Քայլ 2
Ջերմ մթնոլորտ ստեղծեք
Ինչո՞ւ է կարևոր։ Երեխաները սիրո կարիք ունեն։ Առանց դրա՝ նրանք «թառամում» են։ 1950–ականներին մարդաբան Աշլի Մոնտեգյուն գրեց. «Որպեսզի մարդու օրգանիզմը զարգանա, այն հարկավոր է սնուցել սիրով։ Կարելի է ասել, որ երեխայի առողջությունը կախված է այն բանից, թե արդյոք նրա հանդեպ սեր կցուցաբերվի, հատկապես կյանքի առաջին վեց տարիներին»։ Ժամանակակից մասնագետները համաձայն են Մոնտեգյուի եզրակացությանը, որն է՝ «երեխաների վրա խիստ բացասաբար է անդրադառնում սիրո պակասը»։
Ինչո՞ւ է դժվար։ Այսօրվա աշխարհը, որտեղ չկա սեր, նպաստում է ընտանեկան կապերի թուլացմանը (2 Տիմոթեոս 3։1–5)։ Ամուսնական զույգերը գուցե նկատեն, որ երեխաներ մեծացնելու հետ կապված ֆինանսական և զգացական պահանջներն ավելի են սրում իրենց միջև եղող խնդիրները։ Օրինակ՝ ամուսինն ու կինը կարող են տարբեր տեսակետներ ունենալ, թե ինչպես խրատել կամ լավ վարքի համար պարգևատրել երեխային, և այս հանգամանքը կարող է խորացնել լարվածությունը երկու անձանց միջև, որոնց համար առանց այդ էլ դժվար է հաղորդակցվելը։
Ի՞նչը կօգնի։ Պլանավորեք կանոնավորաբար հավաքվել ընտանիքով։ Ամուսինները նաև պետք է ժամանակ անցկացնեն իրար հետ (Ամովս 3։3)։ Երբ երեխաները գնում են քնելու, դրանից հետո ժամանակն իմաստնորեն օգտագործեք։ Թույլ մի տվեք, որ հեռուստացույցը գողանա ձեր թանկագին ժամանակը։ Պահպանեք ձեր ռոմանտիկ հարաբերությունները՝ ամեն ժամանակ սիրո արտահայտումներ անելով միմյանց (Առակաց 25։11; Երգ Երգոց 4։7–10)։ Անընդհատ քննադատելու փոխարեն՝ լավ կլինի գովելու առիթներ փնտրեք ձեր կողակցի մեջ (Սաղմոս 103։9, 10; Առակաց 31։28)։
Ասացեք երեխաներին, որ սիրում եք նրանց։ Ծնողների համար լավ օրինակ է Եհովա Աստված, որն արտահայտեց իր սերը իր Որդու՝ Հիսուսի հանդեպ (Մատթեոս 3։17; 17։5)։ Ֆլեքը՝ Ավստրիայում ապրող մի հայր, ասում է. «Իմ կարծիքով՝ երեխաները ինչ–որ չափով նման են փոքրիկ ծաղիկների։ Ինչպես որ ծաղիկներն են ձգվում դեպի արևը՝ լույս ու ջերմություն ստանալու համար, այնպես էլ երեխաներն են «ձգվում» դեպի ծնողները՝ ստանալու սեր և հավաստիացում այն բանի, որ իրենք գնահատված են ընտանիքում»։
Անկախ նրանից՝ երեխային մեծացնում ես կողակցիդ հետ, թե միայնակ՝ օգնիր ընտանիքիդ անդամներին սեր ցուցաբերել միմյանց և Աստծու հանդեպ։ Այդ դեպքում ձեր ընտանեկան կյանքը ավելի ուրախ ու հաճելի կլինի։
Իսկ ի՞նչ է Աստծու Խոսքն ասում ծնողական իշխանությունը գործադրելու մասին։
[Մեջբերում 4–րդ էջի վրա]
«Սերը.... միասնության կատարյալ կապն է» (Կողոսացիներ 3։14)։