Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • si էջ 279–281
  • Աստվածաշնչի գիրք համար 61. 2 Պետրոս

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Աստվածաշնչի գիրք համար 61. 2 Պետրոս
  • «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
  • ԻՆՉՈՎ Է ՕԳՏԱԿԱՐ
  • Աստվածաշնչի գիրք համար 60. 1 Պետրոս
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
  • Նա իր Ուսուցչից ներողամտություն սովորեց
    Ընդօրինակեք նրանց հավատը
  • Դասեր Պետրոսի երկու նամակներից
    2023 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Նա մնաց նվիրված
    Ընդօրինակեք նրանց հավատը
Ավելին
«Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
si էջ 279–281

Աստվածաշնչի գիրք համար 61. 2 Պետրոս

Գրողը՝ Պետրոս

Գրվելու վայրը՝ Բաբելոն (?)

Գրության ավարտը՝ մ.թ. մոտ 64թ.

1. Ի՞նչ փաստեր կան, որ «2 Պետրոս» նամակը Պետրոսն է գրել։

ԻՐ ԵՐԿՐՈՐԴ նամակը գրելիս Պետրոսն գիտակցում էր, որ շուտով մահանալու է։ Նա ցանկացավ հիշեցնել հավատակիցներին ճշգրիտ գիտելիքների կարևորության մասին և օգնել նրանց հաստատուն մնալու ծառայության մեջ։ Որևէ պատճառ կա՞ կասկածելու, որ Պետրոս առաքյալն է իր անունը կրող երկրորդ նամակի հեղինակը։ Նամակն ինքնին հերքում է ցանկացած կասկած, որ կարող է ծագել։ Գրողն ասում է, որ ինքը «Սիմոն Պետրոսը՝ Հիսուս Քրիստոսի ծառան և առաքյալն է» (2 Պետ. 1։1)։ Նա նաև նշում է. «Երկրորդ նամակն եմ գրում ձեզ» (3։1)։ Պետրոսն ասում է, որ առանձնաշնորհում է ունեցել Հակոբոսի ու Հովհաննեսի հետ Հիսուս Քրիստոսի այլակերպության ականատեսը լինել, և գրում է այդ մասին ականատեսի տպավորություններով (1։16–21)։ Նա հիշատակում է այն մասին, որ Հիսուսը կանխագուշակել էր իր մահը (1։14; Հովհ. 21։18, 19)։

2. Ինչպե՞ս է փաստվում «2 Պետրոս»-ի կանոնականությունը։

2 Սակայն որոշ քննադատներ մատնանշում են երկու նամակների ոճական տարբերությունը, որպեսզի հերքեն այն, որ Պետրոսն է գրել երկրորդ նամակը։ Նման պնդումը անհիմն է, քանի որ երկու նամակների թեման ու նպատակը տարբեր են։ Բացի այդ, Պետրոսը գրել է իր առաջին նամակը «Սիլվանոս հավատարիմ եղբոր միջոցով»։ Եթե Սիլվանոսը որոշ ազատություն է ունեցել նախադասությունները կազմելու հարցում, դա կարող է երկու նամակների ոճական տարբերությունների պատճառը լինել, քանի որ նա ակներևաբար չի մասնակցել երկրորդ նամակի գրությանը (1 Պետ. 5։12)։ Ոմանք նամակի կանոնականությունն են կասկածի ենթարկում այն բանի հիման վրա, որ «Հայրերը քիչ են վկայել այդ մասին»։ Սակայն, ինչպես երևում է «Քրիստոնեական Հունարեն Գրությունների առաջին հայտնի ցուցակները» աղյուսակից, «2 Պետրոս»-ը մի շարք հեղինակավոր աղբյուրների կողմից համարվել է Աստվածաշնչի կանոնի մաս նախքան Կարթագենի երրորդ ժողովըa։

3. Ե՞րբ և որտե՞ղ էր թերևս գրվել «2 Պետրոս» նամակը, և ո՞ւմ էր այն հասցեագրված։

3 Ե՞րբ է գրվել Պետրոսի երկրորդ նամակը։ Ըստ ամենայնի՝ մ.թ. մոտ 64-ին Բաբելոնում կամ մոտակայքում առաջին նամակից կարճ ժամանակ անց, թեև այդ մասին ուղղակիորեն ոչ մի տեղ չի ասվում։ Երկրորդ նամակի գրության ժամանակ Պողոսի նամակների մեծ մասը լայնորեն տարածված էր ժողովներում և լավ հայտնի էր Պետրոսին. վերջինս դրանք համարում էր Աստծուց ներշնչված և դասում էր «Սուրբ Գրքի մնացած մասերի» շարքում։ Պետրոսի երկրորդ նամակն ուղղված է նրանց, ովքեր «մեզ նման նույն հավատն ունենալու պատվին են արժանացել», նաև նրանց, ում հասցեագրված էր առաջին նամակը, և ում Պետրոսը քարոզել էր։ Ինչպես որ առաջին նամակն էր լայն տարածում ստացել, և այն կարդացվում էր շատ վայրերում, այնպես էլ երկրորդ նամակը լայն տարածում գտավ (2 Պետ. 3։15, 16; 1։1; 3։1; 1 Պետ. 1։1)։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

4. ա) Ի՞նչ պետք է անեն եղբայրները, որպեսզի ճշգրիտ գիտելիքների հարցում պտուղ բերեն, և ի՞նչ է նրանց խոստացվել։ բ) Ինչո՞ւ քրիստոնյաները մարգարեական խոսքի հանդեպ ավելի մեծ համոզվածություն ունեն և ինչո՞ւ պետք է ուշադրություն դարձնեն դրան։

4 Հավաստիացում երկնային Թագավորության կոչման (1։1–21)։ Հենց առաջին խոսքերից Պետրոսը իր սիրառատ հոգատարությունն է ցույց տալիս նրանց հանդեպ, ովքեր հավատ են ձեռք բերել։ Նա ուզում է, որ Աստծու անզուգական բարությունը և խաղաղությունը առատորեն նրանց հետ լինեն «Աստծու և մեր Տեր Հիսուսի մասին ճշգրիտ գիտելիքների շնորհիվ»։ Աստված տվել է «թանկագին ու մեծամեծ խոստումներ», որոնց միջոցով նրանք մասնակից են եղել աստվածային բնությանը։ Հենց այդ պատճառով նրանք պետք է ամեն ջանք ներդնեն իրենց հավատին առաքինություն, գիտելիքներ, ինքնատիրապետում, տոկունություն, Աստծու հանդեպ նվիրվածություն, եղբայրասիրություն և սեր ավելացնելու համար։ Եթե այս հատկությունները առատապես ունենան, երբեք անգործ և անպտուղ չեն լինի ճշգրիտ գիտելիքները կիրառելու հարցում։ Եղբայրները պետք է իրենց լավագույնն անեն, որ որպես կանչվածներ և ընտրվածներ հավատարիմ մնան և մտնեն իրենց Տիրոջ հավիտենական Թագավորություն։ Իմանալով, որ «շուտով իր վրանը հանելու է»՝ Պետրոսը մտադիր է հիշեցնել նրանց այս ամենի մասին, որ իր հեռանալուց հետո նրանք միշտ կարողանան իրենք իրենց հիշեցնել այս բաները։ Պետրոսը ականատես եղավ Քրիստոսի մեծափառությանը սուրբ լեռան վրա, երբ «մեծավայելուչ փառքից այսպիսի խոսքեր եկան. «Սա՛ է իմ սիրելի որդին, որին ես հավանել եմ»»։ Ուստի քրիստոնյաները մարգարեական խոսքի հանդեպ ավելի մեծ համոզվածություն ունեն և պետք է ուշադրություն դարձնեն դրան, քանի որ այն մարդկանց կամքով չի տրվել, «այլ մարդիկ Աստծու կողմից են խոսել՝ սուրբ ոգուց մղված» (1։1, 2, 4, 14, 17, 21)։

5. Ի՞նչ զգուշացում է տալիս Պետրոսը սուտ ուսուցիչների վերաբերյալ և ի՞նչ ազդեցիկ օրինակներ է բերում ցույց տալու համար, որ Աստծու դատաստանը անպայման կգա նման մարդկանց վրա։

5 Խիստ զգուշացում սուտ ուսուցիչների դեմ (2։1–22)։ Սուտ մարգարեները և ուսուցիչները կործանարար աղանդավորություն են տարածելու, անառակ վարք են հրահրելու, նաև ճշմարտության ճանապարհի մասին անարգանքով են խոսելու։ Սակայն նրանց կործանումը անպայման գալու է։ Աստված հետ չկանգնեց մեղք գործած հրեշտակներին պատժելուց, Նոյի օրերում աշխարհի վրա ջրհեղեղ բերելուց կամ Սոդոմ ու Գոմոր քաղաքները մոխրի վերածելուց։ Բայց ազատեց արդարության քարոզիչ Նոյին և արդար Ղովտին, հետևաբար «Եհովան գիտի, թե ինչպես աստվածանվեր մարդկանց ազատի փորձությունից, իսկ անարդարներին պահի դատաստանի օրվա համար, որ կործանվեն»։ Նրանք բանականությունից զուրկ կենդանիների են նման, հանդուգն են, քմահաճ ու անհասկացող են և անարգանքով են խոսում, ուրախանում են խաբեական ուսմունքներ տարածելու համար, շնացողներ են, ագահներ և Բաղաամի նման անիրավ գործերի վարձատրություն սիրողներ։ Ազատություն են խոստանում, մինչդեռ հենց իրենք ապականության ստրուկներ են։ Ուստի ավելի լավ կլիներ, որ նրանք ստույգ չճանաչեին արդարության ճանապարհը։ Նրանց պարագայում այս առածը ճշմարիտ է. «Շունը վերադառնում է իր փսխածին, և լվացված խոզը գնում է դարձյալ ցեխի մեջ թավալվելու» (2։9, 22)։

6. ա) Ինչո՞ւ է Պետրոսը գրում քրիստոնյաներին և ի՞նչ է ասում Աստծու խոստման վերաբերյալ։ բ) Ի տարբերություն ծաղրողների՝ ինչպե՞ս պետք է քրիստոնյաները ցույց տան, որ արթուն են։

6 Մտքում վառ պահել Եհովայի օրը (3։1–18)։ Պետրոսը գրում է, որպեսզի արթնացնի քրիստոնյաների առողջ մտածողությունը, որ հիշեն այն խոսքերը, որոնք նախապես ասվել են։ Վերջին օրերում ծաղրողներ կգան ու կասեն. «Որտե՞ղ է նրա [Քրիստոսի] խոստացված ներկայությունը»։ Այդպիսի մարդիկ անուշադրության են մատնում այն փաստը, որ Աստված ջրով կործանեց այն ժամանակվա աշխարհը, և որ «այժմյան երկինքներն ու երկիրը նույն խոսքով պահվում են կրակի համար և պահպանվում են մինչև դատաստանի ու ամբարիշտ մարդկանց կործանման օրը»։ Եհովայի համար հազար տարին մեկ օրվա պես է, ուստի նա «չի ուշացնում կատարել իր խոստումը», այլ համբերատար է, քանի որ չի ուզում, որ որևէ մեկը կործանվի։ Այդ պատճառով քրիստոնյաները պետք է հետևեն իրենց վարքին ու աստվածանվեր գործեր անեն, մինչ սպասում են ու մտքում վառ պահում Եհովայի օրվա ներկայությունը, որի միջոցով երկինքը կրակով այրված կլուծվի, և սաստիկ շիկացած տարրերը կհալվեն։ Սակայն «նոր երկինք ու նոր երկիր» է լինելու՝ Աստծու խոստման համաձայն (3։4, 7, 9, 13)։

7. Նախապես այս ամենը իմանալով՝ ի՞նչ պետք է քրիստոնյաները ձգտեն անել։

7 Ուստի քրիստոնյաները պետք է ամեն ինչ անեն, որ Աստված իրենց «գտնի անբիծ, անարատ և խաղաղության մեջ»։ Նրանք Տիրոջ համբերությունը պետք է փրկություն համարեն, ինչպես որ սիրելի եղբայր Պողոսն էլ գրեց այդ մասին։ Ուստի նախապես այս բաներն իմանալով՝ նրանք պետք է զգույշ լինեն, որ չկորցնեն հաստատակամությունը։ Վերջում Պետրոսը գրում է. «Շարունակեք աճել մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի անզուգական բարության և նրա մասին գիտելիքների մեջ։ Նրան լինի փառքը թե՛ այժմ և թե՛ հավիտյան» (3։14, 18)։

ԻՆՉՈՎ Է ՕԳՏԱԿԱՐ

8. ա) Ինչպե՞ս է Պետրոսը վկայում Եբրայերեն և Հունարեն Գրությունների ներշնչված լինելու մասին։ բ) Ինչո՞ւ է կարևոր ամուր կառչել ճշգրիտ գիտելիքներին։

8 Որքա՜ն կարևոր են ճշգրիտ գիտելիքները։ Պետրոսի փաստարկներում արտացոլված է Եբրայերեն Գրությունների ճշգրիտ իմացությունը։ Նա վկայում է, որ դրանք ներշնչված են սուրբ ոգով. «Որովհետև մարգարեությունը երբեք մարդկանց կամքով չի տրվել, այլ մարդիկ Աստծու կողմից են խոսել՝ սուրբ ոգուց մղված»։ Նա նաև նշում է, որ Պողոսին իմաստություն «տրված» էր Աստծուց (1։21; 3։15)։ Մենք օգուտներ կքաղենք՝ քննելով այդ բոլոր ներշնչված խոսքերը և ամուր կառչելով ճշգրիտ գիտելիքներին։ Այդ դեպքում երբեք չենք դառնա անհոգ ու չենք մտածի այն մարդկանց պես, որոնց խոսքերը մեջբերում է Պետրոսը՝ ասելով. «Ամեն բան շարունակվում է մնալ ճիշտ այնպես, ինչպես որ էր ստեղծագործության սկզբից ի վեր» (3։4)։ Ոչ էլ կընկնենք սուտ ուսուցիչների թակարդը, որոնց մասին Պետրոսը խոսում է իր նամակի 2-րդ գլխում։ Ուրեմն պետք է շարունակ խորհենք Պետրոսի և Աստվածաշնչի մյուս գրողների տված հիշեցումների շուրջ։ Դրանք մեզ օգնում են «հաստատված լինելու ճշմարտության մեջ» և համբերատարությամբ ու հաստատակամորեն «շարունակելու աճել մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի անզուգական բարության և նրա մասին գիտելիքների մեջ» (1։12; 3։18)։

9. Ինչի՞ համար պետք է ամեն ջանք գործադրել և ինչո՞ւ։

9 «Աստծու և մեր Տեր Հիսուսի մասին ճշգրիտ գիտելիքների» մեջ աճելու համար Պետրոսը խորհուրդ է տալիս ամեն ջանք գործադրել՝ զարգացնելու այն քրիստոնեական հատկությունները, որոնք թվարկվում են 1-ին գլխի 5–7-րդ համարներում։ Այնուհետև 8-րդ համարում նա ավելացնում է. «Եթե այս հատկություններն առատապես ունեք և շարունակում եք զարգացնել, ապա մեր Տեր Հիսուս Քրիստոսի մասին ճշգրիտ գիտելիքները կիրառելու հարցում անգործ կամ անպտուղ չեք լինի»։ Սա իսկապես հրաշալի քաջալերանք է Աստծու ծառաների համար, որ գործի անցնեն այս դժվար օրերում (1։2)։

10. ա) Ի՞նչ խոստումների մասին է խոսում Պետրոսը և այդ առնչությամբ ի՞նչ հորդոր է տալիս։ բ) Թագավորության մարգարեությունների վերաբերյալ ի՞նչ հավաստիացում է տալիս Պետրոսը։

10 Շատ կարևոր է, որ մեր ձեռքից եկած ամեն բան անենք, որպեսզի մեզ վրա կատարվեն Եհովա Աստծու «թանկագին ու մեծամեծ խոստումները»։ Այդ պատճառով Պետրոսը հորդորում է օծյալ քրիստոնյաներին իրենց աչքերը հառել Թագավորության նպատակի վրա՝ ասելով. «Ձեր լավագույնն արեք, որ որպես կանչվածներ ու ընտրվածներ հավատարիմ մնաք, որովհետև եթե շարունակեք այս բաներն անել, երբեք չեք ընկնի։ Այդպիսով ձեր առջև լայն դուռ կբացվի դեպի մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հավիտենական թագավորությունը»։ Այնուհետև Պետրոսը ուշադրություն է հրավիրում Հիսուսի Թագավորության մեծավայելուչ փառքի վրա, որի ականատեսն էր եղել նրա այլակերպության ժամանակ, և ավելացնում է. «Ուստի մենք մարգարեական խոսքի հանդեպ ավելի մեծ համոզվածություն ունենք»։ Իսկապես, Եհովայի փառահեղ Թագավորության վերաբերյալ ամեն մի մարգարեություն հաստատ կկատարվի։ Մենք վստահությամբ կարող ենք կրկնել Պետրոսի խոսքերը, որոնք նա մեջբերեց Եսայիայի մարգարեությունից. «Նրա խոստման համաձայն՝ մենք նոր երկնքի ու նոր երկրի ենք սպասում, և նրանցում արդարություն է բնակվելու» (2 Պետ. 1։4, 10, 11, 19; 3։13; Ես. 65։17, 18)։

[ծանոթագրություն]

a Տե՛ս 331-րդ էջի աղյուսակը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը