Աստվածաշնչի գիրք համար 51. Կողոսացիներ
Գրողը՝ Պողոս
Գրվելու վայրը՝ Հռոմ
Գրության ավարտը՝ մ.թ. մոտ 60–61թթ.
1. Որտե՞ղ էր գտնվում Կողոսա քաղաքը։
ԵՓԵՍՈՍԸ թողնելով հետևում՝ երկու տղամարդիկ Մեծ Մեանդեր գետի երկայնքով ճամփա ընկան դեպի արևելք՝ Փոքր Ասիայի խորքերը։ Հասնելով Փռյուգիայում գտնվող Լյուկոս գետը՝ նրանք թեքվեցին հարավ-արևելք և գետի հունով բարձրացան՝ անցնելով լեռներով շրջապատված հովտով։ Ճանապարհորդների առաջ գեղեցիկ տեսարան բացվեց. փարթամ կանաչ արոտավայրեր՝ ոչխարների մեծ հոտերով (այս շրջանում մարդկանց եկամտի աղբյուրը հիմնականում ոչխարի բուրդն էրa)։ Նրանք շարունակեցին ճանապարհը՝ աջ կողմում թողնելով Լաոդիկեա հարուստ քաղաքը, որը Հռոմի՝ այդ մարզում գտնվող վարչական կենտրոնն էր։ Ձախ կողմում՝ գետի մյուս ափին, երևում էր Հիերապոլիսը, որը հայտնի էր իր տաճարներով և տաք ջրերի աղբյուրներով։ Այս երկու քաղաքներում, ինչպես նաև նրանցից մոտ 16 կիլոմետր հեռու գտնվող Կողոսա փոքր քաղաքում քրիստոնեական ժողովներ կային։
2. ա) Ո՞ւմ Պողոսը ուղարկեց Կողոսա։ բ) Ի՞նչ է հայտնի Կողոսայի ժողովի մասին։
2 Ճանապարհորդների նպատակն էր հասնել Կողոսա։ Երկուսն էլ քրիստոնյաներ էին։ Նրանցից առնվազն մեկը լավ գիտեր տեղանքը, քանի որ Կողոսայից էր։ Նրա անունն էր Օնեսիմոս։ Նա մի ծառա էր, որը վերադառնում էր իր տիրոջ՝ այնտեղի քրիստոնեական ժողովի անդամներից մեկի մոտ։ Օնեսիմոսին ուղեկցում էր Տյուքիկոսը, որն ազատ մարդ էր։ Երկուսն էլ Պողոս առաքյալի հանձնարարությունն էին կատարում. իրենց հետ բերում էին մի նամակ, որն ուղղված էր Կողոսայի «հավատարիմ եղբայրներին, որ միության մեջ են Քրիստոսի հետ»։ Որքան հայտնի է, Պողոսը երբեք չի այցելել Կողոսա։ Ժողովը, որը հիմնականում բաղկացած էր ոչ հրեաներից, հավանաբար հիմնվել էր Եպաֆրասի կողմից, որը ծառայել էր այնտեղ և այժմ գտնվում էր Հռոմում՝ Պողոսի մոտ (Կող. 1։2, 7; 4։12)։
3. «Կողոսացիներ» նամակից ի՞նչ կարելի է իմանալ գրողի մասին և թե որտեղ ու երբ է այն գրվել։
3 Նամակը գրողը Պողոս առաքյալն է, ինչպես որ նշվում է բացման և եզրափակիչ խոսքերում (1։1; 4։18)։ Վերջաբանը ցույց է տալիս, որ այն գրվել է բանտում։ Դա պետք է որ եղած լիներ Հռոմում նրա առաջին բանտարկության ժամանակ (մ.թ. 59–61թթ.), երբ նա մի շարք քաջալերական նամակներ գրեց։ Կողոսացիներին ուղղված նամակն ուղարկվեց Փիլիմոնին ուղղված նամակի հետ (Կող. 4։7–9; Փիլիմ. 10, 23)։ Ըստ ամենայնի՝ այդ նույն ժամանակ գրվել է նաև եփեսացիներին ուղղված նամակը, քանի որ շատ մտքեր և արտահայտություններ նույնն են։
4. Ինչպե՞ս է փաստվում «Կողոսացիներ» նամակի վավերականությունը։
4 Ոչ մի հիմք չկա կասկածի ենթարկելու կողոսացիներին ուղղված նամակի վավերականությունը։ Այն Պողոսի մյուս նամակների հետ ներառված է Չեստեր Բիատիի № 2 (P46) պապիրուսի մեջ, որը թվագրվում է մ.թ. մոտ 200 թ.-ով, ինչը ցույց է տալիս, որ այն ընդունված է եղել առաջին դարի քրիստոնյաների կողմից որպես Պողոսի նամակներից մեկը։ Նրա վավերականության մասին վկայում են նույն հեղինակավոր մարդիկ, ովքեր վկայել են նաև Պողոսի մյուս նամակների մասին։
5. ա) Ի՞նչը մղեց Պողոսին կողոսացիներին նամակ գրելու։ բ) Ի՞նչ է շեշտվում նամակում։
5 Ի՞նչը մղեց Պողոսին նամակ գրելու կողոսացիներին։ Պատճառներից մեկն այն է, որ Օնեսիմոսը վերադառնում էր Կողոսա։ Մյուս պատճառը Եպաֆրասի հայտնած տեղեկությունն էր։ Նա եկել էր Պողոսի մոտ ու պատմել Կողոսայում տիրող իրավիճակի մասին (Կող. 1։7, 8; 4։12)։ Այնտեղի քրիստոնեական ժողովին որոշակի վտանգ էր սպառնում։ Այն օրերի հաստատված կրոնները տարրալուծվում էին, և մշտապես առաջանում էին նոր կրոններ, որոնցում միահյուսվում էին հին կրոնների առանձին տարրեր։ Տարածված էին հեթանոսական փիլիսոփայությունը, ասկետիզմը, ոգեհարցությունը և կռապաշտական նախապաշարումները։ Այդ բոլորը հրեական նախապաշարումների հետ մեկտեղ, օրինակ՝ սննդի որոշ տեսակներից հրաժարվելը և որոշ օրեր նշելը, հնարավոր է՝ ազդել էին ժողովի անդամներից ոմանց վրա։ Ինչ էլ որ լիներ խնդիրը, թերևս բավական լուրջ պատճառ կար, որ Եպաֆրասը երկար ճանապարհորդություն կատարեր դեպի Հռոմ՝ Պողոսին տեսնելու։ Այնուամենայնիվ, Եպաֆրասի քաջալերական հաշվետվությունը կողոսացիների սիրո և հաստատակամության վերաբերյալ ցույց է տալիս, որ ժողովը՝ որպես ամբողջություն, անմիջական վտանգի տակ չէր։ Այդ հաշվետվության հիման վրա Պողոսը կողոսացիների ժողովին գրեց մի նամակ, որում հիմնովին պաշտպանում էր ճշգրիտ գիտելիքները և մաքուր երկրպագությունը։ Այն շեշտում էր Քրիստոսի աստվածատուր գերազանցությունը հեթանոսական փիլիսոփայության, հրեշտակների երկրպագության և հրեական ավանդույթների նկատմամբ։
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
6. ա) Ի՞նչ է Պողոսը աղոթում կողոսացիների համար։ բ) Ի՞նչ է Պողոսը ասում Հիսուսի դիրքի ու ծառայության մասին ժողովի առնչությամբ։
6 Հավատ Քրիստոսի՝ ժողովի գլխի հանդեպ (1։1– 2։12)։ Իր և Տիմոթեոսի ողջույնները փոխանցելուց հետո Պողոսը շնորհակալություն է հայտնում Քրիստոսի հանդեպ կողոսացիների հավատի և սիրո համար։ Նրանք իմացել են Աստծու անզուգական բարության մասին, երբ Եպաֆրասը բարի լուրը քարոզել է նրանց։ Այն օրվանից սկսած, երբ Պողոսը լսեց այս մասին, չի դադարում նրանց մասին աղոթելուց, որպեսզի նրանք լցվեն «նրա կամքի մասին ճշգրիտ գիտելիքներով, ունենան կատարյալ իմաստություն և հոգևոր հասկացողություն», որպեսզի Եհովային արժանի կերպով քայլեն ու «ամեն ինչին կարողանան դիմանալ և ուրախությամբ համբերել» (1։9–11)։ Հայրը ազատել է նրանց և տեղափոխել «իր սիրելի Որդու թագավորություն», որը Աստծու անտեսանելի պատկերն է, և որի միջոցով ու որի համար ստեղծվել են ամեն բաները։ Նա է ժողովի Գլուխը և մահացածների միջից անդրանիկը։ Հիսուսի արյան միջոցով Աստծուն հաճելի երևաց նորից իր հետ հաշտեցնել ամեն բան, այդ թվում նաև մի ժամանակ օտարացած կողոսացիներին, «եթե, իհարկե, նրանք հարատևեն հավատի մեջ» (1։13, 23)։
7. Ի՞նչ է քարոզում Պողոսը և ի՞նչ նպատակով։
7 Պողոսը ուրախ է, որ հանուն ժողովի Քրիստոսի չարչարանքներն է կրում։ Այդ ժողովի համար նա ծառա է դարձել, որպեսզի լիարժեք կերպով քարոզի Աստծու խոսքը «սրբազան գաղտնիքի մասին», որի փառավոր հարստությունը Աստված հաճեց հայտնել իր սրբերին։ Պողոսը նշում է, որ հենց Քրիստոսին է, որ ծանուցանում են, հորդորում և ողջ իմաստությամբ ուսուցանում են, որպեսզի ամեն մեկին ներկայացնեն Աստծուն որպես Քրիստոսի հասուն աշակերտներ (1։26–28)։
8. Ինչո՞ւ է Պողոսը պայքար մղում իր եղբայրների համար։
8 Պողոսը մեծ պայքար է մղում կողոսացիների, Լաոդիկեայում եղողների և ուրիշների համար, որպեսզի նրանց սրտերը մխիթարվեն, նրանք միավորված լինեն սիրո մեջ և ունենան «Աստծու սրբազան գաղտնիքի, այսինքն՝ Քրիստոսի մասին ճշգրիտ գիտելիքներ», որի մեջ թաքցված են իմաստության և գիտելիքների բոլոր գանձերը։ Առաքյալը չի ուզում, որ նրանք մոլորվեն համոզիչ փաստարկներով, այլ շարունակեն քայլել Քրիստոսի հետ միասնության մեջ՝ «նրա մեջ արմատացած, նրա վրա կառուցված և հավատի մեջ հաստատված լինելով»։ Այժմ Պողոսը զգուշացում է տալիս. «Զգույշ եղեք, գուցե լինի մեկը, որը իբրև զոհ հափշտակի ձեզ փիլիսոփայությամբ և դատարկ խաբեությամբ։ Սրանք մարդկանց ավանդույթների.... վրա են հիմնված» (2։2, 3, 7, 8)։
9. Ինչպիսի՞ երկրպագության վերաբերյալ է Պողոսը զգուշացում տալիս, և ինչո՞ւ կողոսացիները չպետք է ենթարկվեն Օրենքին։
9 Մահանալ մարմնի գործերի համար, բայց կենդանանալ Քրիստոսի համար (2։13–3։17)։ Թեև նրանք մահացած էին իրենց հանցանքներում և իրենց մարմնի անթլփատության մեջ, Աստված կենդանացրել է նրանց Քրիստոսի հետ միասին՝ ջնջելով Օրենքի ձեռագիր փաստաթուղթը, որը վկայում էր հրեաների դեմ։ «Ուրեմն թող ոչ ոք չդատի» նրանց Օրենքի և դրա կարգադրությունների հարցում, որոնք ընդամենը գալիք բաների ստվերն են, այսինքն՝ Քրիստոսի։ Բացի այդ, եթե նրանք մահացել են Քրիստոսի հետ աշխարհի սկզբունքների հանդեպ, ապա ինչո՞ւ են ենթարկվում այդ հրահանգներին՝ «մի՛ վերցրու, մի՛ ճաշակիր, մի՛ դիպիր», որոնք մարդկանց պատվերներ և ուսմունքներ են։ Ցուցադրական քմահաճ երկրպագությունը, ձևական խոնարհությունը, մարմնի հանդեպ խիստ վերաբերմունքը ոչ մի արժեք չունեն մարմնի ցանկությունների դեմ պայքարում (2։16, 21)։
10. Ինչպե՞ս է հնարավոր փնտրել վերևում եղած բաները ու հագնել նոր անձնավորությունը։
10 Պողոսը խորհուրդ է տալիս. «Շարունակեք փնտրել վերևում եղած բաները, որտեղ Քրիստոսը նստած է Աստծու աջ կողմում։ Ձեր մտքերը կենտրոնացած պահեք երկնային բաների վրա և ոչ թե երկրային»։ Դրա համար հարկավոր է հանել հին անձնավորությունը և նոր անձնավորությունը հագնել, որը ճշգրիտ գիտելիքներով նորոգված լինելու շնորհիվ հրեայի ու հույնի միջև տարբերություն չի դնում, քանի որ «Քրիստոսն է ամեն ինչ և բոլորի մեջ»։ Դա նշանակում է, որ որպես «Աստծու ընտրյալներ»՝ բոլորը պետք է հագնեն խոր կարեկցանք, բարություն, խոնարհամտություն, մեղմություն և համբերատարություն։ Առաքյալը ասում է. «Ինչպես Եհովան մեծահոգաբար ներեց ձեզ, այդպես էլ դուք արեք։ Այս ամենից բացի, սերը հագեք, որովհետև սերը միասնության կատարյալ կապն է»։ Ինչ էլ որ արվի խոսքով կամ գործով, ամեն ինչ պետք է արվի «Տեր Հիսուսի անունով՝ նրա միջոցով շնորհակալություն հայտնելով Հորը՝ Աստծուն» (3։1, 2, 11–14, 17)։
11. ա) Ի՞նչ խորհուրդներ են տրվում ընտանիքի անդամների և ուրիշների հետ փոխհարաբերությունների վերաբերյալ։ բ) Ի՞նչ ողջույններով է ավարտվում նամակը։
11 Ուրիշների հետ ունեցած փոխհարաբերությունները (3։18–4։18)։ Ինչ վերաբերում է ընտանեկան փոխհարաբերություններին, ապա կանայք պետք է հնազանդվեն իրենց ամուսիններին, ամուսինները սիրեն իրենց կանանց, երեխաները հնազանդ լինեն իրենց ծնողներին, իսկ հայրերը չզայրացնեն իրենց երեխաներին։ Ծառաները պետք է հնազանդվեն իրենց տերերին՝ Եհովայից վախենալով, իսկ տերերը արդարությամբ վարվեն իրենց ծառաների հետ։ Թող բոլորը հարատևեն աղոթքներում և իմաստությամբ վարվեն դրսինների հետ։ Տյուքիկոսն ու Օնեսիմոսը կտեղեկացնեն նրանց Պողոսի ու Աստծու Թագավորության գործում նրա համագործակիցների մասին։ Պողոսի ծառայակիցները բարևներ են ուղարկում Կողոսայի ժողովին։ Պողոսը բարևներ է ուղարկում նաև Լաոդիկեայի եղբայրներին և խնդրում, որ նրանք իրար փոխանցեն նամակները։ Վերջին ողջույնը Պողոսը գրում է իր իսկ ձեռքով. «Բանտի իմ կապանքները ձեր մտքում պահեք։ Աստծու անզուգական բարությունը թող ձեզ հետ լինի» (4։18)։
ԻՆՉՈՎ Է ՕԳՏԱԿԱՐ
12. Ի՞նչ թարմացնող ճշմարտություններ կան կողոսացիներին ուղղված նամակում, և այդ նամակը ի՞նչ օգուտներ կարող է բերել ժողովներին։
12 Կարող ենք պատկերացնել, թե Հռոմից ժամանած այս երկու եղբայրների մասին լուրը որքա՜ն արագ տարածվեց կողոսացի եղբայրների մեջ։ Հավանաբար նրանք անհամբերությամբ հավաքվեցին Փիլիմոնի տանը՝ լսելու Պողոսի նամակի ընթերցանությունը (Փիլիմ. 2)։ Որքա՜ն թարմացուցիչ ճշմարտություններ այնտեղ կային Քրիստոսի դիրքի և ճշգրիտ գիտելիքներ ձեռք բերելու կարևորության վերաբերյալ։ Որքա՜ն հստակ Պողոսը դասակարգեց մարդկանց փիլիսոփայությունները և հրեական ավանդությունները՝ փառավորելով խաղաղությունը և Քրիստոսի խոսքը։ Նամակում կար սնունդ մտքի և սրտի համար, որն օգտակար էր ժողովի բոլոր անդամների՝ վերակացուների, ամուսինների, կանանց, հայրերի, երեխաների, տերերի և ծառաների համար։ Անշուշտ, լավ խորհուրդներ կային Փիլիմոնի և Օնեսիմոսի համար, քանի որ նրանք կրկին հայտնվել էին տիրոջ և ծառայի կարգավիճակում։ Որքա՜ն լավ առաջնորդություն տրվեց վերակացուներին հոտի անդամներին ճիշտ ուսմունքներ ուսուցանելու հարցում։ Պողոսի խոսքերը խորացրին կողոսացիների գնահատանքն այն բանի հանդեպ, որ իրենք առանձնաշնորհում ունեին ամբողջ հոգով ծառայելու Աստծուն։ Կողոսացիներին տրված կերտիչ խորհուրդները, որոնք վերաբերում էին ճնշող մտքերից և աշխարհի սովորություններից ազատվելուն, կենդանի պատգամ են նաև այսօրվա ժողովների համար (Կող. 1։9–11, 17, 18; 2։8; 3։15, 16, 18–25; 4։1)։
13. Ի՞նչ խորհուրդներ է տալիս Պողոսը ճշմարտության հաճելի խոսքերի, աղոթքների և քրիստոնեական ընկերակցության մասին։
13 Քրիստոնյա ծառայողների համար հրաշալի խորհուրդ է գրված Կողոսացիներ 4։6-ում. «Թող ձեր խոսքը միշտ վայելուչ լինի, աղով համեմված, որպեսզի իմանաք, թե ինչպես պատասխան տաք ամեն մեկին»։ Ճշմարտության հաճելի խոսքերը ախորժելի կլինեն ազնվասիրտ մարդկանց համար և կծառայեն նրանց հավիտենական բարօրությանը։ Բացի այդ, քրիստոնյան առատ օրհնություններ կստանա Եհովայից, եթե գնահատանքով լի սրտով անդադար աղոթի նրան։ Նամակում հորդոր է տրվում. «Հարատևեք աղոթքների մեջ՝ արթուն մնալով դրանցում և երախտագետ լինելով»։ Իսկ ի՜նչ ուրախություն և թարմություն ենք ստանում քրիստոնեական ընկերակցությունից։ Պողոսն ասում է. «Իրար սովորեցրեք և հորդորեք», «ձեր սրտերում գովերգեք Եհովային» ( 4։2; 3։16)։ Կողոսացիներին ուղղված նամակն ուսումնասիրելով՝ բազմաթիվ արժեքավոր, գործնական խորհուրդներ կգտնենք։
14. ա) Ի՞նչ է ընդգծվում «Կողոսացիներ» նամակում։ բ) Ինչպե՞ս է նամակում շեշտվում Թագավորության հույսը։
14 Օրենքը պահելու վերաբերյալ նամակն ասում է. «Դրանք գալիք բաների ստվերն են, մինչդեռ բուն մարմինը Քրիստոսն է» (2։17)։ Հենց սա է ընդգծվում «Կողոսացիներ» նամակում։ Այն հաճախ է անդրադառնում փառահեղ հույսին, որը պահվում է երկնքում նրանց համար, ովքեր Քրիստոսի հետ միության մեջ են (1։5, 27; 3։4)։ Այսպիսի անհատները կարող են անչափ երախտապարտ լինել, որ Հայրն արդեն ազատել է իրենց խավարի իշխանությունից և տեղափոխել է «իր սիրելի Որդու թագավորություն»։ Այդպիսով նրանք հպատակվում են Նրան, ով «անտեսանելի Աստծու պատկերն է՝ բոլոր ստեղծվածների մեջ անդրանիկը, որովհետև նրա միջոցով ստեղծվեցին մնացած բոլոր բաները երկնքում և երկրի վրա, տեսանելի և անտեսանելի բաները՝ թե՛ աթոռները, թե՛ տերությունները, թե՛ կառավարությունները և թե՛ իշխանությունները»։ Նա այն անձնավորությունն է, որը առավելագույնս համապատասխանում է Աստծու Թագավորության մեջ արդարությամբ իշխելու չափանիշներին։ Ահա թե ինչու Պողոսը հորդորեց օծյալ քրիստոնյաներին. «Եթե դուք հարություն եք առել Քրիստոսի հետ, շարունակեք փնտրել վերևում եղած բաները, որտեղ Քրիստոսը նստած է Աստծու աջ կողմում» (1։12–16; 3։1)։
[ծանոթագրություն]
a «The New Westminster Dictionary of the Bible», 1970, էջ 181։