«Մահաբեր մեքենաներ». կանխագուշակումը կատարվում է
«Մարդկային չար միտքը միշտ ձգտում է իր տաղանդն օգտագործել իր նմանին ստրկացնելու, վերացնելու և խաբելու համար» (Հորաս Ուոլփոլ, 18–րդ դարի անգլիացի գրող)։
ԱՎԻԱՑԻԱՆ մարդկանց անհամար օգուտներ է տվել։ Սակայն պատմությունը փաստել է Հորաս Ուոլփոլի վերոհիշյալ խոսքերի ճշմարտացիությունը։ Նույնիսկ երբ մարդը դեռ չէր բարձրացել երկինք, նա արդեն մտածում էր այն մասին, թե ինչպես թռչող մեքենաներն օգտագործի որպես ռազմամիջոց։
1670 թ.–ին՝ ավելի քան 100 տարի առաջ, երբ մարդն առաջին անգամ թռիչք կատարեց օդապարիկով, իտալացի ճիզվիտ Ֆրանչեսկո Լանան նշեց. «Աստված երբեք թույլ չի տա, որ ստեղծվեն.... [օդային] մեքենաներ, քանի որ դրանք բազմաթիվ հետևանքներ կունենան և շատ անհանգստություններ կպատճառեն ժողովրդին և իշխանություններին»։ Այնուհետև զարմանալի կանխատեսությամբ նա ասաց. «Ո՞վ չի հասկանում, որ ոչ մի քաղաք չի կարող ապահովված լինել անսպասելի հարձակումից։ Օդանավը կարող է ցանկացած պահի հայտնվել ուղիղ շուկայի վերևում և ջոկատ իջեցնել այնտեղ։ Այն կարող է հայտնվել նաև տների բակերի և ծովում լողացող նավերի վերևում.... Նույնիսկ եթե նա չիջնի էլ, կարող է երկաթի կտորներ նետել, որոնք կշրջեն նավերը և կոչնչացնեն մարդկանց, նավերի վրա կգցեն արկեր և ռումբեր, և նրանք հրո ճարակ կդառնան»։
Երբ 18–րդ դարի վերջում ի հայտ եկան տաք օդով և ջրածնով աշխատող օդապարիկները, Ուոլփոլը մտավախություն հայտնեց, որ դրանք շատ շուտով կդառնան «մարդկային ցեղը ոչնչացնող մեքենաներ»։ 1794 թ. վերջում ֆրանսիական բանակը ջրածնային օդապարիկների միջոցով հետախուզեց թշնամու դիրքերը՝ զորքերի նպաստավոր տեղաշարժ կատարելու համար։ Օդապարիկներ օգտագործվեցին նաև ԱՄՆ–ում քաղաքացիական պատերազմի և 1870–ականներին Ֆրանս–պրուսական հակամարտության ժամանակ։ Իսկ անցյալ դարի երկու համաշխարհային պատերազմներում օդապարիկները հետախուզական նպատակներով լայնորեն կիրառվեցին ամերիկյան, բրիտանական, ֆրանսիական և գերմանական բանակների կողմից։
Օդապարիկները բառացիորեն մահաբեր գործիք դարձան Երկրորդ համաշխարհային պատերազմում, երբ ճապոնական բանակը ԱՄՆ–ի ուղղությամբ բաց թողեց 9 000 անօդաչու օդապարիկ՝ բեռնավորված ռումբերով։ Նրանցից ավելի քան 280–ը հասավ Հյուսիսային Ամերիկա։
Ռազմական օդանավերի ստեղծումը
Ի սկզբանե ինքնաթիռը նույնպես նախատեսվել էր ռազմական նպատակներով։ 1907 թ.–ին Ալեքսանդր Գրեյամ Բելն ասաց. «Միայն հատուկենտ մարդիկ գիտեն, որ Ամերիկան շուտով կկարողանա լուծել մի խնդիր, ինչի արդյունքում ամբողջ աշխարհում արմատապես կփոխվեն մարտավարման մեթոդները. ես նկատի ունեմ ռազմական օդանավերի ստեղծումը»։ Այդ նույն տարում «Նյու Յորք Թայմս»–ում տպագրվեցին օդագնացության կապիտան Թոմաս Լավլեյսի խոսքերը. «Երկուսից հինգ տարի անց յուրաքանչյուր մեծ երկիր կունենա ռազմական օդանավեր ու դրանց դեմ պայքարելու միջոցներ, ինչպես որ այժմ նրանք ունեն տորպեդակիր նավեր և դրանց դեմ պայքարելու ռազմամիջոցներ»։
Այդ խոսքերից ուղիղ երեք ամիս անց Ռայթ եղբայրները ձեռնամուխ եղան առաջին ռազմական օդանավի ստեղծմանը ամերիկյան բանակի կապի զորքերի համար։ 1908 թ. սեպտեմբերի 13–ին «Նյու Յորք Թայմս»–ում լույս տեսած մի հոդվածում բացատրվում էր, թե ինչու է բանակը հետաքրքրված օդանավերով. «Եթե ռումբ գցվի ռազմանավի ծխնելույզի մեջ, ապա դա ահռելի վնաս կհասցնի մեքենայական բաժանմունքին, իսկ շոգեկաթսաների պայթեցումը ավարտին կհասցնի ջախջախման գործը»։
Ինչպեսև ասել էր Բելը, օդանավը «ամբողջ աշխարհում արմատապես փոխեց մարտավարման մեթոդները»։ 1915 թ.–ին ինքնաթիռ արտադրողները ստեղծեցին գնդացիր, որը, տեղադրվելով ինքնաթիռի քթի հատվածում, սինխրոնիզատորի օգնությամբ կարող էր կրակել օդային պտուտակի թևերի արանքով։ Կործանիչ օդանավերին շուտով միացան ռմբակոծիչները, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում դարձան ավելի մեծ և հզոր։ 1945 թ. օգոստոսի 6–ին B–29 «Սուպերֆորտրես» ռմբակոծիչը նետեց առաջին ատոմային ռումբը ճապոնական Հիրոսիմա քաղաքի վրա։ Քաղաքը հողին հավասարվեց, և ընդհանուր հաշվով՝ 100 000 մարդկային կյանքեր խլվեցին։
Սրանից երկու տարի առաջ՝ 1943 թ.–ին, Օրվիլ Ռայթը մի մասնավոր զրույցի ժամանակ ափսոսանք հայտնեց, որ ինքնաթիռ է ստեղծել։ Ըստ նրա՝ երկու համաշխարհային պատերազմների ընթացքում ինքնաթիռն իսկապես դարձավ սոսկալի ռազմամիջոց։ Ժամանակի ընթացքում սկսեցին արտադրվել լազերով ղեկավարվող հրթիռներ և այսպես կոչված «խելացի ռումբեր», և դրանց «շնորհիվ» ռազմական օդանավերը ավելի մահաբեր դարձան։ Սա ցույց է տալիս, որ կատարվում է Մատթեոս 24։7–ում արձանագրված մարգարեությունը. «Ազգը ազգի դեմ դուրս կգա»։
[Նկարներ 15–րդ էջի վրա]
1. Անօդաչու ռմբակիր օդապարիկ
2. Խափանման օդապարիկ
3. B–29 «Սուպերֆորտրես»
4. Կործանիչ–ռմբակոծիչ F/A–18C «Հորնետ»
5. Կործանիչ F–117A «Ստելս»
[Թույլտվությամբ]
Library of Congress, Prints & Photographs Division, FSA/OWI Collection, LC-USE6-D-004722
USAF photo
U.S. Department of Defense