16 ապրիլի, հինգշաբթի
Իմ նեղության մեջ ես Եհովային կանչեցի.... նրա ականջին հասավ օգնության իմ կանչը (Սաղ. 18։6)։
Դավիթ թագավորը ճանաչում էր Եհովային և իր հույսը նրա վրա էր դնում։ Երբ Սավուղ թագավորը և մյուսները հետապնդում էին Դավթին, նա օգնության համար Եհովային դիմեց։ Երբ Աստված պատասխանեց նրա աղոթքին և փրկեց նրան, Դավիթն ասաց. «Կենդանի.... է Եհովան» (Սաղ. 18։46)։ Այս խոսքերն ասելով՝ նա պարզապես նկատի չուներ, որ Աստված գոյություն ունի։ Մի աշխատության մեջ ասվում է, որ Դավիթը այդ խոսքերով իր վստահությունն էր արտահայտում այն բանում, որ Եհովան, «լինելով կենդանի Աստված, շարունակ գործում է հօգուտ իր ժողովրդի»։ Այո՛, Դավիթը իր անձնական փորձից գիտեր, որ Եհովան կենդանի Աստված է։ Այդ բանի գիտակցումը ամրացնում էր նրա վճռականությունը ծառայելու Եհովային և գովաբանելու նրան (Սաղ. 18։28, 29, 49)։ Եթե համոզված լինենք, որ Եհովան կենդանի Աստված է, ավելի մեծ եռանդով կծառայենք նրան։ Մենք ուժ կունենանք դիմանալու փորձություններին և չենք դադարի ջանասեր լինել ծառայության մեջ։ Բացի այդ՝ կավելանա Եհովայի հետ մտերիմ մնալու մեր վճռականությունը։ w24.06, էջ 20-21, պրբ. 3-4
17 ապրիլի, ուրբաթ
Թույլ մի՛ տվեք՝ որևէ մեկը մոլորեցնի ձեզ (2 Թեսաղ. 2։3)։
Ի՞նչ կարող ենք սովորել թեսաղոնիկեցիներին գրած Պողոսի խոսքերից։ Մենք պետք է խորաթափանցություն դրսևորենք, երբ ցնցող պատմություններ ենք լսում կամ այնպիսի մի բան, ինչը չի համապատասխանում Աստվածաշնչից մեր սովորածին։ Նախկին Սովետական Միությունում մեր թշնամիները մի նամակ էին շրջանառում, որը իբրև թե գլխավոր վարչությունից էր։ Նամակում որոշ եղբայրների հորդոր էր տրվում, որ առանձին, անկախ կազմակերպություն հիմնեն։ Թեև այդ գրությունը Կառավարիչ մարմնի կողմից ուղարկված նամակի տեսք ուներ, բայց հավատարիմ եղբայրները չխաբվեցին։ Նրանք հասկացան, որ նամակի բովանդակությունը չի համապատասխանում այն ամենին, ինչ նրանք սովորել էին։ Այսօր ճշմարտության թշնամիները երբեմն ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով փորձում են շփոթության մեջ գցել և պառակտել մեզ։ Մենք կկարողանանք պաշտպանվել, եթե թույլ չտանք, որ մեր առողջ դատողությունը հեշտությամբ մթագնի, և խորությամբ մտածենք, թե արդյոք մեր լսածն ու կարդացածը ներդաշնակ են մեր սովորած ճշմարտություններին (2 Թեսաղ. 2։2; 1 Հովհ. 4։1)։ w24.07, էջ 12, պրբ. 14-15
18 ապրիլի, շաբաթ
Եթե մեկը մեղք գործի, Հոր մոտ օգնական ունենք (1 Հովհ. 2։1)։
Ամենակարևոր որոշումը, որ անհատը կարող է կայացնել, Եհովային նվիրվելու և նրան երկրպագողների ընտանիքի մի մասը դառնալու որոշումն է։ Եհովան ցանկանում է, որ բոլորն այդպես վարվեն։ Նա ուզում է, որ մարդիկ վայելեն իր հետ մտերմությունը և ապրեն հավիտյան (2 Օրենք 30։19, 20; Գաղ. 6։7, 8)։ Սակայն Եհովան ոչ ոքի չի ստիպում ծառայել իրեն։ Նա թույլ է տալիս, որ յուրաքանչյուր մարդ ինքը որոշի՝ ինչպես վարվել։ Բայց երբ մկրտված քրիստոնյան խախտում է Աստծու օրենքը՝ լուրջ մեղք գործելով, ու չի զղջում դրա համար, պետք է հեռացվի ժողովից (1 Կորնթ. 5։13)։ Սակայն անգամ այդ դեպքում Եհովան անձկությամբ սպասում է, որ մեղսագործը վերադառնա իր մոտ։ Հենց դա է կարևոր պատճառներից մեկը, թե ինչու է նա տվել փրկագինը։ Եհովան դա արել է, որ զղջացող մարդիկ ներման հնարավորություն ունենան։ Մեր սիրառատ Հայրը հորդորում է մեղսագործներին զղջալ (Զաք. 1։3; Հռոմ. 2։4; Հակ. 4։8)։ w24.08, էջ 14, պրբ. 1-2