Երբևէ ապրած մեծագույն մարդը
ԿԱՐՈ՞Ղ է արդյոք ինչ–որ մեկը անվիճելիորեն կոչվել երբևէ ապրած մեծագույն մարդը։ Ըստ ձեզ՝ ինչո՞վ է որոշվում մարդու մեծությունը։ Ռազմական հանճարեղությա՞մբ, ֆիզիկական ուժո՞վ, թե՞ մտային կարողություններով։
Պատմաբան Հ. Ուելսը ասել է, որ մարդու մեծությունը կարելի է որոշել նրանով, թե «ինչ է նա թողնում իրենից հետո, և արդյոք մղում է ուրիշներին նոր ձևով մտածել ու պահպանել այդ մտածելակերպը նույնիսկ իր մահից հետո»։ Չնայած նրան, որ Ուելսը քրիստոնյա չէր, սակայն հետևյալ միտքն արտահայտեց. «Այս հարցում Հիսուսն առաջինն է»։
Ալեքսանդր Մեծը (Մակեդոնացին), Կարլոս Մեծը («Մեծ» էր կոչվում դեռ իր կենդանության օրոք) և Նապոլեոն Բոնապարտը հզոր կառավարիչներ էին։ Իրենց ահազդու ներկայությամբ նրանք մեծ ազդեցություն էին թողնում իրենց իշխանության տակ գտնվողների վրա։ Սակայն ըստ որոշ տեղեկությունների՝ Նապոլեոնը հետևյալն է ասել. «Հիսուս Քրիստոսը, ֆիզիկապես ներկա չլինելով հանդերձ, ազդել է իր հպատակների վրա և ղեկավարել նրանց»։
Շուրջ երկու հազար տարի Հիսուսի ազդեցիկ ուսմունքները և այն, թե ինչպես էր նա ապրում դրանց համաձայն, մեծ ազդեցություն են թողել բազում մարդկանց կյանքում։ Մի գրող շատ տեղին ասել է. «Երբևիցե արշաված բոլոր բանակները և երբևիցե կառուցված բոլոր նավատորմները, բոլոր պառլամենտները, որ երբևիցե գումարվել են, և երբևիցե իշխած բոլոր թագավորները՝ այս բոլորը միասին այդքան հզոր ազդեցություն չեն թողել մարդկանց կյանքում, որքան Հիսուսը»։
Պատմական անձ
Սակայն զարմանալի է, որ ոմանք ասում են, թե Հիսուսը երբեք չի ապրել, և թե իրականում նա առաջին դարի մարդկանց երևակայության արդյունքն է։ Հարգանք վայելող պատմաբան Ուիլ Դյուրանտը այս սկեպտիկներին առարկել է՝ ասելով. «Եթե մի քանի հասարակ մարդիկ, ընդ որում միևնույն սերնդի ներկայացուցիչներ, կարողանային ստեղծել այդքան հզոր ու գրավիչ մի կերպար և այդքան բարձր բարոյականություն, կարողանային այդքան ոգևորիչ կերպով պատկերել մարդկային եղբայրությունը, դա մի այնպիսի հրաշք կլիներ, որը կգերազանցեր Ավետարաններում նկարագրված բոլոր հրաշքները»։
Հարցրեք ինքներդ ձեզ. «Մի մարդ, որ երբեք չի ապրել, կկարողանա՞ր այդպիսի մեծ հետք թողնել մարդկության պատմության վրա»։ Պատմական մի աշխատության մեջ հետևյալն է ասվում. «Պատմության մեջ [Հիսուսի] գործունեության արդյունքը նույնիսկ բացառապես աշխարհիկ տեսանկյունից ավելի մեծ նշանակություն ունի, քան ցանկացած մեկ ուրիշ պատմական անձի գործերը։ Աշխարհի գլխավոր քաղաքակրթությունների կողմից ճանաչված նոր դարաշրջանը նրա ծննդով է սկսվում» («The Historians’ History of the World»)։
Այո՛, մի պահ մտածեք։ Նույնիսկ ներկայիս օրացույցները հիմնված են Հիսուսի ծննդյան ենթադրյալ տարեթվի վրա։ «Ուորլդ բուք» հանրագիտարանը (անգլ.) բացատրում է. «Մինչև այդ տարեթիվը ժամանակները թվագրվում են Ք.ա. հապավումով (Քրիստոսից առաջ)։ Դրանից հետո ընկած տարիները թվագրվում են ա.Դ. հապավումով՝ աննո Դոմինի (մեր Տիրոջ տարվանից սկսած)»։
Քննադատները, սակայն, պնդում են, թե այն ամենը, ինչ հայտնի է մեզ Հիսուսի մասին, Աստվածաշնչում է գրված, և ըստ իրենց՝ այն ժամանակվա ուրիշ ոչ մի արձանագրության մեջ չի հիշատակվում նրա մասին։ Նույնիսկ Ուելսն է գրում, որ «հռոմեական հին պատմիչները լիովին անտեսել են Հիսուսին. նա իր ժամանակի պատմական գործերում ոչ մի հետք չի թողել»։ Բայց արդյոք դա ճի՞շտ է։
Թեև աշխարհիկ վաղ պատմիչները հազվադեպ են հիշատակել Հիսուսի մասին, սակայն փաստն այն է, որ այդպիսի հիշատակումներ կան։ Կոռնելիոս Տակիտոսը՝ առաջին դարի հռոմեացի հարգված պատմագիրներից մեկը, գրել է. «[Քրիստոնյա] անվանումը սկիզբ է առնում Քրիստոսից, որին կուսակալ Պոնտացի Պիղատոսը Տիբերիոսի օրոք մահվան դատապարտեց»։ Սվետոնիոսը և Պլինիոս Կրտսերը՝ այն ժամանակվա ուրիշ հռոմեական գրողներ, նույնպես հիշատակել են Քրիստոսի մասին։ Բացի այդ, առաջին դարի հրեա պատմագիր Հովսեպոս Փլավիոսը գրել է Հակոբոսի մասին և նրան բնորոշել է որպես «եղբայրը Հիսուսի, որը Քրիստոս էր կոչվում»։
Այսպիսով՝ «Նոր բրիտանական հանրագիտարանը» (անգլ.) հետևյալ եզրակացությունն է անում. «Իրարից անկախ այս հաղորդագրությունները ապացուցում են, որ հին ժամանակներում նույնիսկ քրիստոնեության հակառակորդները երբեք չեն կասկածել, որ Հիսուսը պատմական անձ է, ինչը առաջին անգամ և առանց բավարար հիմքերի կասկածի է ենթարկվել 18–րդ դարի վերջում, 19–րդ դարի ընթացքում և 20–րդ դարի սկզբում»։
Բայցևայնպես, այն ամենը, ինչ հայտնի է Հիսուսի մասին, մեծամասամբ գրի են առել առաջին դարի նրա հետևորդները։ Նրանց հաղորդագրությունները պահպանվել են Ավետարաններում՝ Աստվածաշնչի գրքերում, որոնք գրվել են Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի կողմից։ Ի՞նչ են ասում այդ արձանագրությունները Հիսուսի ինքնության մասին։
Ո՞վ էր նա իրականում
Այս հարցը հետաքրքրում էր Հիսուսի առաջին դարի հետևորդներին։ Երբ նրանք տեսան, թե ինչպես Հիսուսը սաստելով հանդարտեցրեց փոթորկալից ծովը, ապշահար սկսեցին մտածել. «Արդյոք սա ո՞վ է»։ Հետագայում մեկ ուրիշ առիթով Հիսուսը հարցրեց առաքյալներին. «Դո՞ւք ինչ եք ասում՝ ո՞վ եմ ես» (Մարկոս 4։4; Մատթեոս 16։15)։
Եթե այդ հարցը ձեզ ուղղեին, ինչպե՞ս կպատասխանեիք։ Արդյոք Հիսուսն Աստվա՞ծ էր։ Շատերն այսօր այդ կարծիքին են։ Սակայն նրա ընկերները երբեք չեն մտածել, թե նա Աստված էր։ Ահա թե ինչպես պատասխանեց այդ հարցին Պետրոս առաքյալը. «Դու Քրիստո՛սն ես՝ կենդանի Աստծու Որդին» (Մատթեոս 16։16)։
Հիսուսը երբեք չէր պնդում, թե Աստված է, բայց ընդունում էր, որ ինքը խոստացված Մեսիան էր, կամ՝ Քրիստոսը։ Նա նաև ասաց, որ «Աստծու Որդի» էր և ոչ թե Աստված (Հովհաննես 4։25, 26; 10։36)։ Սակայն Աստվածաշունչը չի ասում, թե Հիսուսը մյուսների պես սովորական մարդ էր։ Նա յուրահատուկ անձնավորություն էր, քանի որ Աստված ստեղծել էր նրան նախքան մյուս բաներն արարելը (Կողոսացիներ 1։15)։ Անթիվ միլիարդավոր տարիների ընթացքում, նույնիսկ մինչև ֆիզիկական տիեզերքի արարումը Հիսուսն ապրել է երկընքում որպես ոգեղեն անձ։ Այնտեղ նա իր Հոր՝ Եհովա Աստծու, Մեծ Արարչի հետ մտերիմ փոխհարաբերություններ է վայելել (Առակաց 8։22, 27–31)։
Մոտավորապես երկու հազար տարի առաջ Աստված իր Որդու կյանքը փոխադրեց ու տեղադրեց մի կնոջ արգանդում, և Հիսուսը դարձավ Աստծու մարմնավոր որդին՝ սովորական եղանակով կնոջից ծնվելով (Գաղատացիներ 4։4)։ Մարիամի արգանդում եղած ժամանակ և նախքան չափահաս դառնալը Հիսուսը կախում ուներ նրանցից, ում Աստված ընտրել էր նրա երկրային ծնողները լինելու։ Ի վերջո, երբ Հիսուսը դարձավ չափահաս, Աստված նրան լիովին հիշեցրեց այն մտերիմ փոխհարաբերությունները, որ նախկինում իրենք վայելում էին երկնքում (Հովհաննես 8։23; 17։5)։
Ի՞նչը նրան մեծագույն դարձրեց
Հիսուսը լիովին ընդօրինակեց իր երկնային Հորը։ Դրա շնորհիվ նա դարձավ երբևէ ապրած մեծագույն մարդը։ Որպես հավատարիմ Որդի՝ Հիսուսն այնպիսի ճշգրտությամբ էր ընդօրինակում իր Հորը, որ կարող էր իր հետևորդներին ասել. «Ով որ ինձ տեսավ, Հորը տեսավ» (Հովհաննես 14։9, 10)։ Երկրի վրա եղած ժամանակ ցանկացած իրավիճակում նա վարվում էր այնպես, ինչպես որ իր Հայրը՝ Ամենակարող Աստվածը կվարվեր։ «Ինքս ինձանից ոչինչ չեմ անում,— բացատրեց Հիսուսը,— այլ ինչպես որ Հայրը սովորեցրեց ինձ, ա՛յն եմ խոսում» (Հովհաննես 8։28)։ Ուստի երբ ուսումնասիրում ենք Հիսուս Քրիստոսի կյանքը, իրականում հստակ պատկերացում ենք կազմում, թե ինչպիսին է Աստված։
Հետևաբար, թեև Հովհաննես առաքյալը գիտեր, որ «ոչ մի մարդ երբևէ չի տեսել Աստծուն», սակայն կարող էր գրել, որ «Աստված սեր է» (Հովհաննես 1։18; 1 Հովհաննես 4։8)։ Հովհաննեսը կարող էր դա ասել, որովհետև ճանաչում էր Աստծու սերը։ Նրա այդ հատկությունը նա տեսել էր Հիսուսի մեջ, որը իր Հոր կատարյալ պատկերն էր։ Հիսուսը կարեկից էր, բարի, խոնարհ ու մատչելի։ Ընկճվածներն ու հարստահարվածները, ինչպես նաև ամեն տեսակ մարդիկ՝ կանայք, տղամարդիկ, երեխաներ, հարուստներ, աղքատներ, իշխանավորներ, նույնիսկ ծանր մեղքեր գործած մարդիկ իրենց կաշկանդված չէին զգում նրա մոտ։ Միայն չար սիրտ ունեցողներն էին, որ չէին սիրում նրան։
Հիսուսն իր հետևորդներին ոչ միայն սովորեցնում էր սիրել մեկմեկու, այլ նաև ցույց էր տալիս, թե ինչպես դա անել։ «Ինչպես որ ես ձեզ սիրեցի,— ասաց նա,— այնպես էլ դուք [պետք է] սիրեք իրար» (Հովհաննես 13։34)։ Հիսուսի առաքյալներից մեկն ասաց, որ «Քրիստոսի սերը» ճանաչելը «գերազանցում է գիտությանը» (Եփեսացիներ 3։19)։ Այո, Քրիստոսի դրսևորած սերը համալսարանական գիտելիքներից վեր է և «ստիպում է» մարդկանց արձագանքել այդ սիրուն (2 Կորնթացիներ 5։14)։ Այսպիսով՝ հատկապես Հիսուսի սիրո գերազանց օրինակն է, որ նրան դարձնում է երբևէ ապրած մեծագույն մարդը։ Նրա սերը դարերի ընթացքում միլիոնավոր մարդկանց սրտեր է շարժել և բարերար ազդեցություն թողել նրանց կյանքում։
Սակայն գուցե ոմանք առարկեն. «Նայեք այն բոլոր ոճրագործություններին, որ կատարվել են Քրիստոսի անունով՝ խաչակրաց արշավանքները, ինկվիզիցիան և պատերազմները, որոնցում իրենց քրիստոնյա համարող միլիոնավոր մարդիկ սպանել են իրար՝ կռվելով հակադիր ճակատներում»։ Բայց ճշմարտությունն այն է, որ այս մարդիկ իրենց գործերով հերքում են, որ Հիսուսի հետևորդներն են։ Հիսուսի ուսմունքներն ու կյանքի ուղին դատապարտում են նրանց գործերը։ Նույնիսկ հնդուական առաջնորդ Մոհանդաս Գանդին այսպիսի խոսքեր ասաց. «Ես սիրում եմ Քրիստոսին, բայց ատում եմ քրիստոնյաներին, որովհետև նրանք չեն ապրում այնպես, ինչպես Քրիստոսն է ապրել»։
Օգուտներ քաղեք՝ սովորելով նրա մասին
Ինչ խոսք, ոչ մի բանի ուսումնասիրությունը այսօր չի կարող ավելի կարևոր լինել, քան Հիսուս Քրիստոսի կյանքի ու ծառայության մասին ուսումնասիրությունը։ «Մեր աչքերը հառե[նք].... Հիսուսին,— հորդորեց Պողոս առաքյալը։— Խորությամբ մտածե[ն]ք նրա մասին»։ Նաև Աստված ինքը պատվիրեց իր Որդու համար. «Նրա՛ն լսեք»։ Հենց այս հարցում է, որ ձեզ կօգնի «Երբևէ ապրած մեծագույն մարդը» գիրքը (Եբրայեցիներ 12։2, 3; Մատթեոս 17։5)։
Ջանքեր են գործադրվել ներկայացնելու Հիսուսի երկրային կյանքի յուրաքանչյուր իրադարձություն, որ արձանագրված է չորս Ավետարաններում, ներառյալ նրա խոսքերը, առակները և հրաշքները։ Հնարավորության սահմաններում բոլոր դեպքերը պատմվում են այն հաջորդականությամբ, ինչպես որ դրանք տեղի են ունեցել։ Յուրաքանչյուր գլխի վերջում բերվում են աստվածաշնչային մի շարք համարներ, որոնց վրա հիմնված է տվյալ գլուխը։ Խրախուսում ենք ձեզ ընթերցել այդ համարները և պատասխանել դրանց հաջորդող կրկնության հարցերին։
Չիկագոյի համալսարանի մի պրոֆեսոր ասել է. «Հիսուսի մասին վերջին քսան տարիների ընթացքում ավելին է գրվել, քան նախորդ երկու հազարամյակի ընթացքում»։ Սակայն շատ կարևոր է անձնապես քննել Ավետարանները, քանի որ ինչպես նշում է «Բրիտանական հանրագիտարանը», «ներկայիս բազում ուսանողներ այնքան են խորամուխ եղել Հիսուսի և Ավետարանների մասին հակասական տեսությունների մեջ, որ այլևս անձամբ չեն ուսումնասիրում այս հիմնական աղբյուրները»։
Կարծում ենք, որ Ավետարանները ուշադրությամբ և անկանխակալ կերպով քննելուց հետո կհամաձայնվեք, որ մարդկության պատմության մեջ ամենամեծ իրադարձությունները տեղի են ունեցել Հռոմի Օգոստոս կայսեր իշխանության օրոք, երբ երկրի վրա հայտնվեց Հիսուս նազովրեցին, որ իր կյանքը տա մեզ համար։