Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 9/14 էջ 14–15
  • Մորիսկների արտաքսումը Իսպանիայից

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Մորիսկների արտաքսումը Իսպանիայից
  • 2014 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԴԱՎԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ՝ ԲՌՆԻ ՈՒԺՈՎ
  • «Ո՛Չ ԼԱՎ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐ ԷԻՆ, Ո՛Չ ՀԱՎԱՏԱՐԻՄ ՀՊԱՏԱԿՆԵՐ»
  • Բովանդակություն
    2014 Արթնացե՛ք
  • Աստծու Խոսքը հայտնի է դառնում միջնադարյան Իսպանիայում
    2014 Դիտարան
  • Հրովարտակներ, որոնք բաժանեցին մայրցամաքները
    2015 Արթնացե՛ք
  • Ինչպե՞ս կզրուցես մահմեդականի հետ
    1999 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
2014 Արթնացե՛ք
g 9/14 էջ 14–15
Մորիսկներն արտաքսվում են Իսպանիայից

ԱՆՑՅԱԼԻ ԷՋԵՐԻՑ

Մորիսկների արտաքսումը Իսպանիայից

Ասում են, թե այս տխուր պատմության մեջ իսպանացիների ձեռնարկած գրեթե յուրաքանչյուր քայլ եկեղեցու ազդեցության տակ է արվել։ Սա մի այնպիսի պատմություն է, որն իսկապես արժե ընթերցել։

ԻՍՊԱՆԱԿԱՆ միապետության նպատակն էր ունենալ քրիստոնեական պետություն, որում կգործեր մեկ օրենսդրություն։ Այդ ժամանակաշրջանում մորիսկներին անհավատ էին համարում, ուստի այն, որ երկրում մորիսկներ էին բնակվում, իսպանացիների կարծիքով՝ ծանր հանցանք էր Աստծու աչքում։ Տարիներ անց ընդունվեց մի որոշում, ըստ որի՝ մորիսկներին պետք է արտաքսեին երկրիցa։

ԴԱՎԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ՝ ԲՌՆԻ ՈՒԺՈՎ

Հարյուրավոր տարիներ Իսպանիայում բնակվող մավրերը (փոքրամասնություն կազմող մահմեդականներ, որոնց «մուդեխար» էին անվանում) համեմատաբար խաղաղ կյանքով էին ապրում այն տարածքներում, որոնք գտնվում էին կաթոլիկ եկեղեցու հսկողության տակ։ Որոշ ժամանակ մի շարք տարածքներում նրանք ապրում էին օրինական կարգավիճակով, ինչի շնորհիվ կարողանում էին պահել իրենց օրենքներն ու սովորությունները և դավանել իրենց կրոնը։

Սակայն 1492թ.-ին կաթոլիկ միապետներ Ֆերդինանդ II-ը և Իզաբելը գրավեցին Գրանադան, որը մահմեդականների իշխանության տակ գտնվող վերջին տարածքն էր Իբերիայում։ Մավրերը հանձնվեցին այն պայմանով, որ ունենան նույն իրավունքները, որ ունեին մուդեխարները։ Սակայն կաթոլիկ առաջնորդները շուտով սկսեցին ավելի շատ հալածել և ճնշումների ենթարկել իրենց իշխանության տակ գտնվող մահմեդականներին՝ նրանց դավանափոխ անելու նպատակով։ Տեսնելով, որ պետությունը խախտում է նախկին համաձայնության պայմանները՝ մավրերը սկսեցին դժգոհել և 1499թ.-ին խռովություն բարձրացրին։ Պետական զորքերը ճնշեցին ապստամբությունը։ Դրանից հետո մահմեդականներին սկսեցին ստիպել, որ նրանք կա՛մ դավանափոխ լինեն, կա՛մ լքեն երկիրը։ Դավանափոխ եղած մահմեդականներին, որոնք շարունակեցին ապրել երկրում, իսպանացիները անվանեցին «մորիսկներ»։

«Ո՛Չ ԼԱՎ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐ ԷԻՆ, Ո՛Չ ՀԱՎԱՏԱՐԻՄ ՀՊԱՏԱԿՆԵՐ»

1526թ.-ին ողջ Իսպանիայում արգելվեց մահմեդականությունը։ Չնայած դրան՝ շատ մորիսկներ գաղտնաբար շարունակում էին դավանել իրենց կրոնը։ Նրանք մեծամասամբ պահպանեցին իրենց մշակութային առանձնահատկությունները։

Սկզբում իսպանացիներն աչք էին փակում այն բանի վրա, որ մորիսկները ձևականորեն էին դավանում կաթոլիկությունը։ Պատճառն այն էր, որ մորիսկները օգուտ էին բերում պետությանը՝ հարկեր վճարելով, աշխատելով որպես վարպետներ, արհեստավորներ և բանվորներ։ Սակայն իսպանացիներին վրդովվեցնում էր այն, որ մորիսկները չէին ենթարկվում ձուլման։ Ուստի վերջիններիս հանդեպ խտրականություն էր դրսևորվում թե՛ պետության, թե՛ ժողովրդի կողմից։ Նման վերաբերմունքի պատճառ էր նաև այն, որ հոգևորականները գնալով ավելի շատ էին կասկածում, որ մորիսկներն անկեղծորեն են ընդունել կաթոլիկությունը։

Որոշ ժամանակ անց մորիսկների հանդեպ հանդուրժողական վերաբերմունքը վերջ գտավ, և նրանց սկսեցին մեծ ճնշումների ենթարկել։ 1567թ.-ին Ֆիլիպ II թագավորի որոշմամբ արգելք դրվեց մորիսկների լեզվի, ազգային հագուստի, սովորույթների ու ավանդույթների վրա։ Այս որոշումը ապստամբության և արյունահեղության նոր ալիք բարձրացրեց։

Ըստ հաշվարկների՝ մոտ 300000 մորիսկներ ծանր հալածանքների պատճառով ստիպված եղան լքելու Իսպանիան

Իսպանիայի կառավարիչները, ինչպես նշում են պատմաբանները, եկան այն համոզման, որ «մորիսկները ո՛չ լավ քրիստոնյաներ էին, ո՛չ հավատարիմ հպատակներ»։ Այդ պատճառով նրանց սկսեցին մեղադրել, թե գաղտնի համագործակցում են թշնամիների՝ բերբերյան ծովահենների, ֆրանսիացի բողոքականների և թուրքերի հետ, որպեսզի օգնեն նրանց զավթելու Իսպանիան։ Մորիսկների հանդեպ կանխակալ կարծիքը և այն բանի վախը, թե նրանք վաղ թե ուշ կդավաճանեն Իսպանիային, պատճառ եղան, որ Ֆիլիպ III-ը 1609-ին նրանց արտաքսելու վճիռ կայացնիb։ Հետագա տարիներին հետապնդում էին ցանկացած մարդու, ում կասկածում էին, թե մորիսկ է։ Այդպիսի ստոր միջոցներով ամբողջ Իսպանիան դարձավ կաթոլիկ երկիր։

a Իսպաներեն «մորիսկներ» բառը նշանակում է «փոքրիկ մավրեր»։ Պատմաբանները (առանց նվաստացնելու միտում ունենալու) այս անվանումը օգտագործում են այն մահմեդականների առնչությամբ, ովքեր դավանափոխ էին եղել՝ ընդունելով կաթոլիկությունը, և շարունակել էին ապրել Իբերյան թերակղզում վերջին մահմեդական թագավորության անկումից հետո (1492թ.)։

b Պատմաբանները ենթադրում են, որ իսպանացի կառավարիչներից առնվազն մեկը կարող էր մեծ շահույթ ստանալ մորիսկների կալվածքների բռնագրավումից։

ԿԱՐՃ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Մ.թ. 8-րդ դարի սկզբում Հյուսիսային Աֆրիկայի բնակիչները և արաբ մահմեդականները գրավեցին Իբերյան թերակղզու մեծ մասը (ներկայիս Իսպանիայի ու Պորտուգալիայի տարածքը)։

  • Կաթոլիկ զորքերը սկսեցին հողերի հետնվաճման երկարատև գործընթացը, որն ավարտվեց 1492թ.-ին, երբ Իսպանիան գրավեց մավրերի վերջին հենակետը՝ Գրանադան։

  • 1492թ.-ին Ֆերդինանդ թագավորը և Իզաբել թագուհին իրենց թագավորությունից արտաքսում էին ցանկացած հրեայի, ով չէր ընդունում կաթոլիկությունը։ 1500-ականներին դավանափոխ եղած մահմեդականներին ու նրանց սերունդներին հալածանքների էին ենթարկում և վերաբնակեցնում էին։ 1609–1614թթ.-ին մորիսկները՝ մահմեդական ծագում ունեցող «նոր քրիստոնյաները», արտաքսվեցին երկրից։

  • Ըստ հաշվարկների՝ մոտ 300000 մորիսկներ ծանր հալածանքների պատճառով ստիպված եղան լքելու Իսպանիան։ Ենթադրվում է, որ արտաքսման ժամանակ մոտ 10000 մորիսկ է մահացել դիմադրություն ցույց տալու համար։

«Մաքուր» կաթոլիկություն՝ ողջ երկրում

Վալենսիայի արքեպիսկոպոս Խուան դե Ռիբերան եռանդորեն թիկունք էր կանգնում մորիսկների արտաքսմանը

Վալենսիայի արքեպիսկոպոս Խուան դե Ռիբերան եռանդորեն թիկունք էր կանգնում մորիսկների արտաքսմանը

Իսպանիան անկասկած տնտեսական մեծ վնասներ կրեց՝ արտաքսելով մորիսկներին, որոնք երկրի համար մեծ աշխատուժ էին։ Այդուհանդերձ, նրանց արտաքսումից հետո երկիրը ինչ-որ իմաստով ցնծություն ապրեց։ Ինչպես հայտնում են պատմական գրքերը, այն փաստը, որ երկրում ապրում էին մորիսկներ (որոնց դավանափոխության անկեղծությունը կասկածի տեղիք էր տալիս), շատ իսպանացիներ համարում էին «անպատվություն ազգի համար և վաղուց ի վեր գոյություն ունեցող անհանգստության պատճառ»։ Այժմ այդ անհանգստության պատճառն այլևս չկար։ Քաղաքական առաջնորդները, ժողովուրդը և եկեղեցին ցնծում էին, քանի որ ողջ երկրում վերջապես «մաքուր» կաթոլիկություն էր հաստատվել։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը