Աստվածաշնչի տեսակետը
Հակաբեղմնավորիչ միջոցներ օգտագործելը սխա՞լ է
ՁԵՐ կարծիքով սխա՞լ է, երբ ամուսնացած մարդիկ հակաբեղմնավորիչ միջոցներ են օգտագործում։ Թե ինչ պատասխան կտաք այս հարցին, թերևս կախված է ձեր կրոնական համոզմունքներից։ Կաթոլիկ եկեղեցին սովորեցնում է, որ ծնելիությանը խոչընդոտող ցանկացած միջոց «բացարձակապես չար է»։ Ըստ այդ եկեղեցու ուսմունքների՝ ամուսինները երբեք չպետք է որևէ ձևով խոչընդոտեն բեղմնավորմանը, երբ սեռական հարաբերություն են ունենում։ Ուստի ըստ կաթոլիկ եկեղեցու՝ հակաբեղմնավորիչ միջոց օգտագործելը «բարոյական տեսանկյունից անընդունելի է»։
Շատերը դժվարանում են ընդունել այս տեսակետը։ Թերթերից մեկում տպագրված մի հոդվածում ասվում էր, որ «Միացյալ Նահանգներում ապրող կաթոլիկների երեք չորրորդի կարծիքով՝ եկեղեցին պետք է թույլ տա օգտագործել ծնելիությանը արհեստական կերպով խոչընդոտող միջոցներ.... Եվ միլիոնավոր մարդիկ ամեն օր խախտում են այդ արգելքը» («Pittsburgh Post-Gazette»)։ Լինդա անունով մի կաթոլիկ կին, որը երեք երեխաների մայր է, խոստովանում է, որ հակաբեղմնավորիչ միջոցներ է օգտագործում։ Նա նշում է. «Սրտիս խորքում չեմ հավատում, որ մեղք եմ գործում»։
Ի՞նչ է ասվում Աստծու Խոսքում հակաբեղմնավորիչ միջոցներ օգտագործելու առնչությամբ։
Կյանքը թանկ է
Աստված թանկ է համարում երեխայի կյանքը նույնիսկ նրա զարգացման վաղ շրջանում։ Իսրայելի Դավիթ թագավորը ներշնչման ներքո գրեց. «Ծածկեցիր ինձ իմ մօր որովայնումը.... Քո աչքերը տեսան իմ կերպարանքը՝ դեռ անպատրաստ. եւ քո գրքումը գրուած էին այն բոլոր օրերը որ լինելու էին» (Սաղմոս 139։13, 16)։ Երեխայի կյանքը սկսվում է բեղմնավորման պահից։ Ըստ Մովսիսական օրենքի՝ անհատը կարող էր պատասխանատվության կանչվել չծնված երեխային վնաս հասցնելու համար։ Ելից 21։22, 23–ում կոնկրետ ասվում է, որ եթե երկու տղամարդկանց վեճի արդյունքում հղի կնոջը կամ նրա չծնված երեխային մահացու վնաս հասցվեր, ապա գործը պետք է հասներ դատավորներին։ Վերջիններս պետք է քննեին բոլոր հանգամանքները և դիտավորության աստիճանը, բայց պատիժը լինելու էր «անձի տեղ անձ» կամ կյանքի տեղ կյանք։
Այս սկզբունքները գործում են նաև հակաբեղմնավորիչ միջոցների օգտագործման դեպքում, քանի որ որոշ միջոցներ վիժում են առաջացնում։ Նման միջոցներ օգտագործելով՝ անհատը խախտում է կյանքի հանդեպ հարգանք ցուցաբերելու վերաբերյալ Աստծու տված սկզբունքը։ Սակայն, անշուշտ, կան շատ հակաբեղմնավորիչ միջոցներ, որոնք վիժում չեն առաջացնում։ Ի՞նչ կարելի է ասել նման մեթոդներ օգտագործելու մասին։
Աստվածաշունչը քրիստոնյաներին չի պատվիրում բազմանալ։ Աստված առաջին մարդկային զույգին, իսկ հետո Նոյի ընտանիքին ասաց. «Աճեցէք եւ շատացէք, եւ լցրէք երկիրը»։ Սակայն նման պատվեր քրիստոնյաներին չի տրվել (Ծննդոց 1։28; 9։1)։ Ուստի ամուսիններն իրենք պետք է որոշեն, թե արդյոք կունենան երեխաներ, եթե այո, ապա քանիսը և երբ։ Գրությունները չեն դատապարտում ծնելիությունը վերահսկելը։ Աստվածաշնչի տեսանկյունից՝ այն, թե ամուսինները կորոշեն օգտագործել հղիությունը կանխարգելող միջոց (որը վիժում չի առաջացնում), թե ոչ, նրանց անձնական գործն է։ Եթե այդպես է, ապա ինչո՞ւ է կաթոլիկ եկեղեցին դատապարտում հակաբեղմնավորիչ միջոցներ օգտագործելը։
Աստծու իմաստությունը մարդկային իմաստությունից վեր է
Կաթոլիկական գրականության մեջ բացատըրվում է, որ մ.թ. երկրորդ դարում իրենց քրիստոնյա համարող մարդիկ ընդունեցին այն տեսակետը, որի համաձայն՝ սեռական հարաբերություն ունենալու միակ նպատակը երեխաներ ունենալն է։ Այս գաղափարը հիմնված էր ոչ թե Աստվածաշնչի, այլ փիլիսոփայության վրա։ Դա մարդկային և ոչ թե աստվածային իմաստության արգասիք էր։ Այն պահպանվեց դարերի ընթացքում և նույնիսկ զարգացվեց կաթոլիկ աստվածաբանների կողմից։a Այս ուսմունքի հետևում ընկած տրամաբանությունն այն է, որ հաճույք ստանալու նպատակով սեռական հարաբերություն ունենալը մեղք է։ Հետևաբար սեռական հարաբերության ժամանակ բեղմնավորման հավանականությունը նվազեցնելը անբարոյություն է։ Սակայն Գրությունները բոլորովին էլ թիկունք չեն կանգնում այս գաղափարին։
Աստվածաշնչի «Առակաց» գիրքը բանաստեղծական լեզվով նկարագրում է այն ուրախությունը, որ ամուսինն ու կինը ստանում են սեռական հարաբերությունից։ Այնտեղ ասվում է. «Դու քո ջրակոյտիցը ջուր խմիր, եւ քո ջրհորի միջիցը հոսող ջուրերը։ Թող քո աղբիւրը օրհնեալ լինի, եւ ուրախացիր քո երիտասարդութեան կնոջ հետ. Նա քեզ սիրելի եղնիկի եւ շնորհալի այծեամի պէս լինի, նորա ստինքները թող քեզ կշտացնեն ամեն ժամանակ, նորա սիրովը միշտ զմայլիս» (Առակաց 5։15, 18, 19)։
Սեռական հարաբերությունը Աստծուց տրված պարգև է ամուսիններին։ Դրա նպատակը միայն երեխաներ ունենալը չէ։ Սեռական հարաբերությունը ամուսիններին հնարավորություն է տալիս արտահայտելու իրենց սերն ու քնքշությունը միմյանց հանդեպ։ Ուստի եթե զույգը որոշում է հակաբեղմնավորիչ միջոց օգտագործել հղիությունը կանխարգելելու նպատակով, ապա դա նրանց անձնական գործն է, և ոչ ոք իրավունք չունի դատապարտելու նրանց (Հռոմեացիներ 14։4, 10–13)։
[Ծանոթագրություն]
a Միայն 13–րդ դարում Գրիգոր IX պապը հաստատեց այն, ինչը «Նոր կաթոլիկական հանրագիտարանն» անվանում է «պապի սահմանած առաջին համընդհանուր օրենքը՝ ընդդեմ հակաբեղմնավորիչ միջոցների»։
ԳԻՏԵԻ՞Ք ԱՐԴՅՈՔ
◼ Ամուսինն ու կինը մե՞ղք են գործում՝ սեռական հարաբերություն ունենալով (Առակաց 5։15, 18, 19)։
◼ Ի՞նչ պետք է հիշեն քրիստոնյաները, եթե հակաբեղմնավորիչ միջոցներ են օգտագործում (Ելից 21։22, 23)։
◼ Ինչպե՞ս պետք է ուրիշները վերաբերվեն այն ամուսնական զույգերին, ովքեր հակաբեղմնավորիչ միջոցներ են օգտագործում (Հռոմեացիներ 14։4, 10–13)։
[Մեջբերում 11–րդ էջի վրա]
Աստված մարդկային առաջին զույգին և Նոյի ընտանիքին պատվիրեց. «Աճեցէք եւ շատացէք, եւ լցրէք երկիրը»։ Սակայն քրիստոնյաներին նման պատվեր չի տրվել