Դիտում ենք աշխարհը
«Բջջային հեռախոսները կարող են կանխել անցանկալի մարդկանց հետ շփումը։ Բջջային հեռախոս ունեցողների 13 տոկոսը ձևացնում է, թե հեռախոսով է խոսում, որպեսզի խուսափի իր շրջապատի մարդկանց հետ շփումից» («ՓՅՈՒ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ», ԱՄՆ)։
Վերջին հինգ ամառների ընթացքում արձանագրվել է Արկտիկայի սառցաբեկորների նվազագույն ծավալ («ԲԻ-ԲԻ-ՍԻ ՆՅՈՒԶ», ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ)։
«Աֆրիկայի հերկելի հողերի մոտ 47 տոկոսը մնում է անմշակ» (THE WITNESS, ՀԱՐԱՎԱՖՐԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ)։
«Վերջին 10 տարիների ընթացքում 10 երկրներ (Նիդերլանդներ, Բելգիա, Կանադա, Իսպանիա, Հարավաֆրիկյան Հանրապետություն, Նորվեգիա, Շվեդիա, Պորտուգալիա, Իսլանդիա, Արգենտինա) օրինականացրել են միասեռականների ամուսնությունը» (FAMILY RELATIONS, ԱՄՆ)։
«Անհանգիստ օրերը» թողնում են իրենց հետքը
Հյուսիսային Իռլանդիայում անցկացված մի հետազոտություն ցույց է տալիս, որ կրոնական ու քաղաքական հակամարտությունը թողնում է իր հետքը։ Այս հակամարտությունը Իռլանդիայում հայտնի դարձավ «անհանգիստ օրեր» անունով, որը տևեց մոտ երեք տասնամյակ, և որի պատճառով բնակչության երկու երրորդ մասը տրավմատիկ հետևանքներ կրեց։ Օլստերի համալսարանի հոգեբանական հետազոտությունների ինստիտուտը պարզեց, որ Հյուսիսային Իռլանդիայի բնակչության 10 հոգուց 1-ը տառապել է հետտրավմատիկ սթրեսային խանգարումից (The University of Ulster’s Bamford Centre for Mental Health and Wellbeing)։ Ըստ «Իռլանդական թայմ» հանդեսի հաղորդագրության՝ սա գրանցված «բարձրագույն ցուցանիշներից մեկն է»։ «Հաշվի առնելով այս հարաբերակցությունը,— ասվում է հանդեսում,— «անհանգիստ օրերը» եղել են աշխարհի ամենասարսափելի հակամարտությունը, ինչի հետևանքով 500 մարդուց մեկը մահացել է»։
Էքստրեմալ եղանակը «նորմալ է»
Միացյալ Նահանգներում գնալով ավելի են շատանում եղանակային տարօրինակությունները։ Այն, ինչ մի ժամանակ անսովոր երևույթ էր՝ մեծամասշտաբ ջրհեղեղներ, սարսափելի երաշտներ և սաստիկ ձնաբքեր, այսօր նորմալ է։ Գիտնականների կողմից կազմակերպված մի համագումարի ժամանակ Տեխասի պոլիտեխնիկական ինստիտուտի կլիմայագետ Քեթրին Հեյոն իր համագործակիցներին ասաց. «Մենք սովոր ենք որոշակի պայմանների, բայց այն, ինչ կատարվում է այսօր, մեզ համար անսովոր է» (The Union of Concerned Scientists)։ Հեյոն և մյուս մասնագետները կարծում են, որ ողջ աշխարհում կլիմայի փոփոխության և նրա տարօրինակության պատճառը մարդկային գործոնն է։