Կարո՞ղ է լավատեսությունը բարելավել առողջությունը
«Ուրախ սիրտը օգտակար է ինչպէս դէղ»,— գրեց Իսրայելի իմաստուն Սողոմոն թագավորը մոտ 3 000 տարի առաջ (Առակաց 17։22)։ Ներկայումս բժիշկներն ընդունում են, որ այս ներշնչված խոսքերը ճշմարիտ են։ Սակայն ամեն մեկս չէ, որ բնականից «ուրախ սիրտ» ունի։
Քչերն են կարողանում խուսափել կյանքի առօրյա դժվարություններից, որոնք կարող են հանգեցնել հիասթափության և բացասական տրամադրվածության պատճառ դառնալ։ Այնուամենայնիվ, վերջերս կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ արժե լավատեսություն զարգացնել։
Լինել լավատես նշանակում է հուսալ, որ խնդիրը դրական լուծում կստանա կամ լավ ավարտ կունենա։ Ինչպե՞ս է արձագանքում լավատես անհատը, երբ անհաջողության մեջ է ընկնում։ Նա չի համարում, որ վերջնականապես պարտվել է։ Սակայն դա չի նշանակում, որ նա փախչում է իրականությունից։ Հակառակը՝ փորձում է քննել ստեղծված իրավիճակը։ Այնուհետև, եթե հանգամանքները թույլ են տալիս, լավատես անհատը քայլեր է ձեռնարկում, որ փոխի կամ բարելավի իրավիճակը։
Իսկ վատատես անհատը հաճախ իրեն է մեղադրում դժվարությունների մեջ։ Նա մտածում է, թե իրավիճակն անուղղելի է, և որ այդ հանգամանքներում հայտնվել է իր անմտության, անիրազեկության և անհեռատեսության պատճառով։ Հետևաբար նա սկսում է մտածել, թե ձախողակ է։
Արդյոք լավատեսությունը անդրադառնո՞ւմ է մեր առողջության և ինքնազգացողության վրա։ Այո՛։ Երեսուն տարի շարունակ Մայոյի հիվանդանոցում (Ռոչեստեր, Մինեսոտա) ավելի քան 800 հիվանդների ուսումնասիրելով՝ գիտնականները եկան այն եզրակացության, որ լավատեսությունը բարելավում է առողջությունը, և լավատես մարդիկ ավելի երկար են ապրում, քան մյուսները։ Հետազոտությունները նաև ցույց տվեցին, որ լավատես անհատները հաջողությամբ են հաղթահարում սթրեսը և ավելի քիչ են ընկնում դեպրեսիայի մեջ։
Սակայն լավատես լինել մի աշխարհում, որտեղ խնդիրները գնալով ավելանում են, այնքան էլ հեշտ չէ։ Ուստի զարմանալի չէ, որ շատերը լավատես չեն։ Իսկ ի՞նչ կարելի է անել այդ խնդիրը լուծելու համար։ Այս հոդվածին կից շրջանակում կան խորհուրդներ, որոնք կարող են օգտակար լինել։
Թեև ուրախ տրամադրվածությունը բոլոր խնդիրները չի լուծի, այն կարող է նպաստել, որ համեմատաբար առողջ լինենք և բավականություն պատճառող կյանք վարենք։ Աստվածաշունչն ասում է. «Թշուառի [«վշտալից մարդու», ԱԱ] բոլոր օրերը վատ են, բայց ուրախ սիրտը մշտական խընջոյք է» (Առակաց 15։15)։
[Շրջանակ 23–րդ էջի վրա]
Մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն լինել լավատեսa
◼ Երբ սկսում ես մտածել, թե ինչ–որ բան քեզ դուր չի գա կամ ինչ–որ հարցում հաջողության չես հասնի, հրաժարվիր այդ մտքից։ Կենտրոնացիր դրական բաների վրա։
◼ Ձգտիր բավականություն ստանալ քո աշխատանքից։ Անկախ այն բանից, թե ինչ գործ ես անում՝ կենտրոնացիր այն երեսակների վրա, որոնք քեզ հաճույք են պատճառում։
◼ Ընկերացիր այնպիսի մարդկանց հետ, ովքեր լավատեսորեն են նայում կյանքին։
◼ Լուծիր այն իրավիճակները, որոնք կարող ես և ձգտիր հարմարվել նրանց, որոնք չես կարող վերահսկել։
◼ Ամեն օր գրի առ երեք հաճելի բան, որ տեղի են ունեցել քեզ հետ։
[Ծանոթագրություն]
a Վերոհիշյալ ցուցակը մասամբ հիմնված է մի հրատարակության վրա, որը տպագրվել է Մայո հիվանդանոցի կողմից։