Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 1/06 էջ 16–19
  • Ալմաստի արդյունահանության վերելքը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ալմաստի արդյունահանության վերելքը
  • 2006 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Իրարանցման սկզբնապատճառը
  • Հովիվն ու ազնիվ ագարակատերը
  • Ալմաստի տենդ
  • Ադամանդներից էլ թանկ
    2014 Եհովայի վկաների տարեգիրք
  • Զարմանահրաշ քիմիական տարր
    2016 Արթնացե՛ք
2006 Արթնացե՛ք
g 1/06 էջ 16–19

Ալմաստի արդյունահանության վերելքը

ՄԵՐ ԹՂԹԱԿԻՑԸ՝ ՀԱՐԱՎԱՖՐԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ

ԱՄԵՆ ԻՆՉ սկսվեց 1871 թ. հունվարին։ Ադրիան վան Վեյկը՝ աստվածավախ մի գյուղացի, որն իր ընտանիքի հետ ապրում էր Արևմտյան Գրիկվալենդ կոչվող կիսաանապատային շրջանում (Հարավաֆրիկյան Հանրապետություն), մի գեղեցիկ օր ստիպված եղավ հրաժարվել իր խաղաղ կյանքից։ Նրա ֆերմայի տարածքում հետզհետե սկսեցին հայտնվել անծանոթ մարդկանց վրաններ։ Իր մուտքից Վան Վեյկը դիտում էր, թե ինչով էին զբաղվում այդ մարդիկ, և չէր կարողանում հավատալ իր աչքերին։

Մի քանի օրվա մեջ նրան պատկանող տարածքները լցվեցին հազարավոր մարդկանցով, և թվում էր, թե նրանց վրանները ծայր չունեին։ Ոմանք անգամ մտել էին Վան Վեյկի տան դիմացի այգին ու առանց նրան հարցնելու և նույնիսկ բարևելու՝ բաժանել այն։ Ի՞նչ էր պատահել։ Ո՞րն էր այդ իրարանցման պատճառը։ Լուրեր էին տարածվել, որ Վան Վեյկի ագարակում մեծ քանակությամբ ալմաստ է թաքնված։

Իրարանցման սկզբնապատճառը

Այս պատմությունից մոտ 12 տարի առաջ Վան Վեյկի ֆերմայից 70 կիլոմետր դեպի հյուսիս՝ Վաալ գետի մոտակայքում, 5 կարատ զանգվածով ալմաստ էր գտնվել։ Քարը հայտնաբերած անհատը հինգ ֆունտ ստեռլինգով այն վաճառել էր Բեռլինի միսիոներական ընկերության մի քահանայի։ Այդ ալմաստի հայտնագործման վերաբերյալ ոչ մի ուրիշ գրավոր տեղեկություն չի պահպանվել։ Բայց քանի որ լուրն այդ մասին տարածում էր գտել, մարդիկ սկսել էին որոնումները։

Այժմ տեսնենք, թե ինչ տեղի ունեցավ վերոհիշյալ դեպքից ինը տարի անց Սխալկ վան Նիկերկի ֆերմայում, որը գտնվում էր Օրանժ գետի ափին՝ մի քանի կիլոմետր դեպի հարավ այն վայրից, որտեղ Օրանժը միախառնվում է Վաալի հետ։ Այդ ֆերմայում բնակվում էր Յակոբսների ընտանիքը։ Նրանց երեխաները սիրում էին խաղալ «հինգ քար» կոչվող մի խաղ։ Քարերից մեկը, որ գտել էր ավագ որդին՝ Էրազմը, ուժեղ փայլ ուներ։

Մի օր՝ 1867 թ. սկզբին, Վան Նիկերկը հյուր գնաց Յակոբսների տուն։ Տիկին Յակոբսը գիտեր, որ նրան հետաքրքրում էին թանկագին քարերը, ուստի որոշեց պատմել այն պայծառ քարի մասին, որով խաղում էին նրա երեխաները։ «Գիշերը մոմի լույսի տակ այն գեղեցիկ փայլ է արձակում»,— ասաց այդ կինը։ Քարն ուսումնասիրելուց հետո Վան Նիկերկը հիացմունքով բացականչեց. «Ինձ թվում է, որ սա ալմա՛ստ է»։ Նա հիշեց, որ մի տեղ ընթերցել է, թե ինչպես կարելի է ստուգել դա։ Մտաբերելով գրվածը՝ նա փորձեց քարով խազ քաշել Յակոբսների համեստ տան ետնամասի պատուհանի ապակու վրա, և վախով նկատեց, որ դա իրեն հաջողվել է։ Վան Նիկերկը ներողություն խնդրեց ապակին վնասելու համար։a Իսկ Տիկին Յակոբսը ուրախությամբ նրան տվեց քարը՝ հրաժարվելով դրա դիմաց որևէ գումար վերցնել։

Երբ Վան Նիկերկը հերթական անգամ մեկնեց մոտակա Հոպթաուն քաղաքը, այդ քարը ցույց տվեց իր ընկերներին, սակայն նրանցից և ոչ մեկը չկարողացավ փաստել, որ այն ալմաստ է։ Քարը սկսեցին փոխանցել մի վստահելի ձեռքից մյուսին և հետո ուղարկել փոստով, մինչև որ այն հասավ Գրեյամսթաուն՝ բժիշկ Աթերստոնին։ Վերջինս դիմեց դպրոցի տնօրենի օգնությանը։ Դպրոցի լաբորատորիայում ստուգվեց քարի խտությունը, և պարզվեց, որ այն համապատասխանում է ալմաստի խտությանը։ Ապա քարը տվեցին տեղի ակնագործներից մեկին, որն ապարդյուն փորձեց խարտոցով գիծ քաշել նրա վրա։ Վան Նիկերկի քարի իսկական արժեքը պարզելու համար խորհրդակցեցին նաև այլ մարդկանց հետ, և բոլորն էլ եկան նույն դրական եզրակացության։ Ապա Աթերստոնը նամակով հաստատեց, որ այդ քարը 21,25 կարատ զանգվածով ալմաստ է։ Վան Նիկերկը քարի դիմաց 350 ֆունտ ստեռլինգ ստացավ և չվարանեց այդ գումարը կիսել տիկին Յակոբսի հետ։ Միանգամայն արդարացիորեն, քարը կոչվեց «Էվրիկա». մի բառ, որը «հայտնագործության համար ցնծալու» իմաստ է կրում։

Հովիվն ու ազնիվ ագարակատերը

Այժմ տեսնենք, թե ինչ պատահեց երկու տարի անց մի վայրում, որը գտնվում է Օրանժ և Վաալ գետերի միախառնման տեղից մի փոքր ներքև։ Մի օր Բուի անունով աֆրիկացի մի հովիվ ինչ–​որ փայլող բան նկատեց գետնի վրա։ Կռանալով՝ նա ընկույզի չափի մի պայծառ քար տեսավ, վերցրեց այն ու դրեց իր գրպանը։ Բուին լսել էր, որ այդ վայրում որոշ մարդիկ հետաքրքրվում էին նման քարերով։ Քանի որ նա աշխատանք գտնելու նպատակով լինում էր տարբեր տեղերում, իր գտած քարը սկզբում ցույց տվեց մի ագարակատիրոջ, ապա առևտրականի։ Նրանք էլ հովվին ուղարկեցին Վան Նիկերկի մոտ։

Բուին եկավ Վան Նիկերկի ագարակ և ցույց տվեց նրան քարը։ Վերջինս հասկացավ, որ իր ձեռքին, ամենայն հավանականությամբ, ավելի մեծ և թանկարժեք ալմաստ է, քան տիկին Յակոբսինը։ Ուստի նա աղքատ հովվին հարցրեց, թե ինչ է ցանկանում ստանալ քարի դիմաց։ «Տե՛ր,— հարգանքով պատասխանեց Բուին,— կարող եք տալ, որքան տեղին կհամարեք»։ Առանց վարանելու՝ Վան Նիկերկը նրան տվեց գրեթե իր ողջ ունեցվածքը. 500 դմակավոր ոչխար, 10 եզ, այն սայլը, որով բանջարեղեն էր տանում քաղաք, և նույնիսկ թամբած իր ձին։ Բուին, իհարկե, մտածեց, որ մեծ հաստություն է ձեռք բերել, և դա՝ ընդամենը մի ընկուզաչափ փայլուն քարի դիմաց։

Վան Նիկերկն անհապաղ մեկնեց Հոպթաուն՝ իր ալմաստը վաճառելու համար։ Այնտեղ մի խումբ գործարարներ, որ ապշած էին մնացել՝ տեսնելով 83,5 կարատ զանգված ունեցող այդ քարը, համաձայնվեցին դրա դիմաց վճարել 11 300 ֆունտ ստեռլինգ։ Հետագայում ալմաստը կոչվեց «Հարավային Աֆրիկայի աստղ»։b Մշակման ենթարկվելուց հետո քարը զարդարեց այս էջում պատկերված գեղեցիկ վզնոցը։ Երբ լուրն այս ալմաստի մասին հայտնի դարձավ աշխարհին, այնպիսի հեռավոր վայրերից, ինչպիսիք են Հյուսիսային ու Հարավային Ամերիկան, Անգլիան, Եվրոպան և Ավստրալիան, հազարավոր մարդիկ հարստանալու ակնկալիքով հոսեցին դեպի Հարավային Աֆրիկա։

Ալմաստի տենդ

Սկզբում ալմաստի որոնումները կատարվում էին Օրանժ և Վաալ գետերի ափամերձ շրջաններում։ Սակայն 1870 թ.–ին լուրեր տարածվեցին, որ զարմանալի հայտնագործություններ են արվել այն ագարակներում, որոնք գտնվում են երկու գետերի միջև ընկած տարածքում։ Հենց դա էր պատճառը, որ «գետ փորողները» ողողեցին այն վայրերը, որտեղ Ադրիան վան Վեյկի ագարակն էր։ Վերջինս (ինչպես նաև իր հարևանները) տեղյակ չէր, որ ապրում է հանգած հրաբուխների վրա։ Ալմաստները հայտնաբերվել էին այսպես կոչված «քիմբերլիտային բրեկչիաներում»՝ ալմաստ պարունակող ապարներում, որ գտնվում են հին հրաբուխների խառնարաններում։

Այդ ընթացքում վրաններից իսկական գյուղեր կազմվեցին։ Որոշ ժամանակ անց վրաններին փոխարինեցին մատնեքած երկաթից պատրաստված կառույցները։ Ջրի անբավարարության և ինֆրաստրուկտուրայի բացակայության պատճառով այս գյուղերը, մեղմ ասած, խղճուկ վիճակում էին։ Նորեկները ստիպված էին համակերպվել փոշուն, ճանճերի գրոհներին, ամառվա տապին, որի ժամանակ ջերմաստիճանը անցնում էր 40°C–ից, և ձմեռային գիշերներին, երբ ջերմաստիճանը երբեմն 0°C–ից ցածր էր։ Այս բոլոր դժվարություններին նրանք դիմանում էին սոսկ այն պատճառով, որ մեծ հարստություն ձեռք բերելու հույս էին փայփայում։

Իսկ ի՞նչ տեղի ունեցավ Ադրիան վան Վեյկի հետ այն բանից հետո, երբ ալմաստ փնտրողները ներխուժեցին նրա ֆերման։ Սկզբում նա ոմանց թույլ տվեց փորելու իր հողերի մի մասը՝ դրա դիմաց ամսեկան փոքր վարձ վերցնելով։ Բայց քանի որ ներխուժողների թիվը գնալով շատանում էր, Վան Վեյկն այլևս չէր կարողանում հսկողության տակ պահել իրավիճակը։ Երբ մի հանքագործական ընկերություն առաջարկեց նրան 2 000 ֆունտ ստեռլինգով վաճառել այդ ագարակը, Վան Վեյկն ուրախությամբ համաձայնվեց, ստորագրեց փաստաթղթերը և իր համար ավելի խաղաղ բնակավայր գտավ։

Վան Վեյկի տարածքներից ոչ հեռու կար մեկ ուրիշ ագարակ, որը պատկանում էր երկու եղբայրների՝ Դե Բերներին։ Նրանց անունով էլ գրանցվեցին այդ հանքերը՝ կոչվելով «Դե Բերների միացյալ հանքեր»։ Դրանք մինչև օրս էլ գործում են՝ հանդիսանալով ալմաստի արդյունահանման ամենախոշոր կենտրոնը աշխարհում։ Այսօր այդ համեստ ագարակների տարածքում փռվել է Քիմբեռլի քաղաքը։ Իսկ Դե Բերների հանքում աշխատանքն այնքան ընդլայնվեց, որ արդյունքում այնտեղ փորված փոսը ահռելի չափերի հասավ՝ կոչվելով «Մեծ հոր»։

Հարավաֆրիկյան Հանրապետությունում տեղի ունեցած այս հայտնագործություններից առաջ ալմաստի արդյունահանությամբ զբաղվել են Հնդկաստանում և Բրազիլիայում։ Բայց այդ հանքերն այնքան ալմաստ չէին տալիս, որ հնարավոր լիներ բավարարել համաշխարհային պահանջարկը։ Ուստի Հարավաֆրիկյան Հանրապետությունում թանկարժեք այս քարի հսկայական պաշարների հայտնագործմամբ ալմաստի արդյունահանությունը վերելք ապրեց։

[Ծանոթագրություններ]

a Այսօր՝ ավելի քան մեկ դար անց, այդ նույն ապակին՝ իր խազով, կարելի է տեսնել Կոլսբերգի թանգարանում (Հարավաֆրիկյան Հանրապետություն)։

b Երբեմն այս ալմաստը շփոթում են մեկ ուրիշի հետ, որը կոչվում է «Աֆրիկայի Աստղ»։ Տե՛ս «Հանք համար առաջին» շրջանակը, էջ 16։

[Շրջանակ/նկար 16–րդ և 17–րդ էջերի վրա]

ՀԱՆՔ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԻՆ

1903 թ.–ին Պրետորիայից (Հարավաֆրիկյան Հանրապետություն) դեպի արևելք 30 կմ հեռավորության վրա ալմաստի մի հանք բացվեց, որը արդարացիորեն կոչվեց «Հանք համար առաջին»։ Երկու տարի անց, երբ հանքի խորությունը հասել էր 10 մետրի, հանքագործներից մեկը փայլող մի բան նկատեց ժայռի մեջ։ Վերջինիս գործատերը, զգուշորեն ցած իջնելով, իր դանակով կտրեց այն։ Նրա ձեռքին ամենախոշոր անմշակ ալմաստն էր, որ երբևէ գտնվել էր։ Հայտնաբերված ալմաստը մարդու բռնցքի չափ էր։ Այդ վիթխարի անգին քարը, որի զանգվածը 3 106 կարատ էր, կոչվեց հանքը հայտնագործողի՝ Թոմաս Կուլինանի անունով։ «Կուլինանից» պատրաստվեց 9 խոշոր և 96 մանր ադամանդ։ Ամենախոշորներից մեկը՝ «Աֆրիկայի աստղը» («Կուլինան I»), աշխարհի ամենամեծ ադամանդն է։ Այն զարդարում է Բրիտանիայի թագավորական գավազանը, որ պատկերված է այս էջում։ Այսօր՝ մեկ դար անց, «Հանք համար առաջինը» շարունակում է գործել իր անվանը համապատասխան՝ աշխարհին պարգևելով բազմաթիվ խոշոր և բարձրորակ ալմաստներ։

[Նկարներ]

Բրիտանիայի թագավորական գավազանը

«Կուլինան» ալմաստը մարդու բռնցքի չափ էր

[Շրջանակ/նկար 17–րդ էջի վրա]

ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԻՄԱՆԱԼ

◆ Ալմաստը մարդուն հայտնի ամենապինդ բնական նյութն է։

◆ Ալմաստը առաջանում է ածխածնից, ինչպես որ մատիտի միջուկը՝ գրաֆիտը։ Եթե հաշվի առնենք, որ գրաֆիտը փափուկ նյութ է, կարող է հարց առաջանալ, թե ինչու է ալմաստն այդքան պինդ։ Այս տարբերությունը պայմանավորված է նրանով, որ այդ երկու նյութերի միջև ածխածնի ատոմների դասավորությունը տարբեր է։

◆ Ալմաստի զանգվածը չափում են կարատներով։ Կարատը գրամի մեկ հինգերորդական մասն է։

◆ Ընդամենը մեկ կարատ ալմաստ գտնելու համար հաճախ անհրաժեշտ է լինում մաղել մոտ 400 տոննա քար և ավազ։

[Շրջանակ/նկար 18–րդ էջի վրա]

ՔԻՄԲԵՌԼԻԻ «ՄԵԾ ՀՈՐԸ»

Ընդամենը չորս տարվա ընթացքում՝ 1869–1873 թթ., ներկայիս Քիմբեռլի քաղաքի մերձակայքում ապրող մարդկանց թիվը հասավ 50 000–ի, մինչդեռ դրանից առաջ այնտեղ բնակվում էին ընդամենը մի քանի ագարակատերեր։ Նորեկներից շատերը աշխարհի տարբեր ծայրերից այդտեղ էին եկել հարստանալու հույսով։ Հազարավոր մարդիկ Քեյպթաունի ափամերձ շրջաններից ոտքով անցել էին 1 000 կմ։ Քլունգներով ու բահերով՝ այդ անհատները փոսի վերածեցին մի բլուր, և այն դարձավ մարդու ձեռքով փորված ամենախոշոր հորը։ Երբ փորելու գործը վերջնականապես դադարեց, բացվածքն արդեն 240 մ խորություն ուներ։ Ստորգետնյա աշխատանքների արդյունքում խորությունը հասավ 1 097 մետրի։ 1914 թ.–ին, երբ հանքագործական աշխատանքները դադարեցին, ըստ մի հանրագիտարանի, այնտեղից արդեն հեռացված էր «25 միլիոն տոննա հող» («Standard Encyclopaedia of Southern Africa»)։ Նույն աղբյուրի համաձայն՝ քարի և հողի այդ ահռելի զանգվածից արդյունահանվել է երեք տոննա ալմաստ, որի արժեքը կազմել է ավել քան 47 միլիոն ֆունտ ստեռլինգ (85 միլիոն դոլար)։

[Նկար 17–րդ էջի վրա]

Աթերստոն

[Նկար 17–րդ էջի վրա]

Սխալկ վան Նիկերկ

[Նկար 17–րդ էջի վրա]

«Էվրիկա»

[Թույլտվությամբ]

De Beers Consolidated Mines Ltd.

[Նկար 18–րդ էջի վրա]

«Հարավային Աֆրիկայի աստղ»

[Նկարներ 18–րդ և 19–րդ էջի վրա]

«Մեծ հորը» 1875 թ.–ին։ Հարյուրավոր մարդիկ, որ հանքատեր էին հռչակել իրենց, պարանների միջոցով էին հորն իջեցնում աշխատողներին, ինչպես նաև այնտեղից բարձրացնում ալմաստ պարունակող ապարները

[Նկարներ 19–րդ էջի վրա]

Ալմաստի տենդի արդյունքում հապճեպորեն ստեղծվեցին հանքափորների ճամբարներ

[Նկար/թույլտվությամբ 16–րդ էջի վրա]

Crown ©/The Royal Collection © 2005, Her Majesty Queen Elizabeth II; Photo: www.comstock.com

[Նկար/թույլտվությամբ 16–րդ էջի վրա]

Photo by Fox Photos/Getty Images

[Նկար/թույլտվությամբ 17–րդ էջի վրա]

Portraits: From the book The Grand Old Days of the Diamond Fields by George Beet

[Նկար/թույլտվությամբ 18–րդ էջի վրա]

Photos: De Beers Consolidated Mines Ltd.

[Նկար/թույլտվությամբ 19–րդ էջի վրա]

Photos: De Beers Consolidated Mines Ltd.

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը