Ինչպե՞ս են Եհովայի վկաները ձեռք բերում Աստվածաշնչի հասկացողությունը
1 Նախևառաջ՝ Եհովայի վկաները համոզված են, որ Աստվածաշունչը Աստծո Խոսքն է և այն ամենը, ինչ գրված է այնտեղ, մեզ խրատելու համար է գրված (Բ Տիմոթ. 3։16, 17; Հռովմ. 15։4; Ա Կորնթ. 10։11)։ Ուստի նրանք չեն դիմում մարդկային փիլիսոփայությանը ու դրանով չեն աղավաղում աստվածաշնչյան պարզ ճշմարտությունը կամ փորձում արդարացնել այն մարդկանց ապրելակերպը, ովքեր արհամարհում են աստվածաշնչյան բարոյական չափանիշները։
2 Երբ Եհովայի վկաները բացատրում են Աստվածաշնչում օգտագործված խորհրդանիշների նշանակությունը, նրանք առաջ չեն քաշում իրենց սեփական թեորիաները, այլ թույլ են տալիս, որ Աստվածաշունչը ինքը բացահայտի դրանց նշանակությունը (Ա Կորնթ. 2։13)։ Խորհրդանշական արտահայտությունների իմաստը սովորաբար կարելի է գտնել Աստվածաշնչի այլ տեղերում։ (Օրինակ՝ տեսեք Յայտնութիւն 21։1–ը. այնուհետև «ծովի» նշանակությունը պարզելու համար կարդացեք Եսայիայի 57։20–ը։ Կամ՝ որպեսզի պարզ դառնա, թե ում է ներկայացնում Յայտնութիւն 14։1–ի «Գառը», տեսեք Յովհաննէս 1։29–ը և Ա Պետրոս 1։19–ը)։
3 Ինչ վերաբերում է մարգարեությունների կատարմանը, Եհովայի վկաները, Հիսուս Քրիստոսի խոսքերի համաձայն, ուշադրությամբ հետևում են ներկայիս իրադարձություններին, որոնք համապատասխանում են Աստվածաշնչի կանխագուշակություններին (Ղուկաս 21։29–31-ը համեմատեք Բ Պետրոս 1։16–19-ի հետ)։ Վկաները ջանասիրությամբ մարդկանց ուշադրությունը դարձնում են այդ իրադարձությունների և այն բանի վրա, թե ինչ նշանակություն ունեն դրանք ըստ Աստվածաշնչի։
4 Հիսուսն ասաց, որ երկրի վրա գործելու էր նրա «հաւատարիմ եւ իմաստուն ծառան» (ոգով օծված իր հետևորդների խումբը), որի միջոցով նա պիտի հոգևոր կերակուր մատակարարեր «իր ծառաներին» (Մատթ. 24։45–47)։ Եհովայի վկաներն ընդունում են այդ միջոցը։ Երբ դժվար հարցեր են առաջանում, նրանք, առաջին դարի քրիստոնյաների օրինակին հետևելով, դիմում են «ծառայի» կառավարիչ մարմնին, որն այդպիսի հարցերին լուծում է տալիս՝ ոչ թե մարդկային իմաստության վրա հիմնվելով, այլ կառչելով Աստծո Խոսքի իր գիտելիքներին, հաշվի առնելով Աստծո վարվելակերպը իր երկրպագուների նկատմամբ և ջերմորեն խնդրելով Աստծո սուրբ ոգու առաջնորդությունը (Գործք 15։1–29; 16։4, 5)։