Թերեզին բերդը. անկարող՝ կանխելու տառապանքը
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ Եվրոպայի քաղաքներ Դրեզդենի և Պրահայի միջև գտնվում է Թերեսիենստադ (կամ՝ Թերեզին) քաղաքը։ Այստեղ կա մեծ պատնեշներով մի հսկա բերդ։ Այն կառուցվել է խոչընդոտելու օտարազգիների մուտքը երկիր և պաշտպանելու տարածաշրջանում ապրող մարդկանց։
Գերմանիայի թագավոր և Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Հովսեփ II-ը պատվիրեց կառուցել այս բերդը և անձամբ ներկա եղավ, երբ ուսումնասիրվեց տարածքը և երբ 1780 թվականի վերջին դրվեց հիմնաքարը։ Բերդը կառուցվել է ի պատիվ նրա մոր՝ Մարիա Թերեզա կայսրուհու։ Այդ պատճառով ստացել է չեխական անվանումը՝ Թերեզին, որը նշանակում է «Թերեզայի քաղաք»a։ Ասում են, որ շինարարությանը մասնակցել է ամենաշատը 14000 մարդ։ Աշխատանքի մեծ մասը ավարտվեց չորս տարվա ընթացքում։
Երբ 1784թ.-ին ավարտվեց շինարարությունը, Թերեզինը այդ ժամանակ ամենամեծ բերդն էր Հաբսբուրգների տիրույթներում։ Շինարարության մեջ կիրառվել է մինչ այդ գոյություն ունեցող լավագույն ինժեներական տեխնիկան։ Սակայն մինչև ավարտին հասցնելը քաղաքական դրությունը կտրուկ փոխվեց։
Երբ թշնամիները նվաճեցին երկիրը, չկարողացան պաշարել ամրոցը։ Նրանք շրջապատեցին հարևան գյուղերը և թալանեցին ամեն բան։ Այդ պատճառով մինչև 1888 թվականը Թերեզինը կորցրեց իր ստատուսը որպես ռազմական բերդ։ Նրա հսկայական պատնեշները դարձան գեղեցիկ այգիներ՝ արահետներով ու նստարաններով։
Բերդ և քաղաք
Թերեզին բերդը մի քաղաք էր, որն ամեն կողմից պաշտպանված էր։ Նրա հսկայական պատնեշների հետևում շինվել էին կացարաններ զինվորների, նրանց ընտանիքների և այլ քաղաքացիների համար։
Գլխավոր բերդին կից կառուցվել էր նաև ավելի փոքրը, որը ծառայում էր որպես զինվորական բանտ։ 1800-ականների սկզբներին Հաբսբուրգների կայսրության հակառակորդները այնտեղ են պահվել։ Մոտ հարյուր տարի անց բանտարկյալների մեջ ընդգրկվեցին նաև այն երիտասարդները, ովքեր մասնակցություն էին ունեցել Սարաևոյում 1914 թվականին գահաժառանգ Ֆրանսիս Ֆերդինանդի սպանությանը։ Նրանք մահվան չէին դատապարտվել, քանի որ 20 տարեկան չկային։ Բանտարկությունից շատ չանցած՝ նրանցից շատերը մահացան բանտում։ Նրանք չարչարանքների էին ենթարկվել, ոմանք հոգեկան խանգարում էին ստացել։ Գավրիլո Պրինսիպը՝ գլխավոր մարդասպանը, մահացավ այս բանտում Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում։
Փոքր բերդը Ավստրո-Հունգարիայում ամենասարսափելի բանտերից մեկն էր համարվում։ Հաճախ բանտարկյալները, ծանր շղթաներով կապված, մնացել են սառը և խոնավ խցերում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում այս բերդը ավելի դաժան նպատակների է ծառայել։
«Թերեզին հանգստյան քաղաք». ինչ էր դա իրականում
1941թ.-ին, այն բանից հետո, երբ նացիստները նվաճեցին ու զավթեցին ներկայիս Չեխիան, սկսեցին հրեաներին տեղափոխել գլխավոր բերդ։ Թերեսիենստադ քաղաքը դարձավ փակ հրեական թաղամաս՝ գետտո։ Նացիստները կարծում էին, որ ռասայական խտրականությունը անհրաժեշտ էր հրեաների և ոչ հրեաների միջև ընդհարումներից խուսափելու համար։ Չնայած Թերեսիենստադ քաղաքը հանրությանը ներկայացվում էր որպես փակ հանգստյան քաղաք, որտեղ հրեաները կարող էին բուժում ստանալ, նացիստները գաղտնի ծրագրում էին վերացնել բոլոր հրեաներին։
Եվրոպայի արևելյան մասում նացիստները արդեն հիմնել էին մահվան ճամբարներ, և հրեաներին Թերեսիենստադից և նման այլ վայրերից աստիճանաբար տեղափոխում էին այստեղ ու սպանումb։ Թեև 1930-ականների կեսերից արդեն լայնորեն տարածված էին այսպիսի ճամբարները, նացիստական պրոպագանդան ներկայացնում էր դրանք որպես ուղղիչ-աշխատանքային հաստատություններ։ Սակայն ժամանակի ընթացքում նման ճամբարների մասին տեղեկությունները շատացան։ Եվ նացիստներին ստիպում էին հայտնել, թե արդյոք այդ ճամբարներում տեղի ունեցող իրավիճակի մասին տեղեկությունները իսկապես ճիշտ են։ Ուստի նացիստները որոշեցին պատասխաններ տրամադրել հանրությանը։ Ինչպե՞ս նրանք դա արեցին։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում՝ 1944 և 1945 թվականներին, միջազգային «Կարմիր խաչ» կամավոր ընկերության ներկայացուցիչներ հրավիրվեցին հետախուզելու գլխավոր բերդը և տեսնելու, թե ինչ է տեղի ունենում այնտեղ։ Սակայն որպեսզի տպավորություն ստեղծեն, թե բերդը հանգստյան քաղաք է, նացիստները զգալիորեն գեղեցկացրին տարածքը։
Շենքերի համարները փոխարինվեցին փողոցի գեղեցիկ անուններով։ Կեղծ բանկ, մանկապարտեզ և խանութներ շինվեցին։ Անգամ սրճարան բացվեց։ Շենքերի ճակատային կողմերը վերակառուցվեցին, կենտրոնական այգին կանաչապատվեց և տաղավար դրվեց, որտեղ երաժշտություն էր հնչում։
Այս ամենից հետո «Կարմիր խաչի» ներկայացուցիչները հրավիրվեցին էքսկուրսիայի։ Նրանց թույլ տվեցին խոսել մի քանի հրեաների հետ, որոնք իբր հրեական ինքնավար համայնքի ներկայացուցիչներն էին։ Հատուկ ընտրվել էին այնպիսի բնակիչներ, որոնք պետք է հարցերին պատասխանեին այնպես, ինչպես նացիստները սովորեցրել էին իրենց։ Երկու առանձին այցելությունների ժամանակ նացիստներին հաջողվեց խաբել «Կարմիր խաչի» ներկայացուցիչներին։ Վերջիններս էլ իրենց հերթին սխալ տեղեկությունների հիման վրա հաշվետվությունների մեջ Թերեսիենստադը նկարագրեցին որպես սովորական հրեական քաղաք, որտեղ հոգ է տարվում բնակիչների մասին։ Երբ նրանք մեկնեցին, հրեաները գետտոյի պատերի ներսում շարունակեցին տառապել, սովի մատնվել ու մահանալ։ Ողջ մնացին մի քանի հրեաներ, որոնք տեսան Երկրորդ համաշխարհային պատերազմը։
Փոքր բերդ
Փոքր բերդը նույնպես նացիստները որպես բանտ էին օգտագործում։ Այնտեղ տիրում էին նույն պայմանները, ինչ համակենտրոնացման ճամբարներում։ Տասնյակ հազարավոր տղամարդիկ ու կանայք են բանտարկվել այս բերդում։ Փոքր բերդը այս մարդկանց համար կանգառ էր, որտեղից նրանց տեղափոխում էին Գերմանիայի տարածքում գտնվող ավելի մեծ ճամբարներ։
Պրահայից, Պլզենից և Չեխիայի այլ քաղաքներից ամենաքիչը 20 Եհովայի վկաներ են բանտարկվել Փոքր բերդում։ Ո՞րն էր նրանց հանցանքը։ Նրանք հրաժարվել էին նացիստներին աջակցելուց և քաղաքական հարցերում չեզոքություն էին պահպանել։ Չնայած քարոզչության վրա դրված արգելքին՝ Վկաները շարունակում էին պատմել մարդկանց Աստվածաշնչի բարի լուրի մասին։ Նրանք չարչարանքներ էին կրում միայն հանուն իրենց հավատի, ոմանք մահվան էին դատապարտվում կամ տանջվում մինչև մահ։
Ի՞նչ ենք սովորում
Աստվածաշունչն ասում է. «Մի՛ ապավինեք իշխանավորներին, մարդու որդուն, որի մոտ փրկություն չկա։ Նրա ոգին դուրս է գալիս, և նա դեպի իր հողն է դառնում. նույն օրը կորչում են նրա մտքերը» (Սաղմոս 146։3, 4)։ Թերեզին բերդը այս ճշմարտության վառ ապացույցն է։
[ծանոթագրություններ]
a Կայսրուհին եղել է նաև Մարի Անտոնիտի մայրը, որը դարձավ Ֆրանսիայի թագուհի։
b Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս «Արթնացե՛ք»-ի 1995թ. դեկտեմբերի 8-ի համարը, էջ 3–15 (ռուս.) և 1989թ. ապրիլի 8-ի համարը, էջ 3–20 (անգլ.)։
[շրջանակ 20-րդ էջի վրա]
ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ ՓՈՔՐ ԲԵՐԴՈՒՄ
[նկար 20-րդ էջի վրա]
Շատ Եհովայի վկաներ, ովքեր բանտարկվում էին Թերեսիենստադում, սկզբում հարցաքննվում էին Պրահայի գեստապոյի կողմից։ Թերեսիենստադից հետո սովորաբար նրանք ուղարկվում էին Գերմանիայում գտնվող համակենտրոնացման ճամբարներ։ Ինչպե՞ս Վկաները կարողացան դիմանալ ոչ միայն ծանր ու դաժան պայմաններին, այլև մեկուսացմանը։
Մի Վկա կին, որը բանտարկվել էր Թերեսիենստադում, պատմում է. «Աստվածաշնչային ուսմունքները չմոռանալու համար անընդհատ մտքումս կրկնում էի դրանք։ Որ բանտն էլ, որ ինձ տեղափոխում էին, Վկաների էի փնտրում ու եթե իմանում էի, որ կան, փորձում էի կապ հաստատել։ Միևնույն ժամանակ ջանք էի թափում, որ քարոզեմ ուրիշներին, որքան հանգամանքները թույլ էին տալիս»։
Նման տրամադրվածությունը օգնեց այս կնոջը։ Նա հավատարիմ մնաց Աստծուն թե՛ բանտարկության ողջ ընթացքում, թե՛ հետագա տարիներին։
[նկար 18-րդ էջի վրա]
Նամականիշ, որի վրա պատկերված է Թերեզինը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ
[նկար 19-րդ էջի վրա]
Նոր բանտարկյալները տարվում են բարաքներ։ Մուտքին գերմաներեն գրված է. «Arbeit Macht Frei» (Աշխատանքը ազատում է)
[նկար 19-րդ էջի վրա]
Մահճակալներ բերդի կանանց բաժնում
[նկար 20-րդ էջի վրա]
Փոքր բերդի գլխավոր մուտքը
[նկար/թույլտվությամբ 19-րդ էջի վրա]
Both photos: With courtesy of the Memorial Terezín