Աստվածաշնչի տեսակետը
Ճի՞շտ է նախքան ամուսնությունը միասին ապրել
ԱՌԱՆՑ փորձելու կգնեի՞ր կոստյում կամ շրջազգեստ։ Շատերը գնելուց առաջ անպայման փորձում են։ Հակառակ դեպքում, երբ հետո պարզվի, որ շորը մեծ կամ փոքր է, կնշանակի, որ իզուր վատնել են իրենց ժամանակն ու փողը։
Շատերը նույն տրամաբանությամբ են մոտենում նաև ամուսնությանը։ Նրանք կարծում են, որ լավ կլինի միասին ապրել նախքան օրինականորեն ամուսնանալը։ Նրանք մտածում են. «Եթե չհարմարվենք իրար, ապա կարող ենք հեռանալ իրարից և ստիպված չենք լինի օրինականորեն բաժանվել, որը բարդ ու ծախսեր պահանջող գործընթաց է»։
Այդպես մտածող մարդիկ գուցե ունեն ընկեր, ով ամուսնացած է, և նրա կողակիցը վատ է վարվում նրա հետ։ Կամ ծանոթ են ամուսնական զույգերի, որոնք ապրում են միասին, սակայն այլևս իրար չեն սիրում։ Ուստի նրանք խելամիտ են համարում այն, որ զույգը ամուսնանալուց առաջ միասին ապրի, որը, ըստ նրանց, կօգնի խուսափելու ապագա խնդիրներից։
Ո՞րն է Աստվածաշնչի տեսակետը այս հարցի վերաբերյալ։ Պատասխանն իմանալու համար նախ տեսնենք, թե ինչ է ասում Աստծու Խոսքը ամուսնական կառույցի մասին։
«Մեկ մարմին»
Քանի որ ամուսնական կառույցի հիմնադիրը Եհովա Աստված է, Աստվածաշունչը հորդորում է պատվել այն (Ծննդոց 2։21–24)։ Հենց սկզբից Եհովայի նպատակն էր, որ ամուսնանալով տղամարդն ու կինը դառնան «մեկ մարմին» (Ծննդոց 2։24)։ Այս խոսքը մեջբերելուց հետո Հիսուսն ասաց. «Ինչ որ Աստված միավորեց մեկ լծի տակ, թող մարդը չբաժանի» (Մատթեոս 19։6)։
Ցավոք, ամուսնացողներից ոմանք հետո բաժանվում ենa։ Սակայն դա չի նշանակում, որ ամուսնական կառույցը թերի է։ Պատճառն այն է, որ զույգերից մեկը կամ երկուսն էլ այլևս չեն ապրում իրենց ամուսնական խոստման համաձայն։
Բերենք մի օրինակ։ Ենթադրենք ամուսինն ու կինը ունեն մի մեքենա, բայց այն արտադրողի հրահանգների համաձայն չեն պահում։ Եթե մեքենան փչանա, ո՞վ է մեղավոր՝ արտադրո՞ղը, թե՞ մեքենայի տերերը, ովքեր չեն հետևել հրահանգներին։
Նույն սկզբունքը կիրառելի է նաև ամուսնության պարագայում։ Եթե ամուսինն ու կինը ջանում են լավ փոխհարաբերություններ պահպանել և խնդիրները հաղթահարել՝ Աստվածաշնչի սկզբունքները կիրառելով, ապա բաժանվելու հարց դժվար թե առաջանա։ Երբ երկու անհատներ նվիրվում են իրար՝ ամուսնական խոստում տալով, ամուսնությունը ապահովության զգացում է ներշնչում զույգին և դառնում է նրանց սիրառատ փոխհարաբերությունների հիմքը։
«Հեռու մնացեք պոռնկությունից»
Ոմանք, սակայն, գուցե հարցնեն. «Ինչո՞ւ նախ չապրենք միասին։ Մի՞թե ցույց չենք տա, որ հարգում ենք ամուսնության սրբությունը, եթե նախքան երդում տալը փորձենք մեր հարաբերությունների կայունությունը»։
Աստվածաշնչի պատասխանը հստակ է. «Հեռու մնացեք պոռնկությունից» (1 Թեսաղոնիկեցիներ 4։3)։ «Պոռնկություն» բառը վերաբերում է սեռական հարաբերությունների բոլոր ձևերին, այդ թվում նաև իրար հետ ապրող, բայց դեռ չամուսնացած անհատների սեռական հարաբերությանը, անգամ եթե նրանք ամուսնանալու նպատակ ունեն։ Ուստի Աստվածաշնչի համաձայն՝ սխալ կլինի, եթե տղամարդն ու կինը ապրեն միասին, նույնիսկ եթե հետո ամուսնանալու են։
Հնարավոր է՝ ոմանք Աստվածաշնչի այս տեսակետը հնացած համարեն։ Ի վերջո շատ երկրներում նորմալ բան է համարվում, որ երկու անհատներ ապրում են միասին, նույնիսկ առանց ամուսնության նպատակ ունենալու։ Բայց մտածիր հետևանքների մասին։ Այն անհատները, ովքեր ապրում են միասին, գտե՞լ են արդյոք ընտանեկան երջանկության գաղտնիքը։ Նրանք ավելի՞ երջանիկ են, քան այն զույգերն, ովքեր ամուսնացել են։ Մի՞թե ամուսնությունից հետո ավելի շատ թվով այդպիսի զույգեր են հավատարիմ մնում իրար, քան նրանք, ովքեր ամուսնությունից առաջ չեն ապրել միասին։ Ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ այն զույգերը, ովքեր ամուսնությունից առաջ ապրել են միասին, ամուսնությունից հետո ավելի շատ խնդիրներ են ունեցել, և նման զույգերի բաժանության թիվն ավելի բարձր է։
Որոշ մասնագետների կարծիքով՝ սխալ է այսպիսի ուսումնասիրություններ անելը։ Օրինակ՝ մի հոգեբան գրում է, որ նրանց հանգամանքները, ովքեր որոշում են նախքան ամուսնությունը միասին ապրել, տարբերվում են այն զույգերի հանգամանքներից, ովքեր միասին են ապրում ամուսնությունից հետո։ Նա ասում է, որ այս եզրահանգման կարելի է գալ ամուսնալուծության վերաբերյալ վիճակագրական տվյալներից և ոչ թե նախքան ամուսնությունը միասին ապրելու փաստից։ Նրա կարծիքով՝ կարևորն այն է, թե «որքանով է անհատը գնահատում ամուսնացած լինելը»։
Նույնիսկ այս դեպքում մասնագետների խոսքերը շեշտում են, որ ամուսնության վերաբերյալ կարևոր է ունենալ Աստծու տեսակետը։ Աստվածաշնչում ասվում է. «Թող ամուսնությունը բոլոր մարդկանց կողմից պատվական համարվի» (Եբրայեցիներ 13։4)։ Երբ տղան ու աղջիկը երդում են տալիս, որ կլինեն մեկ մարմին, և ցույց են տալիս, որ պատվում են ամուսնական կառույցը, նրանք ունենում են ամուր փոխհարաբերություն, որը հեշտությամբ չի «կտրվի» (Ժողովող 4։12)։
Եթե անդրադառնանք հոդվածի սկզբում բերված օրինակին, ապա կարող ենք ասել, որ անշուշտ խելամիտ է փորձել կոստյումը կամ շրջազգեստը՝ նախքան այն գնելը։ Սակայն նույնը չենք կարող ասել ամուսնությունից առաջ միասին ապրելու մասին։ Այս հարցում խելամիտ կլինի, որ բավարար ժամանակ տրամադրես, որպեսզի լավ ճանաչես այն անհատին, ում հետ ցանկանում ես ամուսնանալ։ Թեև ոմանք անկարևոր են համարում այս քայլը, սակայն դա երջանիկ ընտանիք կազմելու գաղտնիքներից մեկն է։
[ծանոթագրություն]
a Աստվածաշունչը թույլ է տալիս բաժանվել և վերամուսնանալ, եթե կողակիցը անհավատարիմ է եղել և շնություն է գործել (Մատթեոս 19։9)։
ԳԻՏԵԻ՞Ք ԱՐԴՅՈՔ
◼ Ինչո՞ւ է Աստվածաշունչն ասում, որ միայն ամուսնացած զույգը կարող է սեռական հարաբերություն ունենալ (Սաղմոս 84։11; 1 Կորնթացիներ 6։18)։
◼ Ի՞նչ հատկություններ պետք է փնտրես այն անհատի մեջ, ում հետ ցանկանում ես ամուսնանալ (Հռութ 1։16, 17; Առակաց 31։10–31)։
[շրջանակ 29-րդ էջի վրա]
«ԻՐ ԻՍԿ ՄԱՐՄՆԻ ԴԵՄ Է ՄԵՂՔ ԳՈՐԾՈՒՄ»
Աստվածաշունչն ասում է. «Նա, ով պոռնկությամբ է զբաղվում, իր իսկ մարմնի դեմ է մեղք գործում» (1 Կորնթացիներ 6։18)։ Վերջին տասնամյակների ընթացքում փաստվել է այս խոսքերի ճշմարիտ լինելը, քանի որ միլիոնավոր մարդիկ մահացել են ՁԻԱՀ–ից և սեռական ճանապարհով փոխանցվող այլ հիվանդություններից։ Անբարո կյանքը կարող է անցանկալի հղիության պատճառ լինել, որն էլ ոմանց դրդում է աբորտ անելու քայլին։ Սակայն դա դեռ ամենը չէ։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դեպրեսիայի մեջ ընկնում են կամ ինքնասպանության փորձ ավելի շատ անում են այն երիտասարդները, ովքեր սեռական ակտիվ կյանք են վարում։ Այս փաստերը հաշվի առնելով՝ կարող ենք հանգել հետևյալ եզրակացությանը. Աստվածաշնչի բարոյական չափանիշները հնացած չեն։