Գլուխ 33
Կատարվում է Եսայիայի մարգարեությունը
ԵՐԲ Հիսուսն իմանում է, որ փարիսեցիներն ու Հերովդեսի կողմնակիցները ցանկանում են իրեն սպանել, աշակերտների հետ գնում է դեպի Գալիլեայի ծովը։ Պաղեստինի ամեն կողմերից և նույնիսկ նրա սահմանամերձ շրջաններից շատ ժողովուրդ է հավաքվում նրա մոտ։ Հիսուսը շատերին է բուժում, և այդ պատճառով ծանր հիվանդները նրա շուրջն են խռնվում, որպեսզի դիպչեն նրան։
Քանի որ ժողովուրդը շատ է, Հիսուսն ասում է աշակերտներին, որ միշտ մի նավակ պատրաստ պահեն իր համար։ Նավակով ափից մի փոքր հեռանալով՝ նա կարող է խուսափել ժողովրդի հրմշտոցից։ Բացի այդ, կարող է այնտեղից ուսուցանել մարդկանց, ինչպես նաև ափի երկայնքով ուրիշ վայրեր տեղափոխվել և այդ վայրերում էլ սովորեցնել։
Մատթեոս աշակերտը գրում է, որ Հիսուսն իր գործունեությամբ իրականացնում է «Եսայիա մարգարեի միջոցով ասված խոսքը», և ապա մեջբերում է այդ մարգարեությունը.
«Ահա իմ ծառան, որին ես ընտրել եմ, և իմ սիրելին, որին իմ հոգին հավանել է։ Ես իմ ոգին կդնեմ նրա վրա, և նա ազգերին կլուսաբանի, թե ինչ է արդարադատությունը։ Նա չի հակաճառի, չի բղավի, և որևէ մեկը հրապարակներում չի լսի նրա ձայնը։ Նա չի կոտրի վնասված եղեգը և չի հանգցնի մարող պատրույգը, մինչև որ արդարադատությունը չհասցնի իր հաղթանակին։ Եվ ազգերը իրենց հույսը նրա անվան վրա կդնեն»։
Ինչ խոսք, Հիսուսն Աստծու սիրելի ծառան է, որին նա հավանում է։ Հիսուսը հստակորեն ցույց է տալիս, թե ինչ է ճշմարիտ արդարությունը, որը խեղաթյուրված է կրոնական կեղծ ավանդույթներով։ Աստծու Օրենքը անարդար կերպով կիրառելով՝ փարիսեցիները նույնիսկ հիվանդ մարդուն օգնության չեն հասնում շաբաթ օրը։ Պարզաբանելով, թե ինչ է իրենից ներկայացնում Աստծու արդարությունը՝ Հիսուսը մարդկանց վրայից վերցնում է անարդար ավանդույթների ծանր բեռը, և դա է պատճառը, որ կրոնական առաջնորդներն ուզում են սպանել նրան։
Իսկ ի՞նչ են նշանակում այս խոսքերը, որ «նա չի հակաճառի, չի բղավի, և որևէ մեկը հրապարակներում չի լսի նրա ձայնը»։ Մարդկանց բուժելիս Հիսուսը «խստորեն պատվիրում է նրանց, որ իր մասին ոչ ոքի չհայտնեն»։ Նա չի ուզում, որ իր մասին փողոցներում ազդարարվի, կամ բերանից բերան աղավաղված տեղեկություններ փոխանցվեն։
Հիսուսը իր մխիթարական լուրը հաղորդում է այնպիսի մարդկանց, որոնք այլաբանորեն նման են վնասված եղեգի, որ կռացած ու կոխկրտված է։ Նրանք մարող պատրույգի պես են, որոնց կյանքի վերջին կայծը ուր որ է կհանգչի։ Հիսուսը չի կոտրում վնասված եղեգը և չի հանգցնում մարմրող պատրույգը, այլ քնքշությամբ ու սիրով զգուշորեն բարձրացնում է հեզերին։ Իսկապես, Հիսուսը հենց նա է, որին ազգերը կարող են հուսալ։ Մատթեոս 12։15–21; Մարկոս 3։7–12; Եսայիա 42։1–4։
▪ Առանց «հակաճառելու և հրապարակների մեջ բղավելու»՝ Հիսուսն ինչպե՞ս է ցույց տալիս, թե ինչ է արդարությունը։
▪ Ովքե՞ր են նման վնասված եղեգի և մարող պատրույգի, և ինչպե՞ս է Հիսուսը վերաբերվում այդպիսի մարդկանց։