Աստվածաշնչի տեսակետը
Դիվանագիտությունը կարո՞ղ է համաշխարհային խաղաղություն բերել
ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք տեսնել մի աշխարհ, որտեղ այլևս չկան պատերազմներ։ Անշուշտ, ազգային և միջազգային հակամարտությունները պետք է դիվանագիտական որևէ լուծում ունենան։ Շատերը հավատում են, որ եթե աշխարհի առաջնորդները միավորվեն ու համագործակցեն, հնարավոր կլինի վերջ դնել պատերազմներին։ Սակայն հավանաբար դուք հիասթափված եք դիվանագիտության բերած արդյունքներից։ Դարեր շարունակ դիվանագետները պայմանագրեր են կնքել, բանաձևեր են կազմել և գագաթնաժողովներ են անցկացրել, բայց շատ քիչ խնդիրներ են մնայուն լուծում ստացել։
Աստվածաշնչում բազմիցս խոսվում է դիվանագիտության և խաղաղության մասին։ Այն պատասխանում է հետևյալ հարցերին՝ ի՞նչ գործոններ են այսօր խոչընդոտում, որ դիվանագիտությունը խաղաղություն բերի, քրիստոնյաները պե՞տք է մասնակցեն դիվանագիտական գործունեության, և ինչպե՞ս է ի վերջո իրական խաղաղություն հաստատվելու։
Ի՞նչն է խոչընդոտում խաղաղությանը
Աստվածաշնչյան որոշ պատմություններ ցույց են տալիս, թե ինչպես կարող է դեմ առ դեմ շփումը հանգեցնել խաղաղության։ Օրինակ՝ Աբիգեան հմտորեն համոզեց Դավթին և նրա զորքին, որ վրեժ չլուծեն իր տան անդամներից (1 Սամուել 25։18-35)։ Հիսուսը մի օրինակ պատմեց մի թագավորի մասին, որը դեսպաններ ուղարկելուց և խաղաղություն խնդրելուց բացի՝ այլ ելք չուներ (Ղուկաս 14։31, 32)։ Այո՛, Աստվածաշունչը հաստատում է, որ որոշ դիվանագիտական քայլեր կարող են հակամարտություններ լուծել։ Այդ դեպքում ինչո՞ւ են բանակցությունները հաճախ քիչ արդյունք տալիս։
Աստվածաշնչում նախապես ասվել էր, որ մեր օրերը դժվարություններով ու խնդիրներով լի էին լինելու։ Բանսարկու Սատանայի ազդեցության պատճառով մարդիկ լինելու էին «համաձայնության չեկող.... դաժան, բարին չսիրող, դավաճան, համառ, հպարտ» (2 Տիմոթեոս 3։3, 4; Հայտնություն 12։12)։ Բացի այդ՝ Հիսուսը աշխարհի վախճանի ժամանակների մասին նախազգուշացրել էր. «Պատերազմների թնդյուն կհասնի ձեր ականջին, ու պատերազմների լուրեր կլսեք» (Մարկոս 13։7, 8)։ Ո՞վ կարող է ժխտել, որ այս երևույթները գնալով ավելի են շատանում։ Եվ քանի որ դա այդպես է, ապա զարմանալի չէ, որ ազգերի միջև խաղաղություն հաստատելու փորձերը հաճախ ապարդյուն են լինում։
Հաշվի առնենք նաև հետևյալ փաստը. թեև դիվանագետները կարող են ամեն ջանք գործադրել, որպեսզի խուսափեն բախումներից, նրանցից յուրաքանչյուրի հիմնական նպատակը սեփական երկրի շահերը առաջ տանելն է։ Սա քաղաքական դիվանագիտության էությունն է։ Իսկ քրիստոնյաները պե՞տք է ներգրավվեն նման գործերում։
Անկախ իրենց շարժառիթներից՝ աշխարհի դիվանագետները մնայուն լուծումներ մշակելու ո՛չ կարողություն ունեն, ո՛չ էլ իշխանություն
Քրիստոնյաներն ու դիվանագիտությունը
Աստվածաշնչում գրված է հետևյալ խորհուրդը. «Մի՛ ապավինեք իշխանավորներին, մարդ արարածին, որը չի կարող փրկություն բերել» (Սաղմոս 146։3)։ Սա նշանակում է, որ անկախ իրենց շարժառիթներից՝ աշխարհի դիվանագետները մնայուն լուծումներ մշակելու ո՛չ կարողություն ունեն, ո՛չ էլ իշխանություն։
Հիսուսը իր դատավարության ժամանակ Պոնտացի Պիղատոսին ասաց. «Իմ թագավորությունը այս աշխարհի մաս չի կազմում: Եթե իմ թագավորությունը այս աշխարհի մաս կազմեր, իմ ծառաները կկռվեին, որպեսզի չմատնվեի հրեաների ձեռքը: Բայց իմ թագավորությունը այստեղից չէ» (Հովհաննես 18։36)։ Խաղաղության նախաձեռնությունները հաճախ խաթարվում են ազգայնական ատելության և քաղաքական շահադիտության պատճառով։ Ուստի իսկական քրիստոնյաները հեռու են մնում այս աշխարհի հակամարտություններից և դրա դիվանագիտական գործունեությունից։
Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ քրիստոնյաները անտարբեր են աշխարհի գործերի հանդեպ կամ չեն հետաքրքրվում դրանցով։ Արդյոք նրանք անտարբե՞ր են մարդկային տառապանքի նկատմամբ։ Իհարկե ո՛չ։ Ընդհակառակը, Աստվածաշունչը Աստծու ճշմարիտ ծառաներին նկարագրում է որպես մարդկանց, ովքեր «հառաչում ու հեծեծում» են իրենց շուրջը տեղի ունեցող վատ բաների պատճառով (Եզեկիել 9։4)։ Քրիստոնյաները վստահում են Աստծուն, ով, իր խոստման համաձայն, խաղաղություն կհաստատի։ Ձեր պատկերացմամբ՝ խաղաղությունը միայն պատերազմներից զերծ կյա՞նքն է։ Աստծու թագավորությունը իրականացնելու է մարդկության այդ վաղնջական երազանքը (Սաղմոս 46։8-9)։ Բացի այդ՝ այն երաշխավորելու է երկրի բոլոր բնակիչների լիարժեք անվտանգությունն ու բարօրությունը (Միքիա 4։3-4; Հայտնություն 21։3-4)։ Նման խաղաղությունը երբեք չի կարող ձեռք բերվել դիվանագիտության կամ մարդկային «խաղաղապահ» կազմակերպությունների ջանքերով։
Աստվածաշնչյան մարգարեությունները և անցյալի փորձը հստակ ցույց են տալիս, որ խաղաղության հաստատման հարցում մարդկային դիվանագիտությանը վստահելը միայն հիասթափություն է պատճառում։ Իսկ նրանք, ովքեր իրենց հույսը դնում են Հիսուս Քրիստոսի վրա և աջակցում են Աստծու թագավորությանը, կճաշակեն իրական խաղաղության համը։ Ավելին՝ նրանք այդ խաղաղությունը կվայելեն հավիտյան (Սաղմոս 37։11, 29)։