Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ti էջ 16–20
  • Աստված Հիսուսից միշտ մե՞ծ է

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Աստված Հիսուսից միշտ մե՞ծ է
  • Հարկավո՞ր է հավատալ Երրորդությանը
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Հիսուսը տարբերվում է Աստծուց
  • Աստծո հնազանդ ծառան
  • Աստված բարձր է բոլոր ժամանակներում
  • Հիսուսի գիտելիքները սահմանափակ էին
  • Հիսուսը շարունակում է ստորադաս մնալ
  • Հիսուսը երբեք չպնդեց, թե ինքը Աստծված է
  • Ո՞վ է Հիսուս Քրիստոսը
    2005 Դիտարան
  • Հիսուսը Ամենակարող Աստվա՞ծն է
    2009 Դիտարան
  • Հիսուսը Ամենակարող Աստվա՞ծ է
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Ո՞վ է Հիսուս Քրիստոսը
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
Ավելին
Հարկավո՞ր է հավատալ Երրորդությանը
ti էջ 16–20

Աստված Հիսուսից միշտ մե՞ծ է

ՀԻՍՈՒՍԸ երբեք չպնդեց, թե ինքն Աստված է։ Այն ամենը, ինչ որ նա ասել է իր մասին, ցույց է տալիս, որ ոչ մի կերպ իրեն չէր հավասարեցնում Աստծուն՝ ոչ հզորությամբ, ոչ գիտությամբ, ոչ էլ հասակով։

Իր գոյության ամեն ժամանակաշրջանում, լինի դա երկրի վրա կամ երկնքում, խոսքով ու վարքով նա ցույց էր տալիս իր ենթակայությունը Աստծուն։ Աստված միշտ բարձր է, իսկ Հիսուսը՝ Աստծո կողմից ստեղծվածը, ցածր։

Հիսուսը տարբերվում է Աստծուց

ՀԻՍՈՒՍԸ բազմիցս ցույց տվեց, որ ինքը Աստծուց առանձին ստեղծված մի էակ է և ինքը՝ Հիսուսը, իրենից վեր Աստված ունի, մի Աստված, որին պաշտում է, որին «Հայր» է կոչում։ Աղոթքով դիմելով Աստծուն, այսինքն՝ Հորը, Հիսուսը կոչեց նրան «միակ ճշմարիտ Աստուած» (Յովհաննէս 17։3)։ Յովհաննէսի 20։17–ում նա Մարիամ Մագդաղենացուն ասաց. «Ես բարձրանում եմ դէպի իմ Հայրը եւ ձեր Հայրը, դէպի իմ Աստուածը եւ ձեր Աստուածը»։ Իսկ Բ Կորնթացիս 1։3–ում (Արարատ) Պողոս առաքյալը հաստատում է այդ հարաբերությունը. «Օրհնեալ լինի Աստուած եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հայրը»։ Քանի որ Հիսուսը ուներ Աստված՝ իր Հայրը, նա չէր կարող միաժամանակ այդ Աստվածը լինել։

Պողոս առաքյալը, առանց վերապահման, Հիսուսի և Աստծո մասին խոսեց որպես որոշակի տարբեր անձերի. «Մեզ համար մէ՛կ Աստուած կայ... եւ՝ մէ՛կ Տէր Յիսուս Քրիստոս» (Ա Կորնթացիս 8։6)։ Առաքյալը ցույց է տալիս տարբերությունը, երբ ասում է. «Վկայութիւն եմ դնում Աստուծոյ եւ Յիսուս Քրիստոսի եւ ընտրուած հրեշտակների առաջին» (Ա Տիմոթէոս 5։21, Արարատ)։ Պողոս առաքյալը ճիշտ ինչպես Հիսուսին ու հրեշտակներին է երկնքում տարբերում միմյանցից, այնպես էլ տարբերում է Հիսուսին Աստծուց։

Նշանակալից են նաև Հիսուսի խոսքերը Յովհաննէսի 8։17, 18–ում, որտեղ նա հայտարարում է. «Ձեր օրէնքում իսկ գրուած է, թէ երկու մարդու վկայութիւնը ճշմարիտ է։ Ես նա եմ, որ վկայում եմ իմ մասին, եւ վկայում է իմ մասին Հայրը, որ ինձ ուղարկեց»։ Այստեղ Հիսուսը ցույց է տալիս, որ ինքը և Հայրը, այսինքն՝ Ամենակարող Աստվածը, երկու տարբեր էակներ պիտի լինեն, եթե ոչ՝ ապա ինչպե՞ս կարող էր լինել երկու վկա։

Հիսուսը նաև ցույց տվեց, որ Աստծուց առանձին մի էակ է, երբ ասաց. «Ինչո՞ւ ես ինձ բարի կոչում. բարի չէ ոչ ոք, այլ միայն՝ Աստուած» (Մարկոս 10։18)։ Այսպիսով, Հիսուսն ասում էր, որ ոչ ոք, նույնիսկ ինքը Հիսուսը, այնպես բարի չէ, ինչպես Աստված։ Աստծո բարությունը այնպիսին է, որ տարբերում է նրան Հիսուսից։

Աստծո հնազանդ ծառան

ՀԻՍՈՒՍԸ հաճախ էր այնպիսի հայտարարություններ անում, ինչպես օրինակ՝ «Որդին իրանից կարող չէ ոչինչ անել, թէ որ չ’տեսնէ Հօրն անելիս» (Յովհաննէս 5։19, Արարատ)։ «Ես երկնքից իջայ ոչ թէ իմ կամքը կատարելու համար, այլ կամքը նրա, ով ինձ ուղարկեց» (Յովհաննէս 6։38)։ «Իմ վարդապետութիւնն իմը չէ, այլ նրանը, ով ինձ ուղարկեց» (Յովհաննէս 7։16)։ Չէ՞ որ ուղարկողը ուղարկվածից մեծ է։

Այդ հարաբերությունը ակնհայտ է Հիսուսի խաղողի այգու մասին առակում։ Այնտեղ նա Աստծուն՝ իր Հորը, նմանեցնում է խաղողի այգու տիրոջը, որը ճանապարհորդության գնաց արտասահման ու խաղողի այգին հանձնեց մշակների հսկողությանը, որոնք պատկերացնում են հրեա հոգևորականությունը։ Որոշ ժամանակ անց, երբ տերը ծառա է ուղարկում խաղողի այգու պտղից բերելու համար, մշակները նրան ծեծում ու դատարկաձեռն ետ են ուղարկում։ Այն ժամանակ տերը մեկ ուրիշ ծառա է ուղարկում, հետո՝ երրորդին, որոնց հետ նրանք նույն ձևով են վարվում։ Վերջապես, խաղողի այգու տերն ասում է. «Ուղարկեմ իմ սիրելի որդուն [Հիսուսին], թերեւս նրանից կը պատկառեն»։ Սակայն չար մշակները բացականչում են. ««Սա՛ է ժառանգը, սպանենք սրան, որպէսզի ժառանգութիւնը մերը լինի»։ Եւ նրան այգուց դուրս հանեցին ու սպանեցին» (Ղուկաս 20։9—16)։ Այսպիսով, Հիսուսը պարզաբանում է իր դիրքը որպես Աստծո կողմից ուղարկվածի՝ նրա կամքը կատարելու համար, ճիշտ ինչպես հլու հնազանդ մի որդի ուղարկվում է հոր կողմից։

Հիսուսի հետևորդները միշտ համարել են նրան Աստծո հնազանդ ծառա, ո՛չ թե Աստծուն հավասար։ Նրանք Աստծուն ուղղված աղոթքում ասացին իրենց դիմադրողների մասին, թե հավաքվեցին «քո սուրբ ծառա Հիսուսի դեմ, որին դու օծեցիր... և նշաններ և հրաշքներ են կատարվում քո սուրբ ծառա Հիսուսի անունով» (Գործք 4։23, 24, 27, 30, Revised Standard Version [ՌՍ ], կաթոլիկական հրատարակություն. տեսե՛ք նաև Գործք 3։13, Արարատ, ծանոթագրություն)։

Աստված բարձր է բոլոր ժամանակներում

ՀԻՍՈՒՍԻ ծառայության սկզբում իսկ, երբ նա մկրտության ջրից դուրս եկավ, երկնքից հնչեց Աստծո ձայնը՝ ասելով. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ հաճութիւնը» (Մատթէոս 3։16, 17)։ Մի՞թե Աստված ասում էր, թե ինքն իր որդին է, ինքն իրեն է հաճում, ինքն իրեն է ուղարկել։ Ո՛չ. այստեղ Աստված՝ Ստեղծիչը, ասում էր, թե ինքը, որպես բարձրյալը, առաջիկա գործի համար հավանություն ունի ստորին մեկի՝ իր Որդի Հիսուսի նկատմամբ։

Հիսուսը ցույց տվեց իր Հոր գերազանցությունը, երբ ասաց. «Տիրոջ Հոգին իմ վրայ է, դրա համար իսկ ինձ օծեց, ինձ ուղարկեց աղքատներին աւետարանելու» (Ղուկաս 4։18)։ Մեկին օծելը նշանակում է, որ ավելի բարձրը տալիս է իշխանություն կամ լիազորություն դեռ իշխանություն չունեցողին։ Այստեղ, բարձրը ակնհայտ է, որ Աստվածն է, քանի որ ինքն է Հիսուսին օծել, նրան տալով իշխանություն, որ նա նախապես չուներ։

Հիսուսն իր Հոր գերազանցությունը պարզ ցույց տվեց, երբ աշակերտներից երկուսի մայրը խնդրեց, որ իր որդիները նստեն՝ մեկը Հիսուսի աջ կողմում իսկ մյուսը՝ ձախ կողմում իր թագավորության մեջ։ Հիսուսը պատասխանեց. «Նստեցնել իմ աջ եւ ձախ կողմերում՝ ես չէ, որ կը տամ, այլ այդ նրանց համար է, որոնց տրուած է իմ Հօրից», այսինքն՝ Աստծուց (Մատթէոս 20։23)։ Եթե Հիսուսը Ամենակարող Աստվածը լիներ, ապա իրավասու կլիներ այդ դիրքերը շնորհելու։ Սակայն Հիսուսը չէր կարող շնորհել, քանի որ այդ Աստծո գործն էր, և Հիսուսը Աստված չէր։

Հիսուսի աղոթքներն իսկ նրա ստորին դիրքի զորեղ օրինակներ են։ Մահանալուց առաջ նա ցույց տվեց, թե ո՛վ է նրա վերադասը՝ աղոթելով. «Հա՛յր, եթէ կամենում ես, այս բաժակը ինձնից հեռացրո՛ւ, բայց ոչ թէ իմ կամքը, այլ քոնը թող լինի» (Ղուկաս 22։42)։ Ո՞ւմ էր նա աղոթում։ Իր մի մասի՞ն։ Ո՛չ, նա աղոթում էր իրենից լրիվ անջատ մեկին՝ իր Հորը՝ Աստծուն, որի կամքը բարձր էր և կարող էր տարբերվել իր կամքից, այն Միակին, որը կարող էր ‘այս բաժակը հեռացնել’։

Այնուհետև, երբ մահը արդեն մոտ էր, Հիսուսը բացականչեց. «Աստուա՜ծ իմ, Աստուա՜ծ իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ» (Մարկոս 15։34)։ Ո՞ւմ էր աղաղակում Հիսուսը։ Իրե՞ն, կամ իր մի մասի՞ն։ Անկասկած «Աստուա՜ծ իմ» բացականչությունը չէր արվի մեկի կողմից, որն իրեն Աստված էր համարում։ Իսկ եթե Հիսուսն Աստված էր, ապա ո՞վ թողեց իրեն։ Ինքն իրե՞ն։ Դա անիմաստ կլիներ։ Հիսուսը նաև ասաց. «Հա՛յր, քո ձեռքն եմ աւանդում իմ հոգին» (Ղուկաս 23։46)։ Եթե Հիսուսը Աստվածը լիներ, ինչո՞ւ պիտի իր հոգին Հորն ավանդեր։

Մահից հետո Հիսուսը գերեզմանում երեք օր մնաց։ Եթե նա Աստված լիներ, ապա Ամբակումի 1։12–ը իրավացի չէ, երբ ասում է. «Ով Աստված իմ, Սուրբ իմ, դու չես մեռնում» (ՆԱ)։ Սակայն Աստվածաշունչն ասում է, թե Հիսուսը իսկապես մեռավ ու անգիտակից էր գերեզմանում։ Իսկ ո՞վ նրան մեռելներից հարություն տվեց։ Եթե նա իսկապես մեռած էր, ապա չէր կարողանա ինքն իրեն հարություն տալ։ Մյուս կողմից, եթե նա իրականում մեռած չէր, ապա նրա կեղծ մահը Ադամի մեղքի փրկագինը չէր վճարի։ Բայց նա այդ գինը ամբողջովին վճարեց իր իսկական մահով։ Հետևաբար, «նրան [Հիսուսին] Աստուած յարություն տուեց՝ քանդելով մահուան կապանքները» (Գործք 2։24)։ Բարձրագույնը՝ Ամենակարող Աստվածը, հարություն տվեց իրենից ստորինին՝ իր Հիսուս ծառային։

Իսկ Հիսուսի հրաշքներ գործելու ընդունակությունը, ինչպես օրինակ՝ հարություն տալու, ցույց չի՞ տալիս, արդյոք, որ նա Աստված էր։ Բանն այն է, որ առաքյալներն էլ, ինչպես նաև Եղիա ու Եղիսե մարգարեները, այդ ուժն ունեին, բայց, այնուամենայնիվ, նրանք ընդամենը մարդիկ էին։ Աստված մարգարեներին, Հիսուսին և առաքյալներին շնորհեց հրաշագործ ուժ՝ ցույց տալու համար, որ նրա աջակցությունն ունեին։ Սակայն նրանցից ոչ մեկը չդարձավ բազմանձ աստվածության մի մաս։

Հիսուսի գիտելիքները սահմանափակ էին

ԻՐԵՐԻ այս դրության վախճանի մասին իր մարգարեությունը տալով՝ Հիսուսը հայտարարեց. «Սակայն այդ օրուայ եւ ժամի մասին ոչ ոք չգիտէ. ո՛չ հրեշտակները երկնքում եւ ո՛չ էլ՝ Որդին, այլ միայն՝ Հայրը» (Մարկոս 13։32)։ Եթե Հիսուսը Հորը հավասար Որդի լիներ եռանձնության մեջ, ապա այն ինչ գիտեր Հայրը ինքն էլ կիմանար։ Սակայն նա չէր իմանում, որովհետև Աստծուն հավասար չէր։

Նմանապես, Եբրայեցիս 5։8–ում (Արարատ) կարդում ենք, որ Հիսուսը «չարչարանքներիցը հնազանդութիւնը սովորեց»։ Կարո՞ղ եք երևակայել, որ Աստված կարիք ունի ինչ–որ բան սովորելու։ Ո՛չ, իսկ Հիսուսը՝ ուներ, որովհետև չգիտեր այն ամենը, ինչ գիտեր Աստված։ Եվ նա մի բան սովորելու կարիք ուներ, որն Աստված երբեք չի ունեցել, այն էր՝ հնազանդությունը։ Իսկ Աստված երբեք ոչ մեկին հնազանդվելու կարիք չունի։

Աստծո իմացածի և Հիսուսի իմացածի միջև նույնիսկ այն ժամանակ տարբերություն կար, երբ Հիսուսը հարություն առնելուց հետո գնաց երկինք՝ Աստծո հետ լինելու համար։ Նկատի առե՛ք Աստվածաշնչի վերջին գրքի առաջին խոսքերը. «Հիսուս Քրիստոսի հայտնությունը, որն Աստված նրան տվեց» (Յայտնութիւն 1։1, ՌՍ, կաթոլիկական հրատարակություն)։ Եթե Հիսուսն աստվածության մաս կազմեր, ապա նա կարիք կունենա՞ր աստվածության ուրիշ մի մասից՝ Աստծուց, հայտնություն ստանալու։ Նա, անկասկած, այդ մասին ամեն ինչ կիմանար, քանի որ Աստված գիտեր։ Սակայն Հիսուսը չէր իմանում, որովհետև նա Աստված չէր։

Հիսուսը շարունակում է ստորադաս մնալ

ՄԱՐԴ դառնալուց առաջ, նաև իր երկրային կյանքում, Հիսուսը ստորադաս էր Աստծուն։ Հարությունից հետո նա շարունակում է մնալ ստորադաս՝ Աստծո նկատմամբ երկրորդական տեղ գրավելով։

Հիսուսի հարության մասին խոսելով՝ Պետրոս առաքյալն ու նրա հետ եղողները հրեական ատյանի առաջ ասացին. «Աստուած նրան [Հիսուսին] բարձրացրեց իր աջով» (Գործք 5։31)։ Իսկ Պողոս առաքյալն ասաց. «Աստուած նրան առաւել բարձրացրեց» (Փիլիպպեցիս 2։9)։ Եթե Հիսուսը Աստված լիներ, նա ինչպե՞ս կկարողանար առավել բարձրացվել, այսինքն՝ իր նախկինում ունեցած դիրքից ավելի բարձր դիրք ստանալ։ Որպես Երրորդության մի մաս, առանց այդ էլ, բարձր կլիներ։ Եթե Հիսուսը բարձրացվելուց առաջ Աստծուն հավասար լիներ, առավել բարձրացվելով, նա Աստծուց բարձր կդառնար։

Պողոսը նաև ասաց, թե Քրիստոսը մտավ «բուն իսկ երկինքը, որպէսզի մեզ համար ներկայանայ Աստուծոյ առաջ» (Եբրայեցիս 9։24)։ Եթե դուք ուրիշի առջև ներկայանաք, ինչպե՞ս կարող եք դուք այդ նույն մարդը լինել։ Չեք կարող։ Դուք պետք է տարբեր, առանձին անձեր լինեք։

Նմանապես, Ստեփանոս նահատակը քարկոծվելուց առաջ «նայեց երկինք եւ տեսավ Աստուծոյ փառքը ու Յիսուսին, որ կանգնած էր Աստուծոյ աջ կողմը» (Գործք 7։55)։ Պարզ է, որ նա երկու առանձին անհատներ տեսավ, բայց ո՛չ սուրբ հոգի, և ո՛չ էլ եռանձնյա աստվածություն։

Յայտնության 4։8–ից մինչև 5։7–ը Աստված ներկայացված է իր երկնային աթոռի վրա նստած, իսկ Հիսուսը՝ ոչ։ Վերջինս պետք է Աստծուն մոտենա՝ նրա աջ ձեռքից մի գիրք առնելու համար։ Դա ցույց է տալիս, որ երկնքում Հիսուսը Աստված չէ, այլ նրանից զատված է։

Համաձայն վերը նշածի, Անգլիայի Մանչեստր քաղաքի Bulletin of the John Rylands Library («Ջոն Ռայլանդզի անվան գրադարանի տեղեկագիր»)–ը ասում է. «Հարությունից հետո իր երկնային կյանքում Հիսուսը նկարագրվում է որպես Աստծուց ամեն կերպ անջատ, տարբեր, անհատականությունը պահպանող անձ, ինչպիսին նա ուներ իր երկրային կյանքում»։ Աստծու կողքին ներկայացված և նրա հետ համեմատած, նա, ըստ էության, հանդես է գալիս որպես Աստծո երկնային արքունիքի երկնային էակներից մեկը, ինչպես հրեշտակները, սակայն, Աստծո Որդին լինելով, նա ուրիշ կարգի է պատկանում և նրանցից շատ ավելի բարձր դիրք է գրավում» (համեմատե՛ք Փիլիպպեցիս 2։11)։

Նույն «Տեղեկագիր»–ը (անգլ.) նաև նշում է. «Սակայն, ինչ որ ասվում է Հիսուսի երկնային կյանքի և գործունեությունների մասին, չի նշանակում և չի էլ ակնարկում, թե աստվածային դիրքի տեսակետից Աստծուն համահավասար է և լիովին Աստված է։ Ընդհակառակը, նրա երկնային անձի և ծառայութ-​յան մասին Նոր կտակարանում տրված նկարա-​գրությունից տեսնում ենք թե՛ Աստծուց զատված և թե՛ նրան ենթակա մի դեմք»։

Հավերժական ապագայում, երկնքում Հիսուսը կմնա անջատ, Աստծուն ենթակա մի ծառա։ Աստվածաշունչը այս մասին հետևյալ կերպ է արտահայտվում. «Ապա գալու է վախճանը, երբ որ [Հիսուսը երկնքում] տայ թագաւորութիւնը Աստուծոյ եւ Հօր ձեռքը... Այն ժամանակ եւ ինքը՝ Որդին կը հնազանդուի նրան, ով ամէն ինչ հնազանդեցրեց նրան, որպէսզի Աստուած ամէն ինչ լինի ամենքի մէջ» (Ա Կորնթացիս 15։24, 28)։

Հիսուսը երբեք չպնդեց, թե ինքը Աստծված է

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ տեսակետը պարզ է։ Ամենակարող Աստվածը՝ Եհովան, ոչ միայն Հիսուսից առանձին անձնավորություն է, այլև բոլոր ժամանակներում նրա վերադասն է։ Հիսուսը ներկայացված է միշտ որպես անջատ և ցածր, Աստծո խոնարհ մի ծառա։ Դրա համար էլ Աստվածաշունչը հստակորեն ասում է, թե «Քրիստոսի գլուխը՝ Աստուած»–ն է, ճիշտ այնպես, ինչպես «ամէն մարդու գլուխը Քրիստոսն է» (Ա Կորնթացիս 11։3)։ Եվ դրա համար էլ ինքը Հիսուսն ասաց. «Իմ Հայրը մեծ է, քան ես» (Յովհաննէս 14։28)։

Փաստն այն է, որ Հիսուսը Աստված չէ և երբեք չպնդեց, որ Աստված է։ Դա այժմ ընդունում են գնալով ավելի մեծ թվով գիտնականներ։ Ինչպես ասում է Ռայլանդզ գրադարանի «Տեղեկագիր»–ը (անգլ.). «Պէտք է նայել այն փաստի երեսին, որ Նոր կտակարանի ուսումնասիրությունները, ասենք, վերջին երեսուն–քառասուն տարիների ընթացքում Նոր կտակարանի գնալով ավելի մեծ թվով պատվարժան մասնագետների հանգեցրին այն եզրակացությանը, որ Հիսուսը... անկասկած երբեք իրեն Աստված չկարծեց»։

Նույն «Տեղեկագիր»–ը (անգլ.) նաև ասում է առաջին դարի քրիստոնյաների մասին. «Հետևաբար, վերագրելով [Հիսուսին] այնպիսի պատվավոր տիտղոսներ, ինչպիսին են՝ Քրիստոս, մարդու Որդի, Աստծո Որդի և Տեր, նրանք չէին ուզում ասել, թե նա Աստված էր, այլ, որ կատարում էր Աստծո գործերը»։

Այսպիսով, նույնիսկ որոշ կրոնական մասնագետներ ընդունում են, որ Հիսուսի Աստված լինելու գաղափարը հակասում է Աստվածաշնչի ամբողջ վկայությանը։ Այնտեղ Աստված միշտ հանդես է գալիս որպես բարձրագույնը, իսկ Հիսուսը՝ ստորադրյալ ծառան։

[մեջբերում 19-րդ էջի վրա]

‘Նոր կտակարանի ուսումնասիրությունները գնալով ավելի մեծ թվով մասնագետների հանգեցրին այն եզրակացությանը, որ Հիսուսը, անկասկած, երբեք իրեն Աստված չկարծեց’ («Ջոն Ռայլանդզի անվան գրադարանի տեղեկագիր» [անգլ.])։

[նկար 17-րդ էջի վրա]

Հիսուսը հրեաներին ասաց. «Ես երկնքից իջայ ոչ թէ իմ կամքը կատարելու համար, այլ կամքը նրա, ով ինձ ուղարկեց» (Յովհաննէս 6։38)։

[նկար 18-րդ էջի վրա]

Երբ Հիսուսը բացականչեց՝ «Աստուա՜ծ իմ, Աստուա՜ծ իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ», անկասկած չէր կարծում, թե ինքն Աստված է։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը