Երիտասարդները հարցնում են
Ի՞նչ պետք է իմանամ սոցիալական ցանցի մասին. մաս 2
Համարակալիր ստորև բերված կետերը ըստ կարևորության։
․․․․․ իմ գաղտնիությունը
․․․․․ իմ ժամանակը
․․․․․ իմ համբավը
․․․․․ իմ ընկերները
ԿԵՏԵՐԻՑ ո՞ր մեկն ես ըստ կարևորության առաջինը թվագրել։ Վերը նշված բոլոր կետերը, այդ թվում նաև քո նշածը կարող են վտանգի ենթարկվել, եթե օգտվում ես սոցիալական ցանցից։
Պե՞տք է արդյոք հաշիվ ունենաս սոցիալական ցանցում։ Եթե ծնողներիդ հետ ես ապրում, ապա այդ հարցը նրանք պետք է որոշենa (Առակներ 6։20)։ Ինչպես ցանկացած ինտերնետային ցանց, սոցիալական ցանցը նույնպես ունի և՛ առավելություններ, և՛ թերություններ։ Եթե ծնողներդ չեն ցանկանում, որ դու հաշիվ ունենաս, ապա պետք է վարվես նրանց կամքի համաձայն (Եփեսացիներ 6։1)։
Սակայն ինչպե՞ս կարող ես խուսափել վնասներից, եթե ծնողներդ թույլ են տալիս քեզ օգտվել սոցիալական ցանցից։ Այս պարբերագրում տեղ գտած «Երիտասարդները հարցնում են» խորագրի առաջին մասում խոսվեց երկու բնագավառների մասին՝ քո անձնական տվյալների և քո ժամանակի։ Իսկ այս հոդվածում կխոսենք քո համբավի ու քո ընկերների մասին։
ՔՈ ՀԱՄԲԱՎԸ
Մտածել քո համբավի մասին նշանակում է զգույշ լինել, որ ուրիշները հիմնավոր պատճառ չունենան քո մասին վատը մտածելու։ Պատկերացրու, որ նոր մեքենա ունես, որի վրա մի բիծ կամ հետք չկա։ Ինչ խոսք, կուզեիր, որ այն միշտ այդ վիճակում մնար։ Իսկ ի՞նչ կզգայիր, եթե քո անզգուշության պատճառով մեքենադ վթարի ենթարկվեր։
Նման բան կարող է պատահել նաև քո համբավի հետ, երբ օգտվում ես սոցիալական ցանցից։ «Մի անմտածված նկարի կամ քոմենթի պատճառով քո համբավը կարող է արատավորվել»,— ասում է Կառա անունով մի աղջիկ։ Ուշադրություն դարձրու, թե ինչը կարող է ազդել քո համբավի վրա։
● Քո նկարները։ Պետրոս առաքյալը գրեց. «Լավ վարք ունեցեք ազգերի մեջ» (1 Պետրոս 2։12)։ Երբ սոցիալական ցանցում նկարներ ես նայում, ի՞նչ ես նկատում։
«Երբեմն այն անձնավորությունը, ում մասին բարձր կարծիք եմ ունեցել, այնպիսի նկարներ է տեղադրում իր կայքում, կարծես խմած լինի» (Էն, 19)։
«Ես ճանաչում եմ աղջիկների, որոնք նկարներում այնպիսի կեցվածք են ընդունում, որ ընդգծում են իրենց մարմինը։ Սակայն իրական կյանքում նրանք լրիվ ուրիշ մարդիկ են» (Կառա, 19)։
Ի՞նչ կմտածես այն մարդու մասին, ով իր կայքում տեղադրում է նկարներ, որոնց մեջ 1) գայթակղիչ կամ 2) հարբած տեսք ունի։
1 ․․․․․
2 ․․․․․
● Քո քոմենթները։ «Թող ոչ մի նեխած խոսք [«անպարկեշտ խոսք», International Standard Version] դուրս չգա ձեր բերանից»,— ասվում է Եփեսացիներ 4։29-ում։ Ոմանք նկատել են, որ ժարգոնային լեզուն, բամբասանքը կամ անպարկեշտ խոսակցությունները ցանցում դառնում են քննարկման թեմա։
«Սոցիալական կայքում մարդիկ ավելի քիչ կաշկանդված են։ Բառերը այնքան վատ չեն հնչում, երբ տպում ես դրանք, որքան երբ բարձրաձայն ես ասում։ Գուցե չես հայհոյում, սակայն խոսքերդ կարող են լինել ավելի գայթակղիչ, համարձակ և նույնիսկ կեղտոտ» (Դենիել, 19)։
Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ են մարդիկ ավելի անկաշկանդ զգում համակարգչի առաջ։
․․․․․
Մի՞թե քո տեղադրած նկարներն ու քոմենթները իսկապես կարող են նշանակություն ունենալ։ Այո՛։ «Դպրոցում դա բուռն քննարկման թեմա էր»,— ասում է պատանի Ջեյնը։ «Մենք մտածում էինք, որ եթե գործատերերը մտնեն ցանկացած մարդու էջ, ով դիմել է աշխատանքի համար, ու տեսնեն նրա անձնական տվյալները, կարող են կարծիք կազմել նրա մասին»։
Դոկտոր Բ. Ֆոգը իր գրքում նշում է, որ հենց այդպես է վարվում։ «Ես կարծում եմ, որ դա լավ միջոց է, երբ որևէ մեկին աշխատանքի ես ընդունում»— ասում է նա։ «Երբ մտնում եմ տվյալ անհատի էջ և անկապ բաներ եմ տեսնում, դա ինձ դուր չի գալիս։ Չեմ ուզում այդպիսի մարդու աշխատանքի ընդունել։ Ինչո՞ւ։ Քանի որ ուզում եմ աշխատել ողջամիտ մարդկանց հետ» (Facebook for Parents)։
Եթե քրիստոնյա ես, ապա պետք է ավելի կարևոր մի բան հաշվի առնես. ինչպես կարող են քո անձնական տվյալները ազդել ուրիշների վրա, անկախ նրանից՝ նրանք քո հավատակիցներն են, թե ոչ։ Պողոս առաքյալը գրեց. «Ոչ մի ձևով մենք գայթակղության որևէ առիթ չենք տալիս» (2 Կորնթացիներ 6։3; 1 Պետրոս 3։16)։
Ինչ կարող ես անել
Եթե ծնողներդ թույլ են տալիս քեզ օգտվել սոցիալական ցանցից, նայիր քո տեղադրած նկարներին և հարցրու ինքդ քեզ. «Ի՞նչ են ասում այս նկարները իմ մասին։ Արդյո՞ք ուզում եմ հենց այսպես ներկայացնել ինձ։ Անհարմար իրավիճակում կհայտնվե՞մ, եթե ծնողներս, երեցը կամ ապագա գործատերս տեսնեն իմ նկարները»։ Եթե այս վերջին հարցին պատասխանես այո՛, ուրեմն փոփոխություններ արա։ Այդպես վարվեց 21-ամյա Քեյթը։ «Մի երեց խոսեց ինձ հետ իմ նկարների մասին,— ասում է նա,— ես շատ շնորհակալ էի նրան։ Հասկանում էի, որ նա ուզում է պաշտպանել իմ համբավը»։
Նաև ուշադիր նայիր քոմենթներիդ, ինչպես նաև քեզ ուղարկած ուրիշների քոմենթներին։ «Հիմար խոսակցությունները» կամ «անպարկեշտ կատակները» մի՛ հանդուրժիր (Եփեսացիներ 5։3, 4)։ «Երբեմն մարդիկ վատ բառերով կամ երկիմաստ քոմենթներ են տեղադրում»,— ասում է 19-ամյա Ջեյնը։ «Թեև դու չես ասում այս բառերը, սակայն դրանք վատ են անդրադառնում քեզ վրա, քանի որ դա քո էջն է»։
Երբ հարցը վերաբերում է քո տեղադրած նկարներին կամ քոմենթներին, ի՞նչ սահմաններ ես դնում, որպեսզի պաշտպանես համբավդ։
․․․․․
ՔՈ ԸՆԿԵՐՆԵՐԸ
Եթե նոր մեքենա ունենաս, թույլ կտա՞ս, որ ցանկացած մարդ նստի քո մեքենան։ Եթե ծնողներդ թույլ են տալիս քեզ օգտվել ցանցից, դու նմանատիպ իրավիճակում ես հայտնվում ու պետք է մտածես, թե ում հրավիրես դառնալու քո ընկերը։ Ինչպե՞ս կվարվես։
«Ոմանք կյանքի նպատակ են դարձրել ընկերներ ձեռք բերելը. որքան շատ ընկերներ, այնքան լավ։ Նրանք նաև ընկերների ցուցակում ընդունում են նրանց, ում չեն ճանաչում» (Նայիշա, 16)։
«Սոցիալական ցանցը հնարավորություն է տալիս նորից կապ հաստատելու հին ծանոթների հետ։ Սակայն երբեմն մտածում ես, որ ավելի լավ է՝ նրանք անցյալում մնային» (Էլեն, 25)։
Ինչ կարող ես անել
Առաջարկ։ Ստուգիր ու փոխիր։ Ստուգիր քո ընկերների ցուցակը և անհրաժեշտության դեպքում փոփոխություններ արա։ Հարցրու ինքդ քեզ։
1. «Գիտե՞մ, թե ինչպիսի անհատ է նա իրական կյանքում»։
2. «Ի՞նչ նկարներ կամ քոմենթներ ունի այդ անհատը»։
3. «Արդյոք այս ընկերը դրակա՞ն ազդեցություն է ունենում ինձ վրա»։
«Ամեն ամիս աչքի եմ անցկացնում իմ «ընկերների ցուցակը»։ Եթե տեսնում եմ որևէ մեկի, ով ինձ դուր չի գալիս կամ ում լավ չեմ ճանաչում, ջնջում եմ այդ մարդուն իմ ցուցակից» (Իվանա, 17)։
Առաջարկ։ Ունեցիր «ընկերներ ընտրելու չափանիշներ»։ Որոշիր, թե ում ես ընտրելու քեզ որպես ընկեր, ինչպես որ կվարվեիր իրական կյանքում (1 Կորնթացիներ 15։33)։ Օրինակ՝ Լին անունով մի երիտասարդ կին ասում է. «Իմ չափանիշը հետևյալն է. եթե ես չեմ ճանաչում քեզ, ապա չեմ ընդունի ընկերություն անելու քո առաջարկը։ Եթե քո էջի վրա ինչ-որ բան եմ տեսնում և դա ինձ դուր չի գալիս, ես կջնջեմ քեզ իմ «ընկերների ցուցակից» և այլևս ոչ մի առաջարկ չեմ ընդունի»։ Ուրիշները նույնպես այսպիսի չափանիշներ են սահմանել։
«Ես ցանկացած մարդու «ընկեր» չեմ համարում։ Դա կարող է վտանգավոր լինել» (Էրին, 21)։
«Հին դասընկերներս շատ են խնդրել, որ ցանցում դառնամ նրանց ընկերը։ Բայց ես դեռ դպրոցում եղած ժամանակ ամեն բան անում էի, որ խուսափեմ նրանցից, առավել ևս հիմա, ինչո՞ւ պետք է նրանց ընկերը լինեմ» (Ալեքս, 21)։
Ստորև գրի առ ընկերության հետ կապված քո չափանիշները
․․․․․
«Երիտասարդները հարցնում են» խորագրից տարբեր լեզուներով այլ հոդվածներ կարելի է գտնել www.watchtower.org վեբ կայքում։
[ծանոթագրություն]
a «Արթնացե՛ք»-ը ո՛չ խրախուսում է, ո՛չ էլ քննադատում սոցիալական ցանցի որևէ ձև։ Քրիստոնյաները պետք է հավաստիանան, որ այն, թե ինչպես են օգտվում ինտերնետից, չի հակասում աստվածաշնչային սկզբունքներին (1 Տիմոթեոս 1։5, 19)։
[մեջբերում 28-րդ էջի վրա]
Աստվածաշունչը նշում է. «Լավ անունը մեծ հարստությունից նախընտրելի է» (Առակներ 22։1)
[շրջանակ 30-րդ էջի վրա]
ՀԱՐՑՐՈՒ ԾՆՈՂՆԵՐԻԴ
Ծնողներիդ հետ քննարկիր այս և նախորդ հոդվածները։ Միասին տեսեք, թե ինտերնետից օգտվելը որքան է ազդում 1) քո տվյալների գաղտնիության, 2) քո ժամանակի, 3) քո համբավի և 4) քո ընկերների վրա։
[շրջանակ 31-րդ էջի վրա]
ԾՆՈՂՆԵՐԻՆ
Ձեր երեխաները գուցե ավելի շատ բան գիտեն ինտերնետային աշխարհի մասին, քան դուք։ Բայց, միևնույնն է, նրանք ձեր նման խորաթափանց չեն (Առակներ 1։4; 2։1–6)։ Փերի Աֆթաբ անունով մի մասնագետ ասում է. «Երեխաները շատ բան գիտեն տեխնիկայի մասին, իսկ ծնողները՝ կյանքի»։
Վերջին տարիներին սոցիալական ցանցը մեծ տարածում է գտել։ Արդյոք ձեր երեխան բավական հասո՞ւն է դրանից օգտվելու համար։ Դա դուք պետք է որոշեք։ Ինչպես մեքենա վարելու, վարկաքարտ օգտագործելու, այնպես էլ սոցիալական ցանցից օգտվելու դեպքում կան ռիսկի գործոններ։ Որո՞նք են դրանցից մի քանիսը։
ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ։ Շատ պատանիներ չեն հասկանում, թե ինչ կարող է լինել ինտերնետում անսահման ինֆորմացիա տեղադրելու հետևանքով։ Երբ նրանք նշում են, թե որտեղ են ապրում, որ դպրոցն են հաճախում կամ երբ տանը և տնից դուրս են լինում, այդպիսով վտանգի տակ են դնում ընտանիքի անվտանգությունը։
Ինչ կարող եք անել։ Երբ ձեր երեխաները ավելի փոքր են եղել, դուք, ինչ խոսք, սովորեցրել եք նրանց, որ փողոց անցնելիս հարկավոր է նայել երկու կողմերը։ Իսկ հիմա, երբ նրանք արդեն մեծացել են, սովորեցրեք, թե ինչպես պետք է «երթևեկել» ինտերնետում։ Ինֆորմացիան գաղտնի պահելու վերաբերյալ տեղեկություններ կարդացեք «Երիտասարդները հարցնում են» խորագրի առաջին մասում, ինչպես նաև 2008թ. «Արթնացե՛ք»-ում, էջ 3–9 (ռուս.)։ Այնուհետև քննարկեք ձեր կարդացածը երեխաների հետ։ Ձգտեք «իմաստություն և խորհելու կարողություն» զարգացնել նրանց մեջ՝ ինտերնետից օգտվելու համար (Առակներ 3։21)։
ԺԱՄԱՆԱԿ։ Սոցիալական ցանցը կարող է ժամանակի գող լինել։ 23-ամյա Ռիկն ասում է. «Մի քանի օր էր, ինչ հաշիվ էի բացել, ու չէի կարողանում կտրվել դրանից։ Ժամերով նկարների ու այլ տեղեկությունների մեջ էի խրվում»։
Ինչ կարող եք անել։ Ձեր երեխաների հետ կարդացեք և քննարկեք 2011թ. ապրիլ-հունիս «Արթնացե՛ք»-ի «Երիտասարդները հարցնում են» խորագրի «Տարվա՞ծ եմ էլեկտրոնային մեդիայով» հոդվածը։ Հատկապես ուշադրությունը հրավիրեք 18-րդ էջում տեղ գտած «Ես տարված էի ինտերնետով» շրջանակի վրա։ Օգնեք ձեր երեխաներին «սովորությունների մեջ չափավոր» լինելու և հետևելու ինտերնետից օգտվելու ժամաքանակին (1 Տիմոթեոս 3։2)։ Հիշեցրեք նրանց, որ սոցիալական ցանցով ուրիշների հետ շփվելուց բացի, կյանքում ավելի կարևոր բաներ կան։
ՀԱՄԲԱՎ։ «Տղայի արարքներից անգամ կարելի է իմանալ՝ նրա գործերը մաքուր ու ազնիվ են, թե ոչ» (Առակներ 20։11)։ Այս սկզբունքը հատկապես կիրառելի է ինտերնետի պարագայում։ Ավելին, քանի որ սոցիալական ցանցը բաց ֆորում է, այն, ինչ ձեր երեխաները տեղադրում են այնտեղ, կարող է ազդել ոչ միայն նրանց, այլև ընտանիքի համբավի վրա։
Ինչ կարող եք անել։ Պատանիները պետք է իմանան, որ այն ամենը, ինչ նրանք տեղադրում են ցանցում, ցույց է տալիս, թե ինչպիսի անձնավորություն են իրենք։ Նրանք նաև պետք է իմանան հետևյալ ասացվածքը. «Ինչ լինում է ինտերնետում, մնում է ինտերնետում»։ Բժիշկ Գվեն Շուրգենը իր գրքում գրում է. «Երեխաների համար դժվար է հասկանալ, որ ինտերնետում տեղադրված ինֆորմացիան հավիտյան այնտեղ է մնում։ Ինտերնետից օգտվելու կերպերից մեկն այն է, որ շարունակ սովորեցնեք ձեր երեխաներին չտեղադրել ցանցում այնպիսի տեղեկություններ, որ չէին ասի ինտերնետից դուրս որևէ մեկի» (CyberSafe)։
ԸՆԿԵՐՆԵՐ։ 23-ամյա Տանյան ասում է. «Շատ պատանիներ ուզում են հայտնի դառնալ, այդ պատճառով նրանք ավելի են հակված ընկերանալու անծանոթ կամ անսկզբունքային մարդկանց հետ»։
Ինչ կարող եք անել։ Օգնեք ձեր աղջկան կամ տղային կողմնորոշվելու, թե ում կարելի է ընդգրկել «ընկերների» ցուցակի մեջ։ Օրինակ՝ 22-ամյա Ալիսիան սովորաբար իր ցուցակում չի ընդգրկում իր ընկերների ընկերներին։ Նա ասում է. «Եթե չեմ ճանաչում քեզ կամ երես առ երես չեմ հանդիպել, ուրեմն քեզ իմ ցուցակի մեջ չեմ ավելացնի զուտ այն պատճառով, որ քո ընկերներից մեկի ընկերն եմ»։
Թիմն ու Ջուլիան իրենց անձնական հաշիվն են բացել ցանցում, որ կարողանան հետևել, թե իրենց աղջիկը ում հետ է ընկերություն անում և ինչ տեղեկություններ է տեղադրում այնտեղ։ Ջուլիան ասում է. «Մենք պահանջել ենք, որ նա մեզ ընդգրկի իր ընկերների ցուցակի մեջ։ Ու երբ նա ցանցում շփվում է ուրիշների հետ, ասես նրանց մեր տուն հրավիրած լինի։ Մենք ուզում ենք իմանալ, թե ովքեր են նրանք»։
[նկար 29-րդ էջի վրա]
Ինչպես մեքենան վթարի կենթարկվի, եթե անզգուշորեն վարես, այնպես էլ քո բարի անունը կարատավորվի, եթե անպատշաճ նկարներ կամ քոմենթներ տեղադրես ինտերնետում
[նկար 30-րդ էջի վրա]
Մեքենա վարելիս կվերցնեի՞ր մի անծանոթի զուտ այն պատճառով, որ նա կանգնած է ճանապարհին։ Այդ դեպքում ինչո՞ւ ես ինտերնետում ընկերանում նրանց հետ, ում չես ճանաչում