Լավ հիմք դիր երեխաներիդ համար
ՄԵՐ ԹՂԹԱԿԻՑԸ՝ ԿԱՆԱԴԱՅԻՑ
▪ «Հեռուստացույցը կարող է հրաշալի բաներ սովորեցնել»,— նշում է «Նյու Յորք Թայմս» օրաթերթը։ Սակայն «ժամերով դրա առաջ նստելը վատ ազդեցություն է թողնում երեխայի մտքի և օրգանիզմի վրա», ինչի հետևանքով դանդաղում են նրա ստեղծագործական, սովորելու և հաղորդակցվելու ունակությունները։
Սիեթլ քաղաքի (Վաշինգտոն, ԱՄՆ) մանկական հիվանդանոցի մասնագետները 2500 երեխաների սովորություններն ուսումնասիրելուց հետո եկան այն եզրակացության, որ «ինչքան շատ են մեկից երեք տարեկան երեխաները հեռուստացույց դիտում, այնքան հավանականությունը մեծ է, որ յոթ տարեկանում նրանք կունենան ուշադրության հետ կապված խնդիրներ»— նշվում է «Նյու Յորք Թայմս» թերթում։ Այսպիսի երեխաները չափից շատ ագրեսիվ են, անհամբեր և ցրված։ Հոգեբան Ջեյն Հիլիի համաձայն՝ «շատ ծնողներ, որոնց երեխաները ունեն հիպերակտիվ և ցրված ուշադրության համախտանիշ, նկատել են, որ այդ խնդիրը զգալիորեն թեթևացել է, երբ նրանց առաջ հեռուստացույց դիտելու սահմանափակում են դրել»։
Ի՞նչ կարող են անել ծնողները, որպեսզի իրենց երեխաները հեռուստացույց դիտելուն ավելի քիչ ժամանակ հատկացնեն։ Թերթում տրվում էին հետևյալ առաջարկները։ Կոնկրետ որոշիր, թե ամեն օր երբ և որքան պետք է հեռուստացույց դիտել։ Թույլ մի՛ տուր, որ հեռուստացույցը երեխայիդ դայակը դառնա։ Ընդհակառակը՝ նրան հնարավորինս շատ տնային գործեր հանձնարարիր։ Որոշիր, թե որ ծրագրերը երեխան կարող է դիտել և անջատիր հեռուստացույցը, երբ ծրագիրն ավարտվում է։ Հնարավորության դեպքում միասին դիտեք և ապա քննարկեք ձեր տեսածը։ Մի՛ մոռացիր, որ ինքդ էլ չպետք է շատ ժամեր անցկացնես հեռուստացույցի առաջ։
Ինչ խոսք, ժամանակ, վճռականություն և ինքնատիրապետում է հարկավոր երեխայի մեջ ստեղծագործական ունակություններ և հաղորդակցվելու հմտություններ զարգացնելու համար։ Դրական արդյունքները ցույց են տալիս, որ արժե ջանքեր ներդնել։ Այս առնչությամբ մի հին առակ ասում է. «Կրթիր երեխային ճիշտ ճանապարհի համաձայն. նույնիսկ երբ նա ծերանա, չի շեղվի դրանից» (Առակներ 22։6)։ Այս կրթությունը ներառում է երեխայի մեջ բարոյական արժեքներ սերմանելը։
Եհովայի վկաները «Սովորիր Մեծ Ուսուցչից» գրքի օգնությամբ իրենց երեխաներին սովորեցնում են ճիշտ վարքագիծ դրսևորել։ Եթե ծնողները բաց հաղորդակցություն են պահում և հոգատար են երեխայի հանդեպ, անկասկած, հարատև օրհնություններ կհնձեն։ Իրականում երբ երեխան մեծանում է ու դառնում պատասխանատվության զգացում ունեցող անձնավորություն, ծնողը, ինչ խոսք, մեծ ուրախություն է ապրում։