի առնելով աղոթքի կարևորությունը՝ ժամանակի ընթացքում եղբայրները խորհուրդ տվեցին, որ երեք ամիսը մեկ անցկացվի աղոթքի հանդիպում, որի ժամանակ նաև փառաբանության երգեր կերգեին, բայց դեպքեր չէին պատմի։
c 1907-ին «Բերիական ուսումնասիրության նյութեր» հավելվածը վերանայվեց, համալրվեց նոր տեղեկություններով։ 1908-ին տպագրված հավելվածում ավելացվեցին 300-ից ավելի էջեր, որոնք օգտակար նյութեր էին պարունակում։
d Հիսուս Քրիստոսի մահը նշելը երբեմն անվանում էին «Մեծն Պասեք»։ Հին Պասեքի գառը նախապատկերում էր Հիսուս Քրիստոսին, և այդ պատճառով Աստվածաշունչը 1 Կորնթացիներ 5։7 համարում Հիսուսին կոչում է «մեր Պասեքի գառը»։ Ըստ 1 Կորնթացիներ 11։20-ի՝ այս իրադարձությունը նաև կոչվում էր «Տիրոջ ընթրիք»։ Երբեմն այն անվանում էին «Տարեկան ընթրիք»՝ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ Տիրոջ մահը պետք է նշել ամեն տարի։
e Համեմատի՛ր «Դիտարանի» հետևյալ թողարկումները՝ 1891, մարտ, էջ 33, 34; 1907, մարտի 15, էջ 88; 1935, փետրվարի 1, էջ 46 և 1948, փետրվարի 1, էջ 41–43։
f Նույնիսկ մինչև 1900 թվականը «Խորհուրդներ գրքեր տարածողների համար» վերնագրով մի թերթիկ էր ուղարկվում բոլոր նրանց, ովքեր կատարում էին այդ հատուկ ծառայությունը։ 1919-ից սկսած՝ տպագրվում էր «Տեղեկագիր» թերթիկը, որը խրախուսում էր մասնակցել քարոզչական գործին։ Թերթիկում սկզբում խորհուրդներ էին տրվում «Ոսկե դարը» տարածելու, իսկ հետագայում քարոզչական ծառայության բոլոր ձևերի վերաբերյալ։
g «Սիոնի Դիտարան և Քրիստոսի ներկայության մունետիկ» պարբերագրի անվանումը փոխվեց և 1909-ի հունվարի 1-ից սկսեց կոչվել «Դիտարան և Քրիստոսի ներկայության մունետիկ» (The Watch Tower and Herald of Christ’s Presence)։ 1931-ի հոկտեմբերի 15-ի համարից սկսած՝ պարբերագրի անգլերեն անվանման գրելաձևի մեջ աննշան փոփոխություն տեղի ունեցավ (պարբերագիրը սկսեց կոչվել «The Watchtower and Herald of Christ’s Presence»)։
[մեջբերում 237-րդ էջի վրա]
Հանդիպումներ, որոնց մասնակցում է յուրաքանչյուրը
[մեջբերում 238-րդ էջի վրա]
Ուսմունքային հարցեր քննարկելուց բացի, արտահայտում էին իրենց հավատը
[մեջբերում 246-րդ էջի վրա]
Ընտանիքներին հորդոր է տրվում միասին ներկա լինել հանդիպումներին
[մեջբերում 252-րդ էջի վրա]
Հոգևոր կրթության մեկ ընդհանուր ծրագիր
[մեջբերում 253-րդ էջի վրա]
Վկաները լուրջ են վերաբերվում իրենց հանդիպումներին
[շրջանակ/նկարներ 239-րդ էջի վրա]
Առաջին ժողովները
1916-ին ամբողջ աշխարհում կար Աստվածաշունչ ուսումնասիրողների մոտ 1200 խումբ
Դուրբան, Հարավաֆրիկյան Միություն (այժմ՝ Հարավաֆրիկյան Հանրապետություն), 1915 (վերևում); Բրիտանական Գվիանա (Գայանա), 1915 (մեջտեղում՝ աջ կողմում); Տրոնհեյմ, Նորվեգիա, 1915 (ներքևում՝ աջ կողմում); Համիլտոն, Օնտարիո, Կանադա, 1912 (ներքևի նկարը); Ցեյլոն, Շրի Լանկա, 1915 (ներքևում՝ ձախ կողմում); Հնդկաստան, 1915 (վերևում՝ ձախ կողմում)
[շրջանակ/նկարներ 240-րդ, 241-րդ էջերի վրա]
Գովերգեք Եհովային
Ինչպես հնում իսրայելացիների և Հիսուսի համար, այնպես էլ այսօր Եհովայի վկաների համար փառաբանական երգերը երկրպագության մաս են կազմում (Նեեմ. 12։46; Մարկ. 14։26)։ Եհովային և նրա գործերը փառաբանող երգերը օգնում են, որ աստվածաշնչյան ճշմարտությունները դաջվեն մարդկանց սրտերում ու մտքերում։
Եհովայի վկաները երկար տարիներ օգտագործել են տարբեր երգարաններ։ Երգերի խոսքերը փոխվել են՝ Աստծու Խոսքի ճշմարտության աստիճանաբար բացվող լույսի համաձայն։
1879թ. «Հարսի երգերը»
(144 փառաբանական երգեր, որոնցում արտահայտվում են Քրիստոսի հարսի հույսերն ու ցանկությունները)
1890թ. «Հազարամյակի արշալույսի բանաստեղծություններ և փառաբանական երգեր»
(151 բանաստեղծություն և 333 երգ՝ առանց նոտաների։ Դրանցից շատերը եղել են հայտնի հեղինակների գործեր)
1896թ. «Դիտարանի» այդ տարվա փետրվարի 1-ի թողարկումը ամբողջությամբ նվիրված էր «Սիոնի առավոտյան ուրախ երգեր» ժողովածուին
(11 երգեր՝ նոտաներով։ Խոսքերը գրել են Աստվածաշունչ ուսումնասիրողները)
1900թ. «Սիոնի ուրախ երգեր»
(82 երգեր, որոնցից շատերը գրել է մի Աստվածաշունչ ուսումնասիրող։ Դրանք ավելացվել են նախկինում լույս տեսած ժողովածուի երգերին)
1905թ. «Հազարամյակի արշալույսի փառաբանական երգեր»
(1890թ.-ին հրատարակված 333 երգերը, որոնք լույս տեսան նոտաներով)
1925թ. «Թագավորության փառաբանական երգեր»
(80 երգ նոտաներով, հիմնականում երեխաների համար)
1928թ. «Փառաբանության երգեր Եհովային»
(337 երգեր, որոնց մեջ կային նոր երգեր (հեղինակները Աստվածաշունչ ուսումնասիրողներն էին) և հին երգեր։ Խոսքերը գրելիս հատուկ ջանքեր են գործադրվել, որպեսզի դրանցում չարտացոլվեն կեղծ կրոնական տեսակետներ և ստեղծագործությանը փառաբանելու միտում)
1944թ. «Թագավորական ծառայության երգարան»
(62 երգեր, որոնք հարմարեցված են ծառայության կարիքներին։ Երաժշտության և բառերի հեղինակները նշված չեն)
1950թ. «Եհովային փառաբանող երգեր»
(91 երգեր։ Այս երգարանի մեջ մտան այնպիսի երգեր, որոնց թեմաները ավելի շատ էին համապատասխանում էին տվյալ ժամանակի ոգուն, հնացած բառերն ու արտահայտությունները փոխվել էին։ Թարգմանվեց 18 լեզուներով)
1966թ. «Ձեր սրտերում երգերով ու մեղեդիներով Եհովային գովերգեք»
(119 երգեր, որոնք կապված էին քրիստոնյայի կյանքի և երկրպագության տարբեր ոլորտների հետ։ Ժողովածուից հանվել են կեղծ կրոնի հետ կապված, ինչպես նաև աշխարհիկ հեղինակների երաժշտությունները։ Ձայնագրվել են բոլոր երգերի երաժշտությունները՝ նվագախմբի կատարմամբ, և դրանք հաճախ օգտագործվել են ժողովի հանդիպումների ժամանակ որպես նվագակցություն։ Ձայնագրվել են նաև որոշ երգերի վոկալ կատարումներ։ 1980թ.-ից սկսած՝ թողարկվել են նաև սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ «Թագավորության մեղեդիների» ձայնագրություններ, որպեսզի տանը հնարավոր լիներ լսել հոգևորապես կերտիչ երաժշտություն)
1984թ. «Երգով փառաբանենք Եհովային»
(225 Թագավորության երգեր, որոնց երաժշտությունն ու խոսքերը գրել են տարբեր երկրներում ապրող Եհովայի հավատարիմ ծառաները։ Թագավորության երգերի համար՝ որպես նվագակցություն թողարկվել են ձայներիզներ, ինչպես նաև ձայնապնակներ ֆոնոգրաֆի համար)
Աստվածաշունչ ուսումնասիրողները իրենց Տնային հանդիպումների ժամանակ երգում էին փառաբանության երգեր։ Շուտով երգերը դարձան համաժողովների անբաժանելի մասը։ Ոմանք նախաճաշից առաջ՝ իրենց առավոտյան երկրպագության ժամանակ, ոչ միայն աստվածաշնչյան համարն էին քննարկում, այլև երգում էին որևէ երգ, ինչպես տարիներ շարունակ արվել է «Աստվածաշնչի տանը»։ Թեև 1938թ.-ին ժողովներում հիմնականում դադարեցին երգեր երգելուց, սակայն 1944թ.-ին այդ կարգը վերականգնվեց, և մինչ օրս փառաբանության երգեր երգելը Եհովայի վկաների ժողովի հանդիպումների և համաժողովների ծրագրի կարևոր մասն է։
[նկար]
Կարլ Քլեյնը 1947թ. համաժողովի նվագախմբի դիրիժորն էր
[գծապատկեր 242-րդ էջի վրա]
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
Քրիստոսի մահվան Հիշատակի երեկո
Ակտիվ Վկաներ
Ներկաների թիվը
11000000
10000000
9000000
8000000
7000000
6000000
5000000
4000000
3000000
2000000
1000000
1935 1945 1955 1965 1975 1985 1992
[նկար 243-րդ էջի վրա]
Չինաստանում Հարոլդ Քինգը բանտարկության մեջ եղած ժամանակ միշտ նշում էր Հիշատակի երեկոն
[նկար 244-րդ էջի վրա]
Պատանիների խմբակ Գերմանիայում 1930-ականների սկզբներին
[նկարներ 244-րդ էջի վրա]
1930-ականներին Շվեյցարիայի երիտասարդ Վկաների պարբերագիրը (աջ կողմում) և մեծաթիվ հանդիսատեսի առաջ ներկայացվող աստվածաշնչյան ներկայացում (ներքևում)
[նկարներ 247-րդ էջի վրա]
«Տեղեկագիր» (1919–1935), «Առաջնորդություն» (1935–1936), «Տեղեկատու» (1936–1956), «Մեր թագավորական ծառայությունը» (1992-ին՝ 100 լեզվով)։ Բոլոր հրատարակություններում կանոնավորաբար հրահանգներ են տրվել ծառայության վերաբերյալ
[նկար 248-րդ էջի վրա]
Ծառայողական հանդիպումների ցուցադրումները օգնում են բարելավել քարոզչական հմտությունները (Շվեդիա)
[նկար 249-րդ էջի վրա]
Քենիայում պատանի Վկան Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ ելույթ է ներկայացնում՝ ուղղելով այն իր հորը, և այդպիսով փորձ է ձեռք բերում
[նկար 250-րդ էջի վրա]
1992-ին Եհովայի վկաների ժողովներում քննարկման համար նախատեսված նյութերը միաժամանակ տպագրվում էին 66 լեզուներով։ Լեզուների թիվը շարունակում է ավելանալ