Օդեսայի կատակոմբը՝ ստորգետնյա լաբիրինթոս
ՆՈՐ վերանորոգված տան պատի վրա մեծ ճեղք է առաջացել։ «Օ՜, սա հաստատ կատակոմբն է, դրա պատճառով շինությունը կսկսի թեքվել»,— հառաչելով ասում է տանտերը։
Ցավալի է, սակայն ինչ էլ որ լինում է պատճառը՝ ջրատար խողովակների պայթյունը, թե ճանապարհների դարուփոսերը, մարդիկ խնդիրը միշտ բարդում են գեղեցիկ Օդեսայի (Ուկրաինա) ստորգետնյա թունելների վրա։ Իսկ ինչի՞ մասին է խոսքը։ Նեղ սրահներից բաղկացած այս լաբիրինթոսը, որի երկարությունը ըստ հաշվարկների՝ 2 500 կմ է, թերևս աշխարհի ամենամեծ կատակոմբն է։
Իսկ ինչպե՞ս են առաջացել այս թունելները։ Ի՞նչ դեր են խաղացել դրանք այն մարդկանց կյանքում, ովքեր ապրել են դրանց վերևում։ Պատասխաններն իմանալու համար եկեք մի հետաքրքիր ճանապարհորդություն կատարենք։
Ստորգետնյա ճանապարհորդություն
Ոգևորված ուղևորներով և ուսանողներով լեցուն մեր ավտոբուսը Օդեսայի գնացքի կայարանից շարժվեց դեպի կատակոմբ։ Ճանապարհին էքսկուրսավարը սկսեց որոշ տեղեկություններ հայտնել այդ թունելների պատմության մասին։
1830–ականներին քաղաքում շինարարություն սկսելու համար էժան և մատչելի շինարարական նյութեր են անհրաժեշտ եղել։ Հողի ընդերքում թեթևաքաշ ամուր դեղին կրաքարեր են եղել։ Հանքափորները գործի են անցել, որպեսզի դուրս բերեն դրանք։ Ի դեպ, այդ ժամանակաշրջանում քարտաշությունը շահութաբեր գործ է համարվել։
Սակայն քանի որ հատուկ նախագիծ չի եղել և մարդիկ փորել են ցանկացած տեղից ու ցանկացած ուղղությամբ, ժամանակի ընթացքում քաղաքի տակ լաբիրինթոս է առաջացել։ Այդ թունելները գտնվում են հողի մակերեսից ավելի քան 35 մետր խորության վրա։ Երբեմն դրանք խաչաձև անցել են իրար վրայով։ Երբ կրաքարը վերջացել է, հանքափորները սկսել են նոր թունելներ փորել։ Ժամանակի ընթացքում թունելների շղթան քաղաքից դուրս է եկել։ Հենց այսպես էլ առաջացել է կատակոմբը։
Շուտով մեր ավտոբուսը հասավ Նեռուբայսկոյե գյուղ, որը գտնվում է Օդեսայի հյուսիսում։ Մենք կանգ առանք կրաքարե մի պատի մոտ, որի վրա ծանր մետաղյա դարպաս կար. կատակոմբի մուտքը փակ էր։ Էքսկուրսավարն ասաց. «Այժմ դուք կտեսնեք այն վայրը, որտեղ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ապրել են սովետական պարտիզանները, և կիմանաք, թե ինչպիսին է եղել նրանց կյանքը այդ տարիներին»։ Կատակոմբի մասնագետ Անդրեյ Կրասնոժոնի խոսքերի համաձայն՝ պարտիզանների մի խումբ այս թունելում ապրել է 13 ամիս։
Այնուհետև էքսկուրսավարը շարունակեց. «Շատերը միաժամանակ ապրել են կատակոմբի տարբեր մասերում։ Այդ մարդիկ եղել են հանցագործներ, ծովահեններ, կառավարության կողմից հետապնդվողներ։ Նրանք բոլորն ապրել են նույն պայմաններում»։
Մենք մտանք մի մութ միջանցք, որը կարծես տարիներով խավարի մեջ է եղել։ «Պարտիզանների համար այս թունելները միայն թաքստոց չէին, հնարավորության սահմաններում նրանք հարմարավետ պայմաններ են ստեղծել իրենց համար,— նշեց էքսկուրսավարը։ Խաղասենյակում մոմի լույսի տակ տղամարդիկ խաղացել են շաշկի, շախմատ կամ դոմինո։ Թունելի հիմնանցքից կողմնակի սենյակներ են փորվել որպես բնակարան։ Յուրաքանչյուր սենյակում եղել է քնելու հարմարանք. պատի մեջ մահճակալի չափով խոռոչ են փորել և հարդ փռել։ Եղել է նաև «հիվանդանոց». այն ունեցել է իսկական մահճակալներ և վիրահատարան։ Կանայք կերակուրը եփել են փայտի վառարանի վրա՝ պատրաստված դեղին կրաքարից, իսկ ծուխը դուրս է եկել թունելի վերևում գտնվող օդանցքով»։
Թունելի առաստաղը կարծես մեծ սպունգ լիներ, որը սակայն փափուկ չէր։ Պատի վրայի սղոցի զիգզագաձև հետքերից երևում էր, որ այդտեղ քար են տաշել։ Թվում էր, թե պատերը շուշաթղթից են։ Հետո էքսկուրսավարը շարունակեց. «Երբ պարտիզանները դուրս էին գալիս կատակոմբից, փոխում էին իրենց հագուստը, որպեսզի գերմանացիները նրանց վրայի հոտից չկարողանային ճանաչել իրենց։ Կատակոմբի խոնավությունը կպչում էր նրանց շորերին, ինչը յուրօրինակ հոտ էր առաջացնում»։
Էքսկուրսավարը մի բան էլ ասաց. «Ստորգետնյա կյանքը այլ առանձնահատկություններ էլ է ունեցել։ Օրինակ՝ թունելի բնակիչները ապրել են մթության մեջ»։ Այս խոսքերից հետո նա անջատեց լույսը, և մենք թաղվեցինք խավարի մեջ։ «Այստեղ ապրողները չեն կարողացել միշտ ճրագներ վառել»։ Մինչ պատերը շոշափելով և խարխափելով ման էինք գալիս, նա մի գաղտնիք էլ բացեց. «Պատերը կլանում են ձայնը, ուստի եթե դուք կորեիք ու օգնություն կանչեիք, ոչ ոք չէր լսի ձեր բղավոցը»։ Բարեբախտաբար, էքսկուրսավարը վառեց լույսը։
Այնուհետև նորից շարունակեց իր պատմությունը. «Պահակները աշխատել են հերթափոխով. երկու ժամը մեկ փոխարինել են իրար։ Քանի որ երկար ժամանակ մթության և կատարյալ լռության մեջ մնալուց հետո անհատին կարող էր թվալ, թե ինչ–որ ձայներ են լսվում մոտակայքում»։ Թունելի կտուրի անցքը հնարավորություն էր տալիս տեսնելու վերևում գտնվող մեկ ուրիշ թունել, որը անցնում էր մեր թունելի վրայով։ Ինձ հետաքրքրեց, թե որտեղից է այն գալիս և ուր է գնում։ Հետո էքսկուրսավարը մի կարևոր տեղեկություն նշեց. «Կատակոմբի ընդամենը 1700 կիլոմետրն է քարտեզագրվել, փաստորեն, դեռ շատ գործ կա անելու»։
Վերջերս հետախույզները նոր թունելներ են հայտնաբերել, որոնց մեջ գտել են շատ հին թերթեր, մինչհեղափոխական շրջանի ճրագներ և ցարական ժամանակներում շրջանառության մեջ եղած փողեր։ Տասնամյակներ շարունակ անձեռնմխելի մնացած այս իրերը պատկանել են այն բնակիչներին, ովքեր ապրել են Օդեսայի խոր, երկար և մութ կատակոմբում։ (Ուղարկված է)
[շրջանակ/նկար 17-րդ էջի վրա]
ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԱՆՁԵՐ
Օդեսայի կենտրոնական մասում դեռևս պահպանվել են դեղին կրաքարից կառուցված գեղեցիկ շենքեր։ Դրանց ներքնահարկերի դռները քեզ անմիջապես ուղեկցում են դեպի կատակոմբ։ Մինչև օրս քաղաքում կրաքարից նոր շենքեր են կառուցվում։
[նկար 16-րդ և 17–րդ էջերի վրա]
«Հիվանդանոցի» մահճակալները, որոնք օգտագործվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ
[նկար 16-րդ և 17–րդ էջերի վրա]
Օդեսայի կատակոմբը ունի 2 500 կմ երկարությամբ ստորգետնյա սրահներ