Երբ ոչ ոք իրեն միայնակ չի զգա
ԾՆՆԴՈՑ 2։18–ում արձանագրված խոսքերից երևում է, որ առաջին մարդուն արարելուց հետո «Եհովայ Աստուածն ասեց, Լաւ չէ որ մարդը մինակ լինի. նորա նման մի օգնական շինեմ իրան յարմար»։ Մարդը ստեղծվել էր ուրիշների հետ ընկերակցելու և նրանց աջակցությունը ստանալու պահանջով։
Լավագույն Ընկերը, որ կարող ենք ունենալ, Եհովա Աստվածն է։ Պողոս առաքյալը Եհովային անվանում է ‘գթությունների Հայր և ամեն մխիթարության Աստված, որ մխիթարում է մեզ մեր ամեն նեղության մեջ’ (Բ Կորնթացիս 1։3, 4)։ Եհովան վշտանում է, երբ տեսնում է իր ծառաներից որևէ մեկի տառապանքը։ Նա կարեկից Աստված է։ «Նա գիտէ մեր կազմուածքը. յիշում է որ հող ենք մենք» (Սաղմոս 103։14)։ Արդյո՞ք Եհովա Աստծո հետ մտերմանալու ցանկություն և երախտագիտության զգացում չի առաջանում ձեր մեջ նրա սիրո, բարության ու սրտացավ վերաբերմունքի համար։
Եհովան սատար է կանգնում միայնակներին
Անցյալում Աստծո ծառաներից շատերն են հայտնվել այնպիսի իրավիճակներում, երբ իրենց միայնակ են զգացել։ Նրանց օգնության և մխիթարության աղբյուրը եղել է Եհովան։ Քննարկենք Երեմիայի օրինակը։ Նա մարգարե նշանակվեց, երբ դեռ երիտասարդ էր։ Աստվածաշունչը գրի առած 40 անհատների մեջ Երեմիան թերևս միակն է, որ խոսում է իր ամենախորունկ զգացմունքների մասին։ Նա իրեն անվստահ և անպատրաստ զգաց, երբ Եհովայի կողմից ստացավ իր առաջին հանձնարարությունը (Երեմիա 1։6)։ Այն կատարելու համար մարգարեն պետք է ամբողջովին ապավիներ Արարչին։ Եհովան իսկապես նրա հետ էր՝ իբրև «զօրաւոր» Աստված (Երեմիա 1։18, 19; 20։11)։
Երեմիայից մոտավորապես 300 տարի առաջ Հեզաբել թագուհին, լսելով իր Բահաղ աստծո մարգարեների սպանության մասին, երդվեց մահապատժի ենթարկել Եղիային։ Վերջինս դիմեց փախուստի և անցնելով 450 կիլոմետր՝ հասավ Սինայի թերակղզում գտնվող Քորեբ լեռը։ Այնտեղ նա մի քարանձավ մտավ՝ գիշերելու։ Եվ հենց այնտեղ Եհովա Աստված այս հարցը տվեց նրան. «Ի՞նչ ունես այստեղ, Եղիա»։ Մարգարեն պատասխանեց, որ իր կարծիքով՝ Եհովայի միակ երկրպագուն է ողջ Իսրայելում, միակ մարգարեն, որ պահպանել է իր նախանձախնդրությունը ծառայության մեջ։ Աստված վստահեցրեց Եղիային, որ նա մենակ չէ։ Մարգարեի հետ էին Եհովան ու նրա ազգակիցներից 7 000 հոգի, թեպետ Եղիան նրանց չէր ճանաչում։ Եհովան մխիթարեց ու հանգստացրեց Եղիային՝ ամրացնելով նրա հավատը։ Աստծո խոսքերը ջերմացրին Եղիայի սիրտը և քաջալերեցին մարգարեին չթողնել իր ծառայությունը (Գ Թագաւորաց 19։4, 9–12, 15–18)։ Եթե Եղիայի նման մեզ միայնակ ու անարժեք ենք զգում, ապա նույնպես կարող ենք աղոթքով խնդրել Եհովային ամրացնել մեզ։ Բացի այդ, խորաթափանցություն ցուցաբերելով՝ քրիստոնյա երեցները կարող են խոսել այնպես, որ մխիթարեն հավատարիմ անհատներին՝ օգնելով նրանց տեսնել իրենց դերը Եհովայի նպատակի իրականացման գործում (Ա Թեսաղոնիկեցիս 5։14, ԱՆԹ)։
Այս և նման օրինակները օգնում են հասկանալ, որ Եհովան ցանկանում է սատար կանգնել և ջերմորեն մխիթարել նրանց, ովքեր իրենց միայնակ են զգում։ Այո, «Տէրը ապաւէն է աղքատին, ապաւէն՝ նեղութեան ժամանակներում» (Սաղմոս 9։9; 46։1; Նաում 1։7)։
Ուժեղ զգացմունքների տեր, կարեկից անձնավորություն
Հիսուս Քրիստոսը հիացմունքի արժանի օրինակ է թողել՝ իբրև մի անձնավորություն, որը կատարյալ հավասարակշռվածություն ցուցաբերելով էր արտահայտում իր զգացմունքները՝ ընդօրինակելով Եհովային։ Ղուկասը նկարագրում է, թե ինչպես Հիսուսն արձագանքեց, երբ Նային քաղաքի մոտ հանդիպեց թաղման թափորի. «Մի մեռել էին դուրս բերում՝ իր մօր միածնունդ որդին.... Եւ Տէրը նորան [մորը] տեսաւ՝ գթաց նորա վերայ եւ ասեց նորան. Մի լար։ Եւ մօտ եկաւ՝ դագաղին դպաւ. եւ տանողները կանգնեցին. եւ ասեց. Երիտասարդ, քեզ եմ ասում՝ Վեր կաց։ Եւ մեռելը վեր կացաւ, նստեց եւ սկսեց խօսել. եւ նորան տուաւ իր մօրը» (Ղուկաս 7։12–15)։ Հիսուսը մինչև սրտի խորքը հուզվեց։ Նա գթասիրտ անձնավորություն էր։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ուրախություն պատճառեց Հիսուսը միայնակ այրի կնոջը, երբ նրա որդուն կյանքի վերադարձրեց։ Կինն այլևս միայնակ չէր։
Մենք կարող ենք վստահ լինել, որ Հիսուսն ի վիճակի է «մեր տկարութիւններին հետ կարեկից լինիլ»։ Նա, անշուշտ, կարեկցում է միայնության զգացումից տառապող անարատ մարդկանց։ Հիսուսի միջոցով կարող ենք «ողորմութիւն ստանա[լ] եւ շնորհ գտնե[լ] այն ժամանակ, երբ օգնութեան կարիք ունենք» (Եբրայեցիս 4։15, 16 ԷԹ)։ Ընդօրինակելով Քրիստոսին՝ կարող ենք կարեկցանք զարգացնել այն անհատների հանդեպ, ովքեր վշտացած են, դժբախտ ու միայնակ։ Եթե օգնենք ուրիշներին, ապա հավանականությունը քիչ է, որ միայնակ կզգանք մեզ։ Սակայն այդ բացասական զգացումը հաղթահարելու մեկ ուրիշ միջոց էլ կա։
Միայնությունը կարող ենք հաղթահարել Եհովայի Խոսքի օգնությամբ
Շատերն են համոզվել, որ Աստվածաշնչի ‘մխիթարությամբ’ մարդը հույս է ձեռք բերում։ Աստծո Խոսքը լի է գործնական խորհուրդներով, որոնք կարող են օգնել մեզ հաղթահարել միայնությունը (Հռովմայեցիս 15։4; Սաղմոս 32։8)։ Օրինակ՝ այն քաջալերում է. «Ձեզ աւելի մի՛ գնահատէք, քան ինչ որ է ձեր արժանիքը» (Հռովմայեցիս 12։3, ԷԹ)։ Այս խորհուրդը կիրառելու համար գուցե կարիք ունենանք փոխելու մեր մտածելակերպը։ Մեր հնարավորությունների սահմանը իրատեսորեն գնահատելու կարողությունը անկասկած կօգնի ողջախոհ և հավասարակշռված ակնկալիքներ ունենալ։ Աստծո Խոսքը նաև խորհուրդ է տալիս անկեղծ հետաքրքրություն զարգացնել ուրիշների կարիքների հանդեպ (Փիլիպպեցիս 2։4)։ Սա անվարձահատույց չի մնա։ Եթե հաշվի ենք առնում ուրիշների կարիքները, նրանց կողմից նույն վերաբերմունքին ենք արժանանում։ Նման հաճելի փոխհարաբերությունները օգնում են ձերբազատվել դատարկության զգացումից և իմաստ են հաղորդում մեր կյանքին։
Աստվածաշունչը քաջալերում է քրիստոնյաներիս չթողնել «մեր իրար հետ ժողովուիլը» (Եբրայեցիս 10։24, 25)։ Ուստի զբաղվեք օգտակար գործունեությամբ. կարող եք, օրինակ, կանոնավորապես հաճախել Եհովայի վկաների հանդիպումներին։ Քրիստոնեական հանդիպումները, անկասկած, կնպաստեն մեր բարօրությանը՝ հոգևոր, զգացական և ֆիզիկական առումով։ Աստծո Թագավորության բարի լուրը հռչակելը նույնպես կյանքը օգտակար գործերով լցնելու միջոց է, որը բավականություն է պատճառում։ Այն օգնում է մտածել ճիշտ ուղղությամբ, ամրացնում է մեր հավատը և պաշտպանում է մեր հույսը (Եփեսացիս 6։14–17)։
Մտերմացեք Եհովայի հետ աղոթքի միջոցով։ Սաղմոսերգու Դավիթը հորդորում էր. «Քո հոգսն Աստուծոյ վերայ գցիր, եւ նա խնամք կ’անէ քեզ» (Սաղմոս 55։22)։ Աստծո Խոսքը ուսումնասիրելով՝ ձեզ երջանիկ կզգաք (Սաղմոս 1։1–3)։ Եթե միայնության զգացումը պաշարի ձեզ, խորհեք Եհովայի ջերմ հոգատարության մասին, որը ներկայացվում է Աստվածաշնչում։ Սաղմոսերգուն գրում է. «Իմ անձս հողին կը փակչի, կենդանացո՛ւր զիս քու խօսքիդ համեմատ» (Սաղմոս 119։25, ԱԱ)։
Երբ ոչ ոք չի ասի՝ ես միայնակ եմ
Եհովա Աստված խոստացել է բերել նոր աշխարհ, որտեղ մարդիկ չեն մտահոգվի, հուսախաբ չեն լինի և չեն ունենա բացասական զգացմունքներ։ Աստվածաշունչը ասում է. «Կ’ջնջէ Աստուած բոլոր արտասուքը նորանց աչքերիցը. եւ մահն այլեւս չի լինիլ, ոչ սուգ, եւ ոչ աղաղակ. եւ ոչ ցաւ այլեւս չի լինիլ, որովհետեւ առաջիններն անցան» (Յայտնութիւն 21։4)։ Անցած բաների թվում կլինի ֆիզիկական, հոգեկան և զգացական ցավը, որ ապրում ենք այսօր։
Երկիրը լեցուն կլինի ընկերասեր մարդկանցով, ովքեր կհարստացնեն մեր կյանքը։ Հիսուս Քրիստոսին հանձնված իր երկնային Թագավորության միջոցով Եհովան մեկընդմիշտ «կբուժի» մեզ միայնությունից։ Երկրային դրախտում նա մեզ նոր հրաշալի հանձնարարություններ կտա։ Կգա մի օր, երբ մենք այլևս չենք ասի՝ ես միայնակ եմ։
[Նկար 9–րդ էջի վրա]
Եհովայի օգնությամբ մենք մեզ միայնակ չենք զգա, նույնիսկ եթե մենակ լինենք
[Նկար 10–րդ էջի վրա]
Ի՞նչ ենք սովորում Երեմիայի ու Եղիայի մասին պատմող աստվածաշնչյան արձանագրություններից