Նրանց համաշխարհային կազմակերպությունը և գործը
Ավելի քան 200 երկրում անցկացվող վկայության գործը ղեկավարվում է մի քանի օղակներով։ Համընդհանուր վարչական ցուցումները գալիս են Կառավարիչ մարմնից՝ Բրուքլինում (Նյու Յորք) գտնվող համաշխարհային կենտրոնավայրից։ Կառավարիչ մարմինը ամեն տարի պատգամավորներ է ուղարկում աշխարհի 15 կամ ավելի այսպես կոչված գոտիներ, որպեսզի խորհրդակցեն յուրաքանչյուր գոտու մեջ մտնող մասնաճյուղերի ներկայացուցիչների հետ։ Ամեն մի մասնաճյուղ ունի երեքից մինչև յոթ անդամից բաղկացած մասնաճյուղային կոմիտե, որը հսկում է գործը իր իրավասությանը ենթակա երկրներում։ Մասնաճյուղերից շատերն ունեն տպարաններ, որոնցից շատերն արագընթաց ռոտացիոն տպագրական մեքենաներով են սարքավորված։ Այն երկիրը կամ տարածքը, որին սպասարկում է մասնաճյուղը, բաժանված է մարզերի, վերջիններս էլ՝ շրջանների։ Շրջանն ընդգրկում է մոտ 20 ժողովք։ Մարզային վերակացուն հերթով այցելում է իր մարզին պատկանող շրջանները։ Յուրաքանչյուր շրջանի համար տարեկան կազմակերպվում է երկու համաժողով։ Բացի այդ, սովորաբար, տարին երկու անգամ շրջանային վերակացուն այցելում է իր շրջանի յուրաքանչյուր ժողովքը, աջակցում տեղացի Վկաներին՝ կազմակերպելով և անցկացնելով քարոզչությունը տվյալ ժողովքին հատկացված տարածքում։
Տեղային ժողովքն իր Թագավորության սրահով այն կենտրոնն է, որտեղից տարածվում է բարի լուրը ձեր շրջակայքում։ Ժողովքին առանձնացված տարածքները բաժանված են տեղամասերի։ Դրանք էլ հատկացվում են առանձին Վկաների, որոնք աշխատում են այցելել տեղամասի ամեն մի տուն բնակիչների հետ զրուցելու համար։ Ժողովքը բաղկացած է մի քանի հոգուց մինչև 200–ի հասնող Վկաներից և ունի երեցներ տարբեր պարտականություններ կատարելու համար։ Եհովայի Վկաների կազմակերպության մեջ բարի լուրի յուրաքանչյուր քարոզիչ էական տեղ է գրավում։ Որտեղ էլ որ նա ծառայի՝ գլխավոր կենտրոնում, մասնաճյուղերից կամ ժողովներից մեկում, յուրաքանչյուր Վկա մասնակցում է քարոզչության գործին՝ անձամբ պատմելով ուրիշներին Աստծո Թագավորության մասին։
Ի վերջո գլխավոր կենտրոնին հաղորդվում են գործունեության մասին զեկույցներ, որոնց հիման վրա էլ ամեն տարի կազմվում և լույս է տեսնում «Տարեգիրք»–ը։ Իսկ ամեն տարվա հունվարի 1–ի «Դիտարան»–ը հրապարակում է մի աղյուսակ։ Երկու հրատարակություններում էլ մանրամասնորեն ներկայացվում է այն հաջողությունների մասին, որոնց տարեշրջանում հասել է Եհովայի և Հիսուս Քրիստոսի գլխավորությամբ նրա Թագավորության մասին վկայությունը։ 1997 թ.–ի «Տարեգիրք»–ը հաղորդում է, որ 1996թ. Հիսուսի մահվան տարեկան Հիշատակի երեկոյին ներկա են եղել 12921933 Վկա և հետաքրքրվող անհատներ։ 1996 թվականի ծառայության ընթացքում Եհովայի Վկաները բարի լուրի ծանուցմանը նվիրել են ավելի քան 1140600000 ժամ, և մկրտվել է 366579 նորադարձ։ Իսկ նրանց տարածած աստվածաշնչային հրատարակությունների թիվը հասել է հարյուրավոր միլիոնների։