Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 10/05 էջ 25–27
  • Ի՞նչ անեմ, որ չսխալվեմ ընկերներ ընտրելիս

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ի՞նչ անեմ, որ չսխալվեմ ընկերներ ընտրելիս
  • 2005 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ո՞րն է լավ ընկերը
  • Ընկերներ՝ հավատակիցների միջից
  • Ընկերություն հակառակ սեռի ներկայացուցչի հետ
  • Սիրիր նրանց, ում Աստված է սիրում
    «Մնա Աստծու սիրո մեջ»
  • Ամուսնություն՝ պարգև Աստծու կողմից
    «Մնա Աստծու սիրո մեջ»
  • Ինչպես նախապատրաստվել երջանիկ ամուսնության
    Ընտանեկան երջանկության գաղտնիքը
  • Ամուսնական կողակցի ընտրություն. առաջնորդություն Աստծուց
    2001 Դիտարան
Ավելին
2005 Արթնացե՛ք
g 10/05 էջ 25–27

Երիտասարդները հարցնում են...

Ի՞նչ անեմ, որ չսխալվեմ ընկերներ ընտրելիս

«Ես մտերմացա իմ դասընկերուհիներից մեկի հետ։ .... Նա թմրադեղեր չէր ընդունում, չէր մասնակցում անպարկեշտ հավաքույթների և անբարո կյանք չէր վարում։ Այդ աղջիկը անգամ վատ խոսքեր չէր օգտագործում։ Բացի այդ, նա բացարձակ գերազանցիկ էր։ Սակայն նա, միևնույն է, վատ ընկերակցություն էր ինձ համար» (Բևեռլի)։a

ԻՆՉՈ՞Ւ էր Բևեռլին եկել նման եզրակացության։ Բանն այն է, որ նրա ընկերուհին վատ ազդեցություն էր գործում նրա վրա և մղում էր վնասակար բաներով զբաղվելու։ «Մեր մտերմության հետևանքը եղավ այն, որ ես սկսեցի ընթերցել ոգեհարցություն պարունակող գրականություն, անգամ այդ թեմայով մի պատմվածք գրեցի»,— ասում է Բևեռլին։

Նման ծուղակում էր հայտնվել նաև Մելանի անունով մեկ ուրիշ աղջիկ։ Իր դեպքում, սակայն, ընկերուհին քրիստոնյա էր ձևացել։ Ինչպե՞ս կարող ես որոշել՝ տվյալ անձնավորությունը լա՞վ ընկերակցություն է քեզ համար, թե՞ ոչ։ Արդյո՞ք միշտ է վտանգավոր մտերմություն անել այնպիսի տղայի կամ աղջկա հետ, որը չի ընդունում քո հավատը։ Արդյոք բոլո՞ր քրիստոնյաները կարող են լավ ընկերակցություն լինել։

Իսկ ի՞նչ կարելի է ասել հակառակ սեռի ներկայացուցչի հետ ընկերություն անելու մասին։ Եթե կա մեկը, որին համարում ես քո հավանական կողակիցը, ինչպե՞ս կարող ես համոզված լինել, որ ձեր մտերմությունը դրական ազդեցություն կթողնի քեզ վրա։ Տեսնենք, թե ինչպես են աստվածաշնչյան սկզբունքներն օգնում պատասխանել այս հարցերին։

Ո՞րն է լավ ընկերը

Արդյոք Բևեռլին պե՞տք է հրաժարվեր վերոհիշյալ աղջկա հետ ընկերություն անելուց զուտ այն պատճառով, որ նա չէր երկրպագում ճշմարիտ Աստծուն։ Ինչ խոսք, եթե մեկը չի կիսում քրիստոնյայի հավատը, դա չի նշանակում, որ նա անբարո կամ անպարկեշտ անձնավորություն է։ Բայց երբ նման անհատի հետ մտերմանալու հարց է առաջանում, ապա պատճառ ունենք զգուշանալու։ Առաջին դարում Պողոս առաքյալը Կորնթոսի ժողովին տվեց հետևյալ նախազգուշացումը. «Վատ ընկերները փչացնում են լավ բնավորությունը» (Ա Կորնթացիս 15։33, «The Bible​—An American Translation»)։ Ի՞նչ նկատի ուներ Պողոսը։

Շատ հնարավոր է, որ կորնթացի քրիստոնյաներից ոմանք հաղորդակցվում էին հույն փիլիսոփա Էպիկուրի հետևորդների հետ։ Իսկ վերջինս իր աշակերտներին սովորեցնում էր լինել ողջամիտ, քաջ, զուսպ և արդար։ Նա նույնիսկ խրախուսում էր, որ իր հետևորդները հեռու մնան գաղտնի մեղքերից։ Այդ դեպքում ինչո՞ւ էր Պողոսը չար ընկերակցություն համարում Էպիկուրի հետևորդներին և անգամ ժողովի այն անդամներին, ովքեր ընդունում էին նրանց գաղափարները։

Էպիկուրյանները չէին երկրպագում ճշմարիտ Աստծուն։ Քանի որ նրանք չէին հավատում հարությանը, նրանց գլխավոր նպատակն էր օգտվել ներկա կյանքի բոլոր բարիքներից (Գործք 17։18, 19, 32)։ Ուստի զարմանալի չէ, որ նման անհատների հետ ընկերություն անելով՝ Կորնթոսի ժողովի անդամներից ոմանք սկսեցին կորցնել իրենց հավատը հարության նկատմամբ։ Դա է պատճառը, որ Ա Կորնթացիս 15–րդ գլխում, որտեղ Պողոսը նախազգուշացնում է չար ընկերակցությունների մասին, տեղ են գտել բազմաթիվ փաստարկներ, որոնց նպատակն էր վերահաստատել քրիստոնյաների հավատը հարության հանդեպ։

Ի՞նչ դաս կարելի է քաղել։ Նույնիսկ Աստծուն չհավատացող մարդիկ կարող են լավ հատկություններ դրսևորել։ Սակայն եթե որոշես նրանց հետ ընկերություն անել, դա անպայման կանդրադառնա քո մտածելակերպի, հավատի ու վարքի վրա։ Ուստի կորնթացիներին ուղղված իր երկրորդ նամակում Պողոսը այսպիսի խորհուրդ տվեց. «Անհաւատների հետ այլախառն լծակից մի լինիք» (Բ Կորնթացիս 6։14–18)։

Ֆրեդը՝ 16–ամյա մի պատանի, սեփական փորձով է համոզվել այս խոսքերի ճշմարտացիության մեջ։ Նա համաձայնվել էր աշխատել մի դպրոցում, որը ուսուցիչներ էր ուղարկում զարգացող երկրներ՝ այնտեղ ապրող երեխաներին կրթելու նպատակով։ Սակայն երբ Ֆրեդը մյուս ուսանողների հետ սկսեց նախապատրաստվել այդ գործունեությանը, զգաց, որ իր տեսակետները գնալով փոխվում են։ Նա պատմում է. «Ես հասկացա, որ նրանց հետ այդքան ժամանակ անցկացնելով՝ վնաս կհասցնեմ հոգևորիս»։ Ուստի Ֆրեդը որոշեց հրաժարվել այդ ծրագրին մասնակցելուց և այլ կերպերով օգնել ծանր կացության մեջ գտնվող մարդկանց։

Ընկերներ՝ հավատակիցների միջից

Իսկ ի՞նչ կարելի է ասել քրիստոնեական ժողովի անդամներից որևէ մեկի կամ մի քանիսի հետ ընկերություն անելու մասին։ Երիտասարդ Տիմոթեոսին ուղղված իր նամակում Պողոսը զգուշացնում էր. «Մեծ տան մէջ ոչ միայն ոսկեղէն եւ արծաթեղէն անօթներ կան. այլ փայտէ եւ հողէ էլ. կան որ պատիւի համար են, եւ կան որ անարգութեան համար են։ Եթէ մէկը իր անձը մաքրէ այդպիսիներից, նա պատուական անօթ կ’լինի՝ սրբուած եւ իր Տիրոջն օգտակար՝ ամեն բարի գործերի համար պատրաստուած» (Բ Տիմոթէոս 2։20, 21)։ Ակներևաբար, Պողոսը աչք չէր փակում այն իրողության վրա, որ նույնիսկ քրիստոնյաների մեջ կարող են լինել որոշ անհատներ, ովքեր լավ վարք չեն դրսևորում։ Եվ նա բացեիբաց հորդորում էր Տիմոթեոսին ‘մաքրել իր անձը այդպիսիներից’։

Արդյոք սա նշանակո՞ւմ է, թե պետք է կասկածանքով վերաբերվես բոլոր քրիստոնյաներին։ Ո՛չ։ Սա չի նշանակում նաև, որ պետք է քո ընկերներից կատարելություն պահանջես (Ժողովող 7։16–18)։ Եթե երիտասարդը հաճախում է ժողովի հանդիպումներին կամ ունի քրիստոնյա ծնողներ, որոնք ակտիվ են ծառայության մեջ, դա բավարար հիմք չէ նրա հետ մտերմություն հաստատելու։

Առակաց 20։11–ում ասվում է. «Երեխան անգամ ճանաչվում է իր արարքիցը՝ թե մաքուր եւ թէ ուղիղ է նորա գործքը»։ Ուստի խոհեմ կլինի, եթե հաշվի առնես հետևյալը. Եհովան ամենագլխավո՞ր տեղն է զբաղեցնում նրա կյանքում, թե՞ նրա մտածելակերպը արտացոլում է «այս աշխարհքի հոգին» (Ա Կորնթացիս 2։12; Եփեսացիս 2։2)։ Արդյո՞ք նրա հետ շփվելիս Եհովային երկրպագելու քո ցանկությունը ավելի է մեծանում։

Եթե ընտրես այնպիսի ընկերներ, որոնք մեծ սեր ունեն Եհովայի, ինչպես նաև հոգևոր բաների հանդեպ, ապա ոչ միայն կխուսափես խնդիրներից, այլև Աստծուն ծառայելու նոր լիցք կստանաս։ Պողոսն ասել էր Տիմոթեոսին. «Հետեւիր արդարութեան, հաւատքի, սէրի, խաղաղութեան, Տիրոջ անունը սուրբ սրտանց իրանց վերայ կանչողների հետ» (Բ Տիմոթէոս 2։22)։

Ընկերություն հակառակ սեռի ներկայացուցչի հետ

Եթե արդեն բավականաչափ մեծ ես և ցանկանում ես ամուսնանալ, երբևէ մտածե՞լ ես, թե այս նույն սկզբունքները ինչպես կարող են օգնել քեզ կողակցի ընտրության հարցում։ Քո ընտրյալը կարող է քեզ հաճելի լինել շատ առումներով, սակայն դրանցից ոչ մեկն այնքան կարևոր չէ, որքան նրա հոգևոր վիճակը։

Այդ իսկ պատճառով Աստվածաշունչը բազմիցս խորհուրդ է տալիս ամուսնանալ միայն «Տէրով» (Ա Կորնթացիս 7։39; Բ Օրինաց 7։3, 4; Նէեմիա 13։25)։ Ինչ խոսք, քո հավատը չկիսող մարդիկ նույնպես կարող են լինել պատասխանատու, պարկեշտ և հոգատար։ Սակայն ի տարբերություն քեզ՝ նրանք չունեն այն մղիչ ուժը, որը դրդում է զարգացնել այդ հատկությունները և տարիներ շարունակ պահպանել ամուսնական միությունը։

Մինչդեռ Եհովային նվիրված, հավատարիմ անհատը գիտակցաբար աշխատում է իր քրիստոնեական հատկությունների վրա և ցանկացած պարագայում ձգտում է պահպանել դրանք։ Նա հասկանում է, որ համաձայն Աստվածաշնչի՝ սերտ կապ գոյություն ունի Եհովայի հետ լավ հարաբերություններ ունենալու և կողակցին սիրելու միջև (Եփեսացիս 5։28, 33 ԱԱ; Ա Պետրոս 3։7)։ Այսպիսով՝ Եհովայի հանդեպ սերը ամենամեծ ուժն է, որը կմղի կողակիցներին հավատարիմ մնալ միմյանց։

Արդյո՞ք սա նշանակում է, որ հավատակցի հետ ամուսնանալու դեպքում երջանկությունը երաշխավորված է։ Ո՛չ։ Ենթադրենք՝ ամուսնանում ես մեկի հետ, որը քիչ է հետաքրքրվում հոգևորով։ Ի՞նչ կարող է պատահել։ Պատրաստ չլինելով դիմակայելու այս կյանքի դժվարություններին՝ հոգևորապես թույլ անհատը ամենայն հավանականությամբ կհեռանա քրիստոնեական ժողովից (Փիլիպպեցիս 3։18; Ա Յովհաննէս 2։19)։ Պատկերացնո՞ւմ ես, թե ամուսնական կյանքում որքան ցավ ու խնդիրներ կունենաս, եթե կողակիցդ հաղթվի այս «աշխարհքի պղծութիւններիցը» (Բ Պետրոս 2։20)։

Նախքան այնպիսի փոխհարաբերություններ կհաստատես, որոնք կարող են առաջնորդել ամուսնության, խորհիր հետևյալ հարցերի շուրջ. ակնհայտորեն երևո՞ւմ է, որ այդ տղան կամ աղջիկը գնահատում է հոգևորը։ Արդյո՞ք նա քրիստոնեավայել կյանք է վարում։ Լավ սերտե՞լ է Աստվածաշնչի ճշմարտությունը, թե՞ պետք է ավելի շատ ժամանակ տրամադրի հոգևորին։ Կարո՞ղ եմ վստահությամբ ասել, որ գլխավորապես Եհովայի հանդեպ սերն է կյանքում առաջնորդում նրան։ Շատ օգտակար է պարզել, թե արդյո՞ք տվյալ տղան կամ աղջիկը լավ հեղինակություն ունի։ Դու պետք է վստահ լինես, որ քեզ հետաքրքրող անհատը նվիրված է Եհովային և ամենայն հավանականությամբ կյանքի լավ ընկեր կլինի։

Հիշիր. եթե որևէ մեկը ձգտում է մտերմանալ «սխալ» մարդու հետ, ուրեմն նրան հրապուրում են վերջինիս սխալ գործերը, օրինակ՝ ժամանցի անպատշաճ ձևերը։ Քրիստոնեական ժողովում ծառայող օրինակելի երիտասարդները քեզ չեն միանա նման գործերում։ Ուստի քննիր քո սիրտը։

Եթե տեսնում ես, որ կարիք ունես սիրտդ շտկելու, մի՛ վհատվիր։ Մարդը կարո՛ղ է դաստիարակել իր սիրտը (Առակաց 23։12)։ Ամենակարևորն այն է, որ պարզես, թե ինչ ձգտումներ ունես իրականում։ Ձգտո՞ւմ ես անել այն, ինչ ճիշտ է, և մտերմանալ այնպիսի անհատների հետ, ովքեր բարին են գործում։ Եհովայի օգնությամբ քեզ կհաջողվի այդպիսի սիրտ ունենալ (Սաղմոս 97։10)։ Եվ եթե վարժեցնես քո ‘զգայարանները’, որ տարբերես բարին ու չարը, հեշտությամբ կկարողանաս որոշել, թե ովքեր լավ ընկերներ կլինեն քեզ համար (Եբրայեցիս 5։14)։

[Ծանոթագրություն]

a Անունները փոխված են

[Նկար 26–րդ էջի վրա]

Լավ ընկերները հոգևորապես կամրապնդեն քեզ

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը