Երիտասարդները հարցնում Են
Ինչպե՞ս կարող եմ ավելի լավ ճանաչել ծնողներիս
Ջեսիկան և իր ծնողները ընթրում էին ընկերների հետ։ Հյուրերից մեկը հանկարծ Ջեսիկայի մորն ասաց. «Գիտե՞ս ում տեսա այն օրը։ Ռիչարդին։ Հիշո՞ւմ ես նրան։ Դե, այն տղային, որի հետ հանդիպում էիր դպրոցական տարիներին»։
Ջեսիկան անակնկալի եկավ։ Նա երբեք չէր լսել Ռիչարդի մասին։
«Ա՛յ քեզ նորություն։ Մա՞մ, ուրեմն հայրիկից առաջ դու հանդիպել ես ուրիշի հե՞տ։ Ես չգիտեի»։
ՋԵՍԻԿԱՅԻ պես դո՞ւ էլ ես զարմացել, երբ նոր բան ես իմացել ծնողներիդ մասին։ Հավանաբար մտածել ես. «Կա՞ն արդյոք ուրիշ բաներ էլ, որ չգիտեմ»։
Իսկ ի՞նչ օգուտներ կքաղես, եթե ավելի շատ բան իմանաս ծնողներիդ մասին։ Ինչպե՞ս կարող ես նրանց լավ ճանաչել։
Ավելին իմացիր
Հնարավոր է, որ լինեն բաներ, որոնց մասին դու չգիտես։ Երբեմն պատճառը կարող է լինել այն, որ նրանք ապրում են քեզնից հեռու։ Օրինակ՝ 22–ամյա Ջեյկբնa ասում է. «Երբ 8 տարեկան էի, ծնողներս բաժանվեցին։ Հետո հորս տեսնում էի տարին մի քանի անգամ։ Կուզեի շատ բան իմանալ նրա մասին»։
Եթե նույնիսկ ապրում ես ծնողներիդ հետ, թերևս նրանք ամեն բան չպատմեն քեզ իրենց մասին։ Իսկ ինչո՞ւ։ Բոլորիս նման՝ ծնողները ևս վատ են զգում իրենց կատարած սխալների համար (Հռոմեացիներ 3։23)։ Նրանք գուցե մտածում են, որ չես հարգի իրենց և կձգտես ավելի ազատ կյանքով ապրել, եթե իմանաս իրենց սխալների մասին։
Սակայն հնարավոր է պարզապես առիթներ չեն եղել այդ թեմաներով խոսելու։ Կամերոն անունով մի երիտասարդ ասում է. «Զարմանալի է, բայց կարող ես տարիներ շարունակ ապրել ծնողներիդ հետ ու այդպես էլ ամեն բան չիմանալ նրանց մասին»։ Փորձիր ինքդ նախաձեռնություն վերցնել և զրույց սկսել ծնողներիդ հետ։ Իսկ ի՞նչ օգուտներ կստանաս, եթե այդպես վարվես։
Օգուտ #1։ Ծնողներդ կգնահատեն, որ հետաքրքրվում ես իրենցով։ Անկասկած, նրանց համար հաճելի կլինի տեսնել, որ դու հետաքրքրված ես իրենց կյանքով։ Հնարավոր է, որ նրանք ավելի լավ հասկանան քեզ ու հաշվի առնեն քո զգացմունքները (Մատթեոս 7։12)։
Օգուտ #2։ Կհասկանաս ծնողներիդ մտածելակերպը։ Օրինակ՝ գուցե ծնողներդ նախկինում ավելի քիչ փող են ունեցել։ Դա կօգնի քեզ հասկանալու, թե ինչու են նրանք շատ տնտեսող, անգամ եթե դա, ըստ քեզ, անտեղի է։
Եթե հասկանաս ծնողներիդ մտածելակերպը, քեզ համար հեշտ կլինի հաղորդակցվել նրանց հետ։ Կոդի անունով մի երիտասարդ ասում է. «Քանի որ գիտեմ, թե ինչպես են մտածում ծնողներս, կարողանում եմ պատկերացնել, թե ինչ ազդեցություն կթողնեն խոսքերս նրանց վրա» (Առակաց 15։23)։
Օգուտ #3։ Ավելի ազատ կզգաս քեզ նրանց հետ քո մասին խոսելիս։ 18–ամյա Բրիջեթն ասում է. «Ես անհարմար էի զգում հորս հետ խոսել այն տղայի մասին, ում հավանում էի։ Սակայն երբ ասացի իմ զգացմունքների մասին, հայրս պատմեց, թե ինչպես է ինքը առաջին անգամ սիրահարվել և ինչ հրաշալի զգացում էր դա։ Նա նույնիսկ պատմեց ինձ այն օրվա մասին, երբ նրանք դադարեցրել են իրենց ընկերությունը, և ասաց, թե ինչքան վատ է զգացել իրեն։ Դրանից հետո ես սկսեցի ավելի շատ բան պատմել նրան իմ մասին»։
Օգուտ #4։ Գուցե նոր բան սովորես։ Եթե իմանաս, թե ինչերի միջով են անցել ծնողներդ, գուցե դա օգնի քեզ հաղթահարելու քո խնդիրներն ու անհաջողությունները։ 16–ամյա Ջոշուան ասում է. «Ես ուզում եմ իմանալ, թե ինչպես են ծնողներս հոգ տարել մեր մեծ ընտանիքի ֆիզիկական, էմոցիոնալ և հոգևոր կարիքների մասին։ Դրանից ես շատ կարևոր բաներ կարող եմ սովորել»։ Այս առնչությամբ Աստվածաշնչում կարդում ենք. «Ալեւորներումն է իմաստութիւնը, եւ երկայն օրերում՝ գիտութիւնը» (Յոբ 12։12)։
Նախաձեռնություն վերցրու
Եթե ուզում ես ավելի լավ ճանաչել ծնողներիդ, ապա հետևյալ առաջարկները կօգնեն քեզ։
Ճիշտ ժամանակ ընտրիր։ Ձեր զրույցը չպետք է պաշտոնական բնույթ կրի։ Լավ կլինի խոսել ազատ ու անկաշկանդ միջավայրում։ Կարող ես խոսել նրանց հետ, երբ միասին խաղում եք, աշխատում եք, քայլում եք կամ մեքենայով ճանապարհ եք գնում։ Կոդին ասում է. «Ես զրուցում եմ ծնողներիս հետ, երբ մեքենայով երկար ճանապարհ ենք գնում։ Իհարկե, ավելի հեշտ է ականջակալներով երաժշտություն լսել կամ քնել, սակայն ես ավելի մեծ օգուտներ եմ ստանում, երբ խոսում եմ ծնողներիս հետ»։
Հարցեր տուր։ Պետք է հիշես, որ նույնիսկ հարմար ժամանակ մայրդ հենց այնպես չի սկսի պատմել, թե ինչպես է առաջին անգամ սիրահարվել, ոչ էլ հայրդ կպատմի, թե ինչպես է խփել մեքենան։ Նրանք այդ մասին կպատմեն միայն այն ժամանակ, երբ հարցեր տաս նրանց (որոշ հարցեր գրված են 12–րդ էջի շրջանակում)։
Եղիր դյուրաթեք։ Հաճախ մի հարցից կարող է այլ թեմա բացվել կամ մեկ ուրիշ պատմություն հիշեցնել։ Հնարավոր է՝ ցանկանաս վերադառնալ այն հարցին, որի մասին սկզբում էիք խոսում, սակայն պետք չէ ծնողներին պարտադրել ասելու մի բան, որը նրանք չեն ուզում ասել։ Հիշիր, քո նպատակը միայն որոշ փաստեր հավաքելը չէ։ Այդ զրույցներն օգնում են, որ ավելի մտերմանաս ծնողներիդ հետ։ Ուստի լավ կլինի խոսել այն մասին, ինչի մասին նրանք են ցանկանում խոսել (Փիլիպպեցիներ 2։4)։
Եղիր խորաթափանց։ «Մարդու սրտի մտադրությունները խոր ջրերի պես են, բայց խորաթափանց մարդը դուրս կհանի դրանք» (Առակաց 20։5)։ Ավելի շատ խորաթափանցություն անհրաժեշտ է այն ժամանակ, երբ խոսում ես ծնողներիդ հետ այն թեմայով, որի շուրջ թերևս նրանք չեն ցանկանում խոսել։ Օրինակ՝ գուցե քեզ հետաքրքրի, թե ինչ լուրջ սխալ է թույլ տվել հայրդ, երբ քո տարիքին էր, և ինչպես կվարվեր, եթե հնարավոր լիներ անցածը հետ բերել։ Բայց նախքան այդպիսի թեմաների շուրջ խոսելը լավ կլինի հարցնես ծնողիդ. «Դեմ չե՞ս լինի, եթե հարցնեմ....»։
Եղիր նրբանկատ։ Երբ ծնողներդ պատմում են քեզ իրենց մասին, եղիր «արագ լսելու մեջ, դանդաղ՝ խոսելու մեջ (Հակոբոս 1։19)։ Ինչ էլ որ նրանք պատմեն քեզ իրենց մասին, մի ծաղրիր նրանց և մի վիրավորիր։ Այնպիսի խոսքեր, ինչպիսիք են՝ «Օ՜, հավատս չի գալիս, որ արել ես այդ բանը» կամ «ահա՛ թե ինչու ես դու ինձ հետ այդքան խիստ վարվում», կխանգարեն, որ հետո ծնողդ ազատորեն խոսի քեզ հետ։ Չպետք է նաև նրանց պատմածը հայտնես ուրիշներին։
Երբեք ուշ չէ
Նշված առաջարկները կարող են օգնել քեզ ավելի լավ ճանաչելու ծնողներիդ, քանի դեռ ապրում ես նրանց հետ։ Իսկ ի՞նչ անել, եթե արդեն առանձին են ապրում։ Միևնույն սկզբունքները կարող են օգնել քեզ վերականգնելու մտերիմ փոխհարաբերություններդ ծնողներիդ հետ։ Դրանք կօգնեն քեզ մտերմանալու նույնիսկ այն ծնողիդ հետ, որը առանձին է ապրել, և դու երբեք հնարավորություն չես ունեցել նրան ավելի լավ ճանաչելու։ Ջեյկբը, որի մասին նշվեց հոդվածի սկզբում, համոզվել է դրանում։ Այսօր նա ապրում է առանձին, սակայն ասում է. «Չնայած ավելի ուշ սկսեցի լավ ճանաչել հորս, բայց ուրախ եմ, որ կարողացա նրա հետ մտերմանալ»։
Ուստի անկախ այն բանից՝ ապրում ես ծնողներիդ հետ, թե առանձին, միշտ հիշիր, որ երբեք ուշ չէ ծնողներիդ ավելի լավ ճանաչել։ Փորձիր կիրառել հոդվածում առաջարկված խորհուրդները, որոնք կօգնեն քեզ։
«Երիտասարդները հարցնում են» խորագրից ավելի շատ հոդվածներ կարելի է գտնել www.watchtower.org/ypa վեբ կայքում։
[ծանոթագրություն]
a Այս հոդվածում որոշ անուններ փոխված են։
ՄՏԱԾԻՐ
◼ Հոդվածում նշված ո՞ր թեմաների մասին կցանկանայիր խոսել ծնողներիդ հետ։
◼ Ծնողներիդ լավ ճանաչելով՝ ինչպե՞ս կարող ես ինքդ քեզ ավելի լավ ճանաչել։
[շրջանակ/նկար 12-րդ էջի վրա]
Հետևյալ թեմաների մասին կարող ես այսպիսի հարցեր ուղղել ծնողներիդ
ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ Ինչպե՞ս հանդիպեցիր մայրիկին (կամ՝ հայրիկին)։ Նրա մեջ ի՞նչը գրավեց քեզ։ Որտե՞ղ եք ապրել ամուսնությունից հետո։
ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ Որտե՞ղ ես ծնվել։ Ինչպիսի՞ն էին քո փոխհարաբերությունները քրոջդ կամ եղբորդ հետ։ Ծնողներդ խի՞ստ էին, թե՞ ոչ։
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ Դպրոցում ո՞ր առարկան ես լավ սովորել։ Ո՞ր առարկան չես սիրել։ Ունեցե՞լ ես սիրելի ուսուցիչ։ Ինչո՞ւ էր նա քեզ դուր գալիս։
ԱՇԽԱՏԱՆՔ Ո՞րն է եղել քո առաջին աշխատանքը։ Քեզ դուր գալի՞ս էր այն։ Եթե ընտրելու հնարավորություն ունենայիր, ի՞նչ աշխատանք կանեիր։
ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Եթե կարողանայիր որևէ տեղ ճամփորդել, ո՞ւր կգնայիր։ Ի՞նչ հոբբի կամ արհեստ ես ցանկացել ունենալ։
ՀՈԳԵՎՈՐ ԱՆՑՅԱԼԸ Ճշմարտության մե՞ջ ես ծնվել։ Ի՞նչն է քեզ գրավել ճշմարտության մեջ։ Աստվածաշնչի սկզբունքներով ապրելու համար ի՞նչ դժվարություններ ես հաղթահարել։
ԱՐԺԵՔՆԵՐ Քո կարծիքով՝ ի՞նչն է կարևոր լավ ընկերություն, երջանիկ կյանք, հաջող ամուսնություն ունենալու համար։ Ո՞րն է ամենաթանկ խորհուրդը, որ երբևէ ստացել ես։
Փորձիր հետևյալը։ Ընտրիր նշված հարցերից մի քանիսը և փորձիր կռահել, թե ինչ կպատասխանեն ծնողներդ։ Հետո այդ հարցերը ուղղիր նրանց ու համեմատիր նրանց պատասխանները քո մտածածի հետ։
[շրջանակ 13–րդ էջի վրա]
ԽՈՍՔ՝ ԾՆՈՂՆԵՐԻՆ
Դու ընթրում ես ամուսնուդ, աղջկադ և ձեր մտերիմ ընկերներից մի քանիսի հետ։ Զրույցի ընթացքում ընկերդ տալիս է մեկի անունը, ում հետ մի ժամանակ ժամադրվել ես, սակայն նախքան ամուսնուդ հանդիպելը արդեն խզել էիր նրա հետ քո կապերը։ Դու երբեք այդ մասին չես պատմել երեխայիդ։ Այժմ նա ուզում է իմանալ։ Ինչպե՞ս կվարվես։
Սովորաբար լավ կլինի լսել երեխայի հարցը, քանի որ երբ հարցեր է տալիս և լսում է քո պատասխանները, իրականում նա հաղորդակցվում է քեզ հետ, մի բան, որ շատ ծնողների ցանկությունն է։
Իսկ ինչե՞ր պետք է պատմես տղայիդ կամ աղջկադ քո անցյալի մասին։ Ինչ խոսք, գուցե մտածես, որ կան բաներ, որ չարժե երեխան իմանա։ Այդուհանդերձ, քո սխալների ու պատանեկան դժվարությունների մասին պատմելը օգտակար կլինի նրա համար։ Ինչպե՞ս։
Քննենք Պողոս առաքյալի օրինակը։ Նա իր մասին գրել է. «Երբ ուզում եմ անել այն, ինչը ճիշտ է, չարն ինձ մոտ է։.... Ի՜նչ թշվառ մարդ եմ ես» (Հռոմեացիներ 7։21–24)։ Եհովա Աստված թույլ է տվել, որ այս խոսքերը գրի առնվեն Աստվածաշնչում մեր օգտի համար (2 Տիմոթեոս 3։16)։ Եվ այս խոսքերն իսկապես օգտակար ու քաջալերական են մեզ համար, քանի որ մեզնից յուրաքանչյուրին էլ դրանք կարող են վերաբերել։
Փաստորեն, լսելով ձեր կատարած լավ ընտրությունների, նաև թույլ տված սխալների մասին՝ երեխաները ավելի հեշտությամբ կարտահայտեն իրե՛նց զգացմունքները։ Թեև դուք ուրիշ ժամանակաշրջանում եք մեծացել, սակայն պետք է նշել, որ տարիների ընթացքում մարդու էությունը չի փոխվում և չեն փոխվում նաև աստվածաշնչյան սկզբունքները (Սաղմոս 119։144)։ Իմանալով, թե ինչ դժվարությունների եք բախվել պատանեկան տարիներին և թե ինչպես եք հաղթահարել դրանք՝ երեխաները կկարողանան իրենց խնդիրները լուծել։ Կամերոն անունով մի երիտասարդ տղա ասում է. «Երբ իմանում ես, որ ծնողներդ էլ են նույն դժվարություններն ունեցել, հասկանում ես, որ նրանք կատարյալ չեն և շատ առումներով քեզ նման են եղել»։ Նա ավելացնում է. «Հետո, երբ մի ուրիշ խնդիր է առաջանում, ուզում ես իմանալ, թե արդյոք ծնողներիդ հետ էլ է նույն բանը պատահել»։
Նախազգուշացում. պարտադիր չէ, որ զրույցի վերջում երեխային խորհուրդ կամ խրատ տաք։ Գուցե որպես ծնող՝ անհանգստանաս, որ երեխան քո պատմածի հիման վրա սխալ եզրակացություններ կանի, կամ գուցե մտածես, որ իմանալով քո կատարած սխալների մասին՝ կարդարացնի իր սխալները։ Ուստի փոխանակ նրան ասելու, թե ինչ դաս պետք է քաղի քո պատմածից («Ահա թե ինչու դու պետք է երբեք....»)՝ լավ կլինի հակիրճ նշես, թե դու ինչ ես զգում («Երբ հետ եմ նայում, մտածում եմ՝ երանի այսինչ կամ այնինչ բանը արած չլինեի, որովհետև....»)։ Այդպես երեխադ արժեքավոր դասեր կսովորի քո օրինակից և չի ունենա այն զգացողությունը, թե իր գլխին քարոզ են կարդում (Եփեսացիներ 6։4)։
[շրջանակ 13–րդ էջի վրա]
«Մի անգամ մորս խոստովանեցի, որ ինձ ավելի ազատ եմ զգում դասընկերներիս հետ, քան հավատակիցներիս։ Հաջորդ օրը սեղանիս վրա մի նամակ տեսա։ Նամակում մայրս պատմում էր, որ իր համար էլ է դժվար եղել ընկերներ գտնել հավատակիցների մեջ։ Սակայն նա նշել էր նաև մի քանի աստվածաշնչյան մարդկանց անուններ, ովքեր ծառայել են Աստծուն, անգամ երբ իրենց կողքին չի եղել մեկը, ով կքաջալերեր ու կզորացներ իրենց։ Բացի այդ, մայրս գովասանքի խոսքեր էր գրել ինձ այն բանի համար, որ ձգտում եմ լավ ընկերներ ընտրել։ Ես շատ էի զարմացել։ Փաստորեն, մի ժամանակ մայրս էլ է իմ իրավիճակում եղել։ Ես շատ էի հուզվել նամակից ու սկսեցի լաց լինել։ Դրանից հետո քաջություն ունեցա անելու այն, ինչ ճիշտ է» (Ջունկո, 17 տարեկան)։
[նկար 11-րդ էջի վրա]
Խնդրիր ծնողներիդ ցույց տալ իրենց անցյալի հետ կապված նկարներ կամ այլ առարկաներ։ Դա հաճախ նպաստում է, որ աշխույժ զրույց սկսվի