16 հոկտեմբերի, ուրբաթ
Թող քո սիրտը չհակվի նրա կողմը, նրա ճանապարհներին ոտք մի՛ դիր (Առակ. 7։25)։
Սողոմոնի այս արձանագրությունը ցույց է տալիս, թե ինչ կարող է պատահել յուրաքանչյուրիս։ Հնարավոր է՝ Եհովայի ծառան լուրջ մեղք գործի և հետո մտածի, թե ամեն բան անսպասելի եղավ։ Նա գուցե ասի. «Չհասկացա, թե դա ինչպես տեղի ունեցավ»։ Բայց եթե նա խորհի այն մասին, թե ինչ է իրականում կատարվել, գուցե նկատի, թե որ անխոհեմ քայլերն են իրեն մեղքի տարել։ Օրինակ՝ հնարավոր է՝ նա ընկել է վատ ընկերների ազդեցության տակ, զվարճության վնասակար ձևեր է ընտրել կամ էլ պարբերաբար այնպիսի վայրեր կամ կայքեր է այցելել, որոնք հարիր չեն քրիստոնյային։ Բացի այդ՝ նա թերևս դադարել է աղոթել, Աստվածաշունչ կարդալ, մասնակցել ժողովի հանդիպումներին և ծառայությանը։ Ինչպես «Առակներ» գրքում հիշատակված երիտասարդի պարագայում էր, այս դեպքում էլ կարող ենք ասել, որ ամենևին էլ անսպասելի չէր, որ այդ քրիստոնյան մեղք է գործել։ Մենք պետք է խուսափենք ոչ միայն բուն մեղքից, այլ նաև դրան տանող քայլերից։ Երիտասարդի և անբարո կնոջ մասին պատմության վերջում Սողոմոնը հենց այս եզրահանգումն արեց (Մատթ. 5։29, 30)։ w24.07, էջ 16, պրբ. 10-11
17 հոկտեմբերի, շաբաթ
Թեև ընդամենը կավե անոթներ ենք, սակայն այս գանձն ենք կրում մեր մեջ (2 Կորնթ. 4։7)։
Ի՞նչ գանձի մասին է խոսքը։ Դա Թագավորության մասին քարոզչությունն է, որը կյանքեր է փրկում (2 Կորնթ. 4։1)։ Իսկ «կավե անոթները» ներկայացնում են Աստծու ծառաներին, ովքեր բարի լուրը պատմում են ուրիշներին։ Պողոսի օրերում առևտրականները կավե անոթներով թանկարժեք իրեր էին տեղափոխում, օրինակ՝ ուտելիք, գինի և փող։ Նմանապես Եհովան Թագավորության մասին թանկ ճշմարտությունը մեր միջոցով հասցնում է մարդկանց։ Կարող ենք համոզված լինել, որ նրա օգնությամբ բավականաչափ ուժ կունենանք, որ շարունակենք կատարել մեր դերը։ Երբեմն գուցե վախենանք, որ մարդիկ կհակառակվեն մեզ կամ չեն ցանկանա լսել։ Երբ առաքյալներին պատվիրեցին չքարոզել, վախին տրվելու փոխարեն նրանք աղոթեցին Եհովային, որ օգնի իրենց համարձակությամբ քարոզեն (Գործ. 4։18, 29, 31)։ Եթե երբեմն մենք էլ ենք նման վախեր ունենում, պետք է խնդրենք Եհովային, որ օգնի մեզ ավելի շատ սիրել մարդկանց։ Այդ սերը կօգնի, որ հաղթահարենք նրանց հանդեպ վախը։ w24.04, էջ 16, պրբ. 8-9
18 հոկտեմբերի, կիրակի
Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող սրբացվի քո անունը (Մատթ. 6։9)։
Եհովայի հանդեպ սերը մղում է մեզ, որ սրբացնենք նրա անունը։ Սատանան սարսափելի ստեր է տարածել Եհովայի մասին, և մենք ուզում ենք մեր Աստծու անունը մաքրել այդ նախատինքից (Ծննդ. 3։1-5; Հոբ 2։4; Հովհ. 8։44)։ Ծառայության ժամանակ մենք մեծ եռանդով պաշտպանում ենք Աստծու անունը՝ նրա մասին ճշմարտությունը հայտնելով բոլոր նրանց, ովքեր ցանկանում են լսել մեզ։ Մենք ուզում ենք՝ բոլորն իմանան, որ նրան բնորոշող գլխավոր հատկությունը սերն է, նրա իշխելու կերպը ճիշտ է ու արդար, և որ նրա Թագավորությունը շուտով վերացնելու է տառապանքը և խաղաղություն ու երջանկություն է բերելու մարդկությանը (Սաղ. 37։10, 11, 29; 1 Հովհ. 4։8)։ Ծառայության ժամանակ Եհովայի համբավը պաշտպանելով՝ մենք սրբացնում ենք նրա անունը։ Բացի այդ՝ մեզ մեծ բավականություն է պատճառում այն բանի գիտակցումը, որ որպես Եհովայի վկաներ՝ մենք ապրում ենք մեր անվան համաձայն։ w24.05, էջ 18, պրբ. 12