Գլուխ 19
Սովորեցնում է սամարացի մի կնոջ
ՀՐԵԱՍՏԱՆԻՑ Գալիլեա գնալիս Հիսուսն ու իր աշակերտները անցնում են Սամարիայի տարածքով։ Գրեթե կեսօր է։ Ճանապարհորդությունից հոգնած՝ նրանք կանգ են առնում Սյուքար քաղաքի շրջակայքում գտնվող մի ջրհորի մոտ, որ հանգստանան։ Այս ջրհորը դարեր առաջ փորել է Հակոբը, այն մինչև օրս կա և գտնվում է այժմյան Նաբլուս քաղաքի մոտ։
Մինչ Հիսուսը հանգստանում է այս ջրհորի մոտ, նրա աշակերտները գնում են քաղաք՝ ուտելիք գնելու։ Երբ մի սամարացի կին գալիս է ջրհորից ջուր հանելու, Հիսուսը խնդրում է նրան՝ ասելով. «Ջո՛ւր տուր խմեմ»։
Հրեաներն ու սամարացիները խորապես արմատացած նախապաշարումների պատճառով սովորաբար իրար հետ շփում չեն ունենում։ Ուստի կինը զարմացած հարցնում է.
— Այդ ինչպե՞ս է, որ դու, հրեա լինելով, ջուր ես խնդրում ինձանից, որ սամարացի կին եմ։
— Եթե դու իմանայիր, թե ով է քեզ ասում՝ «ջո՛ւր տուր խմեմ»,— պատասխանում է Հիսուսը,— դու կխնդրեիր նրան, և նա քեզ կենդանի ջուր կտար։
— Տե՛ր,— ասում է կինը,— դու նույնիսկ դույլ չունես, որ ջուր հանես, իսկ ջրհորը խորն է։ Այդ դեպքում որտեղի՞ց քեզ այդ կենդանի ջուրը։ Մի՞թե դու ավելի մեծ ես, քան մեր նախահայր Հակոբը, որ տվեց մեզ այս ջրհորը, որտեղից ինքն էր խմում, նաև իր որդիներն ու անասունները։
— Բոլոր նրանք, ովքեր խմեն այս ջրից, նորի՛ց կծարավեն,— ասում է Հիսուսը։— Իսկ ով որ խմի այն ջրից, որը ես կտամ նրան, էլ երբեք չի ծարավի. այն ջուրը, որը ես կտամ նրան, ջրի աղբյուր կդառնա նրա մեջ, որ կբխի հավիտենական կյանք տալու համար։
— Տե՛ր, տո՛ւր ինձ այդ ջուրը, որ այլևս չծարավեմ ու էլ չգամ այս վայրը՝ ջուր հանելու,— խնդրում է կինը։
— Գնա՛, կանչի՛ր ամուսնուդ, և եկեք այստեղ,— ասում է նրան Հիսուսը։
— Ես ամուսին չունեմ,— պատասխանում է կինը։
— Լա՛վ ասացիր, թե՝ «ամուսին չունեմ»,— հաստատում է Հիսուսը։— Որովհետև դու հինգ ամուսին ես ունեցել, և այն մարդը, որ հիմա ունես, քո ամուսինը չէ։
— Տե՛ր, տեսնում եմ, որ դու մարգարե ես,— ասում է կինը՝ զարմացած։ Ապա հոգևոր հետաքրքրվածություն դրսևորելով՝ նա շարունակում է ասել, որ սամարացիները «այս սարի [մոտակայքում գտնվող Գարիզին լեռան] վրա էին երկրպագություն անում, բայց դուք [հրեաները] ասում եք, թե Երուսաղեմն է այն վայրը, որտեղ մարդիկ պետք է երկրպագություն անեն»։
Սակայն Հիսուսը բացատրում է, որ երկրպագության վայրը չէ, որ կարևոր դեր է խաղում։ «Գալիս է ժամը,— ասում է նա,— երբ ճշմարիտ երկրպագուները կերկրպագեն Հորը ոգով և ճշմարտությամբ, որովհետև Հայրը հենց այդպիսի երկրպագուներ է փնտրում իր համար։ Աստված Ոգի է, և նրան երկրպագողները պետք է ոգով և ճշմարտությամբ երկրպագեն նրան»։
Կինը խորապես տպավորվում է։
— Ես գիտեմ, որ Մեսիան գալու է, որը Քրիստոս է կոչվում,— ասում է նա։ — Եվ երբ որ գա, նա մեզ ամեն ինչ բացահայտ կհայտնի։
— Ես, որ քեզ հետ խոսում եմ, ես հենց նա՛ եմ,— հայտնում է Հիսուսը։
Հապա պատկերացրո՛ւ։ Այս կինը, որը կեսօրին է եկել ջուր տանելու, ըստ երևույթին, որպեսզի ճանապարհին չհանդիպի իր քաղաքի կանանց, քանի որ վերջիններս անարգում են նրան իր վարած կյանքի համար, Հիսուսի կողմից մեծ պատվի է արժանանում։ Հիսուսը սամարացի կնոջը ասում է մի բան, ինչը դեռ ոչ մեկի բացահայտ չի ասել։ Իսկ ի՞նչ է տեղի ունենում հետո։
Բազմաթիվ սամարացիներ սկսում են հավատալ
Աշակերտները, ուտելիք առած, վերադառնում են Սյուքարից և Հիսուսին գտնում են Հակոբի ջրհորի մոտ, որտեղ թողել էին նրան, և որտեղ նա այժմ խոսում է սամարացի կնոջ հետ։ Աշակերտների մոտենալուն պես կինը թողնում է իր սափորը և գնում քաղաք։
Խորապես հետաքրքրված այն ամենով, ինչ ասել էր իրեն Հիսուսը՝ սամարացի կինը քաղաքի մարդկանց ասում է. «Եկե՛ք ու տեսե՛ք այն մարդուն, որն ինձ ասաց այն բոլոր բաները, որ ես արել եմ»։ Ապա նրանց մեջ հետաքրքրություն առաջացնելու համար հարցնում է. «Արդյոք նա չէ՞ Քրիստոսը»։ Հարցը ծառայում է իր նպատակին. մարդիկ գնում են, որ անձամբ համոզվեն։
Այդ ընթացքում աշակերտները հորդորում են Հիսուսին իրենց բերած կերակուրից ուտել։ Բայց նա պատասխանում է. «Ես ուտելու կերակուր ունեմ, որի մասին դուք չգիտեք»։
«Որևէ մեկը նրան ուտելու բա՞ն է բերել»,— աշակերտները հարցնում են միմյանց։ Հիսուսը բացատրում է. «Իմ կերակուրը այն է, որ ինձ ուղարկողի կամքը կատարեմ և նրա գործը ավարտեմ։ Չէ՞ որ դուք ասում եք՝ դեռ չորս ամիս կա նախքան հունձը»։ Սակայն հոգևոր հնձի մասին խոսելով՝ Հիսուսն ասում է. «Բարձրացրե՛ք ձեր աչքերը և նայեք արտերին, որ սպիտակել են հնձի համար։ Արդեն հնձվորն էլ ստանում է իր վարձը և բերք է հավաքում հավիտենական կյանքի համար, որպեսզի թե՛ ցանողը և թե՛ հնձողը իրար հետ ուրախանան»։
Հավանաբար Հիսուսն արդեն տեսնում է, թե ինչ արդյունքներ ունեցավ սամարացի կնոջ հետ իր հանդիպումը. բազմաթիվ մարդիկ այդ կնոջ տված վկայության շնորհիվ սկսում են հավատալ իրեն։ Կինը վկայություն է տալիս իր համաքաղաքացիներին՝ ասելով. «Նա ինձ ասաց այն բոլոր բաները, որ ես արել եմ»։ Ուստի երբ Սյուքար քաղաքի բնակիչները գալիս են Հիսուսի մոտ, խնդրում են, որ նա մնա և ավելին սովորեցնի իրենց։ Հիսուսն ընդունում է հրավերը և երկու օր մնում է այնտեղ։
Հիսուսին լսելով՝ սամարացիներից շատերը հավատում են նրան։ Այդ մարդիկ ասում են կնոջը. «Այսուհետև քո խոսքերի պատճառով չէ, որ հավատում ենք, որովհետև մենք ինքներս լսեցինք և գիտենք, որ ճշմարտապես այս մարդն է աշխարհի փրկիչը»։ Անշուշտ, սամարացի կինը մեզ համար հիանալի օրինակ է թողել այն բանում, թե ինչպես կարող ենք վկայություն տալ Քրիստոսի մասին. պետք է հետաքրքրություն արթնացնենք, որպեսզի լսողները իրենք ձգտեն գտնել իրենց հարցերի պատասխանները։
Ինչպես հիշում ես, դեռ չորս ամիս կա մինչև հունձը (հավանաբար խոսքը գարու հնձի մասին է, որը Պաղեստինում սկսվում է գարնանը)։ Ուստի կարելի է եզրակացնել, որ այժմ նոյեմբեր կամ դեկտեմբեր ամիսն է։ Դա նշանակում է, որ մ. թ. 30 թ. Պասեքից հետո Հիսուսն ու իր աշակերտները արդեն մոտ ութ ամիս է գտնվում են Հրեաստանում՝ ուսուցանելով և մկրտելով մարդկանց։ Այժմ նրանք գնում են իրենց բնակավայրը՝ Գալիլեա։ Ի՞նչ է նրանց այնտեղ սպասում։ Հովհաննես 4։3–43։
▪ Սամարացի կինն ինչո՞ւ է զարմանում, երբ Հիսուսը սկսում է խոսել իր հետ։
▪ Հիսուսն ի՞նչ է նրան սովորեցնում կենդանի ջրի և երկրպագության վայրի մասին։
▪ Ինչպե՞ս է Հիսուսը կնոջը հայտնում իր ով լինելը, և ինչո՞ւ է դա զարմանալի։
▪ Ինչպե՞ս է վկայություն տալիս սամարացի կինը, և արդյունքում ի՞նչ է տեղի ունենում։
▪ Ի՞նչ կապ գոյություն ունի Հիսուսի կերակուրի և հնձի միջև։
▪ Ինչպե՞ս կարող ենք որոշել, թե մ. թ. 30 թ. Պասեքից հետո Հիսուսը որքան ժամանակ է ծառայում Հրեաստանում։